Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-961
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.01/31(834) Հոդ.727
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2011

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

24 մայիսի 2011 թ.

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ` ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԼՐԱՑՆՈՂ «ՀՐԱԶԵՆԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց` «2001 թվականի մայիսի 31-ին Նյու Յորքում ստորագրված` «Միավորված ազգերի կազմակերպության` անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող «Հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության դեմ» արձանագրության մեջ (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 21.02.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Միավորված ազգերի կազմակերպության` անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող «Հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության դեմ» արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2001 թվականի մայիսի 31-ին:

Արձանագրությունը «Միավորված ազգերի կազմակերպության` անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիայի անբաժանելի մասն է, որը ՀՀ-ի կողմից վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի 2003 թվականի մարտի 25-ի Ն-333-2 որոշմամբ (ՍԴՈ-392):

Ադրբեջանի Հանրապետությունն Արձանագրության վերաբերյալ կատարել է վերապահում, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է առարկություն:

2. Նշված Արձանագրության նպատակն է կանխել և վերացնել հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ռազմամթերքի անօրինական արտադրությունը և շրջանառությունը:

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`

կիրառել Արձանագրությունը, եթե դրանում այլ բան նշված չէ, հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրությունը և շրջանառությունը կանխելու և Արձանագրության 5-րդ հոդվածին համապատասխան սահմանված իրավախախտումների հետաքննության և դատական հետապնդման նպատակով, եթե այդ իրավախախտումները կրում են անդրազգային բնույթ և կատարվել են կազմակերպված հանցավոր խմբի կողմից (հոդվ. 4, կետ 1),

ընդունել այնպիսի օրենսդրական և այլ բնույթի միջոցներ, որոնք կարող են պահանջել Արձանագրության 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նախատեսված արարքները քրեական իրավախախտումներ ճանաչելու համար, եթե դրանք կատարվել են դիտավորությամբ, ինչպես նաև ընդունել և իրականացնել այնպիսի օրենսդրական ու այլ բնույթի միջոցներ, որոնք կարող են պահանջվել Արձանագրության 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նախատեսված արարքները քրեական իրավախախտումներ ճանաչելու համար (հոդվ. 5),

չհակասելով Կոնվենցիայի 12-րդ հոդվածի դրույթներին` ՀՀ ներքին իրավական համակարգի շրջանակներում առավելագույն հնարավորության սահմաններում ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել անօրինական կերպով արտադրված կամ ապօրինի շրջանառված հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի բռնագրավումը հնարավոր դարձնելու համար (հոդվ. 6, կետ 1),

ՀՀ ներքին իրավական համակարգի շրջանակներում ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` կանխելու համար անօրինական կերպով արտադրված կամ ապօրինի շրջանառված հրազենը, դրա հիմնամասերը և բաղադրիչները, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքը դրանց կիրառման համար չլիազորված անձանց մոտ հայտնվելը` կալանելով և ոչնչացնելով այդ հրազենը, դրա հիմնամասերը և բաղադրիչները, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքը, եթե դրանց օտարումը պաշտոնապես չի թույլատրվել` պայմանով, որ այդ հրազենի վրա համապատասխան նշում արվի, և գրանցվեն այդ հրազենի ու ռազմամթերքի օտարման եղանակները (հոդվ. 6, կետ 2),

ապահովել ոչ պակաս, քան տասը տարվա ընթացքում հրազենի և, հարկ եղած ու գործնական հնարավորության դեպքում, դրա հիմնամասերի, բաղադրիչների և ռազմամթերքի վերաբերյալ այն տեղեկությունների պահպանումը, որոնք անհրաժեշտ են անօրինական կերպով արտադրված և ապօրինի շրջանառված հրազենի և, հարկ եղած ու գործնական հնարավորության դեպքում, դրա հիմնամասերի, բաղադրիչների և ռազմամթերքի վերահսկման ու հայտնաբերման համար, և նման գործունեությունը կանխարգելելու ու բացահայտելու համար (հոդվ. 7),

յուրաքանչյուր հրազենի նույնականացման և վերահսկողության նպատակով` յուրաքանչյուր հրազենի արտադրման ընթացքում պահանջել յուրահատուկ դրոշմի կիրառում` արտադրողի անունով, արտադրման վայրով կամ երկրով ու սերիական համարով, կամ թվային և/կամ տառաթվային գաղտնագրի հետ համակցված պարզ երկրաչափական նշաններից կազմված, այլընտրանքային, գործածության համար հարմար յուրահատուկ դրոշմի կիրառում, որը բոլոր Մասնակից պետություններին թույլ կտա արագ որոշել արտադրման երկիրը (հոդվ. 8, կետ 1, ենթակետ «ա»),

յուրաքանչյուր հրազենի նույնականացման և վերահսկողության նպատակով` պահանջել ներկրվող յուրաքանչյուր հրազենի վրա համապատասխան պարզ դրոշմ, որը թույլ կտա որոշել ներկրող երկիրը և, հնարավորության դեպքում, ներկրման տարեթիվը, և որը հնարավորություն կտա ՀՀ իրավասու մարմիններին հսկողություն սահմանել այդ հրազենի նկատմամբ, իսկ եթե տվյալ հրազենը չունի նման դրոշմ, կարող է պահանջվել յուրահատուկ դրոշմ. վերոհիշյալը չկիրառել ապացուցելի օրինական նպատակների համար ներկրվող հրազենի նկատմամբ (հոդվ. 8, կետ 1, ենթակետ «բ»),

յուրաքանչյուր հրազենի նույնականացման և վերահսկողության նպատակով` ապահովել քաղաքացիական նպատակով օգտագործման համար պետական պահեստից հրազենի փոխանցման ընթացքում համապատասխան յուրահատուկ դրոշմի առկայություն, որը թույլ կտա բոլոր Մասնակից պետություններին որոշել փոխանցող երկիրը (հոդվ. 8, կետ 1, ենթակետ «գ»),

ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ապաակտիվացված հրազենը որպես հրազեն չընդունելու դեպքում, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ապաակտիվացված հրազենի անօրինական վերաակտիվացումը կանխելու համար` ներառյալ, հարկ եղած դեպքում, առանձին իրավախախտումների սահմանումը` Արձանագրության 9-րդ հոդվածի «ա», «բ» և «գ» մասերում նախատեսված ապաակտիվացման ընդհանուր սկզբունքներին համապատասխան (հոդվ. 9),

հիմնել կամ կիրառել արտահանման և ներկրման համար արտոնագրերի կամ թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի փոխանցման համար միջազգային տարանցման միջոցների արդյունավետ համակարգեր (հոդվ. 10, կետ 1),

կիրառել պատշաճ միջոցներ հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության բացահայտման, կանխարգելման և վերացման համար, պահանջելով հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անվտանգություն` արտադրման, ներկրման, արտահանման և ՀՀ տարածքով տարանցման ընթացքում (հոդվ. 11, կետ «ա»),

կիրառել պատշաճ միջոցներ հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության բացահայտման, կանխարգելման և վերացման համար, ավելացնելով ներկրման, արտահանման և տարանցման վերահսկողության արդյունավետությունը` հարկ եղած դեպքում ներառելով սահմանային ստուգումները, ինչպես նաև ոստիկանության և մաքսային մարմինների միջև անդրսահմանային համագործակցությունը (հոդվ. 11, կետ «բ»),

ՀՀ իրավական և վարչական համապատասխան համակարգերի համաձայն, միմյանց միջև փոխանակել համապատասխան կոնկրետ տեղեկություններ հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի լիազորված արտադրողների, վաճառողների, ներկրողների, արտահանողների և, հնարավորության դեպքում, փոխադրողների մասին (հոդվ. 12, կետ 1):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2001 թվականի մայիսի 31-ին Նյու Յորքում ստորագրված` «Միավորված ազգերի կազմակերպության` անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող «Հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության դեմ» արձանագրության մեջ (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


24 մայիսի 2011 թ.
ՍԴՈ-961