Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/33(836).1 Հոդ.774.10
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.04.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0074/04/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0074/04/09
2011 թ.

Նախագահող դատավոր՝   Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝  Ա. Խառատյան
                                 Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի ապրիլի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Սիփան 1» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.11.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի ընդդեմ «Սիփան 1» ՍՊԸ-ի՝ «Սիփան 1» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն պահանջել է սնանկ ճանաչել «Սիփան 1» ՍՊԸ-ին։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.01.2010 թվականի վճռով դիմումը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.11.2010 թվականի որոշմամբ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 27.01.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Սիփան 1» ՍՊԸ-ն։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Սիփան 1» ՍՊԸ-ն չի ապացուցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով նախատեսված գրավոր գործարքը վիճարկելու բավարար հիմքեր ունենալու փաստը, այսինքն` չի ներկայացրել «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կատարած աշխատանքների խոտանի մասին վկայող թույլատրելի և վերաբերելի ապացույցներ և չի հիմնավորել, որ առկա խոտանը բավարար է վճարային պարտավորությունը կատարելուց իրավաչափ կերպով հրաժարվելու համար: Մինչդեռ պարտապանը դատական կարգով առանձին հայցային վարույթով վիճարկել է սնանկ ճանաչելու պահանջի հիմքում դրված գործարքները, իսկ Դատարանն արդարացիորեն հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը գնահատել է որպես պահանջի հիմքում ընկած հանգամանքների վերաբերյալ նյութաիրավական վեճի առկայություն ու գտել, որ այդ պատճառով վճարային պարտավորության անվիճելի հիմքեր առկա չեն։

Բացի այդ, ՀՀ Սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ նշել է, որ եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.11.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.01.2010 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Սիփան-1» ՍՊԸ-ի միջև 30.06.2009 թվականին կնքվել է «Գիտատեխնիկական արտադրանքի ստեղծման մասին» թիվ 090630 ՀԼ պայմանագիրը (այսուհետ` թիվ 1 պայմանագիր), որի համաձայն` դիմումատուն պարտավորվել է իրականացնել «Լիչքվազ-Թեյի և Տերտերասարի հանքավայրերի ոսկի պարունակող հանքաքարերի հարստացման տեխնոլոգիայի մշակում» թեմայով աշխատանքները և տալ համապատասխան հաշվետվություն, իսկ «Սիփան-1» ՍՊԸ-ն պարտավորվել է ընդունել կատարված աշխատանքները և վճարել դրանց համար պայմանագրով սահմանված 22.400.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 10)։

2. «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Սիփան-1» ՍՊԸ-ի միջև 01.07.2009 թվականին կնքվել է «Գիտատեխնիկական արտադրանքի ստեղծման մասին» թիվ 090701 ՀԼ պայմանագիրը (այսուհետ` թիվ 2 պայմանագիր), համաձայն որի` դիմումատուն պարտավորվել է իրականացնել «Լիչքվազ-Թեյի հանքավայրերի ոսկի պարունակող հանքաքարերի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկայի նախագծման համար անհրաժեշտ տեխնոլոգիական կանոնակարգի մշակում» թեմայով աշխատանքներ և տալ համապատասխան հաշվետվություն, իսկ «Սիփան-1» ՍՊԸ-ն պարտավորվել է ընդունել կատարված աշխատանքները և վճարել դրանց համար պայմանագրով սահմանված 4.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 9-10)։

3. Թիվ ԵԿԴ/3493/02/09 քաղաքացիական գործով «Սիփան-1» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի, որով վիճարկել է թիվ 1 և թիվ 2 պայմանագրերը, ինչպես նաև դրանց հիմքով կազմված թիվ 376 և թիվ 420 հաշիվ-ապրանքագրերը: Հայցադիմումը 11.01.2010 թվականի որոշմամբ ընդունվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 85-87)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ։

Սույն գործի քննության պահին գործող` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է: Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե նա առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը)։

Սույն գործի փաստերի համաձայն` «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Սիփան-1» ՍՊԸ-ի միջև 30.06.2009 թվականին կնքվել է «Գիտատեխնիկական արտադրանքի ստեղծման մասին» թիվ 090630 ՀԼ պայմանագիրը, որի համաձայն` «Սիփան-1» ՍՊԸ-ն պարտավորվել է ընդունել կատարված աշխատանքները և վճարել դրանց համար պայմանագրով սահմանված 22.400.000 ՀՀ դրամ, իսկ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Սիփան-1» ՍՊԸ-ի միջև 01.07.2009 թվականին կնքված «Գիտատեխնիկական արտադրանքի ստեղծման մասին» թիվ 090701 ՀԼ պայմանագրով «Սիփան-1» ՍՊԸ-ն պարտավորվել է ընդունել կատարված աշխատանքները և վճարել դրանց համար պայմանագրով սահմանված 4.000.000 ՀՀ դրամ, թիվ ԵԿԴ/3493/02/09 քաղաքացիական գործով «Սիփան-1» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի, որով վիճարկել է թիվ 1 և թիվ 2 պայմանագրերը, ինչպես նաև դրանց հիմքով կազմված թիվ 376 և թիվ 420 հաշիվ-ապրանքագրերը: Հայցադիմումը 11.01.2010 թվականի որոշմամբ ընդունվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ։

Դատարանը թիվ ԵԿԴ/3493/02/09 քաղաքացիական գործով «Սիփան-1» ՍՊԸ-ի ներկայացրած հայցադիմումը և այն վարույթ ընդունելու որոշումը որակել է որպես կողմերի միջև նյութաիրավական վեճի առկայության ապացույց և դրել է սույն գործով կայացրած «Սիփան-1» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի դիմումը մերժելու մասին վճռի հիմքում։

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Սիփան 1» ՍՊԸ-ն չի ապացուցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով նախատեսված գրավոր գործարքը վիճարկելու բավարար հիմքեր ունենալու փաստը, այսինքն` չի ներկայացրել «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կատարած աշխատանքների խոտանի մասին վկայող թույլատրելի և վերաբերելի ապացույցներ և չի հիմնավորել, որ առկա խոտանը բավարար է վճարային պարտավորությունը կատարելուց իրավաչափ կերպով հրաժարվելու համար: Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ հայցադիմում ներկայացված լինելու և այն վարույթ ընդունված լինելու փաստերն իրականում վկայում են պատասխանող կողմից որպես «գործարք» ներկայացված հանձնման-ընդունման ակտերը և դրանց հիման վրա կազմված հաշիվ-ապրանքագրերը վիճարկված լինելու, ոչ թե պատասխանողի առարկությունների բավարար հիմքերի առկայության մասին։

 

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական հարցադրումը` արդյոք սնանկ ճանաչելու հիմքում դրված գործարքների վիճարկումը կարող է համարվել տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքի առկայություն։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թույլ տվել պարտապանը, հիմք են դատարանի վճռով պարտապանին սնանկ ճանաչելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային պարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննությունն այլ վարույթի շրջանակներում։

Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հետևում է, որ սնանկ ճանաչելու հիմք է ոչ թե վճարային պարտավորության, այլ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի հիմքով վճարային պարտավորությունների անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլ նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է :

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը։

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն իրավացիորեն մերժել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի դիմումը, քանի որ նշված դիմումի հիմքում ընկած հանգամանքների շուրջ ծագել է նյութաիրավական վեճ, որը քննարկվում է մեկ այլ գործի վարույթում, իսկ պատասխանողի կողմից հայցադիմում ներկայացնելը (հանձնման-ընդունման գործարքները, ինչպես նաև դրանց հիմքով կազմված թիվ 376 և թիվ 420 հաշիվ-ապրանքագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին), ինչպես նաև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշման առկայությունը գնահատվում է որպես ապացույց այն մասին, որ պատասխանողը բավարար հիմքեր ունի սնանկ ճանաչելու պահանջի դեմ առարկելու համար։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.11.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.01.2010 թվականի վճռին։

2. «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ից հօգուտ «Սիփան 1» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան