Գլխավոր տեղեկություն
Համար
N 200-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.06.15/13(396) Հոդ.220
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.04.2011
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 մայիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60011237

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 ապրիլի 2011 թ.
ք. Երևան

N 200-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում» (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 14-րդ կետի 3-րդ ենթակետը.

2) Կանոնների 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«20. Այն դեպքերում, երբ առանձնատան (ամառանոցի), կրպակի, ավտոտնակի կամ օժանդակ շինության էլեկտրամատակարարումն իրականացված է 0,4 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներով, դրանց սեփականատերը պարտավոր է իր էլեկտրատեղակայանքների սպասարկումը և անվտանգ շահագործումը ապահովել սեփական միջոցներով:».

3) Կանոնների 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«32. Մատակարարը պարտավոր է դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` վերջինիս կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում:».

4) Կանոնների 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետի բ) ենթակետը չի տարածվում բնակչության վրա:».

5) Կանոնների 56-րդ և 57-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«56. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա է սպառված էլեկտրաէներգիայի քանակության սխալ գրանցում, մատակարարը կատարում է սպառված էլեկտրաէներգիայի քանակության և արժեքի վերահաշվարկ: Վերահաշվարկը կատարվում է սխալ գրանցման պատճառը վերացնելու պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրն ընկած ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 40 օր, երբ հաշվառքի սարքի սխալանքը հայտնաբերվել է մատակարարի կողմից, և ոչ ավելի, քան 60 օր` երբ հաշվառքի սարքի սխալանքը հայտնաբերվել է սպառողի կողմից:

57. Եթե առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված չէ սպառողի կամ մատակարարի գործողություններով, ապա սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող տարվա տվյալ եռամսյակի ծախս ունեցած ամիսների միջին օրական ծախսի և հաշվառքի սարքի սխալի հայտնաբերմանը նախորդող ամսվա համար ձևավորված միջին կշռութային սակագնի արտադրյալով: Եթե այդ ժամանակահատվածում սպառողը ծախս չի ունեցել, ապա մատակարարը սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը յուրաքանչյուր օրվա համար հաշվարկում է առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա միջին օրական ծախսի և նույն ժամանակահատվածի համար ձևավորված միջին կշռութային սակագնի արտադրյալով: Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակությունը, սպառողի հետ համաձայնեցնելուց հետո, հաշվի է առնվում առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող ընթացիկ հաշվարկային ամսվա համար տրվելիք էլեկտրաէներգիայի քանակության արժեքի վճարման փաստաթղթում: Ընդ որում, եթե սպառողն անհամաձայնություն է հայտնում վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակության վերաբերյալ, ապա նա սույն կանոնների 47-րդ կետով սահմանված ժամկետներում և կարգով պարտավոր է վճարել սպառած էլեկտրաէներգիայի` իր կողմից չվիճարկվող մասի համար: Նման դեպքում առևտրային հաշվառքի սարքը վերականգնվում է մատակարարի հաշվին: Առևտրային հաշվառքի սարքի վերականգնման նպատակով մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` բնակչության դեպքում` մինչև 1 ժամ, իսկ ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն չունեցող այլ սպառողների դեպքում` մինչև 3 ժամ: Եթե սպառողն ունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն, ապա մատակարարն առևտրային հաշվառքի սարքը վերականգնելու նպատակով պարտավոր է դադարեցման և վերականգնման ժամկետները համաձայնեցնել սպառողի հետ:».

6) Կանոնների 59-րդ կետից հանել «միտումնավոր» բառը.

7) Կանոնների 77-րդ կետի է) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«է) սպառված էլեկտրաէներգիայի վերահաշվարկման սույն կանոնների 12-րդ գլխում սահմանված ընթացակարգերը,»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահի տեղակալ`

Ն. Գրիգորյան