Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.4
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.03.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0205/02/09

Քաղաքացիական գործ թիվ  ԳԴ1/0205/02/09
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Դ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

                  Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սուրեն Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.09.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սուրեն Վարդանյանի ընդդեմ Հայկազ Մկրտչյանի, երրորդ անձ Թաթուլ Մարտոյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սուրեն Վարդանյանը պահանջել է բռնագանձել Հայկազ Մկրտչյանից 11.000.000 ՀՀ դրամ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.06.2009 թվականի որոշմամբ Հայկազ Մկրտչյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 14.05.2007 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 21.05.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.09.2010 թվականի որոշմամբ Սուրեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.05.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուրեն Վարդանյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայկազ Մկրտչյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ և 332-րդ հոդվածները, 337-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, միայն նշելով, որ հայտարարությունը Հայկազ Մկրտչյանը տվել է 13.02.2004 թվականին, իսկ հայցը հարուցվել է 02.04.2007 թվականին, առանց պատճառաբանության կիրառել է հայցային վաղեմություն: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմության ժամկետի սկիզբը հաշվել է գումարը ստանալու պահից՝ այն պայմանավորելով այն հետևությամբ, որ գումարը տալու պահին Սուրեն Վարդանյանը գիտեր կամ պետք է իմանար, որ Հայկազ Մկրտչյանը, ստանալով 6.000 ԱՄՆ դոլար գումարը և չկնքելով պայմանագիր, խախտում է իր իրավունքը և անհիմն հարստանում է, քանի որ Հայկազ Մկրտչյանը նշված գումարը Սուրեն Վարդանյանից ձեռք է բերել առանց օրենքով կամ գործարքով սահմանված հիմքերի:

Սույն գործով հայցադիմումը ներկայացնելու հայցային վաղեմության ժամկետը չի խախտվել, քանի որ ընդդեմ Հայկազ Մկրտչյանի ներկայացված՝ գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին հայցը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի կողմից 25.04.2007 թվականին առանց քննության թողնվելուց հետո ինքը, հասկանալով, որ այդ եղանակով հարցը լուծում չի ստանա, և նման պայմաններում խախտվում են իր իրավունքները, անմիջապես դիմել է վնասը հատուցելու պահանջով: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքները, հանգել է այն հետևության, որ 48 օր ժամկետով ուշացվել է դատական պաշտպանության հայցումը:

Վերաքննիչ դատարանն առանց պատճառաբանության հանգել է սխալ եզրահանգման, անհասկանալի ձևով ապացույցներ է գնահատել առանց դրանք համադրելու, չի նշել, թե կոնկրետ որ ապացույցով ինչ է հերքվում, չի պարզել գործի բոլոր հանգամանքները, այսինքն՝ գործը չի քննել օբյեկտիվ և բազմակողմանի, որի արդյունքում կայացրել է չհիմնավորված և սխալ որոշում:

Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ չի նշել այն ապացույցները, որոնց հիման վրա հաստատված է համարել հայցային վաղեմության ժամկետի բացթողումը: Տվյալ դեպքում Հայկազ Մկրտչյանը չի նախատեսել պարտավորության կատարման որոշակի ժամկետ, և նման պայմաններում խախտման փաստը չէր կարող պարզվել ժամկետի ավարտմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.09.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սուրեն Վարդանյանը գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջը Դատարան է ներկայացրել 02.04.2007 թվականին, մինչդեռ 6.000 ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հայտարարությունը կազմվել և նոտարի կողմից վավերացվել է 13.02.2004 թվականին: Այլ կերպ ասած՝ 3 տարի 48 օր առաջ: Այդ ընթացքում Սուրեն Վարդանյանն օրենքով սահմանված կարգով գումարի բռնագանձման պահանջի մասին հայց դատարան չի ներկայացրել, այսինքն՝ հայցային վաղեմության երեք տարվա ժամկետը չի ընդհատվել:

Այն մասին, որ Հայկազ Մկրտչյանը Սուրեն Վարդանյանին վաճառել է միայն իր բաժնեմասը, վերջինս տեղեկացել է հենց 13.02.2004 թվականին, քանի որ դա նշված է նույն օրը տրված հայտարարության մեջ: Անշարժ գույքը ոչ միայն Հայկազ Մկրտչյանին, այլ նաև Թաթուլ Մարտոյանին սեփականության իրավունքով պատկանելու մասին Սուրեն Վարդանյանը տեղեկացել է նաև 2004 թվականին տեղի ունեցած դատավարությունից՝ հանդես գալով որպես Հայկազ Մկրտչյանի ներկայացուցիչ:

Փաստորեն, Սուրեն Վարդանյանը 13.02.2004 թվականին նոտարի կողմից հիշյալ հայտարարությունը հաստատելու պահից Հայկազ Մկրտչյանի նկատմամբ կարող էր ներկայացնել միայն գումար բռնագանձելու պահանջ, որն ըստ էության ներկայացվել է այն ներկայացնելու համար օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետից դուրս, և որը բոլոր դեպքերում չէր կարող նույնացվել գոյություն չունեցող առուվաճառքի գործարքից բխող պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքների հետ, այսինքն` չէր կարող առաջացնել Սուրեն Վարդանյանի սեփականության իրավունքը Հայկազ Մկրտչյանի և Թաթուլ Մարտոյանի համատեղ սեփականությունը հանդիսացող Կենցաղի տան նկատմամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 13.02.2004 թվականին Հայկազ Մկրտչյանը գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ Սուրեն Վարդանյանից կանխիկ ստացել է 6.000 ԱՄՆ դոլար գումար որպես ՀՀ Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի 1-ին հասցեում գտնվող անշարժ գույքից՝ Կենցաղի տնից իրեն հասանելիք առուվաճառքի գումար՝ ամբողջությամբ, և Սուրեն Վարդանյանի նկատմամբ չունի ֆինանսական և այլ, ինչպես նաև տարածքի ու շինության հետ կապված պահանջ: Նշված հայտարարությունը նույն օրը ենթարկվել է նոտարական վավերացման: Հայտարարությունը տալուց հետո Հայկազ Մկրտչյանի և Սուրեն Վարդանյանի միջև այդ գույքի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր չի կնքվել.

2) Սուրեն Վարդանյանը սույն գործով Հայկազ Մկրտչյանից 11.000.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ հայցը Դատարան է ներկայացրել 02.04.2007 թվականին.

3) Հայկազ Մկրտչյանի ներկայացուցիչը, մինչև Դատարանի կողմից վճիռ կայացնելը, դիմում է ներկայացրել դատարան հայցային վաղեմություն կիրառելու մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

Նույն օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, հայցային վաղեմության հաշվարկն սկսվում է այդ ժամկետի ավարտից հետո:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տես Ռազմիկ Դարբինյանի հայցի ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի` 95.000 ԱՄՆ դոլարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԷԴ/0723/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը)։ Իսկ այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ ծագում է պարտավորության կատարում պահանջելու իրավունքը (տես «ԱրմենՏել» ՓԲԸ-ն ընդդեմ Գայանե Նազարեթյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/0164/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը սահմանել է նաև հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման կարգը այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ: Նշված պարտավորությունների համար հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն պահից՝ երբ՝ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, ապա՝ այդ ժամկետի ավարտից հետո (տես «Բեյց» ՍՊԸ-ն ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի, երրորդ անձանց «Նաիրիտ Տրաստ» ՍՊԸ-ի, «Յուվե Ինվեստ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման և 31.03.2005 թվականի ակտը չկնքված ճանաչելու պահանջների մասին թիվ ԵՔԴ/0075/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` 13.02.2004 թվականին Հայկազ Մկրտչյանը գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ Սուրեն Վարդանյանից կանխիկ ստացել է 6.000 ԱՄՆ դոլար գումար որպես ՀՀ Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի 1-ին հասցեում գտնվող անշարժ գույքից՝ Կենցաղի տնից իրեն հասանելիք առուվաճառքի գումար: Նշված հայտարարությունը տալուց հետո Հայկազ Մկրտչյանի և Սուրեն Վարդանյանի միջև այդ գույքի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր չի կնքվել:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը Հայկազ Մկրտչյանի տված հայտարարությունը գնահատում է որպես վերջինիս կողմից Սուրեն Վարդանյանի օգտին որոշակի գործողություն կատարելու, այն է՝ գույք հանձնելու վերաբերյալ ստանձնած պարտավորություն: Ընդ որում, այդ պարտավորությունը չի նախատեսում դրա կատարման ժամկետ և չի պարունակում ժամկետի որոշման պայմաններ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը, ընդ որում՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո՝ ողջամիտ ժամկետում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

Սույն գործի փաստերի համաձայն` 13.02.2004 թվականի Հայկազ Մկրտչյանի գրավոր հայտարարության հիման վրա Սուրեն Վարդանյանը սույն գործով Հայկազ Մկրտչյանից 11.000.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ հայցը Դատարան է ներկայացրել 02.04.2007 թվականին:

Վերաքննիչ դատարանը բողոքը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ որպես հայցային վաղեմության ժամկետի սկիզբ պետք է դիտարկել հենց գումարը ստանալու պահը, որովհետև հայցվորը գիտեր կամ պետք է գիտենար, որ պատասխանողը, ստանալով 6.000 ԱՄՆ դոլար գումար և չկնքելով պայմանագիր, խախտում է իր իրավունքը, ըստ էության անհիմն հարստանում է:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն անհիմն է, քանի որ, ինչպես արդեն իսկ նշվեց, Հայկազ Մկրտչյանի ստանձնած պարտավորությունը չի նախատեսել դրա կատարման ժամկետ և չի պարունակել ժամկետի որոշման պայմաններ, որոնց բացակայության պայմաններում Հայկազ Մկրտչյանն իրավունք ուներ այդ պարտավորությունը կատարել ինչպես հայտարարությունը տալու օրը, այնպես էլ դրանից հետո՝ ողջամիտ ժամկետում:

Հիմք ընդունելով վերոնշյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը չի կարող սկսվել 13.02.2004 թվականին Հայկազ Մկրտչյանի կողմից գրավոր հայտարարությունը տալու օրվանից, քանի որ Սուրեն Վարդանյանի մոտ իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը պետք է սկսվեր Հայկազ Մկրտչյանի մոտ պարտավորության կատարման` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով նախատեսված ժամկետների ավարտից հետո, երբ հայցվորի մոտ կծագեր պարտավորության կատարում պահանջելու իրավունք:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.09.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան