Գլխավոր տեղեկություն
Համար
N 941-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.05.2011-26.12.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.27/48(420) Հոդ.916
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.09.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2005 թվականի N 941-Ն

ԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել անվան փոխման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 12
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 23-ի N 941-Ն որոշման

ԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. 16 տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը։

2. Անունը փոխել ցանկացող չափահաս անձն անվան փոխման մասին դիմումը ներկայացնում է անձամբ` իր մշտական բնակության վայրի կամ ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային մարմին։

3.16-18 տարեկան անձը դիմում է ՔԿԱԳ-ի տարածքային մարմին անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում և ծնողների գրավոր համաձայնությամբ։

4. Մինչև 16 տարեկան երեխաների անվան փոխման մասին դիմումը տրվում է նրա ծնողի (ծնողների) կամ օրինական ներկայացուցիչների կողմից։ 10 տարին լրացած երեխայի անվան փոխման դեպքում անհրաժեշտ է նրա համաձայնությունը։

Մինչև 16 տարեկան երեխաների անվան փոխումը կատարվում է նրանց ծննդյան ակտային գրանցման մեջ համապատասխան փոփոխություն մտցնելու միջոցով. ծննդյան ակտի գրառման մեջ գրանցվում է փոփոխման ժամանակը, այն հաստատվում է ՔԿԱԳ-ի մարմնի կնիքով և ՔԿԱԳ-ի մարմնի ղեկավարի ստորագրությամբ։

5. Անվան փոխման մասին դիմումի մեջ պետք է նշված լինեն հետևյալ տեղեկությունները`

ա) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), բնակության վայրը, ընտանեկան դրությունը (ամուսնացած է, այրի է, ամուսնալուծված է, ամուսնացած չէ).

բ) դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը.

գ) դիմողի և անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի մասին նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների տվյալները.

դ) անունը փոխել ցանկացող անձի ընտրած անունը, հայրանունը, ազգանունը.

ե) անունը փոխելու պատճառները.

զ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

6. Անվան փոխման մասին դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն`

ա) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

բ) ՔԿԱԳ-ի այն վկայականները, որոնք փոխվելու են անվան փոխման հետևանքով.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 21.04.11 N 448-Ն)

դ) տեղեկանք բնակության մասին, եթե անձնագրում բացակայում է հաշվառման մասին նշումը.

ե) 16 տարին չլրացած անձի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությունն անվան փոխման մասին.

զ) դիմողի խնդրանքը հիմնավորող փաստաթղթեր.

է) (ենթակետն ուժը կորցրել է 21.04.11 N 448-Ն)

ը) (ենթակետն ուժը կորցրել է 21.04.11 N 448-Ն)

Զինծառայողները ներկայացնում են նաև զորամասից (զինվորական կառավարման մարմնից) ծառայության մասին տեղեկանք։

Անհրաժեշտության դեպքում ՔԿԱԳ-ի տարածքային մարմինն իրավասու է պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր։

ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարը պարտավոր է դիմողին բացատրել այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ անվան փոխման դեպքում։

(6-րդ կետը փոփ., լրաց. 21.04.11 N 448-Ն)

7. Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից երկամսյա ժամկետում։ Հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը` մեկ ամսով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետը՝ առավելագույնը` 2 ամսով՝ ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարի միջնորդագրի հիման վրա։

8. Մինչև 16 տարեկան երեխաների անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝

ա) անվան, ազգանվան անբարեհնչունության.

բ) անվան, ազգանվան արտասանության դժվարության.

գ) ծնողների համաձայնությամբ մյուս ծնողի ազգանուն կրելու.

դ) եթե ծնունդ գրանցելիս երեխային ազգանուն կամ անուն է տրվել առանց ծնողների ցանկությունը հաշվի առնելու.

ե) եթե երեխան փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն՝ ելնելով երեխայի շահերից.

զ) եթե ծննդի գրանցման մեջ նշված է երեխայի թերի անունը (փաղաքշական, կրճատ, փոքրացնող)։

(8-րդ կետը լրաց. 15.10.09 N 1165-Ն)

9. 16 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝

ա) անվան, հայրանվան, ազգանվան անբարեհնչունության.

բ) անվան, հայրանվան, ազգանվան արտասանության դժվարության.

գ) ամուսնու ցանկության՝ մյուս ամուսնու հետ միասին մեկ ընդհանուր ազգանուն կրելու.

դ) մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության.

ե) երեխաների հետ միասին ընդհանուր ազգանուն կրելու ցանկության, եթե ամուսինը մահացել է, իսկ դիմողը եղել է մինչամուսնական ազգանունով.

զ) դիմողի` փաստորեն դաստիարակող անձի անունով հայրանուն և ազգանուն կրելու ցանկության.

է) դիմողի ազգությանը համապատասխան ազգանուն և անուն կրելու ցանկության.

ը) դիմողի տոհմական ազգանունը կրելու ցանկության.

թ) եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն։

Մյուս դեպքերում անվան փոխում թույլատրվում է միայն բացառության կարգով` յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաստաթղթերը։

(9-րդ կետը լրաց. 15.10.09 N 1165-Ն)

10. Ընդունելով անվան փոխման մասին դիմումը՝ ՔԿԱԳ-ի մարմինը քաղաքացիական կացության ակտերի պահպանման վայրերի ՔԿԱԳ-ի մարմիններից ստանում է այն գրառումների պատճենները, որոնցում անվան փոխման կապակցությամբ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ։ Քաղաքացիական կացության ակտերի պահպանման վայրերի ՔԿԱԳ-ի մարմինները հարցումներին պատասխանում են 3-օրյա ժամկետում։

11. Եթե կորել են քաղաքացիական կացության ակտերի այն գրառումները, որոնցում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել, ապա անվան փոխման գրանցում իրականացվում է միայն սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրառումները վերականգնելուց հետո։

12. Եթե անվան փոխման մասին դիմումի հետ միասին ներկայացված փաստաթղթերում և ստացված քաղաքացիական կացության ակտերի գրառումների պատճեններում առկա են տեղեկությունների անհամապատասխանություններ, ապա նման անհամապատասխանությունները պետք է վերացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

13. Անուն փոխել ցանկացող` 16 տարեկանից բարձր տարիք ունեցող անձի դիմումը մյուս փաստաթղթերի հետ միասին ուղարկվում է նրա մշտական բնակության վայրի ոստիկանություն՝ եզրակացություն ստանալու նպատակով։ Եզրակացության մեջ պետք է նշվեն անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ քրեական գործ հարուցված լինելու, քրեական պատիժ կրելու, նրա դատվածության և հետախուզման մեջ գտնվելու մասին։

14. Դիմումի մեջ նշված և իրենց հավաստի լինելու մեջ կասկած հարուցող փաստաթղթերում եղած փաստերն ու տեղեկություններն ուսումնասիրվում են ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից՝ համապատասխան կազմակերպություններին հարցումներ ուղարկելու միջոցով։

15. Ներկայացված փաստաթղթերի և ստուգման արդյունքների հիման վրա ՔԿԱԳ-ի տարածքային մարմինն անվան փոխման մասին իր եզրակացության հետ միասին կազմում է գործ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալություն։

16. Անվան փոխման գրանցման վերաբերյալ ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի եզրակացությունը կազմվում է 2 օրինակից։ Առաջին օրինակը մնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում, երկրորդ օրինակը գործի հետ միասին ուղարկվում է եզրակացությունը կազմող ՔԿԱԳ-ի տարածքային մարմին։

17. Անվան փոխման գրանցման վերաբերյալ ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի եզրակացությունը հաստատվում կամ մերժվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետի կողմից, որի մասին նշվում է եզրակացության վերին աջ անկյունում՝ «Հաստատում եմ» կամ «Մերժում եմ» մակագրությամբ։

18. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից ներկայացված գործի նյութերը ոչ լրիվ լինելու դեպքում կարող է դրանք վերադարձնել լրացուցիչ ուսումնասիրության, գրավոր նշելով գործում առկա թերությունները, փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունների անհամապատասխանությունները և այլն։

19. Անվան փոխման գրանցումը ՔԿԱԳ-ի մարմինների կողմից մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն կարգի և այլ իրավական  ակտերի պահանջներին, անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն։

(19-րդ կետը փոփ. 15.10.09 N 1165-Ն)

20. ՔԿԱԳ-ի տարածքային մարմինը 10-օրյա ժամկետում անվան փոխման համար դիմած անձին գրավոր տեղեկացնում է նրա խնդրանքը բավարարելու կամ մերժելու մասին։

21. Այն դեպքում, երբ փոփոխություններ պետք է կատարվեն մեկ այլ ՔԿԱԳ-ի տարածքային մարմնում գտնվող ակտային գրանցումներում, ապա անվան փոխման եզրակացությունը կազմող ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարը կնիքով հաստատված եզրակացության պատճենը հաղորդման հետ միասին ուղարկում է համապատասխան ՔԿԱԳ-ի տարածքային մարմին։

22. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների գտնվելու վայրի ՔԿԱԳ-ի տարածքային մարմինը դրանցում անհրաժեշտ փոփոխություններ է կատարում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության հանրապետական արխիվ հաղորդում ուղարկում գրանցումների երկրորդ օրինակներում փոփոխություններ կատարելու մասին։

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ կատարելուց հետո նշվում է փոփոխություն կատարելու ժամանակը և հիմքը, որը հաստատվում է ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կնիքով և պետի ստորագրությամբ։

23. Անվան փոխման խնդրանքը բավարարելու դեպքում քաղաքացին պարտավոր է մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՔԿԱԳ-ի տարածքային մարմին` անվան փոխման գրանցումը կատարելու համար։ Նշված ժամկետը բաց թողնելու դեպքում քաղաքացու կրկնակի միջնորդությունը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից ընդունվում և քննարկվում է ընդհանուր կարգով։

Անվան փոխման մասին պետական գրանցում կատարելուց հետո քաղաքացու անձնագրի առաջին էջում դրվում է դրոշմակ` «Անձնագիրը ենթակա է փոխման»՝ նշելով փոխման դիմում տալու վերջնաժամկետը՝ 15 օր։

24. Անվան փոխման գրանցումը մերժելու մասին ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քաղաքացուն տրվում է գրավոր պարզաբանում մերժման պատճառների մասին։ Քաղաքացուն բացատրվում է մերժումը բողոքարկելու կարգը և նրա կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են իրեն, իսկ լուսապատճենները և դիմումը պահվում են ՔԿԱԳ-ի մարմնում։

Անվան փոխման գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով։

Դիմողի խնդրանքն անունը փոխելու մասին նույն հիմքով երկրորդ անգամ քննարկվում է միայն անվան փոխումը մերժելու որոշման դեմ դատական կարգով բերված բողոքի բավարարումից հետո։

Նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների, ինչպես նաև զինծառայողների անունը փոխելու դեպքում ՔԿԱԳ-ի տարածքային մարմինը մեկշաբաթյա ժամկետում դրա մասին տեղյակ է պահում նրանց գրանցման (գրանցում չունեցողներինը` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ։

25. Անվան փոխման ակտի գրառման հիման վրա անունը փոխած անձի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների մեջ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ, և դրանց հիման վրա տրվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նոր վկայականներ: Փոփոխություններ են կատարվում հետևյալ գրանցումներում՝

ա) ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս՝ դիմողի ծննդի գրանցման մեջ.

բ) այն դեպքերում, երբ անձը նախկինում ամուսնացած է եղել, որը, ազգանվան փոփոխությունը գրանցելու պահին, լուծված է եղել, փոփոխություններ կատարվում են՝

եթե ամուսնալուծությունից հետո ամուսինը մնացել է մինչամուսնական ազգանունով՝ ծննդի գրանցման մեջ և ամուսնալուծության գրանցման մեջ,

եթե ամուսինն ամուսնալուծությունից հետո մնացել է մյուս ամուսնու ազգանունով կամ նախկին ամուսնության ամուսնու ազգանունով՝ ամուսնալուծության գրանցման մեջ.

գ) երբ ամուսնալուծության կապակցությամբ ազգանունը փոխվել է մինչամուսնական ազգանվամբ՝ ամուսնալուծության գրանցման մեջ.

դ) ամուսնության մեջ գտնվող անձի կողմից ազգանունը, այդ թվում՝ մինչամուսնական ազգանունը՝ ամուսնության գրանցման մեջ.

ե) ամուսնության մեջ գտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս, եթե այդ անձն ամուսնությունը գրանցելուց հետո մնացել է մինչամուսնական ազգանունով՝ ծննդի գրանցման մեջ և ամուսնության գրանցման մեջ.

զ) ամուսնության մեջ գտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս, եթե այդ անձն ամուսնությունը գրանցելուց հետո մնացել է նախորդ ամուսնության ամուսնու ազգանունով՝ ամուսնության գրանցման մեջ.

է) ամուսնության մեջ գտնվող անձի կողմից մինչամուսնական ազգանունն ամուսնու ազգանունով փոխելիս՝ ամուսնության գրանցման մեջ.

ը) անունը կամ հայրանունը փոխելիս՝ ծննդի գրանցման մեջ, իսկ ամուսնության մեջ գտնվող անձանց նկատմամբ նաև ամուսնության գրանցման մեջ։

Սույն կետի «բ» -«ը» ենթակետերում թվարկված դեպքերում, եթե դիմողը գտնվում է ոչ առաջին ամուսնության մեջ, ապա ամուսնության նախորդ գրանցումներում, ինչպես նաև ամուսնալուծության գրանցումներում փոփոխություններ չեն կատարվում։

Ծնողների կողմից անվան փոխման դեպքում անչափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոխվում են ծնողների մասին տեղեկությունները:

Չափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների մասին տեղեկությունները փոխվում են տվյալ անձի դիմումի հիման վրա՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ծնողների կողմից ազգանվան և հոր կողմից անվան փոխման դեպքում 16 տարին չլրացած երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ծնողների համաձայնությամբ փոխվում են երեխայի ազգանունը և հայրանունը:

26. Անվան փոխման գրանցում կատարվում է դրանցում եղած տեղեկությունները ջնջելու՝ վրան հորիզոնական գիծ քաշելու և գրանցումների համապատասխան սյունակներում նոր տեղեկություններ լրացնելու միջոցով։ Գիծը քաշվում է այնպես, որպեսզի նախկին տեղեկությունները հնարավոր լինի կարդալ։

27. Ծնողների ազգանունների և հոր անվան փոխման կապակցությամբ չափահաս երեխաների ազգանվան և հայրանվան փոխումն իրականացվում է անվան փոխման պետական գրանցման համար սահմանված կարգով:

28. Անչափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կատարված փոփոխությունների հիման վրա տրվում է ծննդյան նոր վկայական:

29. Անվան փոխման գրանցման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով։

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան