ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/5848/05/08 |
Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան |
Դատավորներ՝ |
Ա. Աբովյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Սպանդարյանի 1 հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 31.05.2010 թվականի վճռի դեմ` ըստ «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Կոմիտեի` ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) 06.08.2008 թվականի թիվ 1308062 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 06.08.2008 թվականի թիվ 1308062 ակտը և Ծառայության պետի 07.08.2008 թվականի թիվ 00085 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճռով հայցը` Ծառայության 06.08.2008 թվականի թիվ 1308062 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասով, բավարարվել է, իսկ Ծառայության պետի 07.08.2008 թվականի թիվ 00085 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է:
Վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի որոշմամբ Կոմիտեի վճռաբեկ բողոքը բավարարվել է` բեկանվել է ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճռի` Ծառայության 06.08.2008 թվականի թիվ 1308062 ակտն անվավեր ճանաչելու մասը, և այդ մասով գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 31.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Ծառայության պետի 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագրի օրինակը հանձնվել է Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գործող «Սթար-5» խանութի տնօրեն Արմեն Օհանյանին: Խանութը պատկանում է Ընկերությանը, իսկ Արմեն Օհանյանի` նշված խանութի տնօրեն լինելը հաստատվում է Ընկերության կողմից տրված տեղեկանքով:
Դատարանն անտեսել է նաև, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումից առաջ տնտեսվարող սուբյեկտին դրա կատարման մասին ծանուցելու պարտականություն չի սահմանում:
Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հանձնարարագրի մեկ օրինակի վրա տնտեսվարող սուբյեկտի կողմից ստորագրելու դրույթին, ապա այդ մասով Դատարանը հաշվի չի առել, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման հետ կապված խախտումների բացահայտումը պահանջում է վարչական մարմնի արագ գործելու անհրաժեշտություն, և նման ստուգումից առաջ տնտեսվարող սուբյեկտին դրա կատարման մասին ծանուցելու դեպքում անհնար կդառնա օրենքով սահմանված ստուգման նպատակների իրագործումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 31.05.2010 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ծառայության պետի 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում: Նույն հանձնարարագիրը ստորագրել, դրան ծանոթացել և դրա մեկ օրինակը ստացել է «տնօրեն Ա. Օհանյան»-ը (հատոր 1, գ.թ. 15):
2) Ստուգման արդյունքում Ծառայությունը 06.08.2008 թվականին կազմել է թիվ 1308062 ակտը, որի 2-րդ կետի համաձայն` Ընկերությանը պատկանող Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գործող խանութից 06.08.2008 թվականին` ժամը 14:39-ին, իրականացված 18.760 ՀՀ դրամ առևտրի դիմաց հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն չի տրամադրվել: Նույն ակտով Ընկերությանն առաջարկվել է վճարել 300.000 ՀՀ դրամ: Նույն ակտը ստորագրել և դրա մեկ օրինակը ստացել է «տնօրեն Ա. Օհանյան»-ը (հատոր 1, գ.թ. 16-19):
3) Ընկերության 09.03.2010 թվականի թիվ ԿԲ-Ե 1577 տեղեկանքի համաձայն` Արմեն Օհանյանը 2008 թվականի օգոստոսին զբաղեցրել է Ընկերության Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գտնվող «Սթար-5» խանութի տնօրենի պաշտոնը (հատոր 2, գ.թ. 27):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հրամանի կամ հանձնարարագրի երկու oրինակը, ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային oր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների: Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ oրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Uտորագրված oրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված ստուգումների ընթացքում ստուգման հանձնարարագիր ներկայացնելու բացառությանը` նշելով. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը տնտեսավարող սուբյեկտին հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված ստուգումներից առաջ ստուգման անցկացման մասին ծանուցելու պարտավորություն չի նախատեսում: Իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ հոդվածով նախատեսված հանձնարարագրի մեկ օրինակի վրա տնտեսավարող սուբյետի կողմից ստորագրելու դրույթին, որը նախատեսվում է որպես ստուգվող տնտեսավարող սուբյեկտի կողմից ստուգման մասին ծանուցված լինելը հավաստող հանգամանք, և որը Դատարանի կողմից մեկնաբանվել է որպես հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման վերաբերյալ ստուգում իրականացնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտին ստուգման անցկացման մասին ծանուցելու պարտավորություն, ապա իրականում հոդվածի այդ կարգավորումը հանդիսանում է ստուգումների անցկացման ընդհանուր կանոնի տրամաբանական շարունակությունը և չի վերաբերում հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների ստուգման դեպքերի համար նախատեսված բացառությանը:
Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը պետք է մեկնաբանվի` հաշվի առնելով հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանության հետ կապված ստուգումների առանձնահատուկ բնույթը և դրանց արդյունավետ իրականացումն ապահովելու համար որոշ պայմանների պարտադիր առկայության անհրաժեշտությունը (տե'ս, օրինակ` ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն ընդդեմ «Ուրարտու-Ալեն» ՍՊԸ-ի` 811 350 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի թիվ 3-951/ՏԴ որոշումը):
Վերոնշյալից հետևում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ստուգման անցկացման մասին ծանուցելու պարտականությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանության հետ կապված ստուգումներին չի վերաբերում, սակայն դա չի նշանակում, որ ստուգում իրականացնող անձն ընդհանրապես չպետք է տնտեսվարող սուբյեկտին ներկայացնի ստուգման հանձնարարագիրը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այնուամենայնիվ, տնտեսվարող սուբյեկտը մինչ ստուգումը փաստացի սկսելը իրավունք ունի ծանոթանալու ստուգման հանձնարարագրին` ստուգելու համար ստուգում իրականացնող համապատասխան անձի լիազորությունների առկայությունը:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «գ» ենթակետի համաձայն` տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման վարույթի ընթացքում պարտականություններ են դրված ոչ միայն ստուգում իրականացնող անձի, այլ նաև տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի վրա: Մասնավորապես` վերջինս պարտավոր է ստուգում իրականացնող անձի համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այդ թվում` իր բացակայության ժամանակ ապահովել փոխարինող պաշտոնատար անձի ներկայությունը: Առանց նշված պահանջի պատշաճ կատարման ստուգում իրականացնող անձը չի կարող ապահովել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման մասին ծանուցելու պահանջը, որի դեպքում դրա բացասական հետևանքները պետք է կրի տնտեսվարող սուբյեկտը:
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ 20.04.2006 թվականից առ այսօր Ընկերության տնօրենը Վահան Քերոբյանն է, իսկ Արմեն Օհանյանը 2008 թվականի օգոստոսին զբաղեցրել է Ընկերության Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գտնվող «Սթար-5» խանութի տնօրենի պաշտոնը, որն ինքնին չի կարող դիտվել որպես Ընկերության տնօրենին փոխարինող պաշտոնատար անձի պաշտոն: Այսինքն` գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր, որ Արմեն Օհանյանը ստուգման ընթացքում Ընկերության տնօրեն էր կամ նրան փոխարինող պաշտոնատար անձ:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հաստատված համարելով, որ 20.04.2006 թվականից առ այսօր Ընկերության տնօրենը Վահան Քերոբյանն է, իսկ Արմեն Օհանյանը 2008 թվականի օգոստոսին զբաղեցրել է Ընկերության Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գտնվող «Սթար-5» խանութի տնօրենի պաշտոնը, անտեսել է այն հանգամանքը, որ վերջինս նշված խանութի մասով Ընկերության անունից հանդես եկող պատասխանատու անձ է:
Այսպես` սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության պետի 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագիրը ստորագրել, դրան ծանոթացել և դրա մեկ օրինակը ստացել է «տնօրեն Ա. Օհանյան»-ը, Ծառայության 06.08.2008 թվականի թիվ 1308062 ակտը ստորագրել և դրա մեկ օրինակը նույնպես ստացել է վերջինս, իսկ նրա` Ընկերության Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գտնվող «Սթար-5» խանութի տնօրեն հանդիսանալու փաստը հաստատվում է Ընկերության 09.03.2010 թվականի թիվ ԿԲ-Ե 1577 տեղեկանքով:
Այսինքն` սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ Ծառայության պետի 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագիրն Ընկերությանը ներկայացնելու ժամանակ որպես Ընկերությունը ներկայացնող պաշտոնատար անձ հանդես է եկել Ընկերության Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գտնվող «Սթար-5» խանութի տնօրեն Արմեն Օհանյանը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ծառայությունը Ծառայության պետի 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման մասին ծանուցել է տնտեսվարող սուբյեկտին:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների ստուգման դեպքում որն է համարվում ստուգումը սկսելու պահը:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն` ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման, օգտագործման, գրանցման և հաշվառման հետ կապված հարցերը, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողությունը և սահմանում է նույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:
Նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկային մարմինները`
ա) իրականացնում են նույն օրենքի կիրառման նկատմամբ հսկողություն.
բ) իրականացնում են կազմակերպություններում և անհատ ձեռնարկատերերի մոտ հասույթի լիարժեք հաշվառման հսկողություն.
գ) ստուգում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին վերաբերող փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում պահանջելով տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.
դ) անցկացնում են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման ստուգումներ այն անձանց մոտ, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է համաձայն նույն օրենքի.
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ գործի քննության ընթացքում Կոմիտեի ներկայացուցիչները հայտնել են, որ Ծառայության պետի 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագիրն Ընկերության Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գտնվող «Սթար-5» խանութի տնօրեն Արմեն Օհանյանին է հանձնվել գնումը կատարելուց հետո, այսինքն` նշված հանձնարարագիրը տրվել է ստուգումը փաստացի սկսվելուց հետո:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը վերոգրյալ նորմերի հիման վրա արձանագրում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների ստուգումը սկսվում է ոչ թե գնման, այլ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, շահագործման կանոնների ստուգման (հսկիչ-դրամարկղային մեքենայի հետ կապված գործողությունների կատարման) պահից, որը ենթադրում է նաև համապատասխան ստուգվող տնտեսվարող սուբյեկտի տեղեկացվածություն ստուգման մասին:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի այն պատճառաբանությունը, որ Ծառայության պետի 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագիրն Ընկերության Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գտնվող «Սթար-5» խանութի տնօրեն Արմեն Օհանյանին է հանձնվել ստուգումը սկսվելուց հետո, անհիմն է:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 31.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի հայցը մերժել:
2. «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ՝ |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ | |
|
Վ. Աբելյան | |
ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |