Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-963
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.01/31(834) Հոդ.729
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

24 մայիսի 2011 թ.

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՖԱՐՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի հոկտեմբերի 27-ին Ֆարոյում ստորագրված՝ Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան ստորագրվել է 2005 թվականի հոկտեմբերի 27-ին Ֆարո քաղաքում:

Կոնվենցիայի հիմնական նպատակն է ճանաչել մշակութային ժառանգությանը վերաբերող իրավունքները, որպես մշակութային կյանքին հաղորդակցվելու իրավունքի անբաժանելի մաս, անհատական և կոլեկտիվ պատասխանատվությունը մշակութային ժառանգության նկատմամբ:

Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն մշակութային ժառանգությունն անցյալից ժառանգված ռեսուրսների ամբողջություն է, որը, անկախ իր պատկանելության, մարդիկ համարում են իրենց մշտապես փոփոխվող արժեքների, հավատալիքների, իմացությունների, ավանդույթների արտացոլումն ու արտահայտումը: Միաժամանակ, կոնվենցիայի 4-րդ հոդվածում ամրագրված է, որ յուրաքանչյուր մարդ կոլեկտիվ իրավունք ունի օգտվելու մշակութային ժառանգությունից և կատարելու իր ներդրումը, իսկ մշակութային ժառանգության նկատմամբ իրավունքի կիրառումը կարող է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

2. Շրջանակային կոնվենցիայի համաձայն Հայաստանի Հանրապետությունը հետևյալ բնագավառներում ստանձնում է մի շարք պարտավորություններ.

ա) մշակութային ժառանգության բնագավառի օրենսդրության և քաղաքականության բնագավառում

- ճանաչել հասարակության համար, իրենց նշանակությանը համապատասխան, մշակութային ժառանգության բաղկացուցիչ մասերին առնչվող հանրային շահերը,

- բարձրացնել մշակութային ժառանգության արժեքը՝ հայտնաբերման, ուսումնասիրման, մեկնաբանման, պահպանության, պաշտպանության և օգտագործման միջոցով,

- ապահովել մշակութային ժառանգության իրավունքի իրականացման՝ կոնվենցիայի 4-րդ հոդվածով սահմանված կոնկրետ պայմանները՝ օրենսդրությունում համապատասխան դրույթներ նախատեսելու եղանակով,

- ամրապնդել տնտեսական և սոցիալական մթնոլորտը, ինչը կնպաստեր մշակութային ժառանգության բնագավառում իրականացվող գործունեությանը մասնակցությանը,

- խրախուսել մշակութային ժառանգության պահպանությունը որպես կայուն զարգացման, մշակութային բազմազանության և ժամանակակից ստեղծագործության փոխկապակցված նպատակների կարևորագույն գործոն,

- ճանաչել ծագումից անկախ, իր տարածքում իր իրավասության ներքո գտնվող մշակութային ժառանգության արժեքը,

բ) մշակութային ժառանգության վերաբերյալ երկխոսության բնագավառում

- խրախուսել մշակութային ներկայացման էթիկայի և մեթոդների մասին մտորումները, ինչպես նաև հարգանքը տարաբնույթ մեկնաբանումների նկատմամբ,

- նախաձեռնել հաշտեցման գործընթացներ, որպեսզի արդարացիորեն կանոնակարգվեն այնպիսի իրավիճակներ, երբ միևնույն մշակութային ժառանգությունը վիճարկելի արժեք է տարբեր հանրությունների համար,

- զարգացնել մշակութային ժառանգության մասին գիտելիքները, որպես խաղաղ գոյակցության ամրապնդման աղբյուր՝ վստահության և փոխըմբռնման եղանակով հակամարտությունները կանխարգելելու և կանոնակարգելու համար,

- ինտեգրել այդ մոտեցումները կրթության և մասնագիտական պատրաստման բոլոր բնագավառներում,

գ) շրջակա միջավայրի, ժառանգության և կենսամակարդակի բնագավառում

- հարստացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և մշակութային զարգացման ու հողօգտագործման պլանավորման գործընթացները՝ իրականացնելով մշակութային ժառանգության վրա դրանց հետևանքների գնահատումը՝ անհրաժեշտության դեպքում նախատեսելով փոխհատուցման միջոցներ,

- նպաստել մշակութային, կենսաբանական, երկրաբանական և լանդշաֆտային բազմազանության ոլորտներում ինտեգրված մոտեցումը՝ հավասարակշռության հասնելու համար,

- ամրապնդել սոցիալական համախմբվածությունը՝ մարդկանց բնակության վայրերի համար ընդհանուր պատասխանատվության զգացում դաստիարակելու միջոցով,

- ապահովել ժամանակակից փոխակերպումների արդյունքում շրջակա միջավայրի պահպանության հավելումների որակավորման խնդիրը՝ առանց վտանգելու դրանց մշակութային արժեքները,

դ) մշակութային ժառանգության կայուն օգտագործման բնագավառում

- խրախուսել մշակութային ժառանգության ամբողջականության նկատմամբ հարգանքը, հասնելով նրան, որ փոփոխությունների մասին որոշումները ներառեն նշյալ մշակութային արժեքներին առնչվող հասկացություններ,

- մշակել և առաջ մղել կայուն կառավարման սկզբունքները, ինչպես նաև խրախուսել ժառանգության պահպանությունը,

- ապահովել, որպեսզի բոլոր կանոնակարգերում տեխնիկական ընդհանուր նորմերում ուշադրության արժանանան մշակութային ժառանգության հատուկ պայմանները,

- նպաստել ավանդույթների վրա հիմնված նյութերի, տեխնիկական մեթոդների և կարողությունների օգտագործմանը, ինչպես նաև հետազոտել ժամանակակից պայմաններում դրանց կիրառման հնարավորությունները,

- խրախուսել բարձրորակ աշխատանքը՝ առանձին անձանց, գործարարների և հաստատությունների մասնագիտական որակավորման և հավատարմագրման համակարգի միջոցով,

ե) մշակութային ժառանգության և տնտեսական գործունեության բնագավառում

- խորացնել մշակութային ժառանգության կարևորության գիտակցումը և նրա տնտեսական ներուժի օգտագործումը,

- տնտեսական քաղաքականություն մշակելիս հաշվի առնել մշակութային ժառանգության շահերն ու հատուկ բնույթը,

- ապահովել, որպեսզի այդ քաղաքականության շրջանակներում հարգվի մշակութային ժառանգության ամբողջականությունը և միևնույն ժամանակ չխարխլվեն նրա հիմնարար արժեքները,

զ) մշակութային ժառանգության ոլորտում պետական մարմինների պատասխանատվության ապահովման բնագավառում

- խրախուսել բոլոր ոլորտներում և բոլոր մակարդակներում պետական մարմինների այնպիսի մոտեցում, որը կլինի համալիր և հիմնված կլինի ամբողջական տեղեկատվության վրա,

- մշակել իրավական, ֆինանսական և պրոֆեսիոնալ շրջանակները, որոնցում հնարավոր կլիներ իրականացնել պետական մարմինների, փորձագետների, մասնավոր սեփականատերերի, ներդրողների, գործարարների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համատեղ գործունեությունը,

- զարգացնել պետական մարմինների մյուս մասնակիցների հետ համագործակցության նորարարական մոտեցումները,

- հարգել և խրախուսել կամավոր նախաձեռնությունները, որոնք լրացնում են պետական մարմինների դերը,

- խրախուսել ժառանգության պահպանմամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին՝ գործել ողջ հասարակության շահերից,

է) մշակութային ժառանգության մատչելիության և ժողովրդավարական մասնակցության բնագավառում

- խրախուսել համընդհանուր մասնակցությունը մշակութային ժառանգության հայտնաբերման, ուսումնասիրման, մեկնաբանման, պահպանության, պաշտպանության և օգտագործման գործընթացին,

- խրախուսել համընդհանուր մասնակցությունը մշակութային ժառանգության հնարավորություններին վերաբերող հասարակական մտորումներին և քննարկումներին,

- հաշվի առնել այն նշանակությունը, որը յուրաքանչյուր համայնք տալիս է այն մշակութային ժառանգությանը, որի հետ ինքն իրեն նույնականացնում է,

- ճանաչել մշակութային ժառանգության ոլորտի քաղաքականության մեջ կամավորական կազմակերպությունների դերը և՛ որպես գործընկեր, և՛ որպես կառուցողական քննադատ,

- քայլեր ձեռնարկել ժառանգության մատչելիությունը կատարելագործելու ուղղությամբ՝ հատկապես երիտասարդության և բնակչության սակավապահովված խավերի համար,

ը) մշակութային ժառանգության և գիտելիքի բնագավառում

- նպաստել մշակութային ժառանգության ներառմանը կրթության բոլոր մակարդակներում, ընդ որում, ոչ միայն որպես առանձին, այլև որպես մյուս առարկաներն ուսումնասիրելու բարենպաստ աղբյուր,

- ամրապնդել կապը մշակութային ոլորտի կրթության և մասնագիտական պատրաստության միջև,

- աջակցել մշակութային ժառանգության, մշակութային համայնքների, միջավայրի և նրանց փոխգործակցության ոլորտներում միջառարկայական հետազոտությունները,

- խրախուսել մշտական մասնագիտական պատրաստումը և գիտելիքների ու հմտությունների փոխանակումն ինչպես կրթական համակարգի ներսում, այնպես էլ՝ նրա շրջանակներից դուրս,

թ) մշակութային ժառանգության և տեղեկատվական հասարակության բնագավառում

- զարգացնել թվային տեխնոլոգիաների օգտագործումը՝ մշակութային ժառանգության և դրա հետ կապված բարիքների մատչելիությունն ընդլայնելու համար,

 ժ) մոնիտորինգի և համագործակցության բնագավառում

- Եվրոպայի խորհրդի միջոցով զարգացնել մշակութային ժառանգության նկատմամբ օրենսդրության, քաղաքականության և պրակտիկան ընդգրկող դիտանցման համակարգը,

- պահպանել, զարգացնել և ներմուծել տվյալներ հասարակությանը հասանելի համատեղ տեղեկատվական համակարգ, որը կնպաստեր կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման գնահատմանը:

Կոնվենցիայի 5-րդ բաժնում նախատեսված են դրույթներ կոնվենցիայի ստորագրման, ուժի մեջ մտնելու, փոփոխման և կիրառման վերաբերյալ:

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներից և համահունչ են սոցիալ-մշակութային բնագավառում պետության առջև դրված սահմանադրաիրավական այլ խնդիրներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2005 թվականի հոկտեմբերի 27-ին Ֆարոյում ստորագրված՝ Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

 2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


24 մայիսի 2011 թ.
ՍԴՈ-963

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան