Գլխավոր տեղեկություն
Համար
N 1424-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.04.2011-06.09.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.17/58(792) Հոդ.1304
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2010 թվականի N 1424-Ն

 

ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 310-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի 4.4.1-ին կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման 1-ին կետը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը և 12-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրին` համաձայն N 1 հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին աջակցել Հայաստանի Հանրապետությունում միջուկային բժշկության ոլորտի զարգացմանը և իրականացնել ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման աշխատանքների կառավարումը, այդ թվում` ցիկլոտրոնի գնման, տեղափոխման, տեղադրման, գործարկման և համապատասխան շինարարական աշխատանքների համակարգումը, կառավարման ու մասնագիտական անհրաժեշտ աշխատակազմով համալրումը, ախտորոշիչ սարքավորումներով հագեցումը, հնարավոր ներդրողների հետ բանակցությունների իրականացումը, համապատասխան պայմանագրերի կազմումը, անհրաժեշտ իրավական փաստաթղթերի նախագծերի մշակումը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենի աջակցությամբ` ապահովել`

ա. բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպության հետ «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնի ձեռքբերման պայմանագիր կնքելու գործընթացը,

բ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ բելգիական «ՔեյԲիՍի ԷնՎի» բանկի հետ ցիկլոտրոնի ձեռքբերման ֆինանսավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության անունից վարկային համաձայնագիր կնքելու գործընթացը.

2) լիազորել Հայաստանի Հանրապետության անունից կնքելու բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպության հետ «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնի ձեռքբերման պայմանագիրը:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մշակել և ներդնել ուռուցքաբանության ոլորտի բուժօգնության ստանդարտներն ու ընթացակարգերը` դրանցում ներառելով միջուկային բժշկության կիրառմամբ պայմանավորված հետազոտման, ախտորոշման ու բուժման գործնական բաղադրիչները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել ռադիոիզոտոպների արտադրության և աշխատողների անվտանգության ու առողջության պահպանման սանիտարական կանոնները և նորմերը:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2011 թվականից ապահովել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա համապատասխան բուհերում ու գիտական կազմակերպություններում միջուկային բժշկության ոլորտի համար մասնագետների պատրաստումը` տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով բարձրագույն կրթության համար նախատեսված միջոցների հաշվին:

6. Հիմնադրել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն): Ընկերության կանոնադրությունը հաստատելու, պետական գրանցման համար անհրաժեշտ գործողությունները կատարելու և օրենքով սահմանված կարգով ընկերության հիմնադրի մյուս լիազորություններն իրականացնելու, ինչպես նաև ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

7. Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել` 5000000 դրամ, որը համապատասխանում է 5000 հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկամսյա ժամկետում հաստատել ընկերության կանոնադրությունը:

9. Ընկերության կանոնադրական կապիտալը վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 5000000 դրամ գումար` 5000 հատ բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):

(9-րդ կետը փոփ. 14.04.11 N 388-Ն)

10. Հաստատել ընկերության խորհրդի կազմը հինգ անդամից, որի մեջ ներառել ներկայացուցիչներ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից (համաձայնությամբ), «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունից, և ընկերության գործադիր տնօրենին:

10.1. «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրների 2 հասցեում գտնվող հողամասից 13500 քառ. մետր հողամասը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նշված հողամասից 3000 քառ. մետրը` ռադիոիզոտոպների արտադրություն կազմակերպելու, իսկ 10500 քառ. մետրը` պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոն և ուռուցքաբանական կլինիկա հիմնելու նպատակով` համաձայն N 2 հավելվածի:

(10-րդ կետը լրաց. 14.04.11 N 388-Ն)

11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառուցման նախագծման աշխատանքների իրականացման, համապատասխան փորձագիտական թույլտվությունների ստացման համար անհրաժեշտ բյուջետային վարկի տրամադրման վերաբերյալ:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում «ՑԻԿԼՈՆ-30» իզոտոպների արտադրության համալիրի տեղադրմանը և Հայաստանի Հանրապետությունում Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրին հավանություն տալու մասին» N 310-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշման հավելվածում «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» բառերը փոխարինել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» բառերով.

2) որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշման հավելվածում «ՑԻԿԼՈՆ-30» անվանումը փոխարինել «ՑԻԿԼՈՆ 18/18» անվանմամբ:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. նոյեմբերի 11
Երևան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

 հոկտեմբերի 7-ի N 1424-Ն որոշման

ՀՈՂԱՄԱՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ
(Հավելվածը լրաց. 14.04.11 N 388-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան