Գլխավոր տեղեկություն
Համար
N 804-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.22/38(841) Հոդ.907
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2011 թվականի N 804-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1735-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 381-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման հավելվածի 1-ին կետում`

ա. «տիպի և մասնագիտացված:» բառերը փոխարինել «,մասնագիտացված և ընտանեկան տիպերի» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.

«Ընտանեկան տիպի մանկատներ, որոնք իրականացնում են 3-23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած և նրանց թվին պատկանող երեխաների խնամքը` ըստ հետևյալ տարիքային խմբերի`

ա) մանկական տան փուլ` իրականացնում է 3-13 տարեկանների խնամքը` 8 երեխայից ոչ ավելի խմբերով, ընտանիքների միջոցով (փոխարինող ընտանիքներ), ղեկավարվում են ոչ կենսաբանական մոր/ծնողների կողմից.

բ) երիտասարդական տան փուլ` իրականացնում է 13-18 տարեկանների խնամք` 8 երեխայից ոչ ավելի խմբերով.

գ) կիսաանկախ բնակության փուլ, որը կազմակերպում է 18-23 տարեկանների խնամքը` բնակարաններ վարձակալելու, համապատասխան մասնագետների հսկողությամբ նրանց խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու, ինչպես նաև ուսման և աշխատանքի հարցերում աջակցելու:».

2) որոշման հավելվածի`

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Երեխաների աջակցության կենտրոն` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, որն իրականացնում է` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ժամանակավոր խնամքը, այդ երեխաների և նրանց ընտանիքների անդամների սոցիալ-հոգեբանական վերականգնողական աշխատանքները մինչև երեխային ծնողին վերադարձնելը կամ երեխայի նկատմամբ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, իսկ դրա անհնարինության դեպքում` մանկատանը տեղավորելը:»,

բ. 8-րդ կետը «Ընդհանուր տիպի մանկատուն» բառերից հետո լրացնել «և ընտանեկան տիպի մանկատուն» բառերով,

գ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Երեխաների աջակցության կենտրոնում կարող են տեղավորվել հետևյալ երեխաները`

ա) ընտանիքում կոնֆլիկտներ ունեցող, դաժան վերաբերմունքի ենթարկված.

բ) բռնության ենթարկված.

գ) հաշմանդամ.

դ) հակասոցիալական վարք դրսևորած, այդ թվում` մուրացիկ, թափառաշրջիկ.

ե) սոցիալապես անապահով` անօթևան ընտանիքների.

զ) առանց ծնողական խնամքի մնացած.

է) դժբախտ պատահարի ենթարկված կամ արտակարգ իրավիճակում հայտնված.

ը) սոցիալապես մեկուսացված:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում (մանկատուն, գիշերօթիկ) երեխաների տեղավորման կարգը հաստատելու մասին» N 1735-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետում «երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններից» բառերը փոխարինել «երեխաների աջակցության կենտրոններից» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի 1-ին կետում «6-18 տարեկան» բառերը փոխարինել «դպրոցահասակ» բառով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 15
Երևան