Գլխավոր տեղեկություն
Համար
N 386-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.27/24(827) Հոդ.500
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2011 թվականի N 386-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի «Ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությանը հավանություն տալու և ռազմավարությունից բխող առանձին միջոցառումների իրականացումն ապահովելու գործողությունների մասին» N 1291-Ն որոշման 1-ին կետով հավանության արժանացած Ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել`

1) կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 2 հավելվածի։».

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 1-ին էջի վերևում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով, իսկ որոշման հավելվածի վերնագիրը, հավելվածի 2-րդ կետը, հավելվածի ձևի վերնագիրը «(բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի)» բառերով.

3) որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարվան նախորդող տարիների ընթացքում ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերը, որոնք սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարվա վերջի դրությամբ մարված չեն, սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարում՝ սույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետով սահմանված պահանջների բավարարման (առկայության) դեպքում համարվում են անհուսալի և սույն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն ենթակա են դուրսգրման:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարվան նախորդող տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի համաձայն ձևավորված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին առկա ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) գումարը ճանաչվում է եկամուտ` սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարում:

4. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. ապրիլի 21
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 24-ի N 386-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

 դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է շահութահարկ վճարող ջրօգտագործողների ընկերությունների նկատմամբ ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերից առաջացած պարտավորությունների վրա (այսուհետ` դեբիտորական պարտքեր):

3. Սույն կարգի կիրառման առումով դեբիտորական պարտքը ջրօգտագործողների ընկերություններին` ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց կողմից վճարման ենթակա պարտքի գումարն է:

4. Դեբիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե այն սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանագրերով սահմանված վճարման (մարման) ժամկետում չի վճարվել (մարվել): Այն դեպքում, երբ այդ պայմանագրերով սահմանված չէ դեբիտորական պարտքի վճարման (մարման) ժամկետ, դեբիտորական պարտքի վճարման (մարման) ժամկետ է համարվում ոռոգման ջրի մատակարարման յուրաքանչյուր ամսվա համար՝ այդ ամսվան հաջորդող ամսվա վերջին օրը:

5. Սույն կարգի նպատակներով դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչումը և դուրսգրումը չեն վերաբերում ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում (հաշվապահական հաշվեկշռում) ճանաչման նպատակով դեբիտորական պարտքերի չափմանը, ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունից (հաշվապահական հաշվեկշռից) դուրսգրմանը (ապաճանաչմանը) և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում (ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում) եկամուտ կամ ծախս ներառելուն (ճանաչելուն):

6. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրումը չի համարվում դեբիտորական պարտքի ներում:

7. Այն դեպքում, երբ դեբիտորական պարտքերի գծով հաշվարկվել են տույժեր կամ տուգանքներ, ապա այդ դեբիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու և դուրս գրելու ժամանակ դրանց հետ մեկտեղ անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

 

II. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

8. Տվյալ հաշվետու տարվա վերջում (հաշվետու տարվա ավարտին) տվյալ հաշվետու տարում առաջացած և չմարված (չվճարված)` սույն կարգի 4-րդ կետում նշված կետանցված դեբիտորական պարտքերը ճանաչվում են անհուսալի, եթե ջրօգտագործողների ընկերությունների կողմից մինչև հաշվետու տարվա ավարտը, բայց ոչ ուշ՝ մինչև դեկտեմբերի 1-ը, կետանցված դեբիտորական պարտքեր ունեցող ֆիզիկական անձանց ցուցակը փակցվել է համապատասխան գյուղապետարանի՝ հանրության համար տեսանելի տեղում, որի վերաբերյալ այդ գյուղապետի հետ համատեղ կազմված ակտի մեկ օրինակը գտնվում է ջրօգտագործողների ընկերություններում և առնվազն երկու անգամ` նոյեմբերի առաջին տասնօրյակում և դեկտեմբերի առաջին տասնօրյակում, կետանցված դեբիտորական պարտք ունեցող ֆիզիկական անձանց հանձնվել են գրավոր ծանուցագրեր, որոնց երկրորդ կեսը (կտրոնը) ֆիզիկական անձի կողմից՝ այն ստանալու վերաբերյալ նշմամբ և ստորագրությամբ գտնվում է ջրօգտագործողների ընկերություններում:

9. Սույն կարգի 8-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրվում անհուսալի դառնալու հաշվետու տարում և դուրս գրված դեբիտորական պարտքերը հաշվի են առնվում որպես այլ նվազեցում` հաշվետու տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս:

10. Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերը մարվելու դեպքում` մարված գումարների չափով ավելացվում է պարտքի մարման հաշվետու տարվա համախառն եկամուտը:

11. Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի ներման կամ պահանջի իրավունքի զիջման կամ պարտքը չպահանջելու մասին ջրօգտագործողների ընկերությունների գրավոր որոշման և (կամ) կողմերի միջև դրա մասին գրավոր համաձայնության առկայության (փոխանցման, այդ թվում` անհատույց) դեպքում այդ դեբիտորական պարտքերը համարվում են մարված, և դրանց գծով դուրս գրված գումարների չափով ավելացվում է հաշվետու տարվա համախառն եկամուտը: Պարտքի ներում չեն համարվում պարտատիրոջ կողմից պարտքը պահանջելու համար չձեռնարկված գործողությունները, մասնավորապես, դատարան չդիմելը, ծանուցագրեր չուղարկելը և պարտքի գանձման ուղղությամբ այլ գործողություններ չիրականացնելը:

12. Միևնույն ֆիզիկական անձի նկատմամբ առաջացած դեբիտորական պարտքերի մարման (մասնակի մարման) դեպքում մարվող (մասնակի մարվող) դեբիտորական պարտքի մասին տեղեկության բացակայության դեպքում մարված (մասնակի մարված) է համարվում ավելի վաղ ժամկետում առաջացած դեբիտորական պարտքը:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան