ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
24 մայիսի 2011 թ. |
1984 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՄԵԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1979 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԵԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԴԻՏԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ (ԵԴԳԾ) ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց` «1984 թվականի սեպտեմբերի 28-ին Ժնևում ստորագրված` «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» 1979 թվականի կոնվենցիայի` Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցային ծրագրի (ԵԴԳԾ) երկարաժամկետ ֆինանսավորման վերաբերյալ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 28.03.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» 1979 թվականի կոնվենցիայի` Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցային ծրագրի (ԵԴԳԾ) երկարաժամկետ ֆինանսավորման վերաբերյալ արձանագրությունն ստորագրվել է 1984 թվականի սեպտեմբերի 28-ին` Ժնև քաղաքում:
«Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1997 թվականի մայիսի 22-ին:
2. Արձանագրության նպատակն է ապահովել Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցության ծրագրի երկարաժամկետ ֆինանսավորումը:
Արձանագրության անբաժանելի մաս է կազմում հավելվածը:
3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`
●ապահովել «Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցային ծրագրի» (այսուհետ` ԵԴԳԾ) ֆինանսավորումը պարտադիր վճարների հաշվին, որոնք լրացվում են կամավոր վճարներով: Վճարները կատարել փոխարկելի և ոչ փոխարկելի արժույթով և բնեղենով (հոդվ. 3, կետ 1),
● կատարել պարտադիր վճարները տարեկան սկզբունքով (հոդվ. 3, կետ 2),
● կանխիկով կատարված պարտադիր վճարները և կամավոր վճարներն ուղղել Ընդհանուր նպատակային ֆոնդ (հոդվ. 3, կետ 5),
● պարտադիր վճարները կատարել Արձանագրության հավելվածի պայմաններին համապատասխան (հոդվ. 4, կետ 1),
● Արձանագրության մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճի առաջացման դեպքում` ձգտել լուծում գտնել բանակցությունների միջոցով կամ վեճի կողմերի համար ընդունելի` վեճերի կարգավորման այլ ցանկացած մեթոդի միջոցով (հոդվ. 7):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 1984 թվականի սեպտեմբերի 28-ին Ժնևում ստորագրված` «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» 1979 թվականի կոնվենցիայի` Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցային ծրագրի (ԵԴԳԾ) երկարաժամկետ ֆինանսավորման վերաբերյալ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|