ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0018/04/10 Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0018/04/10 2011թ. Դատավորներ՝ Ն. Հովսեփյան Ն. Բարսեղյան
դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Մ. ԴՐՄԵՅԱՆԻ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. Անտոնյանի Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ Ա. Բարսեղյանի Է. Հայրիյանի Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Ե. Սողոմոնյանի
2011 թվականի ապրիլի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սպարտակ Երիցյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2010 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Արդշինբանկ» ԲԲԸ լուծարվող բանկի (այսուհետ՝ Բանկ) ընդդեմ Սպարտակ Երիցյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Սպարտակ Երիցյանին ճանաչել սնանկ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 24.05.2010 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.07.2010 թվականի որոշմամբ Դատարանի 24.05.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Սպարտակ Երիցյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկի լուծարային կառավարիչ Յուրա Եղիազարյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 17-րդ հոդվածների պահանջները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.08.2000 թվականի վճռի հիման վրա օտարվել է Սպարտակ Երիցյանի կողմից գրավադրված բնակարանը, և Բանկը, բաց թողնելով հայցային վաղեմության ժամկետը, սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է 13.05.2010 թվականին, այսինքն` ավելի քան տասը տարի հետո։ Փաստորեն, Բանկը բաց է թողել հայցային վաղեմության թե ընդհանուր, թե հատուկ ժամկետները։
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով Սպարտակ Երիցյանը պարտապան չի կարող լինել, ուստի չի կարող և սնանկ ճանաչվել։
Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել Սպարտակ Երիցյանի կողմից իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար նախատեսված 7-օրյա ժամկետի բացթողումը՝ պատճառաբանելով, որ Սպարտակ Երիցյանը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ նա ի վիճակի չէր կամ չէր կարող ինքնուրույն վիճարկել իր սնանկությունը կամ ավելի վաղ դիմել փաստաբանական ծառայություններից օգտվելու համար:
Հետևաբար, Վերաքննիչ դատարանը զրկել է Սպարտակ Երիցյանին դատական պաշտպանության իրավունքից, ինչպես նաև հնարավորություն չի տրվել նրան ներկայացնելու իր առարկությունները, որի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իր արդար դատաքննության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.07.2010 թվականի որոշումը և մերժել Բանկի դիմումը։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանի կողմից դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացվել է 13.05.2010 թվականին, և 14.05.2010 թվականին պարտապան Սպարտակ Երիցյանը ստացել է այն: Որոշումը ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում Սպարտակ Երիցյանը գրավոր այն չի վիճարկել:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից պահպանվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները և կայացվել է դատական ակտ, որն ամբողջովին իրավական է, և դրանով իրավացիորեն հաստատվել է, որ Սպարտակ Երիցյանը լուծարվող Բանկի պարտապանն է:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 16.08.2000 թվականի թիվ 2-1438/2000 օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` պարտապան Սպարտակ Երիցյանից հօգուտ «Արդշինբանկ» ԲԲԸ-ի բռնագանձվել է 4.577 ԱՄՆ դոլարին և 38 ԱՄՆ ցենտին համարժեք ՀՀ դրամ, այդ թվում հիմնական պարտք՝ 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, տուժանք` 1.577 ԱՄՆ դոլարին և 38 ԱՄՆ ցենտին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 91 ԱՄՆ դոլարին և 55 ԱՄՆ ցենտին համարժեք ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով գրավադրված` Երևանի Օրբելու փողոցի 16-րդ շենքի՝ Սպարտակ Երիցյանի սեփականությունը հանդիսացող 53,54 քմ մակերեսով տարածքի վրա: Տվյալ վճռի հիմքում դրվել է կողմերի միջև 24.06.1999 թվականին կնքված թիվ 33-ՎֆՏ վարկային պայմանագիրը (գ.թ. 5):
2. ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման (այսուհետ՝ Ծառայություն) «Կատարողական վարույթ հարուցելու մասին» 25.10.2000 թվականի որոշմամբ հարուցվել է կատարողական վարույթ (գ.թ. 6):
3. Ծառայության «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 02.10.2001 թվականի որոշմամբ հարուցված կատարողական վարույթն ավարտվել է: Տվյալ որոշմամբ Ծառայությունը, պարզելով, որ կատարողական գործողությունների ընթացքում պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը հետ վերադարձնելու մասին, որոշել է ավարտել Սպարտակ Երիցյանից հօգուտ Բանկի 4.577,38 ԱՄՆ դոլար բռնագանձելու վերաբերյալ 25.10.2000 թվականին հարուցված թիվ 04/1679 կատարողական վարույթը (գ.թ. 7)։ Կատարողական թերթը նոր կատարման չի ներկայացվել:
4. Բանկի լուծարային կառավարչի և գլխավոր հաշվապահի կողմից ստորագրված և 22.04.2010 թվականին տրված` Սպարտակ Երիցյանի պարտքի վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ Ծառայության կողմից աճուրդային կարգով գրավադրված գույքը 1.208.210 ՀՀ դրամ գումարի չափով վաճառվել է, և վաճառքից գոյացած գումարը նպատակաուղղվել է պարտքի մարմանը, որի ընթացքում պարտապանի պարտքը նվազել է և վարկի մայր գումարի պարտքը 22.04.2010 թվականի դրությամբ Բանկին կազմել է 2.423,71 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (գ.թ. 8):
Բանկը դիմում է ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Սպարտակ Երիցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Դատարանի 13.05.2010 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ։ Սպարտակ Երիցյանը Դատարանի որոշումը ստացել է 14.05.2010 թվականին և 24.05.2010 թվականին Դատարան է ներկայացրել դիմումի պատասխան, որով վիճարկել է իր սնանկությունը (գ.թ. 2, 42, 44, 46, 54):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի քննության պահին գործող`«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի համաձայն` պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է: Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե նա առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը:
⚖Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել երկու պայմանների միաժամանկյա առկայության պայմաններում.
1. պարտապանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց,
2. վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին հարցը քննարկելու ժամանակ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք պարտապանն ունի անվիճելի վճարային պարտավորություն:
Սույն գործով Դատարանը դիմումի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ եթե հարկադրված սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 8-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերը։
Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ և արձանագրելով, որ Դատարանի համար պարտադիր էին հետևյալ հանգամանքների առկայության գնահատումը, այն է՝ պարտավորության առկայությունը, որը կգերազանցի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ժամկետանց պարտավորության 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանցը, որը Դատարանի վճռի կայացման պահին շարունակվել է, սնանկ ճանաչելու մասին Դատարանի դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը 7-օրյա ժամկետում առարկություններ չներկայացնելը, հաստատված է համարել, որ տվյալ պարագայում պատասխանողի անվիճելի վճարային պարտավորությունները գերազանցում են նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, և առկա է պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, ինչպես նաև չի ներկայացվել որևէ առարկություն օրենքով սահմանված ժամկետում: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Սպարտակ Երիցյանն ունեցել է իր սնանկությունը վիճարկելու բավարար և ողջամիտ հնարավորություն դիմումը վարույթ ընդունելու որոշումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում, ինչը չի կատարել: Մասնավորապես, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ կողմը ի վիճակի չէր կամ չէր կարող ինքնուրույն վիճարկել իր սնանկությունը կամ ավելի վաղ դիմել փաստաբանական ծառայությունից օգտվելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք վճարային պարտավորություն սահմանող օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում կատարման չներկայացնելու դեպքում տվյալ վճռից բխող իրավունքներն ու պարտականությունները ենթակա են կատարման, թե` ոչ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության 3-րդ ենթակետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կատարողական թերթի կրկնօրինակ տալու մասին դիմումը պահանջատերը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դիմումը կարող է տրվել մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի ավարտը:
Սույն գործի փաստերի համաձայն` 16.08.2000 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է Սպարտակ Երիցյանից հօգուտ Բանկի բռնագանձել 4.577 ԱՄՆ դոլարին և 38 ԱՄՆ ցենտին համարժեք ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով Սպարտակ Երիցյանին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված` Երևանի Օրբելու փողոցի 16-րդ շենքի 53,54քմ մակերեսով տարածքի վրա։ Նշված վճռի հիման վրա 16.08.2000 թվականին տրված կատարողական թերթի համաձայն՝ 25.10.2000 թվականին հարուցվել է կատարողական վարույթ։ Կատարողական գործողությունների ընթացքում Բանկը դիմում է ներկայացրել կատարողական թերթը հետ վերադարձնելու մասին, և նշված դիմումի հիմքով 02.10.2001 թվականին կատարողական վարույթն ավարտվել է։ 16.08.2000 թվականին տրված թիվ 2-1438 կատարողական թերթը նոր կատարման չի ներկայացվել:
Հիմք ընդունելով վերոգրյալը և գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 16.08.2000 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Բանկի մոտ ծագել է վարկային պարտավորությամբ սահմանված գումարը պահանջելու իրավունք, իսկ Սպարտակ Երիցյանի մոտ՝ այն վճարելու պարտականություն: Սպարտակ Երիցյանի կողմից նշված պարտավորության չկատարման դեպքում Բանկն իրավունք ուներ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ուժով դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում այն ներկայացնել հարկադիր կատարման: Մինչդեռ, հետագայում կատարողական թերթը 02.10.2000 թվականին հետ վերցնելու և այն օրենքով սահմանված կարգով կրկին կատարման չներկայացնելու պայմաններում Բանկը զրկվել է այդ իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ Սպարտակ Երիցյանը՝ որպես պարտապան, ազատվել է նույն վճռով սահմանված պարտավորությունից (տե´ս, «Արդշինբանկ» ԲԲԸ-ի դիմումն ընդդեմ «Արոր-Բագրատ» արտադրական կոոպերատիվի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ՀՔԴ4/0024/04/08 քաղաքացիական գործով որոշումը)։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով բացակայում է Սպարտակ Երիցյանին սնանկ ճանաչելու իրավական հիմքը:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել Սպարտակ Երիցյանի կողմից սնանկությունը գրավոր վիճարկելու համար նախատեսված 7-օրյա ժամկետի բացթողումը, որի արդյունքում հարգելի չի ճանաչել այդ ժամկետի բացթողումը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ հանգամանքի առկայությունը սույն գործի լուծման համար էական նշանակություն չունի հետևյալ պատճառաբանությամբ՝
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես` Վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44):
Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում (տե´ս Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի, թիվ 26737/95, 1997 թվականի դեկտեմբերի 19, կետ 33, Թինելի էնդ Սանզ ՍՊԸ-ն ու այլոք և ՄաքԷլդաֆն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 20390/92, 21322/92, 1998թ. հուլիսի 10, կետ 72 և Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 34791/97, 37)։
Սույն գործի քննության պահին գործող՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ եթե հարկադրված սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա ութերորդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերը։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ դատարանի՝ սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով: Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը կարող են բողոքարկել պարտապանը, պարտատերը (պարտատերերը):
⚖Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածի ուժով ապահովվում է սնանկ ճանաչելու վճիռը պարտապանի կողմից բողոքարկելու իրավունքը և այդ դատական ակտի վերանայման հնարավորությունը ու այն կախվածության մեջ չի դրվում սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու պահից 7 օրվա ընթացքում պարտապանի կողմից իր սնանկությունը գրավոր վիճարկելու հանգամանքից:
Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սպարտակ Երիցյանի կողմից սնանկությունը չվիճարկելու և օրենքով սահմանված 7-օրյա ժամկետում առարկություններ չներկայացնելու դեպքում Սպարտակ Երիցյանը չի զրկվում սնանկության վճիռը բողոքարկելու և սնանկությունը վիճարկելու հնարավորությունից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
Դատավորներ` |
Մ. ԴՐՄԵՅԱՆ | |
Վ. աբելյան | ||
|
|
Ս. Անտոնյան |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|