ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2005 թվականի N 835-Ն
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 899-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան`
1. Ստեղծել երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով:
2. Հաստատել`
ա) երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի «Անչափահաս երեխաների հետ տարվող աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողով ստեղծելու մասին» N 42, 1999 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի N 42 որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 247, 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի N 42 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 148, 2001 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի N 42 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 593 և 2002 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի N 42 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 305 որոշումները։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հոկտեմբերի 28 |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական նպատակը երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության միասնական պետական քաղաքականության ապահովմանն աջակցելն է:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
ա) երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության հիմնական երաշխիքների ապահովմանն աջակցելը.
բ) երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրները վերլուծելը և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ մշակելը.
գ) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական հիմնախնդիրների լուծմանն աջակցելը.
դ) երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնող պետական կառավարման մարմինների, հասարակական, քաղաքական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցությանն աջակցելը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար`
ա) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրի իրականացման վերաբերյալ.
բ) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերի իրականացման վերաբերյալ.
գ) քննարկում և առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի երեխայի իրավունքների պաշտպանության բաժինների գործունեությանն ուղղված քաղաքացիների դիմումների և բողոքների վերաբերյալ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
դ) առաջարկություններ է ներկայացնում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ անչափահասների շրջանում իրավախախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ.
ե) քննարկում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը և տալիս առաջարկություններ դրանց արդյունավետ իրականացման համար.
զ) քննարկում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտի հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց մասին տալիս եզրակացություն.
է) ուսումնասիրում և վերլուծում է երեխայի իրավունքների խախտման պատճառներն ու ներկայացնում առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
ը) քննարկում է Հայաստանի Հանրապետության մարզպետների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետի երեխայի իրավունքների պաշտպանության բաժինների գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և ներկայացնում ամփոփ հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության վարչապետին.
թ) առաջարկություններ է ներկայացնում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանության պետական ծրագրերի իրականացման վերաբերյալ.
ժ) աջակցում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի երեխայի իրավունքների պաշտպանության բաժինների աշխատողների վերապատրաստման գործընթացին:
(4-րդ կետը փոփ. 07.05.09 N 374-Ն)
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
6. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից:
7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով:
8. Հանձնաժողովի որոշումներն ունեն երաշխավորական բնույթ:
9. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը գումարվում են 3 ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստեր կարող են գումարվել հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:
10. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:
11. Հանձնաժողովը պետական կառավարման մարմիններից կարող է ստանալ երեխաների պաշտպանության հարցերին առնչվող նյութեր, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
Հանձնաժողովի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին են ուղարկվում նիստն սկսվելուց մեկ շաբաթ առաջ:
Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող նյութերի հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշում: Հանձնաժողովի ընդունած որոշումների մասին կազմվում է արձանագրություն:
12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող` հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի որոշմանը դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների հատուկ գրավոր կարծիքները կցվում են արձանագրությանը: Հավասար ձայների առկայության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
13. Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։
14. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը,
բ) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում նիստի օրակարգը,
գ) հրավիրում է հանձնաժողովի նիստերը,
դ) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված գրագրությունները,
ե) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում,
զ) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
15. Հանձնաժողովի անդամը`
ա) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին,
բ) հարցեր է ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը,
գ) առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովի գործունեության և նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ,
դ) ծանոթանում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններին,
ե) կատարում է հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:
16. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում հանձնաժողովի անդամներին,
բ) հանձնաժողովի անդամներին է իրազեկում հանձնաժողովի նիստերի օրվա, տեղի և ժամի մասին,
գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները,
դ) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները:
(հավելվածը փոփ. 07.05.09 N 374-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Գրիգորյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Հ. Դարբինյան |
| |
Ֆ. Բերիկյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ | |
Ա. Օրբելյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | |
Ս. Բարսեղյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ | |
Ա. Միրզախանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնակատար | |
Ժ. Ասատրյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ | |
Ն. Հովհաննիսյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթական վարչության պետ | |
Վ. Սուքիասյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի կառավարման և մոնիթորինգի վարչության պետ | |
Ն. Դուրյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի 3-րդ վարչության պետի տեղակալ | |
Լ. Ղազարյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(հավելվածը խմբ. 24.09.07 N 671-Ն, 23.06.09 N 509-Ն, 01.06.11 N 482-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.12.2012, N 1295-Ն | 07.01.2013, N 835-Ն | |
01.06.2011, N 482-Ն | 04.06.2011, N 835-Ն | |
23.06.2009, N 509-Ն | 02.07.2009, N 835-Ն | |
07.05.2009, N 374-Ն | 08.06.2009, N 835-Ն | |
24.09.2007, N 671-Ն | 04.10.2007, N 835-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|