Գլխավոր տեղեկություն
Համար
N 576-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.19/27(326) Հոդ.637
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2004 թվականի N 576-Ն

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 05.05.11 N 630-Ն)

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 179459,0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքերն ու շինությունները, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի ու շինությունների առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

«Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 05.05.11 N 630-Ն)

4. «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) անասնաբուծության և անասնաբուժության ոլորտներում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը.

բ) գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղերի ստացման ու բուծման հետ կապված աշխատանքների իրականացումը և պայմանագրային հիմունքներով` դրանց հետ կապված հետազոտական ծառայությունների մատուցումը.

գ) գյուղատնտեսական կենդանիների և թռչունների հիվանդությունների կանխարգելիչ ու բուժիչ միջոցների հետազոտումը և լաբորատոր հետազոտությունների կազմակերպումը.

դ) անասնաբուժության ոլորտում օգտագործվող կենսապատվաստուկների, ախտորոշիչ միջոցների և շիճուկների փորձաքննության անցկացումը.

ե) գյուղատնտեսության բնագավառի գիտական կադրերի պատրաստումը.

զ) վարակիչ հիվանդություններով կամ նյութափոխանակման խախտումների և օրգանիզմի գործունեության այլ շեղումների հետ կապված հիվանդություններով հիվանդ կենդանիների, ինչպես նաև կենդանիների զանգվածային հիվանդությունների պատճառների հայտնաբերումը.

է) բույսերի պաշտպանության բնագավառում ավանդական տեխնոլոգիաների կատարելագործումը, նոր տեխնոլոգիաների մշակումը.

ը) բույսերի պաշտպանության ոլորտում հետազոտությունների իրականացումը.

թ) գյուղատնտեսական մշակաբույսերի, բազմամյա տնկարկների վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի համակարգի մշակումն ու ներդրումը.

ժ) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտների ռիսկերի վերլուծությունը և գիտական հիմնավորումը:

(4-րդ կետը փոփ., լրաց. 05.05.11 N 630-Ն)

5. Թույլատրել «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, անհրաժեշտության դեպքում, գյուղատնտեսական կենդանիների և թռչունների կերակրման ու խնամքի, ինչպես նաև հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ վճարովի խորհրդատվական ծառայության մատուցում.

բ) պայմանագրային հիմունքներով գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման աշխատանքների իրականացում.

գ) գյուղատնտեսության բնագավառի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական պրակտիկաների կազմակերպում.

դ) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին բույսերի պաշտպանության ուղղությամբ վճարովի խորհրդատվական ծառայության մատուցում.

ե) վակցինաների շշալցում։

(5-րդ կետը փոփ., լրաց. 05.05.11 N 630-Ն)

6. Սահմանել, որ`

ա) «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող 14491,0 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի ու շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

բ) սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված շենքերը և շինություններն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

(6-րդ կետը փոփ. 05.05.11 N 630-Ն)

6.1. «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

(6.1-ին կետը լրաց. 05.05.11 N 630-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 30.12.10 N 1732-Ն)

8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտը և սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

բ) «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

(8-րդ կետը փոփ. 05.05.11 N 630-Ն)

9. Սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացվող շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 10. Սույն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

(10-րդ կետը փոփ. 05.05.11 N 630-Ն)

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

   Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 29
Երևան