ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2011 թվականի N 663-Ն
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՑ ՀՈՒԼԻՍԻ 3-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2011 թվականի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին (այսուհետ՝ ցուցահանդես) Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2011 թվականի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. Ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2011 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 24667428 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
(2-րդ կետը խմբ. 17.06.11 N 825-Ն)
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության համար հատկացված միջոցների շրջանակներում «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու և նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով:
4. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին`
1) բացել լրացուցիչ բանկային ենթահաշիվ` ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության համար նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործելու նպատակով.
2) աշխատանքներն իրականացնել ըստ համապատասխան պայմանագրերի և վարել առանձին հաշվապահական հաշվառում:
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` նախատեսվող ֆինանսական միջոցների շրջանակներում քննարկել և «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը ներկայացնել առաջարկություն ցուցահանդեսի ընթացքում անցկացվող մշակութային ծրագրի վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել ցուցահանդեսի շրջանակներում արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումները:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել ցուցահանդեսն սպասարկող անձնակազմի, ցուցահանդեսային նմուշների և սարքավորումների տեղափոխումը:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` աջակցել ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագրի կատարման գործընթացին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 27 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի N 663-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՑ ՀՈՒԼԻՍԻ 3-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
ԱՊՀ երկրների տնտեսական խորհրդի որոշմամբ` 2011 թվականի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մոսկվա քաղաքի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում կկայանա Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին մասնակցող ԱՊՀ անդամ պետությունների խնդիրն է լինելու ներկայացնել իրենց մշակույթը, պատմությունը, տնտեսական և մտավոր ներուժը: Ցուցահանդեսը կնպաստի հետագա առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, մրցունակ ապրանքների և ծառայությունների առաջխաղացմանը, նոր հորիզոններ կբացի գիտատեխնիկական և ինովացիոն համագործակցության արդի ուղղությունների քննարկման և էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, բնապահպանության և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համար:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը հանդիսանում է Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության գլխավոր հանձնակատար, իսկ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն` Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ազգային օպերատոր, որը կիրականացնի ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նախապատրաստական աշխատանքները` համագործակցելով Հայաստանի Հանրապետության նախարարությունների և ռուսական կողմի կազմակերպիչների հետ:
2. ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿԱՆ
Մոսկվայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով կներգրավվեն շահագրգիռ նախարարությունները, այդ թվում`
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
- ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
- ՀՀ մշակույթի նախարարություն
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
- այլ շահագրգիռ կառույցներ:
Ցուցահանդեսը բաղկացած կլինի մշակութային և գործարար մասերից, որոնց ընթացքում կներկայացվեն Հայաստանի Հանրապետության մրցունակ սպառողական ապրանքներն ու ծառայությունները, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գիտության, կրթության և մշակույթի, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտների վերջին նվաճումները, առաջիկայում նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրը:
Ցուցահանդեսի գործարար ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել և անցկացնել՝
● հումանիտար համաժողով` «Երիտասարդ սերունդ-կյանքն առանց սահմանների» խորագրով: Համաժողովի նպատակն է ակտիվացնել ԱՊՀ երկրների երիտասարդական համագործակցությունը, ինչպես նաև մշակել երիտասարդների նորարարական մտքի և գործունեության պետական աջակցման և խթանման համակարգ: Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն կլոր սեղաններ և սեմինարներ:
● ինովացիոն համաժողով` մասնակից երկրների գիտատեխնիկական և ինովացիոն համագործակցության նախագծերի և ծրագրերի քննարկման նպատակով:
● էներգետիկ ոլորտին առնչվող համատեղ ծրագրերի շնորհանդես:
3. ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հայաստանի տաղավարի համար հատկացվելու է 203 քառ. մետր տարածք: Ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ծախսը կկազմի 24667428 դրամ: Այս գումարների շրջանակում իրականացվելու են ցուցահանդեսի տաղավարի վարձակալման, նախագծման և ձևավորման աշխատանքները, տեխնիկական միջոցների, անհրաժեշտ գովազդային նյութերի և ցուցանմուշների ձեռքբերման, ցուցահանդեսին մասնակցության, ինչպես նաև ընթացիկ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը:
Ցուցահանդեսի նախապատրաստման և մասնակցության համար ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
4. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Շահագրգիռ նախարարությունները, գերատեսչությունները և այլ կազմակերպություններ աջակցում են ԱՊՀ 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին` իրենց ոլորտին վերաբերող անհրաժեշտ ցուցանմուշներ ու լրատվական նյութեր տրամադրելով, ինչպես նաև «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը նախօրոք տրամադրում են ցուցանմուշների ցանկերը, չափսերը, քաշը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն տաղավարի ընդհանուր ձևավորման, տեղափոխման նախնական հաշվարկների իրականացման նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կաջակցի ցուցանմուշների տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումների իրականացմանը:
5. ՀԵՏՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՇՐՋԱՆ
Ցուցահանդեսի ավարտից հետո ազգային օպերատորի կողմից կիրականացվի համապատասխան փաստաթղթերի ստորագրում, ակտերի կազմում և վերադարձվելիք ցուցանմուշների առաքում Հայաստան:
6. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐ
«Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը ցուցահանդեսի նախապատրաստական փուլում տաղավարի նախագծման և ձևավորման աշխատանքներն իրականացնելու, ընթացիկ աշխատանքները կանոնակարգելու, ինչպես նաև ցուցահանդեսի ընթացքում հայաստանյան տաղավարում աշխատանքների վարման նպատակով կգործուղի «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության 3 աշխատող:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |