Գլխավոր տեղեկություն
Համար
N 631-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.17/37(840) Հոդ.738
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 631-Ն

 

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» N 103-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» բառերը փոխարինել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» բառերով.

2) 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սահմանել, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) կենդանիների հիվանդությունների (այդ թվում` թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների) լաբորատոր ախտորոշման սահմանումը,

բ) կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի փորձաքննության կազմակերպումը,

գ) սերոմոնիթորինգի իրականացումը,

դ) շիճուկաբանական հետազոտությունների իրականացումը,

ե) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին օրգանիզմների, հիվանդությունների և մոլախոտերի հայտնաբերումը:

4. Թույլատրել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) կենդանական և բուսական ծագում ունեցող մթերքի և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացում,

բ) լաբորատոր և այլ մեթոդներով կենդանիների հիվանդությունների ախտորոշում,

գ) բակտերիոլոգիական, շիճուկաբանական, թունաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների իրականացում,

դ) գյուղատնտեսական կենդանիների կլինիկական զննումների և հետազոտությունների իրականացում,

ե) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկրվող և արտահանվող բույսերի, բույսերի պաշտպանության միջոցների, բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքների, կարգավորվող առարկաների լաբորատոր փորձաքննություն:»:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` քննարկել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի կազմի և արժեքի փոփոխության վերաբերյալ առաջարկություններ:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը և ապահովել այդ փոփոխությունների պետական գրանցումն իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մայիսի 23
Երևան