ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0748/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0748/02/10 2011 թ. |
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան |
Դատավորներ՝ |
Գ. Մատինյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆի | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Էվրիտա Եղիազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Էվրիտա Եղիազարյանի ընդդեմ Վրույր Հովհաննիսյանի, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Էվրիտա Եղիազարյանը պահանջել է Երևանի Գարեգին Նժդեհի 19 շենքի թիվ 74 բնակարանի արտաքին պատին կառուցված ծածկը քանդել:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 08.10.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.12.2010 թվականի որոշմամբ Էվրիտա Եղիազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.10.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էվրիտա Եղիազարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վրույր Հովհաննիսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 8-րդ կետերը, 16-րդ, 163-րդ, 188-րդ հոդվածները, 222-րդ հոդվածի 3-րդ կետը, 224-րդ հոդվածի 1-ին կետը, 277-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ հոդվածները, 8-րդ հոդվածի 2-րդ կետը, 11-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործի փաստական հանգամանքները, մինչդեռ պատշաճ գնահատման արդյունքում կհանգեր եզրակացության այն մասին, որ Էվրիտա Եղիազարյանն ունի սեփականության իրավունք վեճի առարկա բազմաբնակարան շենքը կրող կոնստրուկցիայի նկատմամբ և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի և 7-րդ հոդվածի առաջին կետի ուժով Վերաքննիչ դատարանը միանշանակ պետք է արձանագրեր Վրույր Հովհաննիսյանի կողմից Էվրիտա Եղիազարյանի սեփականության իրավունքի խախտման փաստը` անկախ այն հանգամանքից, թե վեճի առարկա թիթեղյա կառույցը վնաս հասցնում է Էվրիտա Եղիազարյանին, թե ոչ:
Այսպիսով, միայն այն փաստը, որ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Էվրիտա Եղիազարյանին պատկանող Գ.Նժդեհի թիվ 19 շենքը կրող կառուցվածքների վրա առանց մյուս սեփականատերերի համաձայնության կառուցվել է ինքնակամ կառույց, բավարար է սեփականության իրավունքի խախտման առկայությունն ապացուցված համարելու համար, ինչը դատարանի պատշաճ գնահատմանը չի արժանացել և հանգեցրել է գործի սխալ լուծման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.12.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` գործում առկա յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործի բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, պարզել է վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը, որի արդյունքում կայացրել է հիմնավորված որոշում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Երևանի Շենգավիթ համայնքի Գարեգին Նժդեհի 19 շենքի 74 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Էվրիտա Եղիազարյանին, Մարինա Գասպարյանին, Արթուր և Կարինե Ավանեսյաններին (հ. 1-ին, գ.թ. 5-6):
2. Հարևանների հայտարարության համաձայն` «Գարեգին Նժդեհի 19 շենքի արտաքին պատին կից քաղաքաշինական նորմերի և կանոնների հակառակ Վրույր Հովհաննիսյանը կառուցել է 30 մետր երկարությամբ ծածկ (շվաքարան): Վրույր Հովհաննիսյանը շվաքարանը կառուցել է առանց մեր կարծիքի և առանց մեր գրավոր համաձայնության» (հ. 1-ին գ. թ. 23):
3. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի 19 շենքի 95 շինության նկատմամբ գրանցված է Վրույր Հովհաննիսյանի սեփականության իրավունքը: Վկայականի լրացուցիչ նշումներ, փոփոխություններ բաժնում նշվում է. «25,2 քմ մակերեսով տարածքը հանդիսանում է ինքնակամ կառուցված շինություն և շենքի ընդհանուր օգտագործման տարածք է» (հ. 1-ին, գ.թ. 12-13):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն`բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն: Նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` շինության սեփականատերերն ընդհանուր բաժնային սեփականությունը տիրապետում, օգտագործում և տնօրինում են սույն օրենքով սահմանված կարգով:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`շինության սեփականատերն իրավունք ունի առանց մյուս սեփականատերերի համաձայնության, ոչ առևտրային նպատակներով, իր շինության պատերից բացել կամ փակել պատուհաններ, դռներ, մուտքեր, ծխնելույզներ, պատերի այլ բացվածքներ, աստիճանավանդակներ, աստիճաններ, իր շինության ներքին կամ արտաքին պատերի վրա կամ դրանց կից իրականացնել այլ քաղաքաշինական գործունեություն (ներառյալ այն դեպքերը, երբ այդ պատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն):
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ շինության սեփականատերերն ընդհանուր բաժնային սեփականությունը տիրապետում, օգտագործում և տնօրինում են օրենքով սահմանված կարգով, այսպես`«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է այն դեպքերը, երբ շինության սեփականատերն իրավունք ունի առանց մյուս սեփականատերերի համաձայնության ներքին կամ արտաքին պատերի վրա կամ դրանց կից իրականացնել որոշակի տեսակի քաղաքաշինական գործունեություն, մասնավորապես` օրենքով առանց մյուս սեփականատերերի համաձայնության թույլատրվում է միայն սեփականատիրոջ շինության ներքին կամ արտաքին պատերի վրա կամ դրանց կից քաղաքաշինական գործունեության իրականացումը: Այսինքն` այլ սեփականատիրոջ շինության արտաքին պատին կան դրան կից քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս անհրաժեշտ է մյուս սեփականատերերի համաձայնությունը:
Սույն գործով Դատարանը և Վերաքննիչ դատարանը հայցի մերժման հիմքում դրել են այն հանգամանքը, որ Էվրիտա Եղիազարյանի կողմից չեն ներկայացվել ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր վերջինիս իրավունքի խախտման փաստը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ապացույցների պատշաճ գնահատում չի կատարվել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքի պարզման տեսանկյունից, թե վեճի առարկա ծածկը կառուցվել է միայն Վրույր Հովհաննիսյանի պատին կից, թե նաև տարածվում է Էվրիտա Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող շինության արտաքին պատի վրա:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն անտեսել են սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող վերոնշյալ հանգամանքը, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պարզելու համար սույն գործը պետք է ուղարկվի նոր քննության:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
Դատավորներ` |
|
Վ. Ավանեսյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |