Գլխավոր տեղեկություն
Համար
N 534-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.18/28(831) Հոդ.662
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2011 թվականի N 534-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 17 «Անվտանգություն» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողություններն են`

ա) թռիչքի ընթացքում գտնվող օդանավի զավթումը,

բ) գետնի վրա գտնվող օդանավի զավթումը,

գ) օդանավակայաններում և թռիչքում գտնվող օդանավում պատանդներ վերցնելը,

դ) օդանավ, օդանավակայան և աերոնավիգացիոն միջոցներ ու ծառայություններ ապօրինի ներխուժելը,

ե) օդանավակայանում և օդանավում հանցավոր նպատակներով զենքի, վտանգավոր սարքավորումների ու նյութերի տեղադրումը,

զ) կեղծ տեղեկատվության հաղորդումը, որը վտանգի տակ է դնում թռիչքում և գետնի վրա գտնվող օդանավի, ուղևորների, անձնակազմի անդամների, վերգետնյա անձնակազմի կամ հասարակության անվտանգությունն օդանավակայանային համալիրում կամ քաղաքացիական ավիացիայի համակարգի ծառայությունների տարածքներում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.2, 20.3, 20.4, 20.5, 20.6, 20.7, 20.8 և 20.9-րդ կետերով.

«20.2. Տարանցիկ ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայանից մեկնում են այն չվերթով, որով ժամանել են:

20.3. Կարգազանց ուղևոր` ուղևոր, որը չի ենթարկվում օդանավակայանում կամ օդանավում սահմանված վարքագծի կանոններին, կամ չի հետևում օդանավակայանի աշխատողների կամ անձնակազմի անդամների օրինական հրահանգներին և դրանով իսկ խախտում է օդանավակայանում կամ օդանավում սահմանված կանոնները:

20.4. Տարանցիկ ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայանից փոխադրվում են այն չվերթով, որով բերվել են օդանավակայան:

20.5. Տրանսֆեր ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայան են ժամանել մեկ չվերթով, սակայն մեկնում են մեկ այլ չվերթով:

20.6. Տրանսֆեր ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայան են բերվել մեկ չվերթով, սակայն օդանավակայանից փոխադրվում են մեկ այլ չվերթով:

20.7. Չճանաչված ուղեբեռ` որևէ ուղեբեռ օդանավակայանում` բեռնային պիտակով կամ առանց դրա, որը չի վերցվել և ճանաչվել ուղևորների կողմից:

20.8. Օդանավի ստուգում անվտանգության նպատակով՝ օդանավի ուղևորային սրահների և բեռնային խցերի ստուգում՝ կասկածելի իրերի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ սարքերի և միացությունների հայտնաբերման նպատակով:

20.9. Օդանավի զննում անվտանգության նպատակով՝ օդանավի արտաքին և ներքին լիակատար զննում՝ կասկածելի իրերի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ սարքերի և միացությունների հայտնաբերման նպատակով:».

3) 52-րդ կետում`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«52. Զննման յուրաքանչյուր կետում հաշվառում և գրանցում անցած ուղևորների նույնականացման, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների, բեռի, փոստի և օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց ու տրանսպորտային միջոցների զննման նպատակով յուրաքանչյուր զննման կետում նշանակվում են ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողների հերթափոխի խմբեր:

Ուղևորների կենսաչափական տվյալների նույնականացում իրականացնող աշխատողների թիվը սահմանվում է ելնելով օդանավակայանի առանձնահատկություններից և տվյալ օդանավակայանում ուղևորների կենսաչափական տվյալների նույնականացման կետերի քանակից: Ուղևորների, նրանց ձեռքի իրերի զննման գործընթացի իրականացման համար ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման հերթափոխի պետի կողմից նշանակվում է վեց մասնագետից (զննման օպերատորներ) բաղկացած խումբ, որոնց միջև տեխնոլոգիական պարտականությունները բաշխվում են հետևյալ կերպ.».

բ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) զննման գոտու մուտքի մոտ N 1 տեսուչը (զննման օպերատոր) իրականացնում է զննման գոտի մուտք գործող ուղևորների փաստաթղթերի ստուգում և անցագրային վերահսկողություն.».

4) 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«53. Ռենտգենյան սարքավորումներով ուղևորների ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների զննման գործընթացի իրականացման ընթացքում պետք է պարբերաբար (20 րոպեն մեկ անգամ) իրականացվի հերթափոխի աշխատողների (զննման օպերատորների) տեղափոխություն` տարբեր աշխատանքային դիրքերում: Զննող օպերատորին չի թույլատվում 20 րոպեից ավելի անընդմեջ հետևել զննման ռենտգենյան սարքավորման էկրանի պատկերներին: Մինչև նրա նույն աշխատանքային դիրքին կրկին վերադառնալը պետք է անցնի առնվազն 40 րոպե:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 53.1-ին կետով.

«53.1. Ուղեբեռների, բեռների և փոստի զննման գործառույթներ իրականացնող զննման օպերատորների թիվը սահմանվում է ելնելով օդանավակայանի ուղեբեռների զննման տեխնոլոգիական առանձնահատկություններից և ուղեբեռների, բեռների, փոստի զննման կետերի քանակից, սակայն ոչ պակաս, քան երկու տեսուչ մեկ զննման կետում:».

6) 63-րդ կետի երկրորդ պարբերությունը «տարիք ունեցող» բառերից հետո լրացնել «անձինք, ինչպես նաև» բառերով.

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 63.1-ին, 63.2, 63.3 և 63.4-րդ կետերով.

«63.1. Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում պետք է իրականացվի հաշվառված ուղևորների և փոխադրման ընդունված ուղեբեռների 10 տոկոս ընտրական կրկնակի զննում` ձեռքով կամ զննման սարքավորման և պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքավորման (գազաանալիզատոր) միջոցով, միևնույն օպերատորի կողմից, նույն զննման կետում` դրա մասին գրառում կատարելով համապատասխան մատյանում:

63.2. Կրկնակի զննում է իրականացվում`

ա) ուղևորի մոտ փոխադրման համար արգելված նյութերի և առարկաների առկայության կամ հայտնաբերման, կամ դրանց մասին տեղեկություն ստանալու դեպքում,

բ) հաշվառման և գրանցման ընթացակարգերից հետո թռիչքին ուղևորի չներկայանալու դեպքում, երբ հանվում է թռիչքին չներկայացած ուղևորի ուղեբեռը,

գ) ավիացիոն անվտանգության հսկողություն անցած ուղևորի և նման հսկողություն չանցած ուղևորների կամ այլ անձանց հետ շփման դեպքում,

դ) շահագործողի ներկայացրած դիմումների դեպքերում:

63.3. Եթե ավիացիոն անվտանգության հսկողության հատուկ տեխնիկական սարքավորումները բացակայում են կամ անսարք են, ապա կարող է իրականացվել ուղևորների և նրանց ուղեբեռների դիտողական զննում: Դիտողական զննում կարող է իրականացվել նաև ռենտգենահեռուստատեսային սարքավորման միջոցով զննված ձեռքի իրերում օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի, դրանց նման օրինակների, կասկածելի կամ անճանաչելի առարկաների արտապատկերման դեպքերում:

63.4. Որպես ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառում` ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում կարող է իրականացվել ուղևորների ընտրանքային զննում: Անշարժ մետաղափնտրիչ կամրջակի ահազանգ չառաջացրած ուղևորների առնվազն 10 տոկոսը պետք է զննվի ձեռքի մետաղափնտրիչով: Այս տոկոսները հաշվառվում են անշարժ մետաղափնտրիչ կամրջակով անցնող յուրաքանչյուր 100 ուղևորի համար: Ձեռքի մետաղափնտրիչով զննումները պետք է անցկացվեն շարունակական` պատահական սկզբունքով:».

8) 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«65. Էլեկտրական սարքավորումները (էլեկտրական սափրիչներ, հաշվիչներ, ռադիոներ, ժամացույցներ, ֆոտոխցիկներ, տեսախցիկներ, նոութբուքեր և այլն) ենթարկվում են զննման` ռենտգենյան սարքավորումներով:

Անհրաժեշտության դեպքում այդ իրերը կարող են ստուգվել, համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են գործարանային համալրմանը և լրացուցիչ սնուցման մարտկոցներ, առարկաներ կամ միացություններ չեն պարունակում: Նշված սարքավորումները կարող են ստուգման ենթարկվել սնուցման մարտկոցներին կամ էլեկտրական հոսանքին միացնելու միջոցով, ինչպես նաև սնուցման մարտկոցները սարքավորումից հանելու միջոցով:».

9) 69-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«69. Ապակե տարաները և թերմոսները ենթակա են զննման ընդհանուր հիմունքներով, անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել նաև դրանց դիտողական զննում:».

10) 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«74. Զննման ընթացքում ուղևորի մոտ կամ նրա ձեռքի իրերում զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ օդանավով փոխադրման համար արգելված այլ վտանգավոր իրերի ու առարկաների հայտնաբերման դեպքում ուղևորը չի թույլատրվում թռիչքի, առանձնացվում է այլ ուղևորներից և դրա մասին անհապաղ տեղեկացվում է քաղաքացիական ավիացիայի ոլորտի լիազոր մարմնին և օդանավակայանի ոստիկանության բաժնին:».

11) 78-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«78. Քաղաքացիական օդանավերով փոխադրման համար հաշվառված ուղևորների ընդհանուր հոսքում արգելվում է օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաների, նյութերի, միացությունների և սարքավորումների, ինչպես նաև դրանցով հանդերձված առարկաների ու իրերի ձևակերպումը:».

12) 79-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «79. Վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված առարկաների, նյութերի, միացությունների և սարքավորումների, ինպես նաև դրանցով հանդերձված առարկաների ու իրերի փոխադրումն իրականացվում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին» Կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածի և «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի» (ԴՈկ. 9284 ԱՆ(905) դրույթներով սահմանված կարգով:».

13) 81-րդ կետը «ուղևորների ձեռքի իրերում» բառերից հետո լրացնել «և ուղեբեռում» բառերով.

14) 82-րդ կետում`

ա. «և ուղեբեռում» բառերը հանել,

բ. «82.1-ին կետով» բառերը փոխարինել «82.1-ին և 82.9-րդ կետերով» բառերով,

գ. «նախատեսված հետևյալ առարկաները, նյութերն ու միացումները» բառերը փոխարինել «և Եվրամիության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ.30 փաստաթղթով սահմանված հետևյալ առարկաները, նյութերը, միացություններն ու սարքավորումները» բառերով,

դ. «ա» ենթակետը «հրացաններ» բառից հետո լրացնել «հարպուններ, տեգ նետող հրացաններ, օդամղիչ հրացաններ, կոտորակային հրացաններ,» բառերով,

ե. «ա» ենթակետը «գլանանոթներ» բառից հետո լրացնել «շշմեցնող և շոկ առաջացնող սարքեր» բառերով,

զ. «ա» ենթակետը «սուսերիկներ» բառից հետո լրացնել «սրեր, թրեր, ազգային հուշանվեր դանակներ,» բառերով,

է. «դ» ենթակետում «ոչ գործարանային փաթեթավորմամբ ալկոհոլային խմիչքներ՝ 40» բառերը փոխարինել «մանրածախ առևտրի համար նախատեսված շշերով ալկոհոլային խմիչքներ՝ 70» բառերով,

ը. «ե» ենթակետը «քիմիական և թունավոր նյութեր» բառերից հետո լրացնել «, անշարժացնող և անունակ դարձնող քիմիական նյութեր, գազեր, աերոզոլներ, արցունքաբեր գազ, պղպեղի աերոզոլներ» բառերով.

15) 82.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«82.1. Սույն կարգի 82-րդ կետի «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ» և «ժա» ենթակետերում նշված վտանգավոր նյութերը, իրերը, առարկաները, դրանցով հանդերձավորված սարքավորումներն ու միացությունները ենթակա են փոխադրման քաղաքացիական օդանավերով որպես վտանգավոր բեռ՝ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին» Կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածի և «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի» (ԴՈկ. 9284 ԱՆ(905) դրույթներով սահմանված կարգով:

 Օդանավակայանների ստերիլ գոտիներ և օդանավերի ուղևորասրահներ հեղուկ պայթուցիկ նյութերի փոխադրումը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մեկնող ուղևորները, այդ թվում` տարանցիկ և տրանսֆեր, կարող են իրենց ձեռքի իրերում օդանավակայանների ստերիլ գոտիներ և օդանավերի ուղևորասրահներ փոխադրել մինչև հարյուր միլիլիտրի չափով հեղուկներ, գելեր և աերոզոլներ:».

16) 82.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«82.3. Ուղևորների մոտ հարյուր միլիլիտրից ավելի հեղուկ նյութերի հայտնաբերման դեպքում դրանք վերադարձվում են ուղևորների հարազատներին կամ ճանապարհողներին, իսկ նրանց բացակայության դեպքում դրանք վերցվում են ուղևորից և համապատասխան արձանագրությամբ (ձև N 6) ոչնչացվում են:».

17) 82.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«82.4. Օդանավակայանների ստերիլ գոտիներ և օդանավերի ուղևորասրահներ հեղուկ պայթուցիկ նյութերի փոխադրման սահմանափակումները չեն տարածվում թռիչքների օրերին իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ գտնվող օդանավերի թռիչքային անձնակազմերի անդամների վրա:».

18) 82.9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«82.9. Օդային տրանսպորտով օդանավակայաններից մեկնող ուղևորների ուղեբեռում կարող են փոխադրվել`

ա) առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հագուստ, սննդամթերք, կենցաղային առարկաներ ու իրեր,

բ) կոսմետիկական պարագաներ, կենցաղային օգտագործման էլեկտրական սարքեր, էլեկտրաշոկային սարքեր,

գ) սրիչներ, ածելիներ, մկրատներ, հուշանվեր դանակներ, աշխատանքային գործիքներ (սղոցներ, դանակներ, մուրճեր, ուրագներ, լինգեր, ձեռքի գայլիկոններ, շաղափներ, խարտոցներ, պտուտակահաններ, զոդման լամպեր և այլն),

դ) ավտոմեքենաների վերանորոգման համար նախատեսված գործիքներ,

ե) դահուկորդային և արշավի համար նախատեսված փայտեր և ձողեր, բիլիարդի խաղափայտեր (կի), մականներ, թիեր, ձկնորսական կարթեր և կարթաձողեր,

ե) բեյսբոլի և սոֆտբոլի զարկիչներ, բոլոր տեսակի ոստիկանական մահակներ, կրոկետային զարկիչներ, գոլֆի և հոկեյի մականներ, նավակների և մակույկների թիակներ,

զ) զենք ու ռազմամթերք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշմամբ հաստատված` քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոններով սահմանված կարգով:».

19) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 82.10-րդ կետով.

«82.10. Բոլոր տեսակների հրազենների նմանակները, այդ թվում` խաղալիքները, ինչպես նաև ուղևորի ուղեբեռում հայտնաբերված սառը զենքերը կամ դրանց նմանակները թույլատրվում են
փոխադրման ավիացիոն անվտանգության ծառայության կողմից դրանց պարտադիր զննումից հետո:».

20) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 82.11-րդ կետով.

«82.11. Բժշկական նպատակներով՝ փոխներարկման կամ արյունից այլ նյութերի պատրաստման նպատակներով փոխադրման ենթակա արյունը կամ նրա բաղադրիչները, ինչպես նաև ցանկացած հյուսվածքներ կամ օրգաններ, որոնք նախատեսված են տրանսպլանտացիայի համար, քաղաքացիական օդանավերով կարող են փոխադրվել ուղևորի ուղեբեռում՝ ուղեկցող փաստաթղթերի և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին» Կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածի և «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի» (ԴՈկ. 9284 ԱՆ(905) դրույթներով սահմանված փաթեթավորման պահանջների պահպանման դեպքում:».

21) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 82.13-րդ կետով.

«82.13. Ներքոհիշյալ վտանգավոր իրերի փոխադրումը թույլատրվում է օդանավով ուղևորների հաշվառված ուղեբեռում հետևյալ դեպքերում`

 ա) ալկոհոլային խմիչքներ թույլատրվում են փոխադրման մինչև 2 լիտր ծավալով, որոնք պարունակում են 24-70 տոկոս ալկոհոլ և տեղափոխվում են մանրածախ առևտրի համար նախատեսված շշերում: 70 տոկոսից բարձր թնդություն ունեցող ալկոհոլային խմիչքների՝ ներառյալ 95 տոկոսանոց սպիրտի և 150 տոկոսանոց ռոմի փոխադրումն ուղևորների ուղեբեռում չի թույլատրվում: Մինչև 24 տոկոս ալկոհոլ պարունակող խմիչքները չեն ենթարկվում որևէ սահմանափակման,

բ) ոչ ռադիոակտիվ դեղամիջոցները և հարդարանքի միջոցները` ներառյալ աերոզոլները, թույլատրվում են փոխադրման ուղևորների հաշվառված ուղեբեռում 500 մլ չգերազանցող տարաներով` օրինակ մաքրող սպիրտ, 3 տոկոսանոց ջրածնի պերեկիս, «Սոլարկեյն» միջոց, օծանելիք, օդեկոլոն, մազերի լաք, սափրվելու փրփուր, մազերի գել: Յուրաքանչյուր այդպիսի տարա չպետք է գերազանցի 0.5 կգ կամ 0,5 լ, իսկ յուրաքանչյուր ուղևոր իրավունք ունի փոխադրելու նմանատիպ տարաներ` ընդհանուրը 2 կգ կամ 2 լ չափով:

Ուղևորների ուղեբեռում չեն կարող ընդունվել փոխադրման միջատների ոչնչացման համար նախատեսված աերոզոլները, մաշկի խնամքի աերոզոլներ, ներկանյութեր և պղպեղի սփրեյ պարունակող ինքնապաշտպանական աերոզոլները,

գ) թթվածնի բալոնները թույլատրվում են փոխադրման ուղևորների հաշվառված ուղեբեռում միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ, ոչ մեծ ծավալի գազանման թթվածնային կամ օդային բալոններով, որոնք նախատեսված են բժշկական նպատակներով օգտագործման համար, ածխածնի երկօքսիդի բալոններ և ոչ մեծ ծավալի ածխաթթու բալոններ (0,5 լ), որոնք նախատեսված են արհեստական վերջույթներն աշխատեցնելու համար:

Բոլոր այլ տեսակների բալոնները, այդ թվում` թթվածնի քիմիական գեներատորները, հեղուկ թթվածնի և սուզակների բալոններն ուղևորների հաշվառված ուղեբեռում փոխադրման ենթակա չեն,

դ) չոր սառույցը թույլատրվում է փոխադրման ուղևորի ձեռքի իրերում մեկ անձի հաշվարկով 2 կգ, իսկ ուղևորների հաշվառված ուղեբեռում միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ, մեկ անձի հաշվարկով 2 կգ` պահպանելով փաթեթավորման և անվտանգ փոխադրման պայմանները,

ե) անվտանգ լուցկիները կամ կրակայրիչները թույլատրվում են փոխադրման միայն անձնական օգտագործման նպատակով, չներծծվող հեղուկ վառելիք պարունակող կրակայրիչները (բացառությամբ հեղուկ գազի), ինչպես նաև դրանց լիցքավորման համար նախատեսված վառելիքները և վերալիցքավորող էլեմենտները (բալոնները) արգելվում են փոխադրել թե ուղևորի մոտ, թե նրա ձեռքի իրերում, թե հաշվառված ուղեբեռում,

զ) հիվանդների տեղափոխման համար նախատեսված շարժասայլակ-աթոռներ և այլ շարժական միջոցներ թույլատրվում են փոխադրման միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ: Այն շարժասայլակ-աթոռները և այլ շարժական միջոցները, որոնք աշխատում են փակ (չծորացող) հոսանքի մարտկոցներով, մարտկոցները պետք է լինեն անշարժ ամրացված շարժասայլակին, իսկ հոսանքի միացման տեղերը (կլեմաները) լինեն պաշտպանված կարճ միացման վտանգից:

Օդանավ շահագործողի համաձայնությամբ հաշվառված ուղեբեռում կարող են ընդունվել փոխադրման հիվանդների տեղափոխման համար նախատեսված այն շարժասայլակ-աթոռները և այլ շարժական միջոցները, որոնք աշխատում են բաց (ծորացող) հոսանքի մարտկոցներով` պայմանով, որ շարժասայլակները բարձվեն, բեռնաթափվեն և տեղադրվեն միայն ուղղահայաց դիրքով, իսկ մարտկոցները լինեն անշարժ ամրացված շարժասայլակին, անջատված վիճակում, իսկ հոսանքի միացման տեղերը (կլեմաները) լինեն պաշտպանված կարճ միացման վտանգից: Եթե փոխադրման ընդունված շարժասայլակ-աթոռները և այլ շարժական միջոցները հնարավոր չէ բարձել, բեռնաթափել և տեղադրել միայն ուղղահայաց դիրքով, ապա նման դեպքերում նրանց հոսանքի մարտկոցները հանվում են և տեղափոխվում առանձին` հատուկ փաթեթավորմամբ: Նման փաթեթավորումները պետք է բացառեն մարտկոցի միջից նյութերի արտահոսքը, ինչպես նաև դրանք անհրաժեշտ է անշարժ ամրացնել օդանավի բեռնախցիկում ամրակապման կամ այլ միջոցներով, ամրակապված լինեն ուղղահայաց դիրքով, իսկ հոսանքի միացման տեղերը (կլեմաները) լինեն պաշտպանված կարճ միացման վտանգից և շրջապատված լինեն ներծծող նյութերով՝ բոլոր տեսակի արտահոսքերը կանխելու նպատակով: Նման փաթեթավորումները պետք է մականշված լինեն «Շարժական միջոցի հեղուկ մարտկոց» և «կորոզիոն նյութեր»-ի պիտակներով:

Օդանավի հրամանատարը պետք է տեղեկացվի նշված սարքավորումների կամ մարտկոցների առկայության և դրանց տեղադրման մասին,

է) մազերը գանգրացնող ածխաջրածնային գազ պարունակող սարքերը թույլատրվում են փոխադրման հաշվառված ուղեբեռում մեկ հատ մեկ անձի հաշվարկով, միայն տաքացնող սարքի պահպանիչ գլխիկի առկայության դեպքում: Դրանց լիցքավորման համար նախատեսված միջոցների փոխադրումը հաշվառված ուղեբեռում արգելվում է,

ը) սնդիկային բարոմետրը կամ ջերմաչափը թույլատրվում է փոխադրման միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ ուղևորի հաշվառված ուղեբեռում, եթե փոխադրող ուղևորն օդերևութաբանական պետական լիազոր մարմնի ներկայացուցիչ է: Սնդիկային բարոմետրը կամ ջերմաչափը պետք է փաթեթավորված լինեն ամուր նյութից պատրաստված փաթեթով, որն էլ իր հերթին պետք է ունենա անթափանց ու հերմետիկ ներդիր և բացառի սնդիկի արտահոսքը բեռնային տեղից: Օդանավի հրամանատարը պետք է տեղեկացված լինի օդանավի բեռնախցում սնդիկային բարոմետրի կամ ջերմաչափի առկայության վերաբերյալ,

թ) օդանավ շահագործողի համաձայնությամբ թույլատրվում է փոխադրման ջերմություն անջատող այնպիսի սարքեր, որոնք աշխատում են հոսանքի մարտկոցների միջոցով (օրինակ` ստորջրյա լուսարձակ լապտերներ, զոդման սարքեր և այլն) և գործի դնելիս դրանցից անջատվում է ջերմության այնպիսի քանակ, որը կարող է դառնալ հրդեհի առաջացման պատճառ: Նման սարքերը փոխադրվում են ուղևորի հաշվառված ուղեբեռում, հոսանքի աղբյուրները հանված վիճակում,

ժ) անձնական օգտագործման համար նախատեսված բժշկական ջերմաչափերը թույլատրվում են փոխադրման մեկ անձի հաշվարկով մեկ հատ ջերմաչափ, իր պաշտպանիչ պատյանում:».

22) 88-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«88. Այն ուղևորը կամ անձնակազմի անդամը, որի մոտ ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում հայտնաբերվել են զենք, ռազմամթերք, սառը զենք, պայթուցիկ նյութեր և սարքեր, թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, որոնք ապօրինի պահելու, փոխադրելու, առաքելու կամ կրելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվում է քրեական պատասխանատվություն, թռիչքի չի թույլատրվում, տվյալ անձն ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից առանձնացվում և պահվում է հսկողության տակ, անհապաղ զննման կետ է հրավիրվում ուստիկանության ներկայացուցիչ և հայտնաբերված փոխադրման համար արգելված զենքը, ռազմամթերքը, սառը զենքը, պայթուցիկ նյութերը և սարքերը, թմրամիջոցները, հոգեմետ նյութերը` կազմված հայտնաբերման արձանագրության հետ միասին, հանձնվում են օդանավակայանի ոստիկանության բաժին:».

23) 89-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«89. Օդանավով զենքի ու ռազմամթերքի թույլատրված փոխադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշմամբ հաստատված` քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոններով սահմանված կարգով:».

24) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 98.1-ին, 98.2, 98.3, 98.4, 98.5, 98.6 և 98.7-րդ կետերով.

«98.1. Օդանավակայաններում պետք է կառուցվեն տարանցիկ և տրանսֆեր ուղևորների համար նախատեսված սպասասրահներ` բացառելու համար տարանցիկ և տրանսֆեր ուղևորների շփումը զննման ընթացակարգ չանցած ուղևորների և այլ անձանց հետ: Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները չպետք է մուտք ունենան օդանավակայանների այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները:

98.2. Եթե տեղի է ունեցել տարանցիկ և տրանսֆեր ուղևորների շփում զննման ընթացակարգ չանցած ուղևորների կամ այլ անձանց հետ, ինչպես նաև տարանցիկ և տրանսֆեր ուղևորները մուտք են գործել օդանավակայանի այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները, ապա այդ ուղևորները, մինչև օդանավ նստելը, պետք է ենթարկվեն կրկնակի զննման:

98.3. Տարանցիկ ուղևորներին կարող է թույլատրվել մինչև օդանավի թռիչքը գտնվել օդանավում` բացառությամբ այն դեպքերի, երբ օդանավի վրա կատարվում են տեխնիկական սպասարկման աշխատանքներ, և նրանց իջեցումն անհրաժեշտ է, ինչպես նաև այն դեպքերում, երբ ելնելով անվտանգության նկատառումներից պետք է իրականացվի օդանավի զննում:

98.4. Արգելվում է տարանցիկ և տրանսֆեր ուղևորներին, առանց նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի, իջեցնել օդանավից` ուղևորի ավիատոմսում նշված ժամանման օդանավակայանից բացի այլ օդանավակայաններում:

98.5. Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները կարող են չենթարկվել զննման, եթե անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմինը գտնում է, որ թռիչքի օդանավակայանում իրականացվող անվտանգության միջոցառումները համարժեք են ժամանման երկրում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումներին:

Ելնելով ավիացիոն անվտանգության նկատառումներից` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից պետք է հսկողություն սահմանվի տարանցիկ և տրանսֆեր ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի նկատմամբ:

98.6. Եթե տարանցիկ ուղևորներին թույլատրվել է իջնել օդանավից, ապա ուղևորների կողմից օդանավի ուղևորասրահներում թողնված առարկաների և իրերի հայտնաբերման նպատակով պետք է իրականացվի օդանավի զննում:

Եթե տարանցիկ և տրանսֆեր ուղևորները մուտք են գործել օդանավակայանի ընդհանուր սպասասրահ, իսկ նրանց ուղեբեռը հանվել է օդանավից կամ պետք է փոխադրվի այլ օդանավ, ապա նման ուղևորները և նրանց ուղեբեռները պարտադիր կարգով ենթակա են զննման:

98.7. Տարանցիկ կամ տրանսֆեր չվերթի նկատմամբ վտանգի իրական սպառնալիքի դեպքերում կատարվում է ուղևորների իջեցում, իրականացվում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավի անձնակազմի անդամների և օդանավի զննում:».

25) 135-րդ կետի «բ» ենթակետը «բեռի» բառից առաջ լրացնել «ուղեբեռի,» բառով.

26) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 6 ձևով.

«Ձև N 6

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

ՈՒՂԵՎՈՐԻ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ, ԳԵԼԵՐԻ ԵՎ ԱԵՐՈԶՈԼՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

_____ __________ 20  թ.

 

Օդ.___________________

 

Ես՝__________________________________________________________________________ 

(ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

_____________________________________________________________________________

 

կազմեցի սույն արձանագրությունն այն մասին,  որ N  _________________________ուղևոր

 

_______________________________________________________________________________ 

(ուղևորի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

 

զննման կետում ավիացիոն անվտանգության հսկողության իրականացման ընթացքում հայտնաբերվել է՝ ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշմամբ սահմանված օդանավերի ուղևորասրահներ փոխադրման համար արգելված հեղուկ նյութեր

 

 _____________________________________________________________________________

 (նշել նյութի անվանումը և ծավալը)

 

_____________________________________________________________________________

Հայտնաբերված նյութը վերցվել է

 

 ուղևոր՝_____________________________________________________________________:

 (նշել ուղևորի անունը, ազգանունը)

 

Վերցման փաստը հաստատում ենք՝

 

1.____________________________________________________________________________

 (ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

2.____________________________________________________________________________

 (ուղևորի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, ստորագրությունը)

 

Ստացա արձանագրության մեկ

 

օրինակը՝__________________________________________________________________

 (ուղևորի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Արձանագրությունը կազմված է երկու օրինակից, մեկ օրինակը պահվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում, երկրորդ օրինակը տրվում է ուղևորին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 6
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան