«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2006 թվականի N 325-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ ԵՎ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները:
2. Փրկարարական ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհվելու (մահանալու) դեպքերից` երեք հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր դրամի չափով:
(2-րդ կետը փոփ. 05.05.11 N 667-Ն)
3. Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, ինչպես նաև «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողները նույնպես ենթակա են պարտադիր պետական ապահովագրության` աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է ընդհանուր գումարների նկատմամբ հետևյալ տոկոսային հարաբերությամբ`
ա) առաջին խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի չափով.
բ) երկրորդ խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 80 տոկոսի չափով.
գ) երրորդ խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 60 տոկոսի չափով:
Միանվագ պարտադիր պետական ապահովագրական գումար չի վճարվում, եթե փրկարարական ծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
4. Փրկարարական ծառայողներին պարտադիր պետական ապահովագրական գումարներ են հատկացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից` Հայաստանի փրկարար ծառայության ներկայացրած ցուցակների հիման վրա:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հատկացված միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները վճարվում են ըստ բնակության վայրի` տեղական գանձապետական ստորաբաժանումների միջոցով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |