Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.06.29/6(23) Հոդ.774.4
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.04.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0098/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0098/02/09

2011թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

     Դատավորներ՝ Կ. Հակոբյան

                   Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

 

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի ապրիլի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարեն Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.10.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Կարեն Մնացականյանի հայցի ընդդեմ Սեդա, Արայիկ, Ծովիկ, Լիդա Ներսիսյանների՝ ուրիշի ապօրինի տիրապետումից անշարժ գույքը հետ վերցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կարեն Մնացականյանը պահանջել է Սեդա, Արայիկ, Ծովիկ, Լիդա Ներսիսյանների ապօրինի տիրապետումից հետ վերցնել և իրեն տրամադրել ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տան ետնամասում բնակելի տանը հարակից 7,33 քմ տարածքը:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2009 թվականի որոշմամբ Սեդա, Արայիկ, Ծովիկ և Լիդա Ներսիսյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.05.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 09.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.10.2010 թվականի որոշմամբ Կարեն Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.07.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարեն Մնացականյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ և 122-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 176-րդ և 274-րդ հոդվածները, կիրառել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 23-րդ, 42-րդ և 48-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ առուվաճառքի պայմանագրի հիման վրա ինքը նաև վիճելի 7,33 քմ տարածքի նկատմամբ, որի վրա է գտնվում 2,1 քմ կաթսայատունը, ձեռք է բերել սեփականության իրավունք, մինչդեռ Սեդա, Արայիկ, Ծովիկ, Լիդա Ներսիսյաններին տրված սեփականության իրավունքի վկայականում այն արտացոլված չէ:

Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ վիճելի 7,33 քմ տարածքը դեռևս 2001 թվականին գրանցված էր Սեդա, Արայիկ, Ծովիկ, Լիդա Ներսիսյանների անվամբ՝ հիմնված է միայն ենթադրությունների վրա և հերքվում է հենց քաղաքացիական գործում առկա ապացույցներով: Գործում չկա ապացույց նաև այն մասին, որը կհաստատեր համադրման առկայությունը: Ավելին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի կողմից տրված գրությամբ հաստատվում է, որ առկա չէ որևէ համադրում և կողմերի սեփականության իրավունքը գրանցվել է օրենքով սահմանված կարգով:

Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 15.03.2010 թվականին տրված թիվ 06271001 փորձագետի եզրակացությունը ու նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին Արարատի մարզի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Վ.Հովհաննիսյանի կողմից 16.09.2009 թվականին կայացված որոշումը չեն հաստատում վիճելի 7,33 քմ տարածքը Սեդա, Արայիկ, Ծովիկ, Լիդա Ներսիսյանների անվամբ նախկինում գրանցված լինելու փաստը, քանի որ դրանցով հաստատվում է միայն վերջիններիս տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում ջնջում կատարված լինելու փաստը: Ավելին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի կողմից 04.06.2010 թվականին տրված թիվ ԱՄ/ 5.1/1826-10 գրության մեջ նշվել է, որ կադաստրային քարտեզներում փոփոխություններ չեն կատարվել և վիճելի գույքը՝ 2,1 քմ մակերեսով կաթսայատունը, գտնվում է Կարեն Մնացականյանին պատկանող հողամասի սահմաններում:

Նշված փորձագետի եզրակացությունը և քրեական վարույթն իրականացրած անձի որոշումը կարող էին միայն հնարավորություն ընձեռել Սեդա, Արայիկ, Ծովիկ, Լիդա Ներսիսյաններին վարչական դատավարության կարգով վիճարկելու սեփականության իրավունքը վիճելի տարածքի նկատմամբ:

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս կիրառել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 23-րդ, 42-րդ և 48-րդ հոդվածները, մինչդեռ դրանք սույն վեճի շրջանակներում կիրառելի չեն, քանի որ վիճելի հողատարածքի նկատմամբ իր սեփականության իրավունքը որևէ մեկի կողմից չի վիճարկվել, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր այն համարել գրանցված:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.10.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ռազմիկ և Հասմիկ Ներսիսյանների, Ռադմիրա Ղազարյանի (մի կողմից) և Կարեն Մնացականյանի (մյուս կողմից) միջև 20.05.2003 թվականին կնքվել է բնակելի տան, օժանդակ շինության և տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով որոշակի գումարի դիմաց Կարեն Մնացականյանի սեփականությանն են հանձնվել ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող 131,9 քմ մակերեսով բնակելի տունը, 63,7 քմ մակերեսով օժանդակ շինությունները և 0,063 հա մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողը: Նշված պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում, որի հիման վրա Կարեն Մնացականյանին 22.05.2003 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (հ. 1-ին, գ.թ. 12, 13, գ.թ. 14, 15).

2) Կարեն Մնացականյանին 22.05.2003 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում՝ «Շինության տվյալները» բաժնում թիվ 1 համարի ներքո առկա է նշում 2,1 քմ մակերեսով կաթսայատան վերաբերյալ: Նշված կաթսայատունը գտնվում է Կարեն Մնացականյանին տրված նույն վկայականում` «Հողամասի հատակագիծը» բաժնում նշված հողամասի սահմաններում (հ. 1-ին, գ.թ. 15, գ.թ. 14).

3) Արարատի մարզի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանը 16.09.2009 թվականին, պարզելով, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու տարածքային ստորաբաժանման հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետ Լևոն Ավետյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այն է՝ վերջինս Գառնիկ, Սեդա, Արայիկ, Խաչիկ, Ծովիկ, Լիդա և Հեղինե Ներսիսյաններին 24.08.2001 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 872064 վկայականում սայրի և ռետինի միջոցով կատարել է պաշտոնական կեղծիք՝ ջնջել է վերջիններիս հողամասի հատակագծում առկա կաթսայատան տարածքը և դրա զբաղեցրած հողամասի մակերեսը, որոշում է կայացրել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով քրեական հետապնդում չիրականացնելու մասին (հ. 1-ին, գ.թ. 118).

4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Մուսայանի կողմից 04.06.2010 թվականին տրված թիվ ԱՄ/5.1/1826-10 գրության համաձայն ՝ 57-22 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Գառնիկ, Սեդա, Արայիկ, Խաչիկ, Ծովիկ, Լիդա և Հեղինե Ներսիսյանների համատեղ սեփականության իրավունքը, իսկ 57-23 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի, այդ թվում նաև 0,063 հա հողամասի և 2,1 քմ կաթսայատան նկատմամբ՝ Կարեն Մնացականյանի սեփականության իրավունքը, կադաստրային քարտեզներում փոփոխություն չի կատարվել և 2,1 քմ մակերեսով կաթսայատունը գտնվում է 57-23 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում (հ. 1-ին, գ.թ. 129, 130).

5) Սեդա, Արայիկ, Ծովիկ, Լիդա Ներսիսյանները տիրապետում են վեճի առարկա 7,33 քմ հողատարածքը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Նույն օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրով գույք ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

Սույն գործի փաստերի համաձայն, մասնավորապես, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից 22.05.2003 թվականին Կարեն Մնացականյանին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ վեճի առարկա 7,33 քմ հողատարածքի նկատմամբ գրանցված է Կարեն Մնացականյանի սեփականության իրավունքը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Մուսայանի կողմից 04.06.2010 թվականին տրված թիվ ԱՄ/5.1/1826-10 գրության համաձայն՝ 57-22 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Գառնիկ, Սեդա, Արայիկ, Խաչիկ, Ծովիկ, Լիդա և Հեղինե Ներսիսյանների համատեղ սեփականության իրավունքը, իսկ 57-23 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի, այդ թվում նաև 0,063 հա հողամասի և 2,1 քմ կաթսայատան նկատմամբ՝ Կարեն Մնացականյանի սեփականության իրավունքը, կադաստրային քարտեզում փոփոխություն չի կատարվել և 2,1 քմ մակերեսով կաթսայատունը գտնվում է 57-23 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Կարեն Մնացականյանի վերաքննիչ բողոքը, որոշման հիմքում դրել է Դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ «վեճի առարկա 7,33 քմ տարածքը դեռևս 24.08.2001 թվականին ներառված է եղել պատասխանողների անունով տրված թիվ 872064 սեփականության իրավունքի գրանցման վկայականում», «վեճի առարկա հողամասը հայցվորին 22.05.2003 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 866506 վկայականում ներառվել է անշարժ գույքի կադաստրի աշխատակցի կողմից թույլ տրված պաշտոնական կեղծիքի՝ ջնջումների արդյունքում», և որոշում կայացնելիս հաստատված է համարել, որ «վիճելի տարածքը դեռևս 2001 թվականից գրանցված էր պատասխանողների անվամբ, և գրանցումն օրենքով սահմանված կարգով անվավեր չի ճանաչվել», իսկ «գործի նյութերով չի հիմնավորվում պատասխանողների կողմից վիճելի գույքի ապօրինի տիրապետումը»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը անդրադառնալով Սեդա, Արայիկ, Ծովիկ, Լիդա Ներսիսյանների կողմից վեճի առարկա 7,33 քմ հողամասի ապօրինի տիրապետմանը և քննության առարկա դարձնելով այդ հարցը, վերջիններիս համարելով օրինական տիրապետողներ, անտեսել է այն հանգամանքը, որ այդ գույքի նկատմամբ Կարեն Մնացականյանի սեփականության իրավունքը չի վիճարկվել և այն անվավեր չի ճանաչվել: Այսինքն, Վերաքննիչ դատարանը դուրս է եկել գործի շրջանակներից, քանի որ Սեդա, Արայիկ, Ծովիկ, Լիդա Ներսիսյանների կողմից Կարեն Մնացականյանի՝ վերը նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է ակտի իրավաչափության հարցին և բացառել դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը՝ որոշման մեջ նշելով, որ «կադաստրային քարտեզներում փոփոխություններ կատարված չլինելը և վիճելի տարածքը անշարժ գույքի պետական կոմիտեում Կարեն Մնացականյանի անվամբ 57-23 կադաստրային ծածկագրի տակ գրանցված լինելը պահանջի բավարարման հիմք չի կարող հանդիսանալ»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից վիճելի տարածքի նկատմամբ Կարեն Մնացականյանի սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ ակտն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված ակտն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում՝ պետական մարմին, չի կարող կասկածի տակ դնել այդ ակտի իրավաչափությունը (տես նաև` Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Հրաչյա Քարամյանի՝ ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի թիվ ՎԴ/2068/05/08 որոշումը):

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.10.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան