«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2006 թվականի N 1791-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 28.04.11 N 615-Ն)
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի ու 11-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության:
(1-ին կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված` 92.602.300 դրամ արժողությամբ գույքը (բացառությամբ շենքերի և շինությունների) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(3-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
5. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`
ա) իրավաբանական կրթությամբ մասնագետների պատրաստումը,
ա.1) ոստիկանական կրթությամբ մասնագետների պատրաստումը,
բ) համազորային և մանկավարժական կրթությամբ հրամանատարական կազմի մասնագետների պատրաստումը,
գ) ոստիկանության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստումը (մասնագիտական որակավորումը),
դ) գիտամանկավարժական կադրերի պատրաստումը,
ե) ոստիկանության գործունեության հետ կապված հիմնախնդիրների գիտական մշակումը, իրավագիտության բնագավառում հետազոտությունների իրականացումը:
(5-րդ կետը փոփ., լրաց. 28.04.11 N 615-Ն)
6. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
բ) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների և խմբակների կազմակերպում.
գ) գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում.
դ) խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ.
ե) հրատարակչական գործունեության իրականացում և դրա արդյունքների իրացում.
զ) սովորողների և կրթահամալիրյի անձնակազմի համար հանրային սննդի կազմակերպում:
(6-րդ կետը խմբ. 22.07.10 N 920-Ն, փոփ., խմբ. 28.04.11 N 615-Ն)
7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
ա) սույն որոշման 3-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ պարզել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված 18 շենքերի և շինությունների կադաստրային արժեքը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու նպատակով:
(7-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
8. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N 311 որոշումը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը փոփ. 28.04.11 N 615-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) համակարգում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որն իրականացնում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական, ինչպես նաև նախնական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր:
Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի իրավահաջորդն է:
Կրթահամալիրը բարձրագույն ռազմական և ոստիկանական ուսումնական հաստատություն է:
(1-ին կետը փոփ., խմբ. 28.04.11 N 615-Ն)
2. Կրթահամալիրը ստեղծվել և գործում է առանց ժամկետային սահմանափակման:
(2-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
3. Կրթահամալիրի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ հիմնադիր):
(3-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
4. Կրթահամալիրի հիմնադիր փաստաթուղթը սույն կանոնադրությունն է:
(4-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
5. Կրթահամալիրի անվանումն է`
հայերեն՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ռուսերեն` Государственная некоммерческая организация «Образовательный комплекс полиции Республики Армения»,
անգլերեն` State non-profit organization «Educational Complex օf Police of the Republik of Armenia»:
(5-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
6. Կրթահամալիրի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, 375114, Ծովակալ Իսակովի 29:
(6-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
7. Կրթահամալիրը կարող է այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ: Կրթահամալիրը ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշ, դրոշմակնիք, ակադեմիական կրծքանշան, խորհրդանիշ, ձևաթուղթ և այլ անհատականացման միջոցներ:
(7-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
II. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8. Կրթահամալիրի գործունեության առարկան կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:
Կրթահամալիրի գործունեության նպատակներն են`
ա) իրավաբանական կրթությամբ մասնագետների պատրաստումը.
ա.1) ոստիկանական կրթությամբ մասնագետների պատրաստումը.
բ) համազորային և մանկավարժական կրթությամբ հրամանատարական կազմի մասնագետների պատրաստումը.
գ) ոստիկանության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստումը (մասնագիտական որակավորումը).
դ) գիտամանկավարժական կադրերի պատրաստումը.
ե) ոստիկանության գործունեության հետ կապված հիմնախնդիրների գիտական մշակումը, իրավագիտության բնագավառում հետազոտությունների իրականացումը:
(8-րդ կետը փոփ., լրաց. 28.04.11 N 615-Ն)
9. Կրթահամալիրն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
բ) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների և խմբակների կազմակերպում.
գ) գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում.
դ) խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ.
ե) հրատարակչական գործունեության իրականացում և դրա արդյունքների իրացում.
զ) սովորողների և կրթահամալիրի անձնակազմի համար հանրային սննդի կազմակերպում:
(9-րդ կետը խմբ. 22.07.10 N 920-Ն, փոփ., խմբ. 28.04.11 N 615-Ն)
10. Կրթահամալիրը`
ա) կազմակերպում է ընդունելություն և ուսուցում, շրջանավարտներին հանձնում է պետական նմուշի ավարտական վկայական (դիպլոմ) և ակադեմիական կրծքանշան.
բ) կազմում է ուսումնական պլաններ և առարկայական, ուսումնական պրակտիկայի ու ստաժավորման ծրագրեր.
գ) կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ և այլն.
դ) տնօրինում է իր ֆինանսական միջոցները.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
(10-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
III. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
(Վերնագիրը փոփ. 28.04.11 N 615-Ն)
11. Կրթահամալիրի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամաններին և սույն կանոնադրությանը համապատասխան:
(11-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
12. Հիմնադիրն ունի կրթահամալիրի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնականապես լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(12-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
13. Կրթահամալիրի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած մարմինը` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, գործադիր մարմինը` կրթահամալիրի պետը:
(13-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
14. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
ա) կրթահամալիրի հիմնադրումը.
բ) կրթահամալիրի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
գ) կրթահամալիրին սեփականության իրավունքով հանձնվող կամ ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
դ) կրթահամալիրի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.
ե) կրթահամալիրի կառավարման համակարգի սահմանումը.
զ) օրենքով և կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
(14-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
15. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրականացնում է կրթահամալիրի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
(15-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
16. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը`
ա) իրականացնում է կրթահամալիրի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
բ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կրթահամալիրի պետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները կամ ցուցումները.
գ) լսում է կրթահամալիրի գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքները.
դ) վերահսկողություն է իրականացնում կրթահամալիրին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
ե) վերահսկողություն է իրականացնում կրթահամալիրի սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն տալիս նրա գույքը վարձակալության հանձնելու համար.
զ) հաստատում է կրթահամալիրի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
է) հաստատում է կրթահամալիրի տարեկան ծախսերի նախահաշիվը.
ը) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
(15-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
17. Կրթահամալիրի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է կրթահամալիրի պետը՝ անձամբ և իր տեղակալների միջոցով:
Կրթահամալիրի պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
Կրթահամալիրի պետը օրենքով, հիմնադրի որոշումներով և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններով, կրթահամալիրի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կրթահամալիրի գործունեությունը, կրում է պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանների, ցուցումների, կրթահամալիրի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
(17-րդ կետը փոփ., խմբ. 28.04.11 N 615-Ն)
18. Կրթահամալիրի պետը`
ա) իր իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
բ) ներկայացնում է Կրթահամալիրը պետական մարմիններում, հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև օտարերկրյա պետական և ոչ պետական ուսումնական ու գիտահետազոտական հաստատություններում, միջազգային կազմակերպություններում և ստորագրում համապատասխան փաստաթղթեր.
գ) իրականացնում է կրթահամալիրի ուսումնադաստիարակչական, գիտահետազոտական, գիտահրատարակչական, ֆինանսատնտեսական գործունեության ընդհանուր ղեկավարումը.
դ) ապահովում է ըստ մասնագիտությունների մասնագետների պատրաստման պետական պատվերի կատարումը.
ե) իր իրավասությունների սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կրթահամալիրի ծառայողներին, աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագրեր.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով շնորհում է ոստիկանության կրտսեր կոչումներ.
է) ապահովում է կրթահամալիրում գաղտնիության ռեժիմը.
ը) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով սահմանված դեպքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և կարգապահական տույժեր.
թ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
ժ) հաստատում է կրթահամալիրի օրակարգը.
ժա) իր բացակայության ժամանակ պետի պարտականությունների կատարումը հանձնարարում է իր տեղակալներից մեկին.
ժբ) տալիս է կրթահամալիրի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ժգ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
ժդ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հաստատմանն է ներկայացնում արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշիվը: Գոյացած արտաբյուջետային միջոցներից կրթահամալիրի աշխատողների համար կարող է սահմանել հավելավճարներ.
ժե) համաձայն նախահաշվի` տնօրինում է արտաբյուջետային միջոցները.
ժզ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ներկայացնում է առաջարկություններ կրթահամալիրի կառուցվածքի, կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու, ինչպես նաև կրթահամալիրի հաստիքային ցուցակի վերաբերյալ.
ժէ) իր լիազորությունների սահմաններում կնքում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը չհակասող պայմանագրեր.
ժը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
(18-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
19. Կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) կրթահամալիրի պետին առընթեր խորհրդակցական մարմին է, որի աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է կրթահամալիրի պետը:
(19-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
20. Խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատում է կրթահամալիրի պետը:
21. Խորհուրդը՝
ա) քննարկում է կրթահամալիրի կանոնադրության, ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագրքի, դրանց մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծերը.
բ) քննարկում և կրթահամալիրի պետի հաստատմանն է ներկայացնում կրթահամալիրի գործունեության գլխավոր ուղղությունները.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 22.07.10 N 920-Ն)
դ) (ենթակետն ուժը կորցրել է 22.07.10 N 920-Ն)
ե) կրթահամալիրի պետին է ներկայացնում առաջարկություններ սովորողներին խրախուսելու վերաբերյալ.
զ) քննարկում է կրթահամալիրի միջազգային կապերի ծրագրերը և ուղղությունները.
է) (ենթակետն ուժը կորցրել է 22.07.10 N 920-Ն)
ը) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 615-Ն)
թ) քննարկում է կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունները:
(21-րդ կետը փոփ. 22.07.10 N 920-Ն, 28.04.11 N 615-Ն)
22. Կրթահամալիրի խորհրդի որոշումներն ուժի մեջ են մտնում կրթահամալիրի պետի կողմից հաստատվելուց հետո:
(22-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
22.1. Կրթահամալիրի գիտական խորհուրդը (այսուհետ՝ գիտական խորհուրդ) լուծում է կրթահամալիրի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:
(22.1 կետը լրաց. 22.07.10 N 920-Ն, փոփ. 28.04.11 N 615-Ն)
22.2. Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:
(22.2 կետը լրաց. 22.07.10 N 920-Ն)
22.3. Գիտական խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են կրթահամալիրի պետը (գիտական խորհրդի նախագահ), կրթահամալիրի պետի տեղակալները, ֆակուլտետների պետերը, ամբիոնների պետերը, ուսումնական և գիտական այլ ստորաբաժանումների պետերը, ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալը, ուսանողական խորհրդի նախագահը, ինչպես նաև ընտրովի անդամներ, որոնք ընտրվում են գիտական խորհրդի կանոնակարգի համաձայն: Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 50-ը: Ի պաշտոնե նշանակվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների 50 տոկոսը: Գիտական խորհրդի անդամների 25 տոկոսը կազմում են կրթահամալիրի սովորողները:
(22.3 կետը լրաց. 22.07.10 N 920-Ն, փոփ. 28.04.11 N 615-Ն)
22.4. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների երկու երրորդը: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
(22.4 կետը լրաց. 22.07.10 N 920-Ն)
22.5. Գիտական խորհուրդը՝
ա) հաստատում է իր կանոնակարգը.
բ) առաջարկություն է ներկայացնում պետական կառավարման լիազորված մարմին դիմորդների ընդունելության կանոնների վերաբերյալ.
գ) մշակում է կրթահամալիրի սովորողների ավարտական որակավորման պայմանները, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի, հայցորդության կանոնները.
դ) կրթահամալիրի պետին ներկայացնում է առաջարկություններ ֆակուլտետների, ամբիոնների, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման վերաբերյալ.
ե) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին առաջարկություններ է ներկայացնում հեռակա և վճարովի (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) ուսուցման տեղերի թիվը, պետական պատվերով սահմանված տեղերի թվից դուրս, սահմանելու վերաբերյալ.
զ) քննարկում է կրթահամալիրի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում զեկույցներ գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների վերաբերյալ.
է) կրթահամալիրի պետին է ներկայացնում մասնագիտությունների և մասնագիտացումների անվանացանկի վերաբերյալ առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար.
ը) կրթահամալիրի գիտամանկավարժական գործունեություն իրականացնող անձանց սահմանված կարգով պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ է շնորհում և ներկայացնում Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատմանը.
թ) սահմանված կարգով հաստատում է կրթահամալիրի ասպիրանտների և հայցորդների գիտական ղեկավարների թեկնածությունները և ատենախոսությունների թեմաները.
ժ) քննարկում և մշակում է կրթահամալիրի միջբուհական համագործակցության ծրագրերը.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ կրթահամալիրի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ.
ժբ) քննարկում և հավանության է արժանացնում ուսումնական պլանները:
(22.5 կետը լրաց. 22.07.10 N 920-Ն, փոփ., լրաց. 28.04.11 N 615-Ն)
IV. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
(Վերնագիրը փոփ. 28.04.11 N 615-Ն)
23. Կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանումներն են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովող ակադեմիան, միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացումն ապահովող քոլեջը, նախնական մասնագիտական կրթական ծրագրի իրականացումն ապահովող ուսումնական կենտրոնը, ինչպես նաև այլ ստորաբաժանումներ: Ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի պետերն ի պաշտոնե կրթահամալիրի պետի տեղակալներ են:
(23-րդ կետը խմբ. 28.04.11 N 615-Ն)
24. (24-րդ կետն ուժը կորցրել է 28.04.11 N 615-Ն)
25. (25-րդ կետն ուժը կորցրել է 28.04.11 N 615-Ն)
26. (26-րդ կետն ուժը կորցրել է 28.04.11 N 615-Ն)
27. (27-րդ կետն ուժը կորցրել է 28.04.11 N 615-Ն)
28. (28-րդ կետն ուժը կորցրել է 28.04.11 N 615-Ն)
29. (29-րդ կետն ուժը կորցրել է 28.04.11 N 615-Ն)
30. (30-րդ կետն ուժը կորցրել է 28.04.11 N 615-Ն)
31. (31-րդ կետն ուժը կորցրել է 28.04.11 N 615-Ն)
32. (32-րդ կետն ուժը կորցրել է 28.04.11 N 615-Ն)
33. Կրթահամալիրի կառուցվածքային մաս հանդիսացող ստորաբաժանումների գործառույթները սահմանվում են կրթահամալիրի պետի հրամանով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով այլ բան նախատեսված չէ:
(33-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
V.ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
(Վերնագիրը փոփ. 28.04.11 N 615-Ն)
34. Կրթահամալիրում ուսումնական և գիտական գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին» կանոնագրքին, գերատեսչական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
(34-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
35. Կրթահամալիրում պետական պատվերի շրջանակներում ուսուցումն իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով:
(35-րդ կետը խմբ. 28.04.11 N 615-Ն)
36. Գիտական աստիճաններ շնորհելու համար կրթահամալիրում կարող են ստեղծվել մասնագիտական խորհուրդներ:
(36-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
37. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել կրթահամալիրի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և սովորողները, ինչպես նաև ուսումնական, գիտական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու համար պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:
(37-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
VI. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ
(Վերնագիրը փոփ. 28.04.11 N 615-Ն)
38. Կրթահամալիրի աշխատողներն են ոստիկանության ծառայողները և աշխատանքային պայմանագրերով աշխատողները, ովքեր ընդգրկված են պրոֆեսորադասախոսական, գիտական, վարչական կազմում, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք:
39. Կրթահամալիրի աշխատողներն իրավունք ունեն՝
ա) իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման.
բ) հաստատված պլանների համաձայն ընտրելու և մշակելու հետազոտական թեմաներ.
գ) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության:
40. Կրթահամալիրի աշխատողները պարտավոր են`
ա) պահպանել և կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, գերատեսչական ակտերի, սույն կանոնադրության պահանջները.
բ) ապահովել ուսումնական գործընթացի, կատարվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.
գ) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը.
դ) պահպանել և խնայողաբար ու արդյունավետ օգտագործել կրթահամալիրի գույքը:
(40-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
41. Կրթահամալիրի սովորողներն են կրթություն ստանալու նպատակով կրթահամալիր ընդունվածները, ասպիրանտները, վերապատրաստում (մասնագիտական որակավորում) անցնող ոստիկանության ծառայողները:
(41-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
42. (42-րդ կետն ուժը կորցրել է 28.04.11 N 615-Ն)
43. Կրթահամալիրի սովորողներն իրավունք ունեն՝
ա) օգտվելու մասնագիտացված լսարաններից, գրադարանից և կրթահամալիրի մարզական, առողջարարական, մշակութային ու հանրակացարանային համալիրից.
բ) օգտվելու ոստիկանության ծառայողների համար «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավունքներից.
գ) մասնակցելու կրթահամալիրի գործունեությանն առնչվող հարցերի քննարկմանը և ներկայացնելու առաջարկություններ.
դ) ըստ նախասիրությունների մասնակցելու կրթահամալիրում անցկացվող ուսանողական գիտական հետազոտություններին.
ե) օգտվելու սովորողների համար ստեղծված կենցաղի, սննդի, առողջության պահպանման, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման պայմաններից.
զ) ստեղծելու ուսանողական խորհուրդ, մասնակցելու դրա աշխատանքներին.
է) փոխադրվելու մեկ այլ բուհ (այդ թվում` օտարերկրյա պետությունների)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.
ը) վերականգնվելու կրթահամալիրում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
(43-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
44. Կրթահամալիրի սովորողները պարտավոր են՝
ա) հաճախել կրթահամալիրում անցկացվող ուսումնական պարապմունքներին.
բ) անվերապահորեն պահպանել կարգապահությունը, սահմանված ժամկետում կատարել ուսումնական ծրագրերով և պլաններով նախատեսված ուսումնական առաջադրանքները.
գ) կատարել սույն կանոնադրության պահանջները և ղեկավարների հրամանները.
դ) տիրապետել ընտրած մասնագիտության տեսական գիտելիքներին և գործնական հմտություններին:
(44-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
45. Պետական պատվերի շրջանակներում կրթություն ստացող սովորողները կրթահամալիրն ավարտելուց հետո համարվում են ատեստավորված և ծառայության են նշանակվում ոստիկանության համապատասխան պաշտոններում, և նրանց շնորհվում է ոստիկանության համապատասխան կոչում:
(45-րդ կետը խմբ. 28.04.11 N 615-Ն)
VII. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
(Վերնագիրը փոփ. 28.04.11 N 615-Ն)
46. Կրթահամալիրն իրավունք ունի իրականացնելու միջազգային համագործակցություն հետևյալ ձևերով`
ա) օտարերկրյա ոստիկանական և այլ ուսումնական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մասնագետների ու դասախոսների հրավիրում` կրթահամալիրի ուսումնագիտական աշխատանքներին մասնակցելու համար.
բ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ` գիտամանկավարժական աշխատանքներ իրականացնելու նպատակով կրթահամալիրի դասախոսների` օտարերկրյա ոստիկանական և այլ ուսումնական հաստատություններ գործուղում.
գ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ` վերապատրաստման (մասնագիտական որակավորման) նպատակով կրթահամալիրի աշխատողների, սովորողների, հայցորդների, ասպիրանտների ու դոկտորանտների` օտարերկրյա ուսումնական հաստատություններ գործուղում.
դ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ` միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա ուսումնական հաստատությունների հետ համատեղ գիտական հետազոտությունների իրականացում.
ե) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ` միջազգային համաժողովների, խորհրդակցությունների, սեմինարների կազմակերպում և դրանց մասնակցություն.
զ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջազգային համագործակցության իրականացում:
(46-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
VIII. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
(Վերնագիրը փոփ. 28.04.11 N 615-Ն)
47. Կրթահամալիրի սեփականությունը ձևավորվում է հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կրթահամալիրի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից: Կրթահամալիրը իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
Կրթահամալիրին չի կարող սեփականության իրավունքով հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք: Դրանք կարող են տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
(47-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
48. Կրթահամալիրն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրական նպատակներին համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
(48-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
49. Հիմնադիրը սեփականության իրավունքով կրթահամալիրին պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կրթահամալիրի լուծարումից հետո մնացած գույքի:
(49-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
50. Կրթահամալիրի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
(50-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
51. Կրթահամալիրը իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
(51-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
52. Կրթահամալիրն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ և թույլատրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կրթահամալիրի ստացած եկամուտներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(52-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
53. Կրթահամալիրին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
(53-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
54. Կրթահամալիրի ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից, որոնք օգտագործվում են սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով:
(54-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
55. Կրթահամալիրի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`
ա) թույլատրված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները,
բ) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումները, կտակված գույքը,
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և կրթահամալիրի կանոնադրական խնդիրների իրականացման համար ստացված միջոցները:
(55-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
56. ԱԿրթահամալիրի գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված նախահաշվի համաձայն:
(56-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
57. Կրթահամալիր ընդունվածները խրախուսվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով կրթահամալիրին հատկացված միջոցների հաշվին:
(57-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
58. Կրթահամալիրի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը (ստուգում) իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված պետական այլ մարմինների կողմից:
(58-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
IX. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
(Վերնագիրը փոփ. 28.04.11 N 615-Ն)
59. Կրթահամալիրը կարող է վերակազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Կրթահամալիրը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության:
Կրթահամալիրը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
(59-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
60. Կրթահամալիրը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Կրթահամալիրը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
Կրթահամալիրը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
(60-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
61. Կրթահամալիրի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց նրա իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
(61-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
62. Կրթահամալիրի լուծարման դեպքում կրթահամալիրի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(62-րդ կետը փոփ. 28.04.11 N 615-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.12.2024, N 1989-Ն | --------- | |
06.04.2023, N 464-Ն | 07.04.2023, N 1791-Ն | |
10.12.2020, N 2007-Ն | 12.12.2020, N 1791-Ն | |
18.09.2014, N 997-Ն | 11.10.2014, N 1791-Ն | |
28.06.2012, N 794-Ն | 21.07.2012, N 1791-Ն | |
28.04.2011, N 615-Ն | 26.05.2011, N 1791-Ն | |
22.07.2010, N 920-Ն | 05.08.2010, N 1791-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|