Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/33(836).1 Հոդ.774.8
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.04.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2011

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2566/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2566/02/09

2011 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Խառատյան

Դատավորներ՝ Կ. Չիլինգարյան

  Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

 

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի ապրիլի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սեդա Մկրտումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սեդա Մկրտումյանի ընդդեմ Հովհաննես Մինասյանի, Արաբկիր նոտարական գրասենյակի նոտար Սուսաննա Դանիելյանի, Արթուր Մարգարյանի, երրորդ անձ Արաբկիր վարչական շրջանի խնամակալության հանձնաժողովի, Արմինե Սարգսյանի և Գևորգ Գևորգյանի` լիազորագիրն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սեդա Մկրտումյանը պահանջել է անվավեր ճանաչել Արմեն Մինասյանի կողմից 01.10.2008 թվականին Հովհաննես Մինասյանի անվամբ տրված լիազորագիրը և կիրառել գործարքի անվավերության հետևանքները:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.06.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.12.2010 թվականի որոշմամբ Սեդա Մկրտումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

 Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սեդա Մկրտումյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածը և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 307-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը պատշաճ չի գնահատել ՀՀ արդարադատության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի 21.07.2008 թվականին տրված թիվ 206/08 եզրակացությունը: Ըստ այդ եզրակացության` Արմեն Մինասյանը տառապում է սակավամտություն, դեբիլություն հոգեկան հիվանդությամբ:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ լիազորագիր տալու պահին Արմեն Մինասյանը հասկացել է իր գործողությունների նշանակությունը և կարողացել է ղեկավարել դրանք: Մինչդեռ, եթե Վերաքննիչ դատարանը լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի հետազոտեր գործում առկա բոլոր ապացույցները, կհանգեր հակառակ եզրակացության:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.12.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 21.07.2008 թվականի թիվ 206/08 բժշկական եզրակացության համաձայն` Արմեն Մինասյանը տառապում է սակավամտություն, դեբիլություն հոգեկան հիվանդությամբ: Սակավամտությունն արտահայտված է փորձաքննվողի մոտ այն աստիճան, որ զրկում է նրան իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից: Ուստի Արմեն Մինասյանին հարկ է ճանաչել անգործունակ (հատոր 1-ին, գ.թ. 24-25):

2. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 19.09.2008 թվականի վճռով Արմեն Մինասյանը ճանաչվել է անգործունակ: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 21.10.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 15, գ.թ. 39):

3. ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի 26.11.2008 թվականի թիվ 159 որոշմամբ Սեդա Մկրտումյանը նշանակվել է Արմեն Մինասյանի խնամակալ (հատոր 1-ին, գ.թ. 15, գ.թ. 39):

4. 01.10.2008 թվականի նոտարական վավերացմամբ լիազորագրի համաձայն` Արմեն Մինասյանը լիազորել է Հովհաննես Մինասյանին լինելու իր ներկայացուցիչը անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում, վաճառելու ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Ա. Խաչատրյան փողոցի 19-րդ շենքի թիվ 35 բնակարանի` իրեն պատկանող մասը, ստորագրելու առուվաճառքի պայմանագիրը, ստանալու վաճառքի գումարը և կատարելու այն բոլոր գործողությունները, որոնք կապված են տվյալ հանձնարարության հետ (հատոր 1-ին, գ.թ. 14):

5. ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 13.10.2009 թվականի թիվ 253-10-09 գրության համաձայն` Արմեն Մինասյանը մանկուց տառապում է սակավամտությամբ, 17.10.1979 թվականին /12 տարեկան/ հաշվառման է վերցվել ՀԲԿ-ի Ավանի հոգեբուժական կլինիկայի դիսպանսերային բաժնում` «Սակավամտություն, դեբիլություն» ախտորոշմամբ, 21.07.2008 թվականին ենթարկվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության և վերոնշյալ ախտորոշմամբ ճանաչվել է անգործունակ: Հետևաբար, փորձաքննությունից 2-3 ամիս անց Արմեն Մինասյանը չէր կարող նոտարական գրասենյակում գործարք կնքել, քանի որ նա չէր կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք (հատոր 1-ին, գ.թ. 30):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքն առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործունակ, սակայն գործարքի կնքման պահին այնպիսի վիճակում գտնվող քաղաքացու կնքած գործարքը, երբ նա ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք, դատարանով կարող է անվավեր ճանաչվել այդ քաղաքացու կամ այն անձանց հայցով, որոնց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը խախտվել են այդ գործարքը կնքելու հետևանքով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` հետագայում անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել նրա խնամակալի հայցով, եթե ապացուցված է, որ գործարքը կնքելու պահին քաղաքացին ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գործարքը կարող է անվավեր ճանաչվել այն դեպքում, երբ ապացուցվում է գործարքը կնքած քաղաքացու` գործարքի կնքման պահին իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու անընդունակ լինելը (տե´ս Հմայակ Բադալյանն ընդդեմ Միսակ Բադալյանի, «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի` նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-743(ՎԴ)):

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե´ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Ուստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Սույն գործում առկա ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 21.07.2008 թվականի թիվ 206/08 բժշկական եզրակացության համաձայն` «Արմեն Մինասյանը տառապում է սակավամտություն, դեբիլություն հոգեկան հիվանդությամբ: Սակավամտությունը արտահայտված է փորձաքննվողի մոտ այն աստիճան, որ զրկում է նրան իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից: Ուստի Արմեն Մինասյանին հարկ է ճանաչել անգործունակ»: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 19.09.2008 թվականի վճռով (օրինական ուժի մեջ է մտել 21.10.2008 թվականին) Արմեն Մինասյանը ճանաչվել է անգործունակ: ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 13.10.2009 թվականի թիվ 253-10-09 գրության համաձայն` Արմեն Մինասյանը չէր կարող փորձաքննությունից 2-3 ամիս անց նոտարական գրասենյակում գործարք կնքել, քանի որ նա չէր կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ Արմեն Մինասյանը 01.10.2008 թվականին լիազորագիր տալու պահին անգործունակ ճանաչված չէր: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել այն փաստը, որ լիազորագիր տալու պահին Արմեն Մինասյանը չի հասկացել իր գործողությունենրի նշանակությունը և չի կարողացել դրանք ղեկավարել:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ և քննարկման առարկա դարձնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 307-րդ և 311-րդ հոդվածներով նախատեսված գործարքի անվավերության հիմքերին և դրանց առանձնահատկություններին: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 307-րդ հոդվածով նախատեսվում է հոգեկան խանգարման հետևանքով արդեն իսկ անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքի առոչինչ լինելը, իսկ նույն օրենսգրքի 311-րդ հոդվածով` գործունակ, սակայն գործարքի կնքման պահին այնպիսի վիճակում գտնվող քաղաքացու կնքած գործարքի անվավերությունը, երբ նա ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածում նշված գործարքներն օրենսդիրը դասել է վիճահարույց գործարքների շարքին: Այսինքն` վերոնշյալ հոդվածներով նախատեսված կարգավորումները տարբերվում են ոչ միայն գործարք կնքելու պահին անձանց կարգավիճակով, այլ նաև կնքված գործարքի իրավական հետևանքներով, այն է` օրենքի ուժով առոչինչ համարվելու (անկախ դատարանի կողմից նման ճանաչումից) կամ վիճահարույց լինելու (դատարանի կողմից այդպիսին ճանաչվելու ուժով) հանգամանքով:

Սույն գործով ներկայացվել է լիազորագիրն անվավեր ճանաչելու հայցապահանջ` հայցի հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածը, որի համաձայն` գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք է նաև քաղաքացու (դեռևս անգործունակ չճանաչված)` գործարքի կնքման պահին իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու անընդունակ լինելը: Հետևաբար, անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ լիազորագիրը չի կարող անվավեր ճանաչվել այն պատճառաբանությամբ, որ Արմեն Մինասյանը լիազորագիր տալու պահին անգործունակ ճանաչված չէր, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված հիմքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 307-րդ հոդվածով նախատեսվում է որպես գործարքի առոչնչության, այլ ոչ թե անվավերության հիմք:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ Դատարանը կատարել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, անտեսել է Դատարանի կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 13.10.2009 թվականի թիվ 253-10-09 գրությունը, ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 21.07.2008 թվականի թիվ 206/08 բժշկական եզրակացությունը, ինչպես նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 19.09.2008 թվականի վճիռը համակցության մեջ վերոնշյալ պահանջների պահպանմամբ չգնահատելու հանգամանքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան