Գլխավոր տեղեկություն
Համար
N 1233-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.06.2011-29.11.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.21/16.1 Հոդ.1017
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.11.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2006 թվականի N 1233-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում տեղամասային տեսուչների աշխատանքների կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել տեղամասի անձնագրի, տեղամասային տեսուչի աշխատանքային տետրի, հսկողական քարտի, «Պրոֆիլակտիկա» հաշվետվության, պրոֆիլակտիկ գործի, ոստիկանության բաժնի (բաժանմունքի) միասնական հաշվառման մատյանի և հաշվառման քարտերի ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 1
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 18-ի N 1233-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

I. ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

1. Սույն կարգով սահմանվում են «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության  կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) խնդիրների իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեղամասային տեսուչի աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները:

2. Տեղամասային տեսուչի գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետի ծառայության գծով տեղակալը, իսկ անմիջական ղեկավարումը, կազմակերպումը և վերահսկումը` պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետը: Պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի հաստիքի բացակայության դեպքում` նշված գործառույթն իրականացնում է ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետի ծառայության գծով տեղակալը:

3. Տեղամասային տեսուչը «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված խնդիրների, ինչպես նաև իր կողմից սպասարկվող տարածքի հետ անմիջականորեն կապ չունեցող աշխատանքների իրականացման գործում ներգրավվում է բացառիկ դեպքերում` ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետի հրամանով:

4. Ոստիկանության բաժնի (բաժանմունքի) կողմից սպասարկվող վարչական տարածքը ոստիկանության տվյալ ստորաբաժանման պետի կողմից բաժանվում է տեղամասերի, որոնց  տրվում են հերթական համարներ և տեղամասի անձնագրեր: Տեղամասի սահմաններն ու չափերը որոշվում և անհրաժեշտության դեպքում վերանայվում են ոստիկանության տվյալ ստորաբաժանման պետի կողմից` պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի ներկայացմամբ` հաշվի առնելով տեղամասի բնակչության թիվը, օպերատիվ իրավիճակը, առանձնահատկությունները և վարչական բաժանումը:

5. Յուրաքանչյուր տեղամաս սպասարկվում է ոստիկանության երկու ծառայողի` մեկ տեղամասային և մեկ տեղամասային ավագ տեսուչների (այսուհետ` տեղամասային տեսուչ) կողմից:

Տեղամասային տեսուչների զույգին ամրակցվում է առանձին տեղամաս, քաղաքներում` մինչև 10 հազ. բնակչությամբ, իսկ գյուղական վայրերում` մինչև 6 վարչական միավորի սահմաններում:

6. Տեղամասի հանձնման-ընդունման աշխատանքները կատարվում են ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետի ծառայության գծով տեղակալի անմիջական մասնակցությամբ` տեղամասը հանձնող և ընդունող  տեղամասային տեսուչների ներկայությամբ: Տեղամասի հանձնման-ընդունման մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

7. Տեղամասային տեսուչների աշխատանքները կազմակերպում և համակարգում է պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետը: Պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի պաշտոնում նշանակվում է աշխատանքային առավել շատ փորձ ունեցող ոստիկանության ծառայողը:

8. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեղամասային տեսուչների գործունեության ընդհանուր ղեկավարումը, կազմակերպչական, մեթոդական ապահովումը և վերահսկողությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության, ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների կողմից:

 

II. ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Տեղամասային տեսուչներն իրենց աշխատանքի ընթացքում`

ա) ուսումնասիրում և անմիջական  ղեկավարին են ներկայացնում սպասարկվող տարածքի օպերատիվ իրավիճակը և դրա հիման վրա կազմում աշխատանքային պլաններ.

բ) մասնագիտական պարապմունքների ընթացքում պարբերաբար ուսումնասիրում են տեղամասային տեսուչի գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտեր:

10. Տեղամասային տեսուչները պարտավոր են իմանալ`

ա) իրենց կողմից սպասարկվող տեղամասի սահմանները, դրա առանձնահատկությունները, կազմակերպությունների, բանկերի, տարադրամի փոխանակման կետերի, փոստային բաժանմունքների, նյութական արժեքների պահպանման պահեստների (անկախ սեփականության ձևերից), ինչպես նաև թույլտվության համակարգի օբյեկտների, դեղատների տեղակայման վայրերը և աշխատանքային ռեժիմները, այն վայրերը, որտեղ պահվում, վերամշակվում կամ օգտագործվում են թմրադեղեր, թմրանյութեր պարունակող մշակովի բույսերի աճեցման հնարավոր վայրերը, դրանց պահման կարգն ու պայմանները, տրանսպորտային միջոցների կայանատեղերը, անտառաշերտերը.

բ) բնակչության զբաղվածության բնույթը, նրա էթնիկական կազմը, տեղական սովորույթները և ավանդույթները.

գ) տեղամասում կատարված՝ բացահայտված և չբացահայտված հանցագործությունների թիվը և բնույթը, դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները, հանցագործության կատարման մեջ կասկածվող և հետախուզվող անձանց արտաքին նշանները, գողացված ավտոմեքենաների թիվը, համարանիշերը և արտաքին նշանները, տուժողների ու հափշտակված իրերի մասին տեղեկությունները, այն անձանց, որոնց վարքագիծը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների կողմից.

դ) այն բոլոր հնարավոր վայրերը, որտեղ ավելի հաճախ կարող են կատարվել իրավախախտումներ կամ հանցագործություններ.

ե) հանցագործությունները և վարչական իրավախախտումները նախականխելու, կանխելու, խափանելու, հանցագործությունները հայտնաբերելու և բացահայտելու գործում` սպասարկվող տեղամասում ներգրավված ուժերի և միջոցների տեղաբաշխվածությունը:

11. Քաղաքացիների անձի և գույքի անվտանգության ապահովման համար տեղամասային տեսուչները պարտավոր են`

ա) ապահովել այն տուժողների և վկաների անվտանգությունը, որոնց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում` նրանց կողմից կամավորության սկզբունքով հանցագործության բացահայտմանը մասնակցություն ցուցաբերելու.

բ) վթարների, հրդեհների, տարերային աղետների կամ այլ արտակարգ իրավիճակների ժամանակ ձեռնարկել անհետաձգելի միջոցներ` մարդկանց կյանքը փրկելու, գույքը պահպանելու համար, նրանց ցույց տալ առաջին բժշկական օգնություն, դրա մասին տեղեկացնել ոստիկանության ստորաբաժանման ղեկավարությանը, համապատասխան կազմակերպությունների ղեկավարներին.

գ) միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի պահպանության և բնակչության էկոլոգիական անվտանգության համար:

12. Սպասարկվող տարածքում հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման համար տեղամասային տեսուչները պարտավոր են`

ա) հանցագործությունների մասին հաղորդումներ և այլ տեղեկություններ ստանալու դեպքում անմիջապես իրազեկել ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետին և մինչև օպերատիվ խմբի ժամանումն իրենց իրավասության սահմաններում կատարել դատավարական անհրաժեշտ գործողություններ (դեպքի վայրի պահպանում, ականատես անձանց հայտնաբերում և այլն).

բ) սպասարկվող տեղամասի օպերատիվ իրավիճակի եռամսյակային վերլուծության հիման վրա ղեկավարությանը ներկայացնել առաջարկություններ սպասարկվող տարածքում պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև պարեկապահակետային վերակարգերի տեղաբաշխման վերաբերյալ.

գ) սպասարկվող տեղամասում անօրինական գործող կրոնական և հասարակական կազմակերպություններ հայտնաբերելու դեպքում հարցի իրավական կարգավորման համար  ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ.

դ) սպասարկվող տեղամասում օրենքով սահմանված կարգով ստուգել ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների, զենքի, ռազմամթերքի (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ենթակայության), թմրանյութերի, հոգեմետ նյութերի պահման վայրերում տեխնիկական ամրացվածության վիճակը և ոստիկանության այլ ստորաբաժանումների ու շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել հայտնաբերված թերությունները վերացնելու և այլ իրավախախտումները նախականխելու, կանխելու, դրանք ծնող պատճառներն ու նպաստող պայմանները հայտնաբերելու և վերացնելու համար.

ե) տարեկան մեկ անգամ, համագործակցելով թույլտվության և լիցենզավորման համակարգի աշխատողների հետ, ստուգել ժամանակավոր օգտագործման համար զենք ստացած և զենքի սեփականատեր հանդիսացող անձանց բնակության վայրերում զենք պահելու պայմանները.

զ) սպասարկվող տեղամասի բնակչության շրջանում իրականացնել բացատրական աշխատանքներ հանցավոր և այլ ոտնձգություններից օրենքի սահմաններում պաշտպանվելու ձևերի և միջոցների մասին.

է) բնակչության շրջանում իրականացնել աշխատանքներ ալկոհոլային խմիչքների օգտագործումը չարաշահող, թմրադեղեր և հոգեներգործուն նյութեր օգտագործող, հոգեկան ագրեսիվ հիվանդ անձանց հատուկ բժշկական հիմնարկներ կամավոր բուժման ներկայանալու նպատակով, իսկ շրջապատի համար վտանգ ներկայացնող հոգեկան հիվանդ անձանց կամավոր բուժման չներկայանալու դեպքում միջոցներ ձեռնարկել օրենքով սահմանված կարգով նրանց հարկադիր բուժում նշանակելու համար.

ը) իր կողմից կատարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքների մասին վերադասության կարգով ներկայացնել եռամսյակային հաշվետվություն.

թ) սպասարկվող տեղամասում հայտնաբերել մուրացիկ, թափառաշրջիկ, բռնության ենթարկված երեխաների և, համագործակցելով օրենքով լիազորված մարմինների հետ, նրանց իրավունքների պաշտպանության համար ձեռնարկել համապատասխան միջոցներ.

ժ) սպասարկվող տեղամասում առանց պետական գրանցման կամ լիցենզիայի լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին տեղեկություններ կամ կասկածներ ունենալու դեպքում տեղյակ պահել համապատասխան տարածքային հարկային մարմիններին.

ժա) կասեցնել իրավախախտում թույլ տվող անձանց հակաիրավական գործողությունները, կազմել վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ և անհրաժեշտության  դեպքում դրանք ուղարկել ըստ ենթակայության:

13. Հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման համար տեղամասային տեսուչները պարտավոր են`

ա) պարբերաբար ստուգել սպասարկվող տարածքի բազմաբնակարան շենքերի և շինությունների ընդհանուր օգտագործման մուտքերը, ձեղնահարկերը, նկուղային հարկերը՝ նպատակ ունենալով հայտնաբերելու օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց կամ նրանց հավաքատեղիները.

բ) ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետին և հերթապահին զեկուցել օպերատիվ իրադրության փոփոխման մասին, ներկայացնել առաջարկություններ սպասարկվող տարածքում հասարակական կարգի պահպանմանը մասնակցող ուժերի և միջոցների առավել նպատակային տեղաբաշխման ու արդյունավետ օգտագործման վերաբերյալ.

գ) սպասարկվող տեղամասում ծառայություն կատարող ոստիկանության վերակարգերին տեղեկացնել տեղամասում օպերատիվ իրավիճակի փոփոխման, կատարված հանցագործությունների և կասկածվող անձանց մասին:

14. Սեփականության բոլոր ձևերի պաշտպանության համար տեղամասային տեսուչները պարտավոր են սպասարկվող տեղամասի բնակչության շրջանում իրականացնել բացատրական աշխատանքներ` բնակարանները և սեփականության այլ ձևերը հուսալիորեն պահպանելու, ահազանգման ազդանշանային սարքերով կահավորելու համար:

15. Անձնագրային ռեժիմը պահպանելիս` տեղամասային տեսուչները պարտավոր են`

ա) անձնագրային ռեժիմի խախտումները տեղամասում բացառելու նպատակով
իրականացնել ստուգայցեր` բնակչությանը տեղեկացնելով անձնագրային ռեժիմի մասին.

բ) հuկողություն իրականացնել սպասարկվող տեղամասում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաuտանի Հանրապետության տարածքում գտնվելու և Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu գալու` Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված նորմերի, ինչպես նաև ժամկետների պահպանման նկատմամբ.

գ) անձնագրային ռեժիմի խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ կիրառել վարչական ներգործության միջոցներ:

Տեղամասային տեսուչներն անձնագրային ռեժիմի պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին տեղեկությունները յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ զեկուցում են ոստիկանության ղեկավարությանը:

16. Հետաքննության, նախաքննության և դատական մարմինների հետ համագործակցելիս` տեղամասային տեսուչները պարտավոր են`

ա) աջակցել հետաքննության, նախաքննության և դատական մարմիններին՝ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց ձերբակալելիս, նրանց գտնվելու հնարավոր վայրերն ստուգելիս և քրեական հետապնդումից ու դատաքննությունից խուսափողներին հայտնաբերելիս.

բ) աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինվորական ծառայությունից կամ զորակոչից խուսափող անձանց հայտնաբերելու գործում.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել պարտապան ֆիզիկական անձանց հետախուզմանը:

(16-րդ կետը խմբ. 26.05.11 N 708-Ն)

17. Տեղամասային տեսուչները քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները քննարկելիս պարտավոր են առաջնորդվել Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

18. Տեղամասային տեսուչները հանցագործությունների և վարչական իրավախախտումների պրոֆիլակտիկա իրականացնելիս պարտավոր են անհատական պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնել և տեղամասի անձնագրում հաշվառել հետևյալ կարգի անձանց`

ա) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց, որոնց վրա դատարանի կողմից դրված են որոշակի պարտականություններ.

բ) ազատազրկման հետ կապ չունեցող պատժի դատապարտված անձանց.

գ) ազատազրկման վայրերից վերադարձած անձանց.

դ) ընտանեկան-կենցաղային հարաբերությունների ոլորտում պարբերաբար և շարունակական բնույթ կրող իրավախախտումներ թույլ տվող անձանց.

ե) քրոնիկ հարբեցողներին, թմրամոլներին, ինչպես նաև առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ և հոգեներգործուն նյութեր օգտագործող անձանց, ովքեր հաշվառված են առողջապահական հիմնարկներում և պարբերաբար թույլ են տալիս իրավախախտումներ.

զ) հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց, ովքեր ուղղակի վտանգ են ներկայացնում իրենց և շրջապատի համար ու հաշվառված են առողջապահական հիմնարկներում, յուրաքանչյուր կիսամյակ ճշտելով նրանց ցուցակները.

է) անչափահասների գործերով ստորաբաժանումներում հաշվառված անչափահաս իրավախախտներին:

Տեղամասային տեսուչները տեղամասի անձնագրում հաշվառված անձանց մասին տեղեկությունները հավաքում, համակարգում և օգտագործում են այդ անձանց նկատմամբ անհատական պրոֆիլակտիկ միջոցներ իրականացնելու և նրանց կողմից հետագայում հանցագործությունների ու վարչական իրավախախտումների կատարումը բացառելու նպատակով:

19. Սույն կարգի 18-րդ կետի «ա», «բ», «ե», «զ» և «է» ենթակետերում նշված անձինք հաշվառվում են ցուցակային կարգով: Նրանց համար կազմվում են հսկողական քարտեր: Նշված քարտին տրվում է պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի կողմից վարվող միասնական հաշվառման մատյանի հերթական համարը։ Նշված անձանց նկատմամբ հսկողություն սահմանելու ընթացքում` նրանց վարքագծի և ապրելակերպի մասին  կազմված ամենամսյա զեկուցագրերը, տեղեկանքները և մյուս փաստաթղթերը ոստիկանության մարմնի ղեկավարության մակագրությամբ հանձնվում են համապատասխան ծառայություններին՝ նշումներ կատարելով նրանց հսկողական քարտերում։

20. Սույն կարգի 18-րդ կետի «գ» և «դ» ենթակետերում նշված անձանց վերաբերյալ կազմվում են պրոֆիլակտիկ գործեր: Նշված գործին տրվում է պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի կողմից վարվող միասնական հաշվառման մատյանի հերթական համարը:

21. Պրոֆիլակտիկ գործում կուտակվում են անձի վարքագծի, հանցավոր կապերի, մտադրությունների, կատարած իրավախախտումների մասին և օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող այլ անհրաժեշտ տեղեկություններ:

Սույն կարգի 18-րդ կետի «գ» և «դ» ենթակետերում նշված անձանց վարքագծի և ապրելակերպի նկատմամբ հսկողության արդյունքներին վերաբերող փաստաթղթերը կազմվում են յուրաքանչյուր ամսվա համար:

22. Պրոֆիլակտիկ գործերով և հսկողական քարտերով հսկողություն իրականացնելու ժամկետները որոշվում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` ելնելով այդ անձանց վարքագծից ու ապրելակերպից, հսկողությունը շարունակելու նպատակահարմարությունից և հաշվառման վերցնելու հիմքի փոփոխման կամ վերացման հանգամանքից, որպես կանոն, մեկ տարվանից ոչ պակաս ժամկետով` բացառությամբ այն դեպքերի, երբ հսկողության ժամկետը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Հաշվառումից հանված անձանց պրոֆիլակտիկ գործերը և հսկողական քարտերը պահվում են մեկ տարի ժամկետով` պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի մոտ, որից հետո հանձնվում են ոստիկանության բաժնի (բաժանմունքի) քարտուղարություն և ոչնչացվում սահմանված կարգով:

24. Հաշվառումների համար հիմք են հանդիսանում դատարանի վճիռը, դատարանի որոշումը, քրեակատարողական հիմնարկներից և ծառայություններից ստացված իրազեկումները, իրավախախտում կատարելու վերաբերյալ ոստիկանության բաժնում (բաժանմունքում) առկա նյութերը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 45-րդ, 46-րդ կամ 179-րդ հոդվածների հատկանիշներով կազմված վարչական իրավախախտումների մասին կազմված արձանագրությունները, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի հիմքով քրեական գործը կարճելու մասին որոշումը, առողջապահական մարմինների կողմից ներկայացված տեղեկությունները, որոնք վկայում են անձի հակահասարակական վարքագծի և նրա՝ հասարակության համար վտանգավոր լինելու, ազատազրկման հետ չկապված պատժատեսակների դատապարտվելու և անչափահասների տեսչությունում հաշվառման մեջ գտնվելու փաստերի մասին:

25. Տեղամասի անձնագրում հաշվառվում են նաև այն անձինք, որոնց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվում են սահմանափակումներ, ինչպես նաև հանցագործ աշխարհում  հեղինակություն վայելող անձինք:

26. Հսկողական քարտերում կուտակվում են անձի վարքագծի, հանցավոր կապերի, կատարած իրավախախտումների մասին և օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկություններ: Նշված քարտին տրվում է պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի կողմից վարվող միասնական հաշվառման մատյանի հերթական համարը:

27. Հաշվառման մեջ գտնվողի նկատմամբ պրոֆիլակտիկ միջոցառումները դադարեցվում են`

ա) սահմանված ժամկետը լրանալուց հետո,

բ) նոր հանցագործություն կատարելու համար ազատազրկման դատապարտվելիս,

գ) մահվան դեպքում:

28. Բնակավայրի փոփոխման դեպքում հսկողության տակ գտնվողի հսկողական քարտը սահմանված կարգով ուղարկվում է նրա նոր բնակավայրի ոստիկանության բաժին:

29. Հսկողական գործերը և քարտերը յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ստուգվում են պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի կողմից, իսկ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ` ոստիկանության տվյալ ստորաբաժանման ղեկավարի կողմից: Ստուգման արդյունքների հիման վրա հսկողական գործերում և քարտերում կատարվում են համապատասխան գրառումներ:

 

III. ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԱՎԱԳ ՏԵՍՈՒՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

30. Տեղամասային ավագ տեսուչը պարտավոր է`

ա) ղեկավարել իր հետ նույն տեղամասն սպասարկող տեղամասային տեսուչի աշխատանքները և հանդես գալ որպես խմբի ավագ.

բ) նպատակաուղղել և համակարգել իր խմբի գործունեությունը հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման, ինչպես նաև հակահասարակական այլ երևույթների դեմ տարվող աշխատանքներում.

գ) սպասարկվող տեղամասում իրավախախտումների կանխման, հասարակական կարգի ապահովման, կատարված հանցագործությունների բացահայտման, հետախուզվող անձանց հայտնաբերման նպատակով ապահովել խմբի համագործակցությունը ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ.

դ) կազմել աշխատանքային պլաններ, մշակել քաղաքացիների ընդունելության ժամանակացույցներ, կազմակերպել դրանց կատարումը.

ե) յուրաքանչյուր օր ղեկավարությանը զեկուցել սպասարկվող տեղամասում կատարված աշխատանքների մասին, տեղեկություն ստանալ ոստիկանության տվյալ ստորաբաժանման կողմից սպասարկվող տարածքում օպերատիվ իրավիճակի մասին, այդ տեղեկությունների և ղեկավարության ցուցումների մասին տեղյակ պահել տեղամասային տեսուչին և կազմակերպել դրանց կատարումը.

զ) ստանալ քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները, ապահովել դրանց կատարման ամբողջականությունը և որակը.

է) ընդհանրացնել և վերլուծել իր խմբի կողմից յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի (աճող ցուցանիշներով) ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները և ներկայացնել ղեկավարությանը.

ը) տեղամասային ավագ տեսուչի բացակայության (արձակուրդի, հիվանդության, ուսման) ընթացքում նրա պարտականությունները ոստիկանության ղեկավարության կողմից դրվում են խմբի տեղամասային տեսուչի վրա.

թ) սպասարկվող տեղամասում տեղամասային տեսուչի հետ միասին համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների, համատիրությունների, այլ կազմակերպությունների, ինչպես նաև տեղամասի բնակիչների հետ՝ հանցագործություններ և վարչական իրավախախտումներ ծնող պատճառներն ու նպաստող պայմանները պարզելու և այդ ուղղությամբ արդյունավետ պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնելու համար:

 

IV. ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

31. Պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետը պարտավոր է`

ա) մշակել և իրականացնել միջոցառումներ` տեղամասային տեսուչների կողմից հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման աշխատանքների կատարելագործման համար.

բ) միջոցներ ձեռնարկել տեղամասային ավագ տեսուչների կողմից տեղամասային տեսուչների անմիջական ղեկավարման դերի բարձրացման և նրանց ամենօրյա աշխատանքային գործունեության նկատմամբ  հսկողության ուժեղացման համար.

գ) հսկողություն իրականացնել տեղամասային տեսուչների կողմից քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման, հաշվառման մեջ գտնվող անձանց հետ աշխատանքների իրականացման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան նրանց նկատմամբ ժամանակին պրոֆիլակտիկ բնույթի միջոցներ կիրառելու համար.

դ) ապահովել տեղամասային տեսուչների կողմից պլանավորված միջոցառումների կատարումը, իրականացնել հսկողություն պրոֆիլակտիկ գործերի վարման կարգի, ինչպես նաև ծառայողական փաստաթղթերի պահպանման վիճակի նկատմամբ.

ե) իր իրավասության սահմաններում կազմակերպել տեղամասային տեսուչների և ոստիկանության տարածքային մյուս ծառայությունների աշխատողների ամենօրյա փոխհամագործակցությունը.

զ) տեղամասերում աշխատանքային գործունեության կազմակերպման նպատակով տեղամասային տեսուչներին ցույց տալ անհրաժեշտ գործնական օգնություն.

է) ապահովել տեղամասային տեսուչների կատարած աշխատանքների ամենամսյա և եռամսյա ամփոփումը, օպերատիվ խորհրդակցություններում առանձին տեղամասային տեսուչների կողմից ներկայացվող հաշվետվությունների նախապատրաստումը, միջոցներ ձեռնարկել նրանց աշխատանքներում տեղ գտած թերությունները վերացնելու համար, ոստիկանության ստորաբաժանման ղեկավարությանը ներկայացնել առաջարկություններ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած տեղամասային տեսուչներին խրախուսելու վերաբերյալ.

ը) կազմակերպել տեղամասային տեսուչների ուսուցումը, միջոցներ ձեռնարկել նրանց պատրաստվածության և ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելու համար.

թ) ներկայացնել առաջարկություններ տեղամասային տեսուչների համար աշխատանքային անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, բնակարանով և սպասարկվող տեղամասում ծառայողական սենյակով, կապով և օպերատիվ-տեխնիկական միջոցներով ապահովելու վերաբերյալ.

ժ) հսկողություն իրականացնել տեղամասային տեսուչների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նրանց վերապահված իրավունքների իրացման և պարտականությունների կատարման նկատմամբ:

(31-րդ կետը լրաց. 26.05.11 N 708-Ն)

 

V. ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՎԱԳ ՏԵՍՈՒՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

32. Պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեսուչը պարտավոր է`

ա) ստուգել և 10-օրյա ժամկետում գրավոր պատասխանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ստացված` ազատազրկման վայրերից վերադարձող անձանց բնակության վայրի և հաշվառման հարցերի վերաբերյալ հարցումներին.

բ) ազատազրկման հետ չկապված պատիժների դատապարտված, ինչպես նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման տարածքային ստորաբաժանումներից հաղորդում ստանալուց հետո կազմել տեղեկատու քարտեր և հսկիչ քարտ ուղարկել անձնագրային ծառայություն՝ այդ անձանց առանց իրավասու մարմնի թույլտվության հաշվառումից չհանելու  և ելքի թույլտվություն չտալու համար: Տեղեկատու քարտերը պահվում են ոստիկանության մարմնի հերթապահ մասի քարտադարանում: Նշված անձինք տեղամասային տեսուչների մոտ վերցվում են ցուցակային հաշվառման, որոնց վերաբերյալ կազմվում է հսկողական քարտ: Տեղեկատու և հսկողական քարտերին տրվում է միասնական հաշվառման մատյանի հերթական համարը.

գ) տեղեկատու քարտերով ստուգել վարչական պատասխանատվության ենթարկված անձանց տվյալները և սույն կարգի 18-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված անձանց կողմից կատարված իրավախախտումների հայտնաբերման դեպքում դրանց մասին իրազեկել համապատասխան իրավասու մարմիններին.

դ) տեղեկատու քարտադարանով ստուգել տվյալ տարածքի բնակիչներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ոստիկանության այլ բաժիններից ստացված գրությունները և սույն կարգի 18-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված անձանց հայտնաբերելու դեպքում դրա մասին իրազեկել համապատասխան իրավասու մարմիններին՝ համապատասխան նշում կատարելով անձի տեղեկատու և հսկողական քարտերում.

ե) քննարկել և սահմանված կարգով ընթացք տալ դատվածության վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու մասին քաղաքացիների դիմումներին:

33. Պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեսուչը պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի բացակայության ժամանակ փոխարինում է նրան:

34. Ոստիկանության ղեկավարության կողմից պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեսուչի վրա կարող են դրվել նաև օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VI. ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

35. Տեղամասային տեսուչների գործունեությունը գնահատվում է` հաշվի առնելով հետևյալ չափորոշիչները`

ա) սպասարկվող տեղամասում հանցավորության և հասարակական կարգի վիճակը.

բ) հանցագործությունների և վարչական իրավախախտումների  նախականխմանը, կանխմանը, խափանմանը և բացահայտմանը նրանց մասնակցության աստիճանը, քաղաքացիների դիմումների ժամանակին քննարկումը և որակյալ կատարումը.

գ) անձնական կարգապահության աստիճանը և ծառայողական գործունեության օրինականությունը.

դ) հասարակական կարգի ապահովման գործում քաղաքացիներին ներգրավելու և նրանց մեջ վստահության մթնոլորտ ստեղծելու ունակությունը.

ե) քաղաքացիներին ու պաշտոնատար անձանց իրենց իրավունքների և օրինական շահերի իրականացման ընթացքում օժանդակության ցուցաբերումը:

(հավելվածը խմբ., լրաց. 26.05.11 N 708-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.11.2014, N 1254-Ն 29.11.2014, N 1233-Ն
26.05.2011, N 708-Ն 18.06.2011, N 1233-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան