Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-948
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.20/22(825) Հոդ.421
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.04.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

8 ապրիլի 2011 թ.

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ (APL-2)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում (APL-2)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 14.03.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում (APL-2)» վարկային համաձայնագիրը /այսուհետ` համաձայնագիր/ ստորագրվել է 2011 թվականի հունվարի 26-ին:

2. Համաձայնագրի նպատակն է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել Սկզբնական ծրագրին առնչվող գործողությունների իրականացման համար:

3. Համաձայնագրի համաձայն` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ` Բանկ) համաձայնագրում սահմանված պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է տասնինը միլիոն ԱՄՆ դոլարին (19.000.000) համարժեք գումար (այսուհետ` Վարկ), որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկման միջոցով` համաձայնագրի դրույթներին համապատասխան:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

 վճարել Սկզբնավճար Վարկի գումարի մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25%) համապատասխան (հոդված II, կետ 2.03):

 վճարումներ կատարել յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին (հոդված II, կետ 2.05),

 մարել վարկի մայր գումարը 2021թ. փետրվարի 15-ից մինչև 2035 թվականի փետրվարի 15-ը (մայր գումարի վճարվելիք տոկոսային մասնաբաժինը պետք է կազմի 3.33%, իսկ 2035 թվականի օգոստոսի 15-ին մայր գումարի վճարվելիք տոկոսային մասնաբաժինը պետք է կազմի 3.43%) (հոդված II, կետ 2.06 և Լրացում 3, կետ 1),

 հայտարարել Ծրագրի նպատակների իր հանձնառության մասին և այդ նպատակով իրականացնել Ծրագիրը ՀՀ առողջապահության նախարարության միջոցով` Ընդհանուր պայմանների V հոդվածի դրույթներին համապատասխան (հոդված III, կետ 3.01),

 առանց սահմանափակելու համաձայնագրի 3.01-ին բաժնի դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Բանկի միջև այլ համաձայնության բացակայության դեպքում, ապահովել, որ Ծրագիրն իրականացվի համաձայնագրի 2-րդ Լրացման դրույթին համապատասխան (հոդված III, կետ 3.02),

 առանց 3.01-ին բաժնի դրույթների սահմանափակման և բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետությունը և Բանկը ձեռք են բերել այլ համաձայնություն, մինչև Ծրագրի ավարտը Ծրագրի հաշվին պահպանել հաշվեկշիռ, որի գումարը բավարար է Ծրագրի իրականացման հաջորդ երեք ամիսների համար (Լրացում 2, Բաժին 1, Ա.1),

 մինչև Ծրագրի ավարտը պահել կազմկոմիտե, որը բաղկացած է ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) և շահագրգիռ այլ կարևոր կողմերի ներկայացուցիչներից, և որը պատասխանատու է Ծրագրի իրականացումն ուղղորդելու և համակարգելու, իրավասությունների շրջանակը սահմանելու, տեխնիկական գնահատումներին մասնակցելու և ռազմավարական տեխնիկական աջակցության միջոցառումների շուրջ խորհրդատուների հետ անմիջականորեն աշխատելու համար (Լրացում 2, Բաժին 1, Ա.2),

 պահել Հիվանդանոցների օպտիմալացումը և արդիականացումը համակարգող կոմիտե (Լրացում 2, Բաժին 1, Ա.3),

 Ծրագրի Բ մասի իրականացման նպատակով ընտրված յուրաքանչյուր մարզի հանձնարարել կնքել Բանկի պահանջները բավարարող իրականացման համաձայնագիր ԱՆ-ի, հիվանդանոցի տնօրենի և մարզպետի միջև` Մարզի հիվանդանոցային համակարգի օպտիմալացման պլանն իրականացնելու համար (Լրացում 2, Բաժին 1, Ա.4 ա),

 Ծրագրի Բ մասի իրականացման նպատակով Պետական առողջապահական գործակալության կազմում ստեղծել Ազգային առողջապահական հաշիվների ստորաբաժանում և պետական բյուջեից հատկացնել համարժեք ֆինանսական միջոցներ` 2013թ. առողջապահական ծախսերի ուսումնասիրություն կատարելու համար, և վերանայել տեղեկատվական և վերլուծական հանրապետական կենտրոնի կանոնադրությունը` 2012 թվականից սկսած առողջապահության ոլորտի գործունեության մասին զեկույցների մշակումն օրինականացնելու համար, և ապահովել պետական բյուջեից համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը (Լրացում 2, Բաժին 1, Ա.5),

 ապահովել, որ Ծրագիրն իրականացվի Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթներին համապատասխան (Լրացում 2, Բաժին 1, Բ),

 մոնիտորինգի ենթարկել և գնահատել Ծրագրի առաջընթացը և պատրաստել Ծրագրի հաշվետվություններ` Ընդհանուր պայմանների 5.08-րդ բաժնի դրույթներին համապատասխան և Բանկի համար ընդունելի ցուցանիշների հիման վրա, ապահովել, որ Ծրագրի յուրաքանչյուր հաշվետվություն ընդգրկի օրացուցային մեկ կիսամյակ ժամանակահատված և ներկայացվի Բանկ ոչ ուշ, քան հաշվետվության մեջ ներառված ժամանակահատվածի ավարտից մեկ ամիս անց (Լրացում 2, Բաժին II, Ա.),

 աուդիտի ենթարկել ֆինանսական հաշվետվությունները` Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի «բ» կետի դրույթների համաձայն: Ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր աուդիտում ընդգրկել մեկ ֆինանսական տարվա ժամանակահատված և այն ներկայացնել Բանկ ոչ ուշ, քան այդ ժամանակահատվածի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում (Լրացում 2, Բաժին II, Բ.3),

 Վարկի միջոցների հաշվին ֆինանսավորել Ծրագրի համար ապրանքների, աշխատանքների, խորհրդատուների ծառայությունների, վերապատրաստման և գործառնական ծախսերի միայն 75%-ը (Լրացում 2, Բաժին IV, Ա. կետի Ա.2):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում (APL-2)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

8 ապրիլի 2011 թ.
ՍԴՈ-948