Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 63
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2002-11.10.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.01/17(683)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.04.1999
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2021

050.0063.230499

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 1999 թվականի

թիվ 63

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՈՒ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻՆ» ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» լրամշակված տարբերակին (կցվում է), որում հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի բանկերի ասոցիացիայի առաջարկությունները և դիտողությունները:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` եռօրյա ժամկետում նշված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատմանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

                                                       

Հաստատում եմ 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`

 

------------------------- Տ. Սարգսյան

Հաստատում եմ 

Հայաստանի Հանրապետության

 ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`

 

------------------------- Վ. Խաչատրյան

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՈՒ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կարգը սահմանվում է համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի և կանոնակարգում է ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի (ակտիվների) դասակարգումը, հնարավոր կորուստների համար ընդհանուր և հատուկ պահուստավորումը, անհուսալի ճանաչված ակտիվների դուրսգրման հարցերը:

1.2. Սույն կարգի նպատակներն են`

ա) շահութահարկի հաշվարկման նպատակով սահմանել համախառն եկամտի նվազեցումները` ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարների չափով.

բ) բանկային գործունեությունը կարգավորող տնտեսական նորմատիվների հաշվարկման համար օգտագործվող բանկի ընդհանուր կապիտալի և ակտիվների մեծության վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության ստացումը:

1.3. Ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստավորման պատասխանատվությունը կրում են բանկերը:

1.4. Սույն կարգի նպատակներից ելնելով`

ա) բանկերը ձևավորում են ընդհանուր պահուստ` ստանդարտ ակտիվների և հատուկ պահուստ` խնդրահարույց (հսկվող ոչ ստանդարտ, կասկածելի, անհուսալի) ակտիվների համար.

բ) ակտիվների հնարավոր կորուստների համար պահուստավորումն իրականացվում է ըստ ակտիվների դասակարգման չափանիշների.

գ) սահմանվում են ակտիվների դասակարգման օբյեկտիվ և սուբյեկտիվ չափանիշներ:

(1.4 կետը փոփ. 13.03.01 N 67)

1.5. ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության ծառայությունը կարող է վերահսկողության արդյունքում պարտավորեցնել բանկին` ճշգրտելու ակտիվների դասակարգումը` սույն կարգին համաձայն և պահուստավորումը` սույն կարգի 4.2. կետին համաձայն:

 

2. Սահմանումներ

 

Սույն կարգի իմաստով`

2.1. Վարկեր և դեբիտորական պարտքեր (այսուհետև` ակտիվներ) են համարվում բանկի հաշվին (ռիսկով) տեղաբաշխված վարկերը (այդ թվում` օվերդրաֆտ, վարկային քարտեր, բանկերում (բացառությամբ` ՀՀ կենտրոնական բանկի) ներդրված ավանդներ (այդ թվում` նաև բանկային ոսկով)), ֆակտորինգի, ֆինանսական վարձակալության (ֆինանսական լիզինգ), բանկային երաշխիքների և ակրեդիտիվների գծով պահանջները, բանկի ռիսկով ակտիվային այլ գործառնությունների (արժեթղթերում ներդրումներից` միայն մուրհակների) գծով ստացվելիք գումարները և (կամ) երրորդ անձանց նկատմամբ այլ պահանջները (ներառյալ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերը, բանկերում թղթակցային (բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի) և սառեցված հաշիվները, բանկերի նկատմամբ հաշվարկների գծով կարճաժամկետ պահանջները, հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով ստացվելիք գումարները, ստացվելիք այլ գումարները, բանկի աշխատակիցներին տրված առհաշիվ գումարները, մատակարարներին տրված կանխավճարները, նախավճարները, այլ ընթացիկ ակտիվները), ինչպես նաև բանկի համար վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածները

(2.1 կետը խմբ. 13.03.01 N 67)

2.2. Ակտիվների դասակարգումը ակտիվների խմբավորումն է հետևյալ 5 դասերի` համաձայն սույն կարգի 3.11 կետի.

1) ստանդարտ, 2) հսկվող, 3) ոչ ստանդարտ, 4) կասկածելի, 5) անհուսալի

(2.2 կետը խմբ. 13.03.01 N 67)

2.3. Ընդհանուր պահուստը հաշվեկշռում ակտիվին հակակշիռ գրանցված պահուստ է, որը ձևավորվում է ստանդարտ ակտիվների գծով` ընդհանուր պահուստին կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվին: Վերջիններս ճանաչվում (գրանցվում) են որպես ծախս բանկի «Եկամուտների և ծախսերի մասին» հաշվետվությունում` ելնելով ակտիվների գծով ապագա, բայց դեռևս չպարզաբանված (չբացահայտված) կորուստներ առաջացման հավանականությունից:

2.4. Հատուկ պահուստը հաշվեկշռում ակտիվին հակակշիռ գրանցված պահուստ է, որը ձևավորվում է հսկվող ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի դասակարգված ակտիվների գծով` հատուկ պահուստին կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվին: Վերջիններս ճանաչվում (գրանցվում) են որպես ծախս բանկի «Եկամուտների և ծախսերի մասին» հաշվետվությունում` ելնելով վերոհիշյալ ակտիվների գծով, պարզաբանված (բացահայտված) կորուստների առաջացման հավանականությունից:

(2.4 կետը լրաց. 13.03.01 N 67)

2.5. Չճանաչված տոկոսային եկամուտը (և (կամ) տուժանքը) վաստակված (հաշվեգրված), սակայն դեռևս փաստացի չհավաքագրված տոկոսը (և (կամ) տուժանքն) է: «Չճանաչված տոկոսային եկամուտը (և (կամ) տուժանքը)» գրանցվում է հաշվեկշռում ակտիվին հակակշիռ, և այդ հաշիվն օգտագործվում է այն ժամանակ, երբ ակտիվը դասակարգվում է որպես չաշխատող: Հաշվապահական հաշվառման գրանցումները «չճանաչված տոկոսային եկամտի (և/կամ տուժանքի)» հաշվին կատարվում են «տոկոսային եկամուտներ (ստացված տուժանքներ)» հաշվի գրանցումների փոխարեն:

2.6. Չաշխատող են այն ակտիվները, որոնց.

ա) հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացել է սահմանված ժամկետից կամ

բ) տոկոսային վճարները կապիտալացվել են (գումարվել են չմարված փոխատվության (վարկի) գումարին) կամ

գ) վճարման պայմանները վերանայվել (վերաֆինանսավորվել) կամ էլ փոխանցվել են նոր փոխատվության (վարկի) գումարին:

Բոլոր չաշխատող ակտիվները գրանցվում են որպես ոչ կուտակային (ֆինանսական հաշվետվության կազմման նպատակահարմարությունից ելնելով` դրամարկղային մեթոդով):

Այն ակտիվները, որոնց համար սահմանված չեն մարման նախապես որոշված (նախատեսված) ժամկետներ (պայմաններ) (օվերդրաֆտները և այլ գործիքները), համարվում են չաշխատող ակտիվներ, եթե 90 օրվա ընթացքում մարումներ չեն կատարվել, իսկ հաշվում առկա միջոցները բավարար չեն համապատասխան ժամանակահատվածում կապիտալացված (հաշվեգրված) տոկոսները մարելու համար:

Տոկոսների հաշվեգրման դադարեցման համար չաշխատող ակտիվների գումարը հաշվարկելիս, հիմք է ընդունվում պարտքի հիմնական գումարի գծով փոխառուի չմարված պարտավորության գումարը, այլ ոչ թե վերջինիս ժամկետանց մասը:

(Պարբերությունը հանվել է 13.03.01 N 67)

(2.6 կետը խմբ., լրաց. 13.03.01 N 67)

2.7. Ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվների խմբին են դասվում այն ակտիվները (կամ դրանց մասերը), որոնք բավարարում են ներքոհիշյալ բոլոր պայմաններին միաժամանակ`

ա) ապահովված չեն գրավով, առնվազն նախորդ հաշվետու և ընթացիկ ժամանակաշրջանում շահույթով աշխատած իրավաբանական անձի երաշխավորությամբ կամ երաշխիքով, բյուջետային երաշխիքով և

բ) ապահովված չեն փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակը (այդ թվում` ֆինանսական հոսքերը) բնութագրող բավարար տեղեկատվությամբ և

գ) ապահովված չեն փոխառության (պարտքի) վերադարձելիությունը հիմնավորող տեղեկատվությամբ (գործարար ծրագրեր, պայմանագրեր և այլն), ինչպես նաև այլ հիմնավոր փաստաթղթերով և

դ) չեն հանդիսանում ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռք բերման համար կատարված կանխավճար կամ առհաշիվ տրված գումար:

(2.7 կետը խմբ. 13.03.01 N 67)

2.7.1. ՀՀ կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով բանկի կողմից ակտիվի (կամ դրամ մասի) դասակարգումն ըստ 2.7. կետի «ա»-ից «դ» ենթակետերի կարող է փոխվել:

(2.7.1 կետը լրաց. 13.03.01 N 67)

2.8. Տոկոսների կապիտալացումը գործընթաց է, որի արդյունքում չվճարված տոկոսները, պայմանագրի համաձայն, դրանց վճարման կամ վարկի մարման օրը գումարվում են ակտիվի չմարված մասին:

2.9. Վերանայված պայմաններով ակտիվներն այն ակտիվներն են, որոնք պայմանագրի համաձայն վերաֆինանսավորվել են կամ որոնց մարման ժամկետները կամ այլ պայմանները վերանայվել (վերաձևակերպվել) են, գումարները փոխանցվել են ակտիվային (վարկային) նոր գործիքներին, կամ էլ պայմանները վերանայվել են այլ կերպ` փոխառուի (պարտապանի) համար առավել նպաստավոր ուղղությամբ, որը պայմանավորված է նրա վատ ֆինանսական դրությամբ և (կամ) նրա պարտքը մարելու կարողությամբ:

2.10. Վերաֆինանսավորված ակտիվներն այն ակտիվներն են, որոնց մարումն իրականացվել է նոր ստանձնված պարտավորությունների աղբյուրների հաշվին:

 

3. Ակտիվների դասակարգումը

 

3.1. Բանկերն առնվազն 30 օրը մեկ անգամ պետք է միաժամանակ դասակարգեն բոլոր ակտիվները` սույն կարգի 7.2 կետի համաձայն` բանկի կողմից սահմանված ներքին կանոնակարգին համապատասխան, ընդ որում, դասակարգման օր պետք է լինի նաև հաշվետու ամսվա վերջին բանկային օրը».

(3.1 կետը խմբ. 13.03.01 N 67)

3.2. Յուրաքանչյուր ակտիվ պետք է դասակարգվի որպես ստանդարտ, հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի

(3.2 կետը խմբ. 13.03.01 N 67)

3.3. Ակտիվների դասակարգումը հիմնված է սույն կարգում սահմանված օբյեկտիվ և սուբյեկտիվ չափանիշների վրա (տես 3.11 կետի աղյուսակը):

3.4. Այն դեպքում, երբ օբյեկտիվ և սուբյեկտիվ չափանիշներով ակտիվների դասակարգման ընթացքում առկա են տարբերություններ, ապա բանկի համար առաջնային է առավել խիստ չափանիշը:

3.5. Օբյեկտիվ չափանիշները հիմնված են սույն կարգի 2.6 կետով նախատեսված պայմանների վրա:

(3.5 կետը խմբ. 13.03.01 N 67)

3.6. Սուբյեկտիվ չափանիշները հիմնված են բանկերի և ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության դատողությունների և մասնագիտական կարծիքի վրա: Վերոհիշյալ դատողությունները պետք է համարժեք լինեն սույն կարգում սահմանված ստանդարտ, հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի ակտիվների սահմանումների հետ:

(3.6 կետը խմբ. 13.03.01 N 67)

3.7. Ստանդարտ ակտիվների պորտֆելն իրենից ներկայացնում է համախառն և դասակարգված ակտիվների տարբերությունը: Ստանդարտ են դասակարգվում այն ակտիվները, որոնք սպասարկվում են պայմանագրի համաձայն և խնդրահարույց չեն (այդ թվում` ակտիվները, որոնց գծով վճարումներ չեն իրականացվել մինչև 90 օր ժամանակահատվածում): Որպես կանոն, ստանդարտ ակտիվներին բնորոշ են հետևյալ հայտանիշները.

ա) փոխառուի (պարտապանի) ֆինանսական կացությունը կասկած չի հարուցում, և

բ) առկա է ակտիվը մարելու (սպասարկելու) փոխառուի (պարտապանի) բավարար ունակությունը:

Որպես կանոն, ստանդարտ ակտիվներն ունեն բավարար ապահովվածություն ինչպես հիմնական գումարի, այնպես էլ տոկոսային պարտքի գծով: Ստանդարտ ակտիվների գծով ձևավորվում է միայն ընդհանուր պահուստ:

3.7.1. Հսկվող են դասակարգվում այն ակտիվները, որոնք ամբողջությամբ համապատասխանում են սույն կարգի 3.7 կետում ներկայացված ստանդարտ ակտիվների սահմանմանը, սակայն դրանց հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացել է սահմանված ժամկետից մինչև 90 օր:

(3.7.1 կետը խմբ. 13.03.01 N 67)

3.8. Ոչ ստանդարտ են դասակարգվում այն ակտիվները, որոնց գծով պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում` կապված փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակից կամ նրա պարտքը մարելու ունակությունից: Ոչ ստանդարտ ակտիվների մեջ ներառվում են`

ա) ժամկետային ակտիվները, որոնց մարումը ժամկետում հնարավոր չէ փոխառուի (պարտապանի) դրամական միջոցների անբավարար հոսքի պատճառով.

բ) սեփական կապիտալի և ներգրավված միջոցների միջև հարաբերակցության` սույն կարգի 7.2 կետով բանկի կողմից սահմանված ներքին կանոնակարգին համաձայն, անբավարար աստիճան ունեցող փոխառուի (պարտապանի) վարկերը, կանխավճարները և փոխառուի (պարտապանի) նկատմամբ այլ պահանջները.

գ) այն ակտիվները, որոնք փոխառուն (պարտապանը) չի կարող մարել նախնական պայմանավորվածության համաձայն, և որոնք փոխառուի ֆինանսական ոչ բարվոք վիճակի հետևանքով վերանայումների ու դրանց շուրջ տարվող բանակցությունների առարկա են: Այսինքն` ակտիվի մարման առաջնային աղբյուրները բավարար չեն, և բանկը պետք է դիմի դրա մարելու երկրորդային աղբյուրներին, որպիսիք են` գրավի, գույքի վաճառքը, պայմանների վերանայումը (վերաֆինանսավորումը) կամ կապիտալի նոր աղբյուրների հայթայթումը և այլն:

Ոչ ստանդարտ ակտիվներն ունեն ակնհայտ թերություններ, որոնք վտանգում են պարտքի ամբողջությամբ մարելը:

Ոչ ստանդարտ ակտիվներին կարող են դասվել նաև այն ակտիվները, որոնց հետ կապված է սովորականից ավելի մեծ ռիսկ` կապված փոխառուի ընթացիկ ֆինանսական տեղեկատվության կամ գրավի վերաբերյալ համարժեք փաստաթղթերի բացակայության հետ:

Ոչ ստանդարտ ակտիվի համապատասխան դասակարգումը պարզելու համար պետք է հաշվի առնել նաև հետևյալ գործոնները`

ա) ակտիվի սպասարկման պայմանների շարունակական վերանայումները (վերաձևակերպումները) առանց դրա զգալի մարման.

բ) փոխառուի (պարտապանի) կողմից ավելի նպաստավոր պայմաններով ակտիվի մարման վերաբերյալ առաջարկով հանդես գալը` կապված վերջինիս ֆինանսական վիճակի հետ.

գ) ոչ համարժեք գրավի առկայությունը:

(3.8 կետը փոփ. 13.03.01 N 67)

3.9. Կասկածելի ակտիվներն ունեն ոչ ստանդարտ ակտիվների բոլոր հատկանիշները, սակայն առավել խնդրահարույց են, ինչի արդյունքում դրանց հավաքագրումը տվյալ պահին դառնում է չափազանց դժվար կամ անհնար: Կասկածելի ակտիվների դեպքում զգալի կորուստների հավանականությունը բարձր է, բայց կորուստների չափերը պարզ չեն, ինչը հիմնականում պայմանավորված է մի շարք կարևոր և հատուկ գործոններով, որոնք կարող են բարելավել այս ակտիվի վիճակը: Այսպիսով, այս ակտիվի դասակարգումը որպես անհուսալի հետաձգվում է մինչև վերջինիս հետ կապված հանգամանքների հստակեցումը:

3.10. Անհուսալի ակտիվներն անհավաքագրելի և ամբողջությամբ արժեզրկված ակտիվներն են, որոնց հաշվառումը հաշվեկշռում որպես ակտիվներ այլևս նպատակահարմար չէ: Այս դասակարգումը չի նշանակում, որ ակտիվը հնարավոր չէ վերականգնել ապագայում, բայց դրա հաշվապահական ճանաչումը տվյալ պահին պետք է լինի որպես արժեզրկված ակտիվ:

(3.10 կետը խմբ. 13.03.01 N 67)

3.11. Ակտիվների դասակարգման չափանիշներն ամփոփվում են ստորև բերված աղյուսակում.

 

Ակտիվի դասը

Օբյեկտիվ չափանիշ

Սուբյեկտիվ չափանիշ

Ստանդարտ Ակտիվն աշխատող է և գտնվում է սպասարկման ընթացքում համաձայն պայմանագրի* Համապատասխանում է սույն կարգի 3.7 կետում տրված ստանդարտ ակտիվի սահմանմանը
Հսկվող Չաշխատող է մինչև 90 օր Համապատասխանում է սույն կարգի 3.7.1 ենթակետում տրված հսկվող ակտիվի սահմանմանը
 Ոչ ստանդարտ Չաշխատող է 91-180 օր

Համապատասխանում է սույն կարգի 3.8 կետում տրված ոչ ստանդարտ ակտիվի սահմանմանը

Կասկածելի Չաշխատող է 181-270 օր Համապատասխանում է սույն կարգի 3.9 կետում  տրված կասկածելի ակտիվի սահմանմանը
Անհուսալի Չաշխատող է 271 և ավելի օր Համապատասխանում է սույն կարգի 3.10 կետում տրված անհուսալի ակտիվի սահմանմանը

 

_________

* Սույն կարգի իմաստով պայմանագիր համարվում է սկզբնական պայմանագիրը (ներառյալ գրավի պայմանագիրը)

 

(3.11 կետը խմբ. 13.03.01 N 67)

3.12. Սույն կարգի 3.11 կետում նշված չաշխատող օրերի հաշվարկը սկսվում է կարգի 2.6 կետի համաձայն:

3.13. Սույն մասի կանոնները չեն տարածվում ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվների վրա, որոնք տրման պահին դասակարգվում են անհուսալի

(3.13 կետը լրաց. 13.03.01 N 67)

 

4. Ընդհանուր եվ հատուկ պահուստավորում

 

4.1. Յուրաքանչյուր բանկ ակտիվների հնարավոր կորուստները ծածկելու նպատակով վարում է առանձին հաշիվներ` ընդհանուր և հատուկ պահուստների համար: Այդ պահուստների մեծությունը ճշգրտվում է ակտիվների յուրաքանչյուր դասակարգման ամսաթվին` սույն կարգի 3.1 կետին համապատասխան:

4.2. Բանկերը ձևավորում են հատուկ պահուստ` յուրաքանչյուր հսկվող ակտիվի 10%-ի, «ոչ ստանդարտ ակտիվի 20%-ի, կասկածելի ակտիվի` 50%-ի և անհուսալի ակտիվի` 100%-ի չափով:

(4.2 կետը խմբ. 13.03.01 N 67)

4.3. Բանկերը ձևավորում են ընդհանուր պահուստ` ստանդարտ ակտիվների գումարի 1 տոկոսի չափով:

4.4. Ելնելով սույն կարգի 7.2 կետին համապատասխան` բանկի կողմից սահմանված ներքին կանոնակարգից, բանկերը ինքնուրույն, առանց ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության միջամտության, կարող են ավելացնել հատկացումները ընդհանուր պահուստին` ստանդարտ ակտիվների համար` մինչև 2%-ը, իսկ հատուկ պահուստին` հետևյալ չափերով.

ա) հսկվող ակտիվի համար` մինչև 15%-ը,

բ) ոչ ստանդարտ ակտիվի համար` մինչև 25%-ը,

գ) կասկածելի ակտիվի համար` մինչև 70%-ը:

(4.4 կետը խմբ. 13.03.01 N 67)

4.5. Եթե ակտիվը ճանաչվում է անհուսալի, այն նույն օրվա ընթացքում պետք է դուրս գրվի բանկի հաշվեկշռից` «հատուկ պահուստի» հաշվին, և բանկը շարունակում է հաշվառել այն հաշվեկշռի ծանուցման համապատասխան հաշիվներում:

 

5. Տոկոսի (եվ (կամ) տուժանքի) հաշվեգրման դադարեցում

 

5.1. Սույն կարգում սահմանված չաշխատող ակտիվները, այդպիսին դասակարգվելուց սկսած, պետք է հաշվառեն ոչ կուտակային մեթոդով, ինչը նշանակում է, որ այն տոկոսը (և (կամ) տուժանքը), որը կուտակվել է, բայց չի հավաքագրվել, այլևս չի կարող գրանցվել որպես տոկոսային եկամուտ (և (կամ) տուժանք): Այդ ակտիվների գծով հաշվեգրված տոկոսները (և (կամ տուժանքները) պետք է գրանցվեն «չճանաչված տոկոսային եկամտի (և (կամ) տուժանքի)» հաշվին: Տոկոսի (և (կամ) տուժանքի) հաշվեգրումը շարունակվում է, սակայն այն այդուհետ չի գրանցվում որպես տոկոսային եկամուտ մինչև դրա վճարումը:

(5.1 կետը փոփ. 13.03.01 N 67)

5.2. Այն տոկոսները (և (կամ) տուժանքները), որոնք արդեն հաշվեգրվել են, սակայն չեն հավաքագրվել միևնույն (հաշվետու) ժամանակաշրջանի ընթացքում, պետք է «տոկոսային եկամուտներ (և (կամ) տուժանքներ)» հաշվից փոխանցվեն «չճանաչված տոկոսային եկամուտ (և (կամ) տուժանք)» հաշվին:

5.3. Այն տոկոսները (և (կամ) տուժանքները), որոնք հաշվեգրվել են նախորդ ժամանակաշրջանի ընթացքում, սակայն չեն հավաքագրվել, ճանաչվում են որպես ծախս` գրանցվելով «չճանաչված տոկոսային եկամուտ (և (կամ) տուժանք)» հաշվին:

5.4. Չաշխատող ակտիվի նկատմամբ հաշվեգրման սկզբունքը վերականգնվում է միայն ժամկետանց հիմնական գումարի և տոկոսների, ինչպես նաև տուժանքները ամբողջովին մարելու դեպքում:

(5.4 կետը փոփ. 13.03.01 N 67)

5.5. Հաշվեգրված, բայց դեռևս չգանձված տոկոսները (և (կամ) տուժանքները), որոնք գրանցվում են «չճանաչված տոկոսային եկամուտ» հաշվում, ենթակա են հաշվեկշռից դուրսգրման` համապատասխան ակտիվը անհուսալի ճանաչելու (կամ ամբողջությամբ մարելու) պահին: Հաշվեկշռից դուրս գրելուց հետո բանկը հաշվառում է դրանք ծանուցման հաշիվներում և կարող է շարունակել տոկոսների (և (կամ) տուժանքների) հաշվեգրումը:

(5.5 կետը խմբ. 13.03.01 N 67)

5.6. Եթե ակտիվի մարման պահին նրա գծով հաշվարկված տոկոսները գրանցված են «տոկոսային եկամուտներ (և (կամ) տուժանք)» հաշվին, ապա ակտիվի մարման պահից սկսած ակտիվի գծով հաշվեգրված տոկոսները սույն կանոնակարգի 2.6 կետում նախատեսված պայմանները տեղի ունենալուց հետո դուրս են գրվում հաշվեկշռից, և դրանց հաշվեգրումը կարող է շարունակվել ծանուցման հաշիվներում:

(5.6 կետը լրաց. 13.03.01 N 67)

 

6. Ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվների եվ տոկոսների դուրս գրումը

 

6.1. Ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվների դիմաց վճարում (փոխհատուցում) ստանալիս. 6.1.1. հաշվեկշռում վերականգնվում է դուրս գրված ակտիվը կամ դրա մի մասը` թղթակցելով «հատուկ պահուստ» հաշվի հետ.

6.1.2. վերականգնված ակտիվը մարվում է` թղթակցելով դրամական միջոցների կամ համապատասխան այլ ակտիվի հաշվի հետ:

6.2. Ակտիվների հերթական դասակարգումը և պահուստների ճշգրտումներն իրականացնելիս, բանկն ընդհանուր և հատուկ պահուստներում առկա ավելցուկային մնացորդներն ուղղում է եկամուտների հաշվին:

6.3. Ծանուցման հաշիվներում հաշվառվող տոկոսների դիմաց վճարում (փոխհատուցում) ստանալիս.

6.3.1. հաշվեկշռում վերականգնվում է դուրս գրված տոկոսը կամ դրա մի մասը` թղթակցելով «տոկոսային եկամուտ» հաշվի հետ.

6.3.2. վերականգնված տոկոսը մարվում է` թղթակցելով դրամական միջոցների կամ համապատասխան այլ ակտիվի հաշվի հետ:

6.4. Ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվները և տոկոսները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում ծանուցման հաշիվներից.

6.4.1. բանկի կողմից ակտիվի և տոկոսների (կամ դրանց մի մասի) զիջելու (կամ ներելու) կամ

6.4.2. ակտիվի և տոկոսների (կամ դրանց մի մասի) նկատմամբ պահանջի իրավունքի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետը լրանալու դեպքում:

6.5. Եթե բանկի հաշվեկշռում հաշվառվող ակտիվները և տոկոսները (կամ դրանց մի մասը) բանկի կողմից այլ անձի անհատույց զիջվել են (կամ ներվել) մինչև դրանց անհուսալի ճանաչվելը և (կամ) հաշվեկշռից դուրս գրվելը, դրանք չեն հանդիսանում շահութահարկի հաշվարկման նպատակով համախառն եկամտի նվազեցումներ:

(6.5 կետը փոփ. 13.03.01 N 67)

6.6. Սույն կարգի 6.4 և 6.5 կետերում նախատեսված դեպքերում բանկը պարտավոր է 7-օրյա ժամկետում այդ մասին հայտնել ՀՀ պետական եկամուտների նախարարության համապատասխան տարածքային հարկային տեսչությանը:

(6.6 կետը փոփ. 13.03.01 N 67)

 

7. Անցումային դրույթներ եվ կարգը գործողության մեջ դրվելը

 

7.1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 19.12.1997 թ. համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման» և 20.05.1998 թ. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգերը:

7.2. Սույն կարգն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում բանկերը պարտավոր են մշակել վարկերի ու դեբիտորական պարտքերի (ակտիվների) դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման ներքին կանոնակարգ` սույն կարգի դրույթներին համապատասխան:

7.3. Սույն կարգն ուժի մեջ մտնելու պահից մինչև հաշվետու ժամանակաշրջանի (ամսվա) ավարտը բանկերն իրենց ակտիվները դասակարգելուց հետո հաշվարկում են պահուստի այն մեծությունը, որն անհրաժեշտ է խնդրահարույց ակտիվների (ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի) համար և մինչ սույն կարգն ուժի մեջ մտնելը ձևավորված պահուստի գումարն ամբողջությամբ տեղափոխում հատուկ պահուստին, իսկ ստանդարտ ակտիվների համար ձևավորում են ընդհանուր պահուստ: Այն դեպքում, երբ հատուկ պահուստին ուղղվող գումարները գերազանցում են անհրաժեշտ մեծությունը, ավելցուկային միջոցներն ուղղվում են ընդհանուր պահուստին, իսկ վերջինս անհրաժեշտ մեծությունը գերազանցելու դեպքում ավելցուկային գումարներն ուղղվում են բանկի եկամուտներին:

Սույն կարգն ուժի մեջ մտնելու պահին դասակարգվում են ոչ միայն հաշվեկշռում, այլև ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվները:

(7.3 կետը փոփ. 13.03.01 N 67)

7.4. Սույն կարգը սահմանված է բացառապես բանկային գործունեության կարգավորման և բանկի հարկային հաշվառման կարգավորման նպատակով և դատարանի, պետական կառավարման մարմինների, բանկի կամ նրա հաճախորդների, կամ վերջիններիս բաժնետիրոջ, կամ որևէ այլ անձի կողմից սույն կարգի որևէ դրույթ կամ հասկացություն չի կարող մեկնաբանվել, վկայակոչվել կամ կիրառվել որպես բանկի և հաճախորդի (փոխառուի) միջև իրավահարաբերությունները կարգավորող կամ այդ հարաբերությունները սահմանափակող նորմ` պայմանագրի կնքման, կատարման, ժամկետի երկարաձգման, տոկոսագումարների ու տուժանքների հաշվարկման, գրավի և ցանկացած այլ հարցի վերաբերյալ:

(Կարգը հաստատվել է 04.06.99 N 214-Ա որոշմամբ)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան