Գլխավոր տեղեկություն
Համար
N 1919-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.07.2011-01.11.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.18/15(681) Հոդ.1303.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.03.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1919-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 11-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների մասին» N 286 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. դեկտեմբերի 9
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1919-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի` քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը խմբ. 12.05.11 N 596-Ն)

2. Գործակալությունն ստեղծվում ու վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ապահովումը.

բ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման արխիվի կազմակերպումը.

գ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման ավտոմատացված տեղեկատվական բազայի ձևավորման ապահովումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալության համակարգը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումներից և տարածքային մարմիններից: Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումները բաժիններ են, որոնք կազմում են գործակալության կենտրոնական մարմինը, իսկ տարածքային մարմինները` գործակալության տարածքային ստորաբաժանում հանդիսացող բաժիններ են:

9. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթներն իրականացնում է կենտրոնական մարմնի ու տարածքային բաժինների միջոցով: Գործակալության կենտրոնական մարմինը`

ա) կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործընթացը.

բ) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների պահպանությունը, հաշվառումն ու բաշխումը.

գ) կազմակերպում և ամփոփում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վիճակագրությունը և դրա մասին ներկայացնում տեղեկատվություն.

դ) կազմակերպում և վարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման արխիվը.

ե) իրականացնում և գործակալության տարածքային մարմինների աշխատանքային գործունեության ուսումնասիրությունը, ղեկավարումը, համակարգումը.

զ) (ենթակետն ուժը կորցրել է 14.04.11 N 429-Ն)

է) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված գործառույթներ.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների սահմաններում իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման հետ կապված լիազորություններ.

թ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծառայությունների ցանկին և այդ ծառայությունների վճարների չափերին համապատասխան իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայություններ:

(9-րդ կետը լրաց. 18.03.10 N 269-Ն, փոփ. 14.04.11 N 429-Ն, լրաց. 02.06.11 N 837-Ն)

10. Գործակալության կենտրոնական մարմնի բաժնի պետը`

ա) կազմակերպում է գործակալության կենտրոնական մարմնի համապատասխան բաժնի աշխատանքները.

բ) իրականացնում է հսկողություն գործակալության կենտրոնական մարմնի համապատասխան բաժնի ծառայողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ.

գ) կատարում է գործակալության ղեկավարի, իր իրավասության սահմաններում, հանձնարարականներն ու գրավոր ցուցումները.

դ) կրում է պատասխանատվություն համապատասխան բաժնի խնդիրների իրականացման համար.

ե) կնքում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրեր:

(10-րդ կետը լրաց. 02.06.11 N 837-Ն)

11. Գործակալության տարածքային բաժնի պետը`

ա) կազմակերպում է համապատասխան տարածքային բաժնի աշխատանքները.

բ) իրականացնում է հսկողություն տարածքային բաժնի ծառայողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ.

գ) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները.

դ) վարում է համապատասխան տարածքային բաժնի արխիվը.

ե) սահմանված կարգով տրամադրում է տեղեկատվություն կատարված քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ.

զ) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ: Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 18.12.03 N 1700-Ն)

14. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև` նախարարության աշխատակազմի ղեկավարին:

15. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունները.

ը) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

թ) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.

ժա) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժբ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

16. Գործակալության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը:

(16-րդ կետը խմբ. 02.11.06 N 1552-Ն)

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

18. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

19. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1919-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և ապոստիլի բաժին

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվ

 

II. Տարածքային բաժիններ

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ամուսնության պալատ տարածքային բաժին

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժին

(Կառուցվածքը խմբ., լրաց. 08.05.03 N 507-Ն, խմբ. 18.12.03 N 1700-Ն, փոփ. 14.04.11 N 429-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան