Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-966
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.15/35(838) Հոդ.827
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.06.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

3 հունիսի 2011 թ.

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ 207-Ն ՈՐՈՇՄԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչ Ա. Մաշինյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 1-ին և 4-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 13.01.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշումը, ՀՀ օրենսդրության այլ ակտեր, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի դեկտեմբերի 2-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի դեկտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` սույն գործով վիճարկվող 1-ին և 4-րդ հոդվածները համապատասխանաբար սահմանում են.

 

«Հոդված 1. Հայրենական մեծ պատերազմի վետերաններ հասկացությունը

 

Սույն օրենքով` Հայրենական մեծ պատերազմի վետերաններ (այսուհետ` վետերաններ) են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներն ու Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները: Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող կամ գտնվող Հայրենական մեծ պատերազմին մասնակցած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 4. Վետերանների սոցիալական պաշտպանվածության իրավունքը

 

Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում, ինչպես նաև արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով:

Վետերաններին էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով, իսկ հաշմանդամ վետերաններին` նաև գազի, ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմամատակարարման վարձերը վճարելու համար տրվում է ամենամսյա դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

Հաշմանդամ վետերաններն իրավունք ունեն նաև`

ա) («ա» կետն ուժը կորցրել է 29.11.06 ՀՕ-224-Ն օրենքով).

բ) 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վարձերը.

գ) ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վետերանն ստանում է ամենամսյա պատվովճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ և չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:

Սույն հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին»:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 207-Ն որոշումն ընդունվել է 2004թ. փետրվարի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացվել է 2004թ. մարտի 2-ին: Այդ որոշումը սահմանում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը:

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 672-Ն որոշմամբ թիվ 207-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչվել: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը 2011թ. մայիսի 5-ին ընդունված «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» թիվ 668-Ն որոշմամբ վերակարգավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգի հետ կապված հարաբերությունները՝ այդպիսի օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկում ընդգրկելով նաև «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրով նախատեսված այլ կատեգորիայի անձանց:

 

2. Դիմող կողմը վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ ներկայացնելով փաստարկներ` գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները: Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված` «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» 1994թ. ԱՊՀ համաձայնագրի գործողությունը տարածվում է քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների հաշմանդամների ու մասնակիցների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների և անձանց այն դասերի վրա, որոնց, համաձայն նշված համաձայնագրին կից 1-ին հավելվածի, տրամադրված են արտոնություններ նախկին ԽՍՀՄ օրենսդրությամբ: Այսպիսով, ինչպես եզրակացնում է դիմող կողմը, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արտոնությունները չպետք է պակաս լինեն նշված համաձայնագրին կից 2-րդ հավելվածով սահմանված արտոնությունների և երաշխիքների ծավալից:

Միաժամանակ, ըստ դիմող կողմի, վերոհիշյալ համաձայնագրի համակարգային վերլուծությունից բխում է, որ սահմանված արտոնությունների մեծ մասի կիրառման ապահովման համար պահանջվում է ներպետական մակարդակով համապատասխան իրավական ակտի ընդունում` արտոնության կիրառման կարգի նախատեսմամբ: Բացի դրանից, համաձայնագրին կից 2-րդ հավելվածով սահմանված են մի շարք արտոնություններ, որոնք ընդհանրապես տեղ չեն գտել ՀՀ օրենսդրության մեջ կամ իրավահավասարության սկզբունքի խախտմամբ առանձին սոցիալական խմբերի համար սահմանվել են մասնակիորեն` հակասելով համաձայնագրի պահանջներին: Ըստ դիմող կողմի` համապատասխան արտոնություններ սահմանող նորմատիվ դրույթները հակասում են ՀՀ կողմից ստանձնված միջազգային պարտավորություններին` նաև արտոնությունների բովանդակության համապատասխանության տեսանկյունից:

Դիմող կողմը գտնում է նաև, որ համաձայնագրի կիրառման բնագավառում առկա են նաև բազմաթիվ օրենսդրական բացեր և հակասություններ, մասնավորապես, 1994թ. ԱՊՀ համաձայնագրի 1-ին հավելվածով թվարկված բազմաթիվ դասերի անձինք, այդ թվում` 1994թ. ԱՊՀ համաձայնագրի 1-ին հավելվածի 2.3 կետում նշվածները, չեն ներառվել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձանց ցանկում: Միևնույն ժամանակ, նշված անձինք իրավակիրառական պրակտիկայում դիտվում են որպես պատերազմի վետերաններին կամ հաշմանդամ վետերաններին հավասարեցված անձինք և օգտվում են ՀՀ օրենսդրությամբ վերջիններիս համար սահմանված արտոնություններից (բացառությամբ ամենամսյա պատվովճարի, որն օրենքով նախատեսված է միայն Հայրենական մեծ պատերազմին մասնակցած անձանց համար):

 

3. Պատասխանող կողմ ներգրավված ՀՀ Ազգային ժողովի դիրքորոշման համաձայն` «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 4-րդ հոդվածում առկա իրավակարգավորումը չի կարող հակասել ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածում ամրագրված՝ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքին, քանի որ «օրենքի առջև հավասարության սահմանադրական սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն իբրև զուտ ձևական հավասարություն, այլ իբրև իրավունքների ու ազատությունների օրենսդրական կարգավորման գնահատման սահմանադրական չափանիշ և, այս առումով, չպետք է բացառել այդ սկզբունքի կիրառման տարբեր դրսևորումների հնարավորություն, երբ ձևական հավասարության հաստատումը կարող է հանգեցնել նյութական անհավասարության: Մասնավորապես, տնտեսական և սոցիալական իրավունքների ու ազատությունների ձևական հավասարության դեպքում որոշակի կատեգորիայի սուբյեկտներ կարող են հայտնվել անհավասար կարգավիճակում...: Իրավահավասարության սկզբունքի խախտում կհամարվեր, երբ միևնույն կարգավիճակն ունեցող անձը ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի 2-րդ մասում նշված որևէ հիմքով զրկվեր արտոնությունից կամ առավելությունից: Մինչդեռ օրենքը առանց որևէ բացառության միևնույն կատեգորիայի անձանց համար սահմանում է հավասար արտոնություններ և առավելություններ»:

Ըստ պատասխանող կողմի՝ ՀՀ Ազգային ժողովի, վերոհիշյալ օրենքի վիճարկվող դրույթը չի հակասում նաև ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածով ամրագրված յուրաքանչյուրի՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունքին, քանի որ «տվյալ դեպքում օրենքով սահմանվել են արտոնություններ և առավելություններ որոշակի կատեգորիայի անձանց նկատմամբ: Ընդ որում, օրենքում նշված կատեգորիայի անձանց սոցիալական ապահովության իրավունքի իրականացման եղանակներն ու մեխանիզմները նախատեսված են այլ օրենքներով...»: Ըստ ՀՀ Ազգային ժողովի դիրքորոշման` «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները չեն կարող հակասել ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ մասին, քանզի օրենքի վիճարկվող դրույթի պարագայում իրավունքների սահմանափակման թույլատրելի կամ ոչ թույլատրելի շրջանակների մասին խոսել չի կարելի, քանի որ տվյալ պարագայում առկա է ոչ թե երաշխավորված իրավունք և դրա սահմանափակում, որը պետք է համապատասխանի սահմանափակման միջազգայնորեն սահմանված շրջանակներին, այլ առկա է որոշակի կատեգորիայի անձանց համար օրենքով սահմանված արտոնություն:

Ըստ պատասխանող կողմ ներգրավված ՀՀ կառավարության դիրքորոշման` «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշման վիճարկվող դրույթները չեն հակասում ՀՀ Սահմանադրության 14.1-րդ, 37-րդ, 40-րդ հոդվածներին և 43-րդ հոդվածի 2-րդ մասին, քանի որ «ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել են որոշակի արտոնություններ հավասարապես բոլոր նրանց համար, ովքեր ունեն հաշմանդամ վետերանների և նրանց հավասարեցված անձանց կարգավիճակ», և որ ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածն իր ամբողջական արտացոլումն է գտել վերոհիշյալ իրավական ակտերում: ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ մասին վիճարկվող դրույթների անհամապատասխանության վերաբերյալ ՀՀ կառավարությունը գտնում է, որ իրավական այդ ակտերով սահմանվում են ոչ թե սահմանափակումներ, այլ տրամադրվում են արտոնություններ որոշակի կատեգորիայի անձանց համար, և այդպիսիք չեն կարող դիտարկվել որպես հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներ:

 

4. Սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականությունը գնահատելիս հիմք ընդունել.

- ՀՀ միջազգային պայմանագրերի իրավաբանական ուժի և դրանցում ամրագրված նորմերի կիրառելիության սահմանադրական իրավակարգավորման բովանդակությունը,

- միջազգային պայմանագրերով և օրենքներով սահմանված` մարդու և քաղաքացու այլ իրավունքների ու ազատությունների երաշխավորման անհրաժեշտության սահմանադրական սկզբունքը,

- անձանց իրավունքները (այդ թվում՝ արտոնությունները) իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը բացառապես օրենքով սահմանելու վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջը,

- մինչև սահմանադրական դատարանում գործի դատաքննությունը կամ դրա ընթացքում վիճարկվող իրավական ակտի կամ դրա դրույթի վերացման կամ ուժը կորցնելու իրավական հետևանքների վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի պահանջը:

Սույն գործի առարկայի շրջանակներում վետերանների սոցիալական պաշտպանության հետ կապված հարաբերությունների միջազգային իրավական կարգավորումն իրականացվում է «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ին ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրով, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 26-ից: Այդ համաձայնագրի, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի և դրանց կատարումն ապահովելու կոչված` սույն գործով վիճարկվող ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշման, ինչպես նաև սոցիալական ապահովության բնագավառի ՀՀ օրենսդրության այլ ակտերի համադրված վերլուծությունը վկայում է, որ, մասնավորապես` հիշյալ համաձայնագրի 1-ին հավելվածի 2.3 կետով նախատեսված անձինք, որոնց համար վերոնշյալ միջազգային համաձայնագրի համաձայն (2-րդ հոդված) պետք է նախատեսվեին արտոնություններ, դուրս են մնացել այդպիսի իրավակարգավորման շրջանակից: ՀՀ օրենսդրությունը նաև մասնակիորեն է անդրադարձել վերոհիշյալ համաձայնագրով նախատեսված արտոնությունների ողջ ծավալին:

 

5. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

Սահմանադրաիրավական այդ նորմի բովանդակությունից հետևում է, որ ՀՀ միջազգային պայմանագրերը նորմատիվ իրավական ակտեր են, որոնք ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են, այսինքն՝ բովանդակում են իրավակարգավորման համապատասխան բնագավառի սուբյեկտների համար վարքագծի պարտադիր կանոններ, ունեն ՀՀ օրենքներից և իրավական այլ ակտերից առավել բարձր իրավաբանական ուժ, ենթակա են պարտադիր կատարման ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից ՀՀ ողջ տարածքում:

Օրենքի նկատմամբ ՀՀ միջազգային պայմանագրերի գերակայության սահմանադրական սկզբունքն ամրագրված է ՀՀ գործող օրենսդրության բազմաթիվ ակտերում, այդ թվում` նաև «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում, որն ուղղակիորեն սահմանել է, որ «Եթե ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:

ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ նորմատիվ դրույթի բովանդակությունից ոչ միայն բխում է անձանց իրավունքների իրացման ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները հատկապես օրենքով կարգավորելու, այլև այդ հարաբերությունները լիարժեք և, առաջին հերթին՝ իրավունքի սկզբունքներին համապատասխան կարգավորելու սահմանադրաիրավական պահանջ:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն Սահմանադրությամբ ամրագրված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ: ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն հիշյալ իրավակարգավորումը սահմանափակման ենթակա չէ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդպիսի իրավունքներից և ազատություններից (այդ թվում՝ արտոնություններից) օգտվելը նույնպես անձի իրավունք է, որը ենթակա է երաշխավորման ու պաշտպանության ներպետական օրենսդրությամբ: Միաժամանակ, օրենքով և իրավական այլ ակտերով չեն կարող բացառվել միջազգային որևէ պայմանագրով նախատեսված իրավունքներ ու ազատություններ (այդ թվում՝ արտոնություններ) կամ սահմանափակվել այդպիսիք:

ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման և իրավակիրառական պրակտիկայում դրանց միակերպ ընկալումն ապահովելու անհրաժեշտության հետ միաժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է նաև Սահմանադրության նորմերի անմիջական գործողության վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի սկզբունքային պահանջը և դրա անվերապահ կատարման անհրաժեշտությունը:

 

6. Անդրադառնալով «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթների սահմանադրականության խնդրին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրի խնդիրն է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում օրենքով նախատեսել անհրաժեշտ իրավակարգավորումներ՝ ապահովելու համար այդ պարտավորությունների կատարումը միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին, հետևաբար` նաև ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված սկզբունքին համապատասխան, որոնք միտված լինեն ոչ միայն պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու, այլև անձանց իրավունքները երաշխավորված պաշտպանելու նպատակին: Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ին ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրի դրույթների ոչ լիարժեք իրացումը պայմանավորված է ոչ թե վերոհիշյալ օրենքի վիճարկվող դրույթների սահմանադրականության խնդրով, այլ իրավակիրառական պրակտիկայում այդ նույն օրենքի 3-րդ հոդվածի նորմատիվ պահանջի անտեսմամբ:

ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-668 որոշմամբ (5-րդ կետ) արձանագրել է, որ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքը սահմանելով «Հայրենական մեծ պատերազմի վետերաններ» հասկացությունը, չի անդրադարձել համաձայնագրի թիվ 1 հավելվածի 2.3 կետում նշված անձանց, և որ իրավակիրառական պրակտիկայում «պատերազմի վետերաններ» հասկացությունը մեկնաբանելիս՝ անվերապահորեն պետք է հիմք ընդունել նաև համաձայնագրի թիվ 1 հավելվածի 2.3 կետի դրույթները: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ինչպես վկայում է իրավակիրառական պրակտիկան, ՍԴՈ-668 որոշման հիշյալ պահանջը չի իրացվել: Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառական պրակտիկայում հիշյալ օրենքի 3-րդ հոդվածի նորմատիվ պահանջը պետք է հաշվի առնվի ոչ միայն «պատերազմի վետերաններ» հասկացության, այլև անձանց նկատմամբ համաձայնագրով նախատեսված արտոնությունները լրիվ ծավալով կիրառելու առնչությամբ: Անդրադառնալով պատասխանող կողմի (ՀՀ կառավարություն) հայտնած այն դիրքորոշմանը, համաձայն որի` «ՀՀ Սահմանադրական դատարանի 28.11.2006թ. թիվ ՍԴՈ-668 որոշման 5-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները նորից հաշվի առնելու անհրաժեշտություն չկա», սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, վերահաստատելով ՍԴՈ-943 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, իրավակիրառական պրակտիկան պարտավոր է հաշվի առնել իրավական ակտերի (դրանց առանձին դրույթների) սահմանադրաիրավական բովանդակության վերաբերյալ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այլ պրակտիկայի ձևավորումը կհակասի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:

 

7. ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ կառավարությունն ընդունում է որոշումներ՝ ապահովելու համար նաև միջազգային պայմանագրերի և օրենքների կատարումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

ՀՀ կառավարության սահմանադրական պարտականությունն է իր որոշմամբ սահմանել «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ին ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրի, ինչպես նաև «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի դրույթների կատարման կարգն ու պայմանները՝ այնպիսի ծավալով ու բովանդակությամբ, ինչպիսին անմիջականորեն բխում է այդ ակտերից և Սահմանադրությամբ ու օրենքներով իրեն վերապահված լիազորություններից` հաշվի առնելով նաև սահմանադրական դատարանի ՍԴՈ-668 որոշման 5-րդ կետում արտահայտված դիրքորոշումը:

Վերոհիշյալ համաձայնագրի և օրենքի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական ապահովության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության այլ ակտերի դրույթների համադրված վերլուծությունը վկայում է, որ 2004 թվականի փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը լիարժեք պայմաններ չի նախատեսել Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նրանց հավասարեցված անձանց, զոհված զինծառայողների ընտանիքների՝ ՀՀ միջազգային պայմանագրով և «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունների և երաշխիքների ամբողջական իրացումն ապահովելու համար: ՀՀ կառավարությունը չի անդրադարձել նաև ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-668 որոշման կատարման ապահովմանը: Մասնավորապես` կառավարության հիշյալ որոշման իրավակարգավորման շրջանակներից դուրս են թողնվել ՀՀ միջազգային համաձայնագրով պատերազմի հաշմանդամ համարվող որոշակի թվով անձինք (հիշյալ համաձայնագրի 1-ին հավելվածի 2.3 կետ), որոնք նախկինում օգտվել են պատերազմի հաշմանդամների համար նախատեսված արտոնություններից: ՀՀ կառավարության 05.02.2004թ. թիվ 207-Ն որոշմամբ նախկին որոշումները ուժը կորցրած ճանաչելով և հիշյալ անձանց համար դրամական փոխհատուցում չնախատեսելով` տեղի է ունեցել նրանց` ՀՀ միջազգային պարտավորություններով նախատեսված իրավունքի արգելափակում: Ընդ որում, ՀՀ դատական պրակտիկան նույնպես փաստել է, որ պատերազմի հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ քաղաքացիների պահանջը հստակ իր լուծումն է ստացել «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ին ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրում, սակայն հենվելով ՀՀ կառավարության` սույն գործով վեճի առարկա որոշման վրա` չի բավարարվել քաղաքացիների հայցադիմումը` իրենց արտոնությունները պահպանելու կամ դրամական փոխհատուցում տալու հարցով:

ՀՀ սահմանադրական դատարանը հիմնավոր է համարում դիմող կողմի դիրքորոշումը՝ ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշման սահմանադրականության վերաբերյալ, գտնելով, որ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 6-րդ (1-ին և 4-րդ մասեր), 42-րդ (1-ին մաս), 44-րդ, 85-րդ (2-րդ մաս) հոդվածներով, ինչպես նաև «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ կառավարությունը պարտավոր էր իր որոշմամբ ապահովել Հայրենական մեծ պատերազմի վետերանների և նրանց հավասարեցված անձանց սոցիալ-տնտեսական արտոնությունների գործողությունը կամ դրանց դրամական փոխհատուցումը` նաև այն կատեգորիայի անձանց համար, որը նախատեսված է հիշյալ համաձայնագրի 1-ին հավելվածի 2.3 կետում:

Միաժամանակ, սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունն իր` 2011թ. մայիսի 5-ի թիվ 672-Ն որոշմամբ սույն գործով վիճարկվող թիվ 207-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչել: Իր` 2011թ. մայիսի 5-ին ընդունված «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» թիվ 668-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը վերակարգավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգի հետ կապված՝ 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունները: Նման օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկում ընդգրկվել են նաև «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրով նախատեսված անձանց:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ կետով, 63-րդ, 64-րդ և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 1-ին և 4-րդ հոդվածները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածին (2-րդ մաս), 85-րդ հոդվածին (2-րդ մաս), 43-րդ հոդվածին (2-րդ մաս) հակասող ճանաչել ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշումը` «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ին ԱՊՀ շրջանակներում կնքված և Հայաստանի Հանրապետության համար 1996 թվականի փետրվարի 26-ից ուժի մեջ մտած համաձայնագրի 1-ին հավելվածի 2.3 կետում նշված անձանց իրավունքների իրացման կարգ չնախատեսելու և այդ իրավունքներն արգելափակելու մասով՝ հաշվի առնելով սույն որոշման պատճառաբանական մասի 6-րդ և 7-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները և ի գիտություն ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 668-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


3 հունիսի 2011 թ.

 ՍԴՈ-966

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան