Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-980
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.20/18(401) Հոդ.952
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.06.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

21 հունիսի 2011 թ. 

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՐԴԳԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1230-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչ Հ. Հարությունյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Վարդգես Հարությունյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Վ. Հարությունյանի` 01.04.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի մայիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ՀՀ Ազգային ժողովի կողմից 17.06.1998թ. ընդունված` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Ժառանգությունից հրաժարվելու իրավունք» վերտառությամբ 1230-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Ժառանգությունից հրաժարվելը չի կարող վերացվել կամ հետ կանչվել»:

 

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ դիմողը 02.11.2009թ. դատարան է ներկայացրել հակընդդեմ հայց, որով, ի թիվս այլնի, պահանջել է անվավեր ճանաչել 11.06.2004թ. նոտարական գրասենյակում իր կողմից ժառանգությունից հրաժարվելու մասին հայտարարությունը: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.08.2010թ. վճռով գործի վարույթը դիմողի վերոնշյալ պահանջի մասով կարճվել է:

Հիշյալ վճռի դեմ սկզբնական հայցով հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 22.10.2010թ. որոշմամբ բեկանել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 20.08.2010թ. վճիռը և այն փոփոխել. դիմողի հակընդդեմ հայցապահանջն ամբողջությամբ մերժել է: Մերժելով դիմողի հայցապահանջը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը պատճառաբանելով, որ «սույն պարագայում հակընդդեմ հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել միակողմանի գործարքը` 11.06.2004 թվականին իր կողմից տրված հոր ժառանգական զանգվածից հրաժարվելու հայտարարությունն այն խաբեության ազդեցության ներքո կնքված լինելու հիմքով և համապատասխանաբար կիրառել անվավերության հետևանքներ», գտել է, որ «նշված պահանջը ներկայացվել է 02.11.2009 թվականին, իսկ գործարքը կնքվել է 2004 թվականին, հետևաբար և հակընդդեմ հայցվորը բաց է թողել դրա վիճարկման համար նախատեսված ժամկետները և հակընդդեմ հայցը` նշված պահանջի մասով ենթակա է մերժման, այլ ոչ թե կարճման»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի և 1230-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի համադրված վերլուծության շրջանակներում մեկնաբանելով վերը նշված նորմերի բովանդակությունը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Նշված նորմերի համալիր վերլուծությունից պարզ է դառնում, որ առկա է ժառանգության ընդունման 2 եղանակ` փաստացի տիրապետմամբ այն ընդունելու և համապատասխան դիմում նոտարական գրասենյակ ներկայացնելու միջոցով, և ժառանգության ընդունումից հրաժարվելը ենթադրում է հրաժարման պահից բացառել օրենքով նախատեսված եղանակներից որևէ մեկով ժառանգության ընդունում»: Վերոնշյալ իրավական դիրքորոշման հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ. «...սույն պարագայում Վարդգես Հարությունյանը, 11.06.2004 թվականին օրենքով սահմանված կարգով հրաժարվելով ժառանգությունից, չէր կարող դրանից հետո հանդիսանալ և ճանաչվել փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ»:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.10.2010թ. որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, իր` 08.12.2010 թվականի որոշմամբ դիմողի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձրել է:

 

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 19-րդ, 25-րդ, 31-րդ, 34-րդ և 42-րդ հոդվածներին: Դիմողն իր փաստարկները հիմնավորում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ, 289-291-րդ, 1225-րդ, 1226-րդ, 1227-րդ, 1230-րդ հոդվածների սեփական մեկնաբանությամբ: Մասնավորապես, ըստ դիմողի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ, 1225-րդ, 1226-րդ, 1227-րդ հոդվածների ուժով 6 ամսվա ընթացքում ժառանգն իրավունք ունի ինչպես հրաժարվելու ժառանգությունից, այնպես էլ ժառանգությունից հրաժարվելը վերացնելու կամ հետ կանչելու, ինչը, ըստ դիմողի, հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 3-րդ մասին: Դիմողը գտնում է նաև, որ ժառանգությունից հրաժարվելը, որպես միակողմանի գործարք, ժառանգության բացման օրվանից 6 ամսվա ընթացքում պարտականություններ է ստեղծում միայն ժառանգությունից հրաժարված անձի համար, իսկ այլ անձանց համար որևէ պարտականություններ չի սահմանում, և այդ միակողմանի գործարքը տեղի է ունենում միայն ժառանգության բացման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո: Վերոնշյալ փաստարկների հիման վրա դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 3-րդ մասը «արգելում է վերացնել որևէ մեկի համար պարտականություններ չառաջացնող, այլոց իրավունքներն ու ազատությունները չխախտող միակողմանի այս գործարքը»:

 

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկները, գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Իր այդ դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողը, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ և 1232-րդ հոդվածներին, գտնում է, որ ժառանգությունից հրաժարվելը մի սուբյեկտի համար` իրավադադարեցնող, մյուս սուբյեկտների համար իրավաառաջացնող փաստ է, այսինքն, ժառանգի` ժառանգությունից հրաժարվելու փաստն այլ ժառանգների համար առաջացնում է ժառանգությունն ընդունելու իրավունք, և այս պարագայում օրենսգրքի վիճարկվող դրույթը մնացած ժառանգների համար երաշխավորում է որոշակի վարքագիծ դրսևորելու հնարավորություն: Հակառակ պարագայում, ըստ պատասխանողի, կստեղծվի վիճակ, երբ ժառանգի` ժառանգությունից հրաժարվելուց հետո հաջորդ հերթի ժառանգները կընդունեն ժառանգությունը, որից հետո, սակայն, ժառանգությունից հրաժարվելը վերացնելը կամ հետ կանչելը կխախտի ժառանգությունն ընդունած հաջորդ հերթի ժառանգների իրավունքը: Պատասխանողը գտնում է, որ այս առումով օրենսգրքի վիճարկվող դրույթը կոչված է ապահովելու այս հարաբերություններում իրավական որոշակիության սկզբունքի իրացումը:

Ժառանգությունից հրաժարվելու ինստիտուտը դիտարկելով որպես միակողմանի գործարք և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312 և 313-րդ հոդվածների վերլուծության արդյունքում հանգելով այն եզրակացությանը, որ յուրաքանչյուր դեպքում, երբ առկա են գործարքի անվավերության հանգեցնող` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերը, դրա վավերականությունը կարող է վիճարկվել դատական կարգով, պատասխանողն անհիմն է համարում դիմողի այն դիրքորոշումը, համաձայն որի` օրենսգրքի վիճարկվող դրույթը զրկում է իրավունքի սուբյեկտին կողմնորոշվելու, իր խախտված իրավունքները վերականգնելու, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունքից այն դեպքում, երբ ժառանգը ժառանգությունից հրաժարվել է էական նշանակություն ունեցող մոլորության, խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո:

 Պատասխանողը` հղում կատարելով մի շարք երկրների քաղաքացիական օրենսգրքերի կոնկրետ հոդվածների, արձանագրում է, որ օրենսգրքի վիճարկվող դրույթի համեմատությամբ նմանատիպ իրավակարգավորումներ են նախատեսված նաև այդ երկրների քաղաքացիական օրենսգրքերով:

Միաժամանակ, պատասխանողը` հղում կատարելով ՀՀ սահմանադրական դատարանի 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին և գտնելով, որ դիմողն օրենսգրքի վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը հիմնավորող փաստարկներ չի ներկայացրել, միջնորդում է սույն գործի վարույթը կարճել։

 

5. Հաշվի առնելով դիմողի դիրքորոշումները` սահմանադրական դատարանը հարկ է համարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 3-րդ մասը դիտարկել օրենսգրքի 11-րդ, 289-291-րդ, 1225-րդ, 1226-րդ, 1227-րդ հոդվածների հետ համադրության մեջ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածը վերաբերում է քաղաքացիական իրավունքները սեփական հայեցողությամբ իրականացնելու իրավական հնարավորությանը: Այս կապակցությամբ, հաշվի առնելով այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության, հասարակական հարաբերությունների կայունության ապահովման անհրաժեշտությունը, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավունքների իրականացման հայեցողությունը չի կարող մեկնաբանվել այնքան լայն, որ խաթարվի այլոց իրավունքների և ազատությունների, ներառյալ` դրանց պաշտպանության իրավունքի էությունը, վտանգի տակ դրվի հասարակական հարաբերությունների կայունությունը: Հետևաբար` իրավունքների իրականացման հայեցողությունը չի ենթադրում իրավունքների չկարգավորված, անկանոն իրականացում: Այն ենթադրում է տվյալ իրավունքն իրականացնելու կամ չիրականացնելու իրավական հնարավորությունների միջև ընտրություն կատարելու իրավունք, որի իրականացումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով սահմանված կարգի շրջանակներում: Ընդհակառակը, իրավունքների` օրենքով սահմանված կարգից դուրս ցանկացած իրականացման հնարավորություն կխաթարի այլոց իրավունքների և ազատությունների, ներառյալ` դրանց պաշտպանության իրավունքի էությունը` միաժամանակ վտանգի տակ դնելով հասարակական հարաբերությունների կայունությունը: Այդ է պատճառը, որ, առաջնորդվելով վերը նշված իրավաչափ նպատակներով, այն է` այլոց իրավունքների և ազատությունների, ներառյալ` դրանց պաշտպանության իրավունքի երաշխավորումը, հասարակական հարաբերությունների կայունության ապահովումը, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել է բացառություն` թույլատրելով սուբյեկտիվ իրավունքներից հրաժարվելու հետևանքով օրենքով նախատեսված դեպքերում այդ իրավունքների դադարում: Տվյալ դեպքում, ի թիվս այլնի, որպես վերը նշված դեպք է հանդիսանում օրենսգրքի վիճարկվող նորմով սահմանված դեպքը` ժառանգությունից հրաժարվելը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ժառանգության ընդունումը կամ ժառանգությունից հրաժարվելն առնչվում են մյուս ժառանգների կամ ժառանգություն ստանալու իրավունքի օրինական ակնկալիք ունեցող այլ անձանց իրավունքներին և պարտականություններին, հետևաբար, վերը նշված իրավաչափ նպատակներից ելնելով, օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համահունչ, օրենսգրքի 1230-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել է բացառություն` արգելելով ժառանգությունից հրաժարվելը վերացնելու կամ հետ կանչելու հնարավորությունը` միաժամանակ դադարած համարելով տվյալ անձի` ժառանգություն ստանալու սուբյեկտիվ իրավունքը:

Նշված տրամաբանության վրա են հիմնված նաև օրենսգրքի 1225-րդ հոդվածի 2-րդ մասը և 1230-րդ հոդվածի 4-րդ մասը, որոնք արգելում են համապատասխանաբար` ժառանգության ընդունումը և ժառանգությունից հրաժարվելը վերապահումներով կամ պայմանով, կամ օրենսգրքի 1227-րդ հոդվածը, որը կարգավորում է այն ժառանգների ժառանգության իրավունքի իրականացման հետ կապված հարաբերությունները, որոնք ծագում են համապատասխանաբար` ժառանգությունից այլ ժառանգի հրաժարման կամ այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքերում: Նշված տրամաբանության վրա է հիմնված նաև օրենսգրքի 291-րդ հոդվածը, որը, որպես բացառություն, թույլատրում է, որ օրենքով նախատեսված դեպքերում միակողմ գործարքներն այլ անձանց համար ևս պարտականություններ ստեղծեն: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում, ի թիվս այլնի, որպես վերը նշված դեպք է հանդիսանում նաև օրենսգրքի վիճարկվող նորմով սահմանված դեպքը` ժառանգությունից հրաժարվելը, ինչը համապատասխան պարտականություններ է ստեղծում նաև մյուս ժառանգների կամ ժառանգություն ստանալու իրավունքի օրինական ակնկալիք ունեցող այլ անձանց համար, քանի որ առնչվում է վերջիններիս ժառանգության սուբյեկտիվ իրավունքին:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանն անհիմն է համարում դիմողի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ, 289-291-րդ, 1225-րդ, 1226-րդ, 1227-րդ, 1230-րդ հոդվածների վերաբերյալ տրված մեկնաբանությունները, և գտնում է, որ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված չէ վիճարկվող նորմի սահմանադրականությամբ:

 

6. Անդրադառնալով դիմողի այն դիրքորոշմանը, համաձայն որի` օրենսգրքի վիճարկվող դրույթը զրկում է իրավունքի սուբյեկտին վերականգնելու իր խախտված իրավունքներն այն դեպքում, երբ ժառանգը ժառանգությունից հրաժարվել է էական նշանակություն ունեցող մոլորության, խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո` ՀՀ օրենսդրության, մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312, 313 և 317-րդ հոդվածների ուսումնասիրության արդյունքներով` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությունը չի բացառել էական նշանակություն ունեցող մոլորության, խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի` մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կամ ծանր հանգամանքների բերումով գործարքների կնքման դեպքերի հնարավորությունը: Տվյալ դեպքերի համար նախատեսելով գործարքն անվավեր ճանաչելու ինստիտուտ` ՀՀ օրենսդրությունը վերը նշված դեպքերում երաշխավորում է գործարքի տվյալ կողմի իրավունքների, ներառյալ` ժառանգության իրավունքի իրականացումը և խախտված իրավունքների վերականգնումը: Հետևաբար, սահմանադրական դատարանն այս խնդրում իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակում չի արձանագրում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

21 հունիսի 2011 թ.
ՍԴՈ-980

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան