Գլխավոր տեղեկություն
Տիպ
Լրացուցիչ արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունող մարմին
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Ընդունման ամսաթիվ
15.03.2002
Ստորագրման ամսաթիվ
15.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2007

Լ Ր Ա Ց ՈՒ Ց Ի Չ  Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Սեվծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների միջեվ հանցավորության, մասնավորապես, դրա կազմակերպված ձեվերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի

 

Նախաբան

 

Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ պետությունների Կառավարությունները` սույն Լրացուցիչ արձանագրության կողմերը, այսուհետ` Կողմեր,

համաձայն 1998 թ. հոկտեմբերի 2-ին Կերկիրայում ստորագրված Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների միջև հանցավորության, մասնավորապես, դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի 2-րդ, 4-րդ, 6-րդ հոդվածների և 5-րդ հոդվածի 10-րդ կետի դրույթների, այսուհետ` ՍԾՏՀ Համաձայնագիր,

գիտակցելով տարածաշրջանային նախաձեռնությունների աճող դերը և կարևորությունը` կապված հանցավորության դեմ պայքարի բնագավառում համագործակցության հետ,

հաստատելով իրենց վճռականությունը` համատեղ ջանքերով հասնել ՍԾՏՀ Համաձայնագրի դրույթների իրականացման էական բարելավման,

անդամ պետությունների իշխանությունների միջև համագործակցության համակարգման պատշաճ մակարդակ ապահովելու նպատակով,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1. Կապի սպաների ցանցի ստեղծում

 

Կողմերը կստեղծեն հանցավորության դեմ պայքարում ՍԾՏՀ կապի սպաների ցանց, այսուհետ` Ցանց, բաղկացած անդամ պետությունների կողմից նշանակված կապի սպաներից` որպես իրենց ներկայացուցիչներ:

 

Հոդված 2. Նպատակները

 

Ցանցի նպատակները հետևյալներն են.

1. ուժեղացնել համագործակցությունը հանցավորության վերահսկման ոլորտում և ապահովել Կողմերի իրավասու մարմինների միջև փոխգործողության համակարգումը,

2. ստեղծել տեղեկատվության փոխանակման ցանց անդամ պետությունների իրավապահ մարմինների միջև հանցավորության և հանցագործների դեմ արդյունավետ պայքարելու համար` ՍԾՏՀ Համաձայնագրի համաձայն:

 

Հոդված 3. Խնդիրները և գործառույթները

 

Ցանցի կապի սպաները ունեն հետևյալ խնդիրները և գործառույթները.

1. ուղարկել հարցումներ` ստացված այլ կապի սպաների կողմից, իրենց համապատասխան երկրներին, հրատապ դեպքում` մեկ օրվա ընթացքում, մյուս դեպքերում` երեք օրվա ընթացքում` ՍԾՏՀ Համաձայնագրի 5-րդ հոդվածի դրույթների համաձայն,

2. Կողմերին ուղարկել իրենց հարցումների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը` ՍԾՏՀ Համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն,

3. պարբերաբար հանդիպել` քննարկելու համար տարածաշրջանում անդրազգային հանցավորության միտումները` ՍԾՏՀ անդամ պետությունների իրավապահ գործակալությունների միջև համագործակցության նոր ձևեր որոնելու նպատակով,

4. զեկուցել և առաջարկել համապատասխան մարմիններին համագործակցության հետագա զարգացման ուղիները,

5. հեշտացնել օրենսդրական փաստաթղթերի և գործնական փորձի փոխանակումը ՍԾՏՀ անդամ պետությունների իրավապահ գործակալությունների միջև անդրազգային հանցավորության դեմ պայքարի բնագավառում:

 

Հոդված 4. Ցանցի կարգավիճակը ՍԾՏՀ-ի ներսում

 

Ցանցը հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության խումբ է, որը ստեղծված է ՍԾՏՀ Համաձայնագրի 6-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

 

Հոդված 5. Ցանցի հանդիպումների անցկացման վայրը

 

Ցանցի հանդիպումները պետք է անցկացվեն ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությունում, եթե ՍԾՏՀ նախագահող կողմի նախաձեռնությամբ այլ որոշում չկայացվի:

 

Հոդված 6. Կազմակերպումը և գործողությունը

 

1. Ցանցը պետք է գործի ՍԾՏՀ կանոնադրության և ընթացակարգերի կանոններին, ինչպես նաև ՍԾՏՀ Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

2. Յուրաքանչյուր ՍԾՏՀ անդամ պետություն, որը հանդիսանում է սույն Լրացուցիչ արձանագրության Կողմ, պետք է Ցանցում նշանակի կապի սպա և նրան փոխարինող:

3. Ցանցում կապի սպաներին նշանակելու կամ նրանց ազատելու դեպքում Կողմերը պետք է ծանուցեն ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությանը` բոլոր անդամ պետություններին տեղեկացնելու համար:

4. Ցանցը պետք է հանդիպի պարբերաբար, առնվազն տարին մեկ անգամ:

5. Ցանցը կիրականացնի իր խնդիրները հանցավորության, մասնավորապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության հարցերով աշխատանքային խմբի հովանու ներքո և զեկուցի վերջինիս:

 

Հոդված 7. Ծախսերը

 

Սույն Լրացուցիչ արձանագրության դրույթների կատարման հետ կապված` կապի սպաների բոլոր ծախսերը կկրի ուղարկող Կողմը:

 

Հոդված 8. Ազգային հաղորդակցման կետերը

 

Կողմերը պետք է որոշեն ազգային հաղորդակցման կետը իրենց ազգային իրավապահ մարմինների ներսում` նախապատվությունը տալով միջազգային համագործակցությանն առնչվող մարմիններին (Ինտերպոլ, SECI միջսահմանային հանցավորության դեմ պայքարի կենտրոն և այլն):

 

Հոդված 9. Անձնական տվյալների և տեղեկատվության պաշտպանություն

 

1. Սույն Լրացուցիչ արձանագրության շրջանակներում ստացված տեղեկատվությունը հայցող մարմնի կողմից պետք է ապահովված լինի գաղտնիության այնպիսի աստիճանով, ինչպիսին ապահովում է տրամադրող Կողմը նույնատիպ պաշտպանված տեղեկատվության համար:

2. Առանց խախտելու ՍԾՏՀ Համաձայնագրի և սույն Լրացուցիչ արձանագրության Կողմ հանդիսացող ՍԾՏՀ անդամ պետությունների համապատասխան միջազգային պարտավորությունները` սույն Լրացուցիչ արձանագրության շրջանակներում ստացված անձնական տվյալները կունենան առնվազն դրանք տրամադրող Կողմի պաշտպանվածությանը հավասարազոր պաշտպանվածություն:

 

Հոդված 10. Դիտորդներ և հրավիրված անձինք

 

1. ՍԾՏՀ դիտորդ պետությունների ներկայացուցիչները կարող են մասնակցել Ցանցի աշխատանքին` ՍԾՏՀ կանոնադրությանը և ընթացակարգերի կանոնների համաձայն:

2. Ցանցի հանդիպումներին կարող են հրավիրվել համապատասխան միջազգային հաստատություններ կամ գործակալություններ:

 

Հոդված 11. Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Լրացուցիչ արձանագրությունը բաց է յուրաքանչյուր ՍԾՏՀ անդամ պետության ստորագրման կամ միանալու համար:

2. Սույն Լրացուցիչ արձանագրության ավանդապահ հանդիսանում է ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությունը: Սույն Լրացուցիչ արձանագրության անգլերեն միակ բնօրինակը ի պահ կտրվի մշտական միջազգային քարտուղարությանը, որը յուրաքանչյուր Կողմին կփոխանցի դրա հաստատված պատճենը:

3. Սույն Լրացուցիչ արձանագրությունն ուժի մեջ կմտնի ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությանը վավերացման կամ հաստատման երրորդ փաստաթուղթը ի պահ տալու օրվանից 30 օր հետո:

4. Սույն Լրացուցիչ արձանագրությունը վավերացրած կամ հաստատած յուրաքանչյուր Կողմի համար այն ուժի մեջ կմտնի տվյալ Կողմի կողմից վավերացման կամ հաստատման երրորդ փաստաթուղթը ի պահ տրվելու օրվանից 30 օր հետո:

5. Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Լրացուցիչ արձանագրությունից` այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությանը: Դուրս գալը ուժի մեջ կմտնի մշտական միջազգային քարտուղարության կողմից այդ մասին ծանուցում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում:

6. Յուրաքանչյուր Կողմ կարող է առաջարկել սույն Լրացուցիչ արձանագրությունում կատարել փոփոխություններ: Այդպիսի փոփոխությունները կընդունվեն բոլոր Կողմերի համաձայնության դեպքում և ուժի մեջ կմտնեն համաձայն սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:

7. Սույն Լրացուցիչ արձանագրության ուժի մեջ մտնելուց երկու տարի հետո Կողմերը միջանկյալ կարգով կվերանայեն սույն Լրացուցիչ արձանագրության դրույթների իրականացմամբ ձեռք բերված արդյունքները: Վերջնական գնահատականը կտրվի ուժի մեջ մտնելուց 4 տարի հետո` համագործակցության հետագա բարելավման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Կատարված է Կիևում, 2002 թվականի մարտի 15-ին:

 

Լրացուցիչ արձանագրությունն ուժի մեջ է մտել Բուլղարիայի, Մոլդովայի և Թուրքիայի Հանրապետությունների համար 2003 թ. ապրիլի 16-ին, Ռումինիայի համար` 2003 թ. նոյեմբերի 9-ին, Ալբանիայի Հանրապետության համար` 2003 թ. նոյեմբերի 26-ին, Վրաստանի համար` 2004 թ. մայիսի 30-ին, Ուկրաինայի համար` 2005 թ. մարտի 5-ին, Հունաստանի Հանրապետության համար` 2005 թ. հունիսի 30-ին, Ռուսաստանի Դաշնության համար` 2006 թ. մարտի 16-ին, Հայաստանի Հանրապետության համար` 2007 թ. մարտի 1-ին: