Գլխավոր տեղեկություն
Համար
N 1823-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.05.2011-19.06.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.06.12/16(148) Հոդ.1282
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2002 թվականի N 1823-Ն

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 379 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 26.02.04 N 221-Ն, 09.03.06 N 301-Ն)

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» կետին, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 200 որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.02.04 N 221-Ն, 09.03.06 N 301-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 15-ի «Զբաղվածության պետական ծառայության մասին» N 379 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 25
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 14-ի N 1823-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 26.02.04 N 221-Ն, 09.03.06 N 301-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ զբաղվածության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ. 26.02.04 N 221-Ն, 09.03.06 N 301-Ն, խմբ. 05.05.11 N 553-Ն)

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են՝

ա) զբաղվածության պետական կարգավորման գործառույթների իրականացման ապահովումը.

բ) զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրերի իրականացման ապահովումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) գործատուներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից տեղեկություններ ստանալը թափուր աշխատատեղերի, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին, որոնց հետևանքով կարող են լինել աշխատանքից ազատումներ.

բ) աշխատանք փնտրող անձանց ուղեգրելը` գործատուների մոտ համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում.

գ) զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների` ըստ ծրագրերի ուղղվածության օգտագործում.

դ) անձանց ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով իրավասու մարմիններից նրանց զբաղվածության, կենսաթոշակ ստանալու և պարտադիր սոցիալական ապահովագրական վճարումներ կատարած լինելու մասին տեղեկություններ ստանալը.

ե) վերլուծական հետազոտությունների կատարում, աշխատուժի առաջարկի ու պահանջարկի կանխատեսում.

զ) աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

է) աշխատուժի արտաքին և ներքին տեղաշարժի կարգավորմանն ուղղված ծրագրերի իրականացում, աշխատանք փնտրող անձանց օժանդակելը` ընտրելու հարմար աշխատանք, իսկ գործատուներին անհրաժեշտ մասնագիտություն և որակավորում ունեցող մասնագետներով ապահովելը.

ը) աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվությամբ ապահովելը.

թ) աշխատանք փնտրող անձանց հաշվառման իրականացում.

ժ) գործազուրկի կարգավիճակ տալը և գործազրկության նպաստ նշանակելը.

ժա) գործազուրկի կարգավիճակի, գործազրկության նպաստի վճարման կասեցում կամ դադարեցում, օրենքով սահմանված դեպքերում հաշվառումից հանելը.

ժբ) անձի կասեցված գործազուրկի կարգավիճակի վերականգնում և գործազրկության նպաստի վճարում.

ժգ) նշանակված, սակայն գործազրկության նպաստ նշանակող մարմնի մեղքով չվճարված, կալանավորված անձի` մինչև կալանավորման կամ դատապարտման օրը չստացած, ինչպես նաև նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացված գործազրկության նպաստի միանվագ վճարման ապահովում.

ժդ) զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի նախագծերի մշակում և հաստատվելուց հետո դրանց իրականացման ապահովում.

ժե) գործազուրկների, երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող ու աշխատաշուկայում անմրցունակ աշխատանք փնտրող` չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման, ինչպես նաև հաշմանդամների աշխատանքային ունակությունների վերականգնման աշխատանքների կազմակերպում.

ժզ) հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ձևավորման աշխատանքների նախաձեռնում.

ժէ) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրերի մշակում և իրականացում` հանրապետական ու տարածքային համաձայնեցման կոմիտեների հետ համատեղ.

ժը) այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկների նյութական ծախսերի հատուցում.

ժթ) ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին ֆինանսական աջակցության տրամադրում.

ի) վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպմանն աջակցելը` ապահովելով անհրաժեշտ աշխատուժով.

իա) 12 ամիս գործազրկության նպաստ ստանալու իրավունք և առնվազն 35 տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկներին, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուն մնացել է մինչև 5 տարի, լրացուցիչ սոցիալական երաշխիքների տրամադրման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.

իբ) 12 ամիս գործազրկության նպաստ ստանալու իրավունք և առնվազն 35 տարվա ապահովագրական ստաժ ունեցող այն գործազուրկների, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև մեկ տարի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետից շուտ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.

իգ) առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստի վճարում.

իդ) հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչներին, գրավոր հարցման հիման վրա, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի իրականացման  մասին տեղեկատվության տրամադրում.

իե) օտարերկրյա պետություններում աշխատանքային գործունեության ծավալման, մասնագիտական ուսուցման ցանկություն ունեցող անձանց իր իրավասության սահմաններում տեղեկատվության տրամադրում և խորհրդատվության իրականացում, ինչպես նաև նրանց և օտարերկրյա պետությունների գործատուների միջև միջնորդության իրականացում.

իզ) տեղեկատվական բազայի ստեղծում և վարում` զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի հասցեականության ապահովման, աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունավետ իրականացման նպատակով.

իէ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին բնակչության զբաղվածության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

իը) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակելով համապատասխան տեղեկատվություն.

իթ) նախարարի կամ նախարարի տեղակալի հանձնարարությամբ` միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում աշխատաշուկայի կարգավորման համատեղ ծրագրերի իրականացում.

լ) քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկում, դրանց պատասխանելը և ընթացք տալը.

լա) իր իրավասության սահմաններում` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի և պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացի իրականացման ապահովում.

լբ) գործակալության բյուջետային և արտաբյուջետային պլանավորման և ֆինանսավորման գործընթացին մասնակցություն.

լգ) գործակալության հաշվապահական հաշվառման վարում.

լդ) զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայտի կազմում և այն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, իսկ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի մասով` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ներկայացնելը.

լե) տարածքային մարմիններից ստացված զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցների մասին հաշվետվությունների ամփոփում և դրանք Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, իսկ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի մասով` նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ներկայացնելը.

լզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) կազմում, ներդնում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

լէ) տարածքային մարմիններից ստացված զբաղվածության մասին վիճակագրական հաշվետվությունների ամփոփում և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացնելը.

լը) իր իրավասության սահմաններում` զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի կատարման նկատմամբ մոնիթորինգի իրականացում.

լթ) աշխատուժի շուկայի վիճակի, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի համար ծախսված ֆինանսական միջոցների (տարեկան առնվազն 2 անգամ) մասին տեղեկությունների պարբերաբար հրապարակում` զանգվածային լրատվության միջոցներով.

խ) յուրաքանչյուր եռամսյակ նախարարին` միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, զբաղվածության ամենամյա պետական և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով իրականացվող ծրագրերի կատարման ընթացքի և մոնիթորինգի մասին հաշվետվություն ներկայացնելը.

խա) մարզկենտրոնում գտնվող տարածքային մարմինների կողմից, որպես մարզային տարածքային կենտրոններ, նաև հետևյալ գործառույթների իրականացում`

տվյալ մարզի տարածքային մարմինների կողմից հավաքված` աշխատաշուկայի մասին տվյալների ամփոփում և դրանց հիման վրա` մարզի աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման կատարում, 

տվյալ մարզի տարածքային մարմինների կողմից կազմված զբաղվածության տարածքային ծրագրերի նախագծերի ամփոփում, դրանց հիման վրա զբաղվածության մարզային տարեկան ծրագրերի նախագծերի կազմում և դրանք գործակալության համապատասխան բաժին ներկայացնելը,

տարածքային մարմիններից ստացվող վիճակագրական հաշվետվությունների ամփոփում և դրանք գործակալության համապատասխան բաժին ներկայացնելը։

(8-րդ կետը խմբ. 09.03.06 N 301-Ն)

 

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Գործակալության պետն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(9-րդ կետը խմբ. 09.03.06 N 301-Ն)

10. Գործակալության պետը պատասխանատու է բնակչության զբաղվածության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է նախարարին, նախարարի՝ գործակալության գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

(11-րդ կետը փոփ. 09.03.06 N 301-Ն)

12. Գործակալության պետը՝

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան՝ սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.

ը) սահմանում է իր տեղակալի իրավասությունները.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքերում գործակալության պետի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ, մարզային և տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

Գործակալության տարածքային մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, գործակալության և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք:

(15-րդ կետը խմբ. 09.03.06 N 301-Ն)

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 14-ի N 1823-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 26.02.04 N 221-Ն, 09.03.06 N 301-Ն)

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Բաժիններ

 

Աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման բաժին

Ծրագրերի համակարգման բաժին

Աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժին

Տարածքային կենտրոնների աշխատանքների համակարգման բաժին

Տնտեսագիտական բաժին

Ֆինանսահաշվապահական բաժին

 

II. Մարզային մարմիններ

 

Արտաշատի զբաղվածության մարզային կենտրոն

Արմավիրի  զբաղվածության մարզային կենտրոն

Աշտարակի զբաղվածության մարզային կենտրոն

Գավառի զբաղվածության մարզային կենտրոն

Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոն

Գյումրու զբաղվածության մարզային կենտրոն

Հրազդանի զբաղվածության մարզային կենտրոն

Կապանի զբաղվածության մարզային կենտրոն

Եղեգնաձորի զբաղվածության մարզային կենտրոն

Իջևանի զբաղվածության մարզային կենտրոն

 

III. Տարածքային մարմիններ

 

Արարատի զբաղվածության տարածքային կենտրոն

Վեդու զբաղվածության տարածքային կենտրոն

Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոն

Բաղրամյանի զբաղվածության տարածքային կենտրոն

Վաղարշապատի զբաղվածության տարածքային կենտրոն

Ապարանի զբաղվածության տարածքային կենտրոն

Ծաղկահովտի զբաղվածության տարածքային կենտրոն

Թալինի զբաղվածության տարածքային կենտրոն

Ճամբարակի զբաղվածության տարածքային կենտրոն

Մարտունու զբաղվածության տարածքային կենտրոն

Սևանի զբաղվածության տարածքային կենտրոն

Վարդենիսի զբաղվածության տարածքային կենտրոն

Ալավերդու զբաղվածության տարածքային կենտրոն

Սպիտակի զբաղվածության տարածքային կենտրոն

Ստեփանավանի զբաղվածության տարածքային կենտրոն

Տաշիրի զբաղվածության տարածքային կենտրոն

Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոն

Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոն

Չարենցավանի զբաղվածության տարածքային կենտրոն

Ամասիայի զբաղվածության տարածքային կենտրոն

Աշոցքի զբաղվածության տարածքային կենտրոն

Արթիկի զբաղվածության տարածքային կենտրոն

Մարալիկի զբաղվածության տարածքային կենտրոն

Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոն

Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոն

Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոն

Վայքի զբաղվածության տարածքային կենտրոն

Ջերմուկի զբաղվածության տարածքային կենտրոն

Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոն

Բերդի զբաղվածության տարածքային կենտրոն

Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Երևան քաղաքում`

 

Կենտրոնի, Նորք-Մարաշի զբաղվածության տարածքային կենտրոն

Էրեբունու, Նուբարաշենի զբաղվածության տարածքային կենտրոն

Արաբկիրի զբաղվածության տարածքային կենտրոն

Մալաթիա-Սեբաստիայի զբաղվածության տարածքային կենտրոն

Աջափնյակի զբաղվածության տարածքային կենտրոն

Դավթաշենի զբաղվածության տարածքային կենտրոն

Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոն

Քանաքեռ-Զեյթունի զբաղվածության տարածքային կենտրոն

Ավանի զբաղվածության տարածքային կենտրոն

Նոր Նորքի զբաղվածության տարածքային կենտրոն

Երևանում մարզային կենտրոնի գործառույթները կատարում են գործակալության բաժինները

(Կառուցվածքը լրաց. 24.02.05 N 186-Ն, խմբ., լրաց. 09.03.06 N 301-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան