Գլխավոր տեղեկություն
Համար
N 1906-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.05.2011-31.03.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.31/7(531) Հոդ.148
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.03.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2006 թվականի N 1906-Ն

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 25.03.10 N 289-Ն)

1. Հաստատել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդներից գոյացող ֆինանսական միջոցները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 10
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1906-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի (այսուհետ` համարանիշեր) հատկացման աճուրդների կազմակերպման և անցկացման գործընթացը:

2. Աճուրդով տրվող համարանիշերի ցանկը և դրանց մեկնարկային գները սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, իսկ աճուրդը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ` կազմակերպիչ):

(2-րդ կետը փոփ. 25.03.10 N 289-Ն)

3. Աճուրդի լոտ է հանդիսանում տրանսպորտային միջոցը տվյալ համարանիշով հաշվառելու իրավունքը:

4. Լոտն իրացվում է սակարկությունների միջոցով: Սակարկություններն անցկացվում են աճուրդի ձևով: Աճուրդներն անցկացվում են բաց հրապարակային սակարկությունների միջոցով, դասական եղանակով` մեկնարկային գնի բարձրացմամբ:

Աճուրդները կարող են անցկացվել նաև էլեկտրոնային եղանակով:

Լոտի մեկնարկային գինը սահմանվում է համարանիշերի տրամադրման պետական տուրքի վճարի 10-ապատիկի, 20-ապատիկի, 50-ապատիկի և 100-ապատիկի չափով:

Նվազագույն հավելման չափը սահմանվում է տվյալ լոտի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:

(4-րդ կետը փոփ.,խմբ. 11.10.07 N 1179-Ն) 

5. Աճուրդների իրականացման նպատակով, կազմակերպչի ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է աճուրդային հանձնաժողով, որի կազմը պետք է բաղկացած լինի առնվազն 5 անձից: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամներից առնվազն երեքը: Հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ ճանապարհային ոստիկանության պետի հանձնարարությամբ նրա պարտականությունները կատարում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:

(5-րդ կետը խմբ. 25.03.10 N 289-Ն, լրաց. 05.05.11 N 543-Ն)

6. Աճուրդով հատկացված համարանիշերը տրվում են մինչև տրանսպորտային միջոցները հաշվառումից հանելը կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկությամբ համարանիշը փոխելը:

7. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ աճուրդով կամ նախկինում առանց աճուրդի ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի պահպանման համար սահմանված ժամկետների ավարտից հետո համարանիշերը դրվում են աճուրդի:

(7-րդ կետը խմբ. 25.03.10 N 289-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 05.05.11 N 543-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 05.05.11 N 543-Ն)

9.1. (կետն ուժը կորցրել է 05.05.11 N 543-Ն)

9.2. (կետն ուժը կորցրել է 05.05.11 N 543-Ն)

9.3. (կետն ուժը կորցրել է 05.05.11 N 543-Ն)

9.4. (կետն ուժը կորցրել է 05.05.11 N 543-Ն)

10. Աճուրդների ընթացքում վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

 

II. ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 25.03.10 N 289-Ն)

 

11. Յուրաքանչյուր տարվա աճուրդի դրվող համարանիշերի ցանկը կազմակերպչի կողմից հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով կամ էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ` ոչ ուշ, քան նախորդ տարվա դեկտեմբերի 15-ը, իսկ 2007 թվականին աճուրդի դրվող համարանիշերի ցանկը հրապարակվում է ոչ ուշ, քան 2007 թվականի հոկտեմբերի 20-ը:

(11-րդ կետը լրաց. 11.10.07 N 1179-Ն, փոփ. 05.05.11 N 543-Ն ) 

12. Աճուրդներն անցկացվում են յուրաքանչյուր քսան օրը մեկ անգամ:

13. Յուրաքանչյուր աճուրդից հետո, մասնակիցների (եթե նրանք ներկա են) ներկայությամբ, սույն կարգի 11-րդ կետում նշված ցանկից, ինչպես նաև 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերում աճուրդի դրվող նոր համարանիշերից ու նախորդ աճուրդների ընթացքում չիրացված համարանիշերից վիճակահանության միջոցով որոշվում են հաջորդ աճուրդին դրվող լոտերը՝ հանձնաժողովի կողմից մինչև աճուրդի անցկացման օրվա նախորդ օրը որոշված խմբաքանակով:

(13-րդ կետը խմբ. 25.03.10 N 289-Ն)

13.1. Բացի վիճակահանությամբ որոշված լոտերից` հաջորդ աճուրդին դրվող լոտերի ցանկում ներառվում են նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ նրանց ներկայացուցիչների պահանջով ներկայացված լոտերը: Հաջորդ աճուրդին դրվող լոտի պահանջի համար դիմումը ներկայացվում է մինչև հերթական աճուրդին մասնակցելու հայտերի ներկայացման համար սահմանված ժամկետի լրանալը:

(13.1-ին կետը լրաց. 25.03.10 N 289-Ն)

14. Կազմակերպիչն աճուրդի անցկացման մասին զանգվածային լրատվության միջոցներով և էլեկտրոնային միջոցների օգնությամբ կատարում է հրապարակային ծանուցում` աճուրդի օրվանից առնվազն 15 օր առաջ:

Կազմակերպիչն աճուրդի անցկացման վայրում ցուցատախտակի վրա աճուրդի մասին հրապարակային ծանուցում է աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:

15. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

ա) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).

բ) աճուրդի անցկացման ժամանակը և վայրը (հասցեն).

գ) աճուրդի մասին հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի.

դ) աճուրդի ձևը և անցկացման կարգը.

ե) աճուրդի ներկայացված լոտերը և դրանցից յուրաքանչյուրի մեկնարկային գինը.

զ) աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

է) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.

ը) աճուրդին մասնակցելու նախավճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները:

16. Աճուրդն սկսվում է 10.00-17.00-ն ընկած ժամանակահատվածում և ավարտվում հրապարակային ծանուցման մեջ նշված օրը:

17. (կետն ուժը կորցրել է 25.03.10 N 289-Ն)

18. Աճուրդի մասնակիցները չպետք է խոչընդոտեն աճուրդի անցկացմանն ու պետք է հետևեն աճուրդի կանոնակարգով սահմանված կանոններին:

(18-րդ կետը փոփ. 25.03.10 N 289-Ն)

 

III. ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

19. Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ճանապարհային ոստիկանությունում իրենց անվամբ հաշվառված կամ սեփականության իրավունքով տրանսպորտային միջոցներ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կամ նրանց ներկայացուցիչները: Ընդ որում, աճուրդով ձեռք բերված համարանիշը կարող է հաշվառվել ձեռք բերողի անվամբ հաշվառված կամ սեփականության իրավունքով նրան պատկանող ցանկացած տրանսպորտային միջոցի վրա:

(19-րդ կետը խմբ. 25.03.10 N 289-Ն)

20. Մինչև աճուրդն սկսելը մասնակիցները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու աճուրդի մասին ծանուցման մեջ նշված լոտերին (համարանիշերին):

21. Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք, աճուրդի հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի անցկացման օրվա նախորդ օրը, ժամը 13.00, դիմում են կազմակերպչին` ներկայացնելով տրանսպորտային միջոցի տնօրինման իրավունքը հաստատող փաստաթուղթ և տվյալ լոտի մեկնարկային գնի չափով նախավճարի վճարման անդորրագիրը:

(21-րդ կետը փոփ. 14.08.08 N 892-Ն, 25.03.10 N 289-Ն)

22. Նախավճարի մուծման դեպքում աճուրդի կազմակերպիչը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական (N 1 ձև):

23. Մեկից ավելի համարանիշերի հատկացման համար դիմած անձը պետք է ունենա համապատասխան թվով տրանսպորտային միջոցներ: Աճուրդի մասնակիցը յուրաքանչյուր համարանիշի հատկացման համար մուծում է համապատասխան թվով նախավճարներ և ստանում նույն թվով վկայական:

24. Մինչև աճուրդն սկսվելը կազմակերպիչը գրանցում է մասնակիցներին` ստուգելով նրանց ինքնությունը, աճուրդին մասնակցելու լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մյուս փաստաթղթերը, և յուրաքանչյուր մասնակցին, ներկայացված մասնակցի վկայականի համարին համապատասխան, տրամադրվում են քարտեր (անվանաքարտեր):

25. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

 

IV. ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

26. Աճուրդն սկսվում է հայտարարությամբ: Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է աճուրդի ձևը, գնային հայտեր ներկայացնելու կարգը, լոտի անվանումը, համարանիշը կամ դրա գրաֆիկական պատկերը, մեկնարկային գինը, նվազագույն հավելման չափը:

27. Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր վկայականին համապատասխանող համարով քարտը (անվանաքարտը), որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռք բերելու մասին:

Յուրաքանչյուր գնորդ իրավունք ունի գինն ավելացնելու մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ նվազագույն հավելման չափից ոչ պակաս գումարով:

(27-րդ կետը փոփ. 05.05.11 N 543-Ն ) 

28. Աճուրդավարն աճուրդը շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:

29. Հայտարարված գնով լոտը ձեռք բերելու համաձայնություն չլինելու դեպքում աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Լոտը մեկնարկային գնով 3 անգամ առաջարկելիս` գնորդների բացակայության դեպքում աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:

Աճուրդի ժամանակ մի քանի մասնակիցների կողմից միաժամանակ հավասար չափով գնային հայտ ներկայացվելու դեպքում, եթե ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվում, աճուրդավարն աճուրդում հաղթող համարված մասնակցին որոշում է վիճակահանությամբ:

Վիճակահանությամբ հավասար չափով գնային հայտ ներկայացրած մասնակիցների վկայականներին համապատասխան համարներ պարունակող քառածալ թղթերը դրվում են ծրարներում և լցվում ոչ թափանցիկ արկղի մեջ:

Աճուրդում հաղթող մասնակից է համարվում այն մասնակիցը, որի մասնակցի վկայականին համապատասխանող համարն աճուրդավարն առաջինն է հանում արկղից:

30. Աճուրդում հաղթող ճանաչված անձը և կազմակերպիչը լոտի վաճառքից հետո աճուրդի անցկացման օրն ստորագրում են արդյունքների մասին արձանագրությունը (N 2 ձև)` երեք օրինակից, որի մեկ օրինակը տրվում է հաղթողին:

Աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից արձանագրության ստորագրումից հրաժարվելու դեպքում մուծված նախավճարը չի վերադարձվում:

31. Աճուրդին մասնակցած և չհաղթած անձանց մուծած նախավճարը վերադարձվում է հինգ բանկային օրվա ընթացքում: Նախավճարը ենթակա է վերադարձման` նաև աճուրդը սույն կարգի 32-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված հիմքով չկայանալու դեպքում:

(31-րդ կետը փոփ., լրաց. 05.05.11 N 543-Ն ) 

32. Լոտի աճուրդը համարվում է չկայացած, եթե`

ա) աճուրդին չի ներկայացել ոչ մի մասնակից,

բ) աճուրդում հաղթող անձը չի մուծել լոտի ձեռքբերման գումարը,

գ) աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց:

Աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:

Տվյալ լոտի աճուրդը հայտարարվում է չկայացած` սույն կետի առաջին պարբերությունում նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:

 

V. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆ ՈՒ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

33. Էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է կազմակերպչի էլեկտրոնային կայքում (այսուհետ` կայք), որը պարունակում է սույն կարգի 15-րդ կետով նախատեսված տեղեկությունները:

34. Էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար մասնակիցը լոտի մեկնարկային գնի չափով նախավճար է սառեցնում էլեկտրոնային պլաստիկ քարտի միջոցով կամ վճարում է կազմակերպչի դրամարկղ, կամ փոխանցում դեպոզիտ հաշվին:

(34-րդ կետը փոփ. 25.03.10 N 289-Ն)

35. Աճուրդի մասնակցի գրանցումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով` կայքում նշված կարգով ներմուծելով տրանսպորտային միջոցի տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային պլաստիկ քարտի կամ աճուրդի մասնակցի քարտի տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):

36. Կազմակերպչի դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին նախավճար վճարած աճուրդի մասնակցին կազմակերպչի կողմից տրվում է աճուրդի մասնակցի քարտ, որում նշվում են քարտը տալու օրը, կազմակերպչի ինտերնետային կայքի հասցեն, մասնակցի անունը, ազգանունը, աճուրդի մասնակցի քարտի տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):

 

VI. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔԸ

 

37. Յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի մասին ծանուցման հրապարակման 15-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 13.00-ն:

Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե` հաշված առաջարկի ստացման պահից:

38. Էլեկտրոնային աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների ներկայացրած նախորդ գնային հայտը` առնվազն նվազագույն հավելման չափով:

Լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելումները կատարվում են սույն կարգի 4-րդ կետով սահմանված չափով:

39. Էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգչի միջոցով:

40. Էլեկտրոնային աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է կազմակերպչի դեպոզիտ հաշվին:

41. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարն ապասառեցվում է, իսկ կանխիկ մուծվածը կամ կազմակերպչի դեպոզիտ հաշվին փոխանցվածը վերադարձվում է երեք բանկային օրվա ընթացքում:

42. Էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե`

ա) աճուրդին չի մասնակցել որևէ մեկը,

բ) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել,

գ) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է պայմանագիր կնքելուց կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի ձեռքբերման գինը:

 

VII. ԼՈՏԻ ԳՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

43. Աճուրդում հաղթող ճանաչված անձն աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ` աճուրդի արդյունքների մասին արձանագրությամբ սահմանված ժամկետում կազմակերպչի հաշվին մուծում է ձեռք բերած լոտի գումարը` հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Ձեռքբերման գումարը չմուծելու դեպքում գործարքը համարվում է չկայացած, իսկ նախավճարը չի վերադարձվում:

44. Աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից ձեռքբերման գումարը կազմակերպչին մուծվելուց հետո արձանագրության օրինակների վրա կատարվում է կազմակերպչի կնիքով և աճուրդային հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ հաստատված «Գումարը մուծված է» գրառումը, և դրա երկու օրինակը տրվում է հաղթողին: Երրորդ օրինակը ներկայացվում է տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանում` համարանիշերի հատկացման համար:

Աճուրդով ձեռք բերված համարանիշը հատկացվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տուրքի վճարման անդորրագրի առկայության, իսկ հաշվառված տրանսպորտային միջոցներին` նաև նախկին համարանիշերի հանձնման դեպքում:

45. Սակարկությունների կազմակերպման ու անցկացման, փոստային, հեռագրային, գրասենյակային, տրանսպորտային միջոցների և այլ հիմնական միջոցների շահագործման ու ամորտիզացիոն և մյուս ծախսերը կատարվում են աճուրդների ընթացքում իրացված լոտերի գնից:

46. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո երեք բանկային օրվա ընթացքում կազմակերպչի դեպոզիտ հաշվին փոխանցել կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը:
Հաղթողի կողմից գնման գնի չվճարման դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է կազմակերպչի դեպոզիտ հաշվում:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

47. Աճուրդի մասին արձանագրությունները կարվում են առանձին գրքերում և պահպանվում կազմակերպչի արխիվում` 3 տարի ժամկետով:

48. Դատարանը սույն կարգի խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, կարող է ճանաչել անվավեր:

49. (կետն ուժը կորցրել է 25.03.10 N 289-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1


Ա Ճ ՈՒ Ր Դ Ի  Մ Ա Ս Ն Ա Կ Ց Ի  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N ----

____________________________________________________________
(կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն անունը, ազգանունը)

____________________________________________________________
(անձնագրի տվյալները)

____________________________________________________________
(տրանսպորտային միջոցի մակնիշը և նույնացման համարը)

____________________________________________________________
(տրանսպորտային միջոցի տնօրինման իրավունքը հաստատող փաստաթուղթը)

____________________________________________________________
(նախավճարի մուծման ամսաթիվը, անդորրագրի համարը)

____________________________________________________________
(նախավճարի չափը` տառերով)


Աճուրդային հանձնաժողովի

նախագահ

_________________

_________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)


____ __________ 200  թ.

 

Կ. Տ

Ձև N 2

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N----

Ա Ճ ՈՒ Ր Դ Ի  Ա Ր Դ Յ ՈՒ Ն Ք Ն Ե Ր Ի  Մ Ա Ս Ի Ն

___  __________200  թ.

_____________________

(անցկացման վայրը)

Լոտի  ________  _____________

_____________________

     (համարը)           (անվանումը)

(նկարագիրը (համարանիշը)

__________________________

_____________________

(կազմակերպության անվանումը)

(ՀՎՀՀ-ն)

___________________________

_____________________

(մեքենայի տիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը)

(անձնագրի տվյալները)

___________________________

_____________________

(աճուրդի մասնակցի վկայականի համարը)

(տրանսպորտային միջոցի մակնիշը)

___________________________

_____________________

(տրանսպորտի միջոցի տնօրինման իրավունքը

հաստատող փաստաթուղթը)

(տրանսպորտային միջոցի նույնացման
համարը)

Ճանաչվել է հաղթող:

Աճուրդային հանձնաժողովի նախագահ

___________

_____________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Աճուրդի հաղթող

___________

_____________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

_____________ ._____________.____________.______________._________

Գումարը մուծված է_________________________________________________
(գումարի չափը տառերով)

_______________________________________________________________
(գումարի մուծման ամսաթիվը, անդորրագրի համարը)

 

Աճուրդային հանձնաժողովի նախագահ

___________

_____________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

____ __________ 200  թ.

 

Կ. Տ

(հավելվածը լրաց., խմբ. 11.10.07 N 1179-Ն, փոփ. 14.08.08 N 892-Ն, լրաց., փոփ., խմբ. 25.03.10 N 289-Ն, լրաց., փոփ. 05.05.11 N 543-Ն)