ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/0277/05/10 |
Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |
2011 թվականի ապրիլի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վալերի Սաֆարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 09.08.2010 թվականի վճռի դեմ` ըստ Վալերի Սաֆարյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձ Արտակ Պողոսյանի` Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 29.12.1998 թվականի թիվ 1197 որոշման 1-ին հավելվածը` Երևանի Նորքի Այգիներ թիվ 235 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 23,2քմ մակերեսով շինության և համապատասխան հողամասի մասով, առ ոչինչ ճանաչելու և որպես հետևանք` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ Մ4-5 մատյանի 000093 համարի տակ կատարված գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և նշված տարածքի նկատմամբ Վալերի Սաֆարյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վալերի Սաֆարյանը պահանջել է առ ոչինչ ճանաչել Քաղաքապետի 29.12.1998 թվականի թիվ 1197 որոշման 1-ին հավելվածը` Երևանի Նորքի Այգիներ թիվ 235 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 23,2քմ մակերեսով շինության և համապատասխան հողամասի մասով, և որպես հետևանք` մասնակի անվավեր ճանաչել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ Մ4-5 մատյանի 000093 համարի տակ կատարված գրանցումը և նշված տարածքի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 09.08.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վալերի Սաֆարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը չի գնահատել գործում առկա` Վալերի Սաֆարյանի և Սարգիս Պողոսյանի միջև 1992 թվականի հուլիսին կնքված «Պայմանագիր»-ը, որի համաձայն` Սարգիս Պողոսյանի խնդրանքով Վալերի Սաֆարյանը թույլատրել է վերջինիս իր ավտոտնակի վրա կառուցել բնակվելու սենյակ, որը դեպի Վալերի Սաֆարյանի տուն տանող ճանապարհի և այգու կողմը չպետք է ունենար ոչ մի պատուհան և պատշգամբ:
Բացի այդ, Դատարանը չի պարզել, թե Քաղաքապետարանն ինչպես է որոշել, թե որ կառույցով է ինքնակամ կառուցել, ով է օգտագործել կամ որ թվականից է այն կառուցվել և նման մի շարք կարևոր հանգամանքներ, որոնք պարզելու դեպքում Դատարանը կհանգեր բոլորովին այլ եզրահանգման:
Դատարանն անտեսել է, որ գործում առկա գրավոր ապացույցները և գործի քննության ընթացքում կողմերի տված ցուցմունքներն ակնհայտորեն վկայում են վիճելի շինության նկատմամբ Վալերի Սաֆարյանի իրավունքի մասին, որն ակնհայտորեն տրամադրվել է այլ անձի: Այսինքն` տվյալ դեպքում Արտակ Պողոսյանին տրված ինքնակամ շինության օրինականացման իրավունքն առերևույթ ոչ իրավաչափ է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 09.08.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 07.09.1992 թվականի սեփականության վկայագրի համաձայն` Երևանի Նորքի Այգիներ (Ամառանոցային) թիվ 237 հասցեում գտնվող 50,4քմ մակերեսով բնակելի տունը և 26,9քմ մակերեսով օժանդակ շինությունը սեփականության իրավունքով պատկանում են Պապիկ Սաֆարյանին: Նույն վկայագրի համաձայն` հողամասի մակերեսը կազմում է 720քմ, որտեղ առկա էր նաև վիճելի ավտոտնակը (հատոր 1, գ.թ. 13):
2) Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակի պետական նոտարի 04.12.2001 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Պապիկ Սաֆարյանի` մահացած 04.02.2000 թվականին, կտակում ցույց տրված գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են տղաները` Վլադիմիր և Վալերի Սաֆարյանները: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վերոնշյալ վկայագիրը, բաղկացած է Երևանի Նորքի Այգիներ (Ամառանոցային) փողոցի թիվ 237 հասցեում գտնվող բնակելի տնից և հողից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է ՀՀ քաղաքաշինության նախարարության ՇՇԱԳՎ վարչության 07.09.1992 թվականի սեփականության վկայականով: Ամբողջ տունը բաղկացած է 77,3քմ ընդհանուր մակերեսից, որից 50,4քմ մակերեսը` բնակելի, իսկ 26,9քմ մակերեսը` օժանդակ, և 720քմ մակերեսով հողամասից (հատոր 1, գ.թ. 15):
3) Վալերի Սաֆարյանի և Սարգիս Պողոսյանի միջև կնքվել է «Պայմանագիր» վերնագրված փաստաթուղթը, որով Վալերի Սաֆարյանը 1992 թվականի հուլիսին Սարգիս Պողոսյանի խնդրանքով վերջինիս թույլ է տվել իր անձնական ավտոտնակի վրա, որի չափերն են` «7,3x3,2», կառուցել «բնակվելու սենյակ», որը դեպի Վալերի Սաֆարյանի տուն տանող ճանապարհի և այգու կողմը չպետք է ունենար պատուհան և պատշգամբ (հատոր 1, գ.թ. 17):
4) Քաղաքապետի 05.05.2009 թվականի «Նորքի Այգիներ հ.237/5 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Վալերի Պապիկի Սաֆարյանի, Վլադիմիր Պապիկի Սաֆարյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» թիվ 3786-Ա որոշման 1-ին կետով որոշվել է վերականգնել Երևանի Նորքի Այգիներ թիվ 237/5 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վալերի և Վլադիմիր Սաֆարյանների հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 397,2քմ մակերեսով հողամասին կից 170քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 170քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: Նույն որոշման 4-րդ կետով Երևանի Նորքի Այգիներ թիվ 237 հասցեի բնակելի տանը տրամադրվել է հասցե` «Նորքի Այգիներ հ.237/5 տուն»: Նույն որոշման կայացման համար որպես իրավական հիմք է հանդիսացել «Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը (հատոր 1, գ.թ. 80):
5) 24.06.2009 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2372795 վկայականի համաձայն` Երևանի Նորքի Այգիներ թիվ 237/5 հասցեում գտնվող տան նկատմամբ 04.12.2001 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 1-6128 վկայագրի, Քաղաքապետի 05.05.2009 թվականի թիվ 3786-Ա որոշման և 19.06.2009 թվականի թիվ 3260-2009 գլխավոր հատակագծի հիման վրա Կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ Մ4-8 մատյանի 000222 համարի տակ գրանցվել է Վլադիմիր և Վալերի Սաֆարյանների սեփականության իրավունքը: Նույն վկայականի համաձայն` հողամասի մակերեսը կազմում է 0,05672հա (հատոր 1, գ.թ. 82-84):
6) Վլադիմիր և Վալերի Սաֆարյանների միջև 12.10.2009 թվականին կնքվել է անշարժ գույքի բաժանման պայմանագիր, որի հիման վրա վերջիններիս տրվել են անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման համապատասխան վկայականներ, որտեղ վիճելի ավտոտնակն առկա չէ (հատոր 1, գ.թ. 86, 88-90, 93-95):
7) Քաղաքապետի 29.12.1998 թվականի «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» թիվ 1197 որոշման 1-ին կետով ճանաչվել է թվով 277 քաղաքացիների սեփականության իրավունքն ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ, և զբաղեցրած հողատարածքը հանձնվել է նրանց վարձակալության: Նույն որոշման քաղվածքի համաձայն` թիվ 178 համարի տակ նշվել է Արտակ Պողոսյանի անունը, ինքնակամ շինության մակերեսը` 260քմ, իսկ ինքնակամ զբաղեցրած հողատարածքի մակերեսը` 85քմ: Նույն որոշման կայացման համար որպես իրավական հիմք է հանդիսացել ՀՀ Կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշումը (հատոր 1, գ.թ. 96-97):
8) 17.03.2006 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2138632 վկայականի համաձայն` Երևանի Նորքի Այգիներ թիվ 235 հասցեում գտնվող տան նկատմամբ Երևանի քաղաքապետի 29.12.1998 թվականի թիվ 1197 որոշման, 27.02.2006 թվականի հողամասի վարձակալության թիվ 6602 պայմանագրի և 21.02.2006 թվականի թիվ 895-2006 գլխավոր հատակագծի հիման վրա Կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ Մ4-5 մատյանի 000093 համարի տակ գրանցվել է Արտակ Պողոսյանի սեփականության իրավունքը: Նույն վկայականի համաձայն` հողամասի մակերեսը կազմում է 0,0085հա, իսկ բնակելի տան մակերեսը` 208քմ: Նույն վկայականում վիճելի ավտոտնակը նշված է որպես բնակելի տան 23,2քմ մակերեսով տարածք (հատոր 1, գ.թ. 105-107):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Կառավարության 25.02.1998 թվականի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» թիվ 114 որոշման (ուժը կորցրել է ՀՀ Կառավարության 15.05.2003 թվականի թիվ 1748-Ն որոշմամբ) 2-րդ կետով սահմանված էր, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված, այգեգործական հողամասերում մինչև 1998 թվականի հունվարի 1-ն ինքնակամ կառուցված բնակելի (բնակելի, այգեգործական տներ), տնտեսական, կենցաղային, ինչպես նաև մինչև 50 տոկոսով կառուցված անավարտ (կիսակառույց) շենքերի և շինությունների նկատմամբ ճանաչվում է քաղաքացիների սեփականության իրավունքը:
Նույն որոշման 1-ին կետով հաստատված «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման» կարգի 4-րդ կետի համաձայն` շենք, շինություն ինքնակամ կառուցած անձինք մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը համայնքների ղեկավարներին, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին, մարզպետներին ինքնակամ կառուցված շենքի, շինության կարգավիճակի որոշման նպատակով ներկայացնում են հայտ` կցելով անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրված չափագրման տվյալները և սահմանված չափով վճարի մուծման անդորրագիրը:
Նույն կարգի 7-րդ կետի համաձայն` եթե շենքը, շինությունը կառուցված են այլ քաղաքացու` սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա, ապա տվյալ հողամասի սեփականատիրոջ համաձայնության դեպքում շենքի, շինության նկատմամբ ճանաչվում է շենք, շինություն ինքնակամ կառուցած քաղաքացու սեփականության իրավունքը: Սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում ինքնակամ կառուցված շենքի, շինության հետագա կարգավիճակի հարցը լուծվում է դատական կարգով:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ Կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշմամբ սահմանված իրավունքից կարող էր օգտվել, հետևաբար նաև` որպես հայտատու հանդես գալ միայն ինքնակամ շենքը կամ շինությունը կառուցած քաղաքացին:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն` առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա է, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալը. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներով արդեն իսկ անդրադարձել է վարչական ակտի առ ոչինչ կամ անվավեր լինելու իրավական հարցին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը, կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար, վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը, կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առ ոչինչ դիտելու համար: Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունն առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե´ս, օրինակ` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի` 1.269.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի թիվ ՎԴ/0562/05/09 որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.
3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.
4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է գործում եղած բոլոր ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն այդ պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունները, որ Պապիկ Սաֆարյանի անվամբ տրված սեփականության վկայագրի հատակագծում արտացոլված «7,3x3,2» արտաքին չափերով վիճելի ավտոտնակի և դրանով զբաղեցված հողամասի նկատմամբ Պապիկ Սաֆարյանի սեփականության իրավունքը գրանցված չէր, և այն գտնվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասում: Միաժամանակ, Դատարանը պատճառաբանել է, որ տվյալ դեպքում իրավունքների խախտման` նյութական իրավունքի նորմերի խախտման կամ սխալ մեկնաբանման կամ սխալ կիրառման պնդումը հնարավոր չէ գնահատել որպես ակնհայտ ոչ իրավաչափ, և կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, քանի որ Քաղաքապետի վիճարկվող որոշմամբ օրինականացվել է ոչ թե Պապիկ Սաֆարյանի անվամբ տրված սեփականության վկայագրի հատակագծում արտացոլված «7,3x3,2» արտաքին չափերով ավտոտնակը, այլ դրա տեղում առկա երրորդ անձի կողմից ինքնակամ կառուցված բնակելի տունը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ինչի արդյունքում հանգել է չպատճառաբանված ներքին համոզման, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա: Այսպես` սույն գործի փաստերի համաձայն` 07.09.1992 թվականի սեփականության վկայագրով հաստատվում է այն փաստական հանգամանքը, որ Երևանի Նորքի Այգիներ թիվ 237 հասցեում գտնվող 50,4քմ մակերեսով բնակելի տունը և 26,9քմ մակերեսով օժանդակ շինությունը սեփականության իրավունքով պատկանել են Պապիկ Սաֆարյանին, իսկ նշված հասցեի հողամասի մակերեսը կազմել է 720քմ, որտեղ առկա է եղել նաև վիճելի շինությունը: Վալերի Սաֆարյանի և Սարգիս Պողոսյանի միջև կնքված «Պայմանագիր» վերնագրված փաստաթղթով հաստատվում է, որ Վալերի Սաֆարյանը 1992 թվականի հուլիսին Սարգիս Պողոսյանի խնդրանքով վերջինիս թույլ է տվել վիճելի շինության` ավտոտնակի վրա կառուցել «բնակվելու սենյակ»:
Այսինքն` Արտակ Սարգսի Պողոսյանը չէր կարող համարվել վիճելի շինությունը կառուցած անձ, քանի որ այն առկա էր դեռևս 07.09.1992 թվականին Պապիկ Սաֆարյանին սեփականության վկայագիր տալու պահին, իսկ դրա վրա բնակվելու սենյակը Սարգիս Պողոսյանը կառուցել է միայն Վալերի Սաֆարյանի համաձայնությամբ:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արտակ Պողոսյանի կողմից վիճելի շինությունը կառուցելու փաստը հավաստող որևէ ապացույց սույն գործի նյութերում առկա չէ:
Հետևաբար, Արտակ Պողոսյանը չէր կարող օգտվել ՀՀ Կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշմամբ սահմանված իրավունքից, քանի որ նշված որոշմամբ որպես հայտատու կարող էր հանդես գալ միայն ինքնակամ շենքը կամ շինությունը կառուցած քաղաքացին:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 09.08.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ | |
|
Վ. Աբելյան | |
ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|