Գլխավոր տեղեկություն
Համար
N 555-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.18/28(831) Հոդ.676
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 555-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2007-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի հանձնաժողովի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 336-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1289-Ա որոշման 3-րդ կետի համաձայն ստեղծված գանձապետական հատուկ հաշվի տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) սկսած 2011 թվականի հուլիսի 1-ից` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ.

2) մեկշաբաթյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետի համաձայն ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 10
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մայիսի 5-ի N 555-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2007-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 336-Ա որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1289-Ա որոշման 3-րդ կետի համաձայն ստեղծված գանձապետական հատուկ հաշվի (այսուհետ` գանձապետական հատուկ հաշիվ) տնօրինման պայմանները:

2. Գանձապետական հատուկ հաշվին կուտակված ֆինանսական միջոցների տնօրինման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը գանձապետական հատուկ հաշվի վրա կուտակված ֆինանսական միջոցների և դրանց օգտագործման մասին յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ մինչև հաջորդ ամսվա 20-ը հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

4. Գանձապետական հատուկ հաշվի վրա կուտակված ֆինանսական միջոցների ծախսման ուղղությունների և չափաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը, կիսամյակային կտրվածքով, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

5. Գանձապետական հատուկ հաշվի վրա կուտակված ֆինանսական միջոցները կարող են օգտագործվել հետևյալ ուղղություններով`

1) տավարաբուծության զարգացման նպատակով արտերկրից համաշխարհային լավագույն` կաթնատու և կաթնամսատու ցեղերի տոհմային երինջների, ինչպես նաև մսատու ցեղերի արտադրող ցուլերի գնման և գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ և անասնապահությամբ զբաղվող առևտրային ընկերություններին տարաժամկետ վճարման պայմանով հատկացման համար.

2) նախկինում ներկրված կենդանիների վերարտադրության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստացված սերնդից լավագույն կենդանիների գնման և տարաժամկետ վճարման պայմանով գյուղացիական տնտեսություններին` տոհմային երինջների, իսկ գյուղական համայնքներին (համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրի համաձայն)` տոհմային արտադրող ցուլերի հատկացման համար.

3) Հայաստանի Հանրապետությունում ընտրասերման արդյունքում ստացված տավարի կովկասյան գորշ ցեղի տոհմային երինջների գնման և տարաժամկետ վճարման պայմանով գյուղացիական տնտեսություններին հատկացնելու համար.

4) կովերի արհեստական սերմնավորման գործընթացը խթանելու նպատակով:

6. Միջգերատեսչական հանձնաժողովը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ուղղություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ծրագիր-առաջարկություն, որի հիման վրա հետագայում իրականացվում է ֆինանսական միջոցների օգտագործումը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան