Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-957
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.27/24(827) Հոդ.485
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
14.04.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2011

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

14 ապրիլի 2011 թ.

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 65 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅԻ ՉԱՓՈՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի փետրվարի 17-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Եվրոպական միության միջև 65 միլիոն եվրոյի չափով վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 4 ապրիլի 2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Եվրոպական միության միջև 65 միլիոն եվրոյի չափով վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2011թ. փետրվարի 17-ին Լյուքսեմբուրգում` ՀՀ ֆինանսների նախարարի և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից:

Ըստ Համաձայնագրի նախաբանի` Համաձայնագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության (այսուհետ` Վարկառու) տնտեսական կայունացմանը նպաստելու և վերջինիս վճարային և բյուջետային հաշվեկշիռը մեղմելու նպատակով, ինչպես սահմանված է Արժույթի միջազգային հիմնադրամի ընթացիկ ծրագրում:

2. Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից, 16 հոդվածներից, 3 հավելվածներից, որոնք Համաձայնագրի 12-րդ և 16-րդ հոդվածներին համապատասխան հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մասը: Համաձայնագրի անբաժանելի մաս են համարվում նաև (հոդված 12) Եվրոպական միության խորհրդի` Վարկառուին մակրոֆինանսական աջակցության տրամադրման մասին 05.12.2009թ. որոշումը, ինչպես նաև 2011թ. փետրվարի 15-ին Եվրոպական հանձնաժողովի (այսուհետ` Վարկատու), Հայաստանի և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքված` Վարկառուի կողմից կատարման ենթակա տնտեսական քաղաքականության պայմանների մասին Փոխըմբռնման հուշագիրը և Համաձայնագրի առնչությամբ կնքված ֆինանսական պայմանագրերը:

Քննության առարկա Համաձայնագրի նախաբանում արձանագրված է, որ Վարկառուն ֆինանսական աջակցություն է հայցել Եվրոպական միությունից` պարտավորվելով կատարել տնտեսական քաղաքականության այն պայմանները, որոնք շարադրված են վերը նշված Փոխըմբռնման հուշագրում: Համաձայն Համաձայնագրի նախաբանի` ՀՀ կենտրոնական բանկը պետք է գործի որպես Վարկառուի գործակալ:

Համաձայնագրի 1-ին հոդվածը սահմանում է, որ Վարկատուն Վարկառուին պետք է տրամադրի վարկ եվրոյով` 65 միլիոն ընդհանուր հիմնագումարի չափով, որը կհատկացվի երկու մասնաբաժնով` հիշատակված Որոշման, Փոխըմբռնման հուշագրում և սույն Համաձայնագրում սահմանված պայմաններին համապատասխան: Առաջին մասնաբաժնի հիմնագումարը կազմում է 26 միլիոն եվրո, իսկ երկրորդ մասնաբաժինը` 39 միլիոն եվրո: Երկրորդ մասնաբաժնի վճարումը չի կատարվի ավելի վաղ, քան առաջին մասնաբաժնի տրամադրումից առնվազն 3 ամիս հետո:

Վարկի վճարման ժամկետը չպետք է գերազանցի տասնհինգ տարին (հոդված 2):

Ըստ Համաձայնագրի 3-րդ հոդվածի` Վարկառուն կարող է ցանկացած ժամանակ, Վարկատուին ծանուցելով, ամբողջությամբ կամ մասամբ անմիջապես չեղյալ համարել վարկի չվճարված մասնաբաժինը, իսկ Վարկատուն` ծանուցելով այդ մասին Վարկառուին, կարող է ամբողջովին կամ մասամբ անմիջապես կասեցնել և/կամ չեղյալ համարել վարկի չվճարված մասնաբաժինը, եթե առկա են նշված հոդվածում նախատեսված դեպքերը:

Համաձայնագրի 4-րդ հոդվածը նվիրված է վարկի օգտագործմանը, հատկացման զուտ գումարին վերաբերող խնդիրներին և նախապայմաններին: Մասնավորապես, սահմանված է, որ Վարկառուն կարող է գրավոր մասնաբաժին հայցել` օգտագործելով Համաձայնագրի 1-ին հավելվածում ներկայացված ձևը: Վարկառուի կողմից 1-ին հավելվածում, այն է` միջոցների ստացման հայցադիմումի մեջ նշված բնութագրիչների շրջանակում Վարկատուն պետք է Վարկառուին փոխանցի ծանուցում` Համաձայնագրի 2-րդ հավելվածում ներկայացված ձևով (ընդունման ծանուցման ձև), որտեղ սահմանված կլինեն հայցվող մասնաբաժնի հիմնական ֆինանսական պայմանները:

Ֆինանսական գործարքի իրականացումից հետո միջոցների ստացման հայցադիմումը, ընդունման ծանուցումը և յուրաքանչյուր ֆինանսական գործարքի հետ կապված պայմանագրերի պատճենները պետք է հանդիսանան որպես Վարկատուի և Վարկառուի միջև կնքված ֆինանսական պայմանագիր, որը կհանդիսանա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

Համաձայնագրի նշված հոդվածում անհրաժեշտ մանրամասնությամբ շարադրված են այն փոխադարձ պարտավորությունները, որոնք վարկի մասնաբաժինների հատկացման առնչությամբ կրում են Կողմերը:

3. Համաձայնագրի 5-րդ և 7-րդ հոդվածների վերլուծությունը վկայում է, որ Համաձայնագրով Վարկառուն ստանձնում է որոշակի ֆինանսական պարտավորություններ, քանի որ վարկի յուրաքանչյուր մասնաբաժին հանդիսանում է Վարկառուի չապահովված, անմիջական, ոչ պայմանական և ընդհանուր պարտավորություն: Վարկառուն պետք է հետ վճարի յուրաքանչյուր մասնաբաժնի հիմնագումարը` փոխատվության պայմանագրերով սահմանված և Վարկատուի կողմից իրեն ծանուցված ամսաթվերին և պայմաններին համապատասխան: Համաձայն Համաձայնագրի 5-րդ հոդվածի` Կողմերն ստանձնում են կոնկրետ այլ պարտավորություններ, որոնք նախատեսված են նույն հոդվածի 2-5-րդ կետերում:

Վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր մասնաբաժնի համար վճարել տոկոս` փոխատվության պայմանագրերով սահմանված և Վարկատուի կողմից իրեն ծանուցված դրույքաչափով, ամսաթվերին և պայմաններին համապատասխան (հոդված 6):

4. Համաձայնագրի 8-րդ հոդվածում ամրագրված է, որ Վարկառուի կողմից կատարվելիք բոլոր վճարումները` հիմնագումարի, տոկոսների, վնասի փոխհատուցման գումարների և սույն Համաձայնագրով վճարման ենթակա այլ գումարների մասով, պետք է վճարվեն` ազատված լինելով բոլոր տեսակի հարկերից, միջնորդավճարներից և ցանկացած այլ պահումից Համաձայնագրի գործողության ողջ ժամանակաշրջանում: Վարկառուի կողմից բոլոր վճարումները պետք է կատարվեն եվրոյով` Վարկատուի` եվրոյով բացված հաշվեհամարին: Վարկառուն պետք է Վարկատուին ուղարկի Վարկառուի գործակալին ուղարկված իր վճարման հանձնարարականների պատճենները:

5. Համաձայնագրի 9-րդ և 10-րդ հոդվածները նվիրված են Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման առանձին դեպքերի իրավական հետևանքներին, ինչպես նաև ստուգումների իրականացման պայմաններին և կարգին, խարդախության կանխարգելմանը ու աուդիտին առնչվող` Կողմերի փոխադարձ պարտավորություններին: Մասնավորապես, Վարկառուն և Վարկառուի գործակալը պետք է տրամադրեն համապատասխան տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կարող են Վարկատուի կողմից պահանջվել գնահատումների, ստուգումների կամ աուդիտի նպատակով, պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները Վարկատուի հանձնարարություն կրող անձանց աշխատանքը դյուրացնելու համար:

6. Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են Եվրոպական միության գործունեության համաձայնագրի 272-րդ հոդվածին համապատասխան ցանկացած վեճ, որը կարող է ծագել Համաձայնագրի վավերականության, օրինականության, մեկնաբանման կամ կատարման առնչությամբ, ներկայացնել Եվրոպական միության Ընդհանուր իրավասության դատարանի բացառիկ իրավասությանն ու միջնորդությանը` Եվրոպական միության արդարադատության դատարանին դիմելու իրավունքով: Նշված դատարանների վճիռները պետք է լիակատար կերպով իրավաբանորեն պարտադիր և հարկադրաբար կիրառելի լինեն Կողմերի համար (Համաձայնագրի 13-րդ հոդված): Ըստ Համաձայնագրի 14-րդ հոդվածի` Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ոչ ուշ, քան Համաձայնագիրն ստորագրելուց 12 ամիս անց: Եթե Համաձայնագիրն ուժի մեջ չի մտնում մինչև այդ ամսաթիվը, ապա այն այլևս չի կարող պարտավորեցնող լինել Կողմերի համար:

7. Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկանքի` Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է համապատասխան ֆինանսական պարտավորություններ:

Համաձայնագրի հետազոտության արդյունքները վկայում են, որ Հայաստանի Հանրապետության` Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին և նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2011 թվականի փետրվարի 17-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Եվրոպական միության միջև 65 միլիոն եվրոյի չափով վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


14 ապրիլի 2011 թ.
ՍԴՈ-957