Գլխավոր տեղեկություն
Համար
N 389-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.04/25(828) Հոդ.534
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2011 թվականի N 389-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերի և խոտհարքների օգտագործումն իրականացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 21
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 14-ի N 389-Ն որոշման

 

 Կ Ա Ր Գ

 

ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա գտնվող արոտավայրերի և խոտհարքների կառավարման և արդյունավետ օգտագործման պայմանները:

2. Սույն կարգի նպատակներն ու խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետությունում արոտավայրերի և խոտհարքների պահպանության և կայուն ու արդյունավետ օգտագործման գործընթացներին նպաստումը.

2) արոտավայրերի և խոտհարքների բերքատվության բարձրացման և վերականգնման համար նպաստավոր պայմանների ստեղծումը.

3) արոտավայրերի և խոտհարքների որակական բնութագրերի և բնապահպանական վիճակի վատթարացման կանխումը.

4) արոտավայրերի և խոտհարքների սանիտարական վիճակում պահպանության ապահովմանը նպաստելը:

3. Մինչև արոտավայրերի օգտագործումը կազմվում է արոտավայրերի օգտագործման պլան` հաշվի առնելով արածեցվող կենդանիների թվաքանակը և արոտավայրերի բերքատվությունը:

4. Արոտավայրերի կայուն և արդյունավետ օգտագործման նպատակով կիրառվում է արոտաշրջանառություն` հետևյալ սկզբունքներով`

1) մինչև արոտային շրջանի սկսվելն ընդհանուր արոտավայրը բաժանվում է առանձին արոտամասերի (արոտաբաժինների), որոնք արածեցվում են որոշակի հերթականությամբ.

2) արածեցման հերթականությունը յուրաքանչյուր տարի փոփոխվում է.

3) նախորդ տարվա վերջին արածեցված արոտամասը հաջորդ տարում չի արածեցվում, թողնվում է «հանգստի»:

5. Արոտային շրջանի սկիզբը և ավարտը սահմանվում է յուրաքանչյուր տարի` ելնելով տվյալ տարվա կլիմայական պայմաններից:

6. Արոտային շրջանի տևողությունը հանրապետության ցածրադիր, հարթավայրային և նախալեռնային գոտիներում կազմում է` խոշոր եղջերավոր կենդանիների համար` 210-240 օր, մանր եղջերավոր կենդանիների համար` 270-300 օր, իսկ բարձր լեռնային գոտիներում համապատասխանաբար` 150-170 օր և 180-210 օր:

7. Միևնույն արոտատարածքում ամբողջական բոլորապտույտով արածեցումների թիվն ամբողջ արոտային շրջանում սահմանվում է`

1) կիսաանապատային և չոր տափաստանային գոտիներում` 2-3 անգամ.

2) տափաստանային գոտում` 3-4 անգամ.

3) մարգագետնատափաստանային և հետանտառային գոտիներում` 4-5 անգամ.

4) ենթալպյան գոտում` 5-6 անգամ.

5) ալպյան գոտում` 3 անգամ:

8. Կենդանիների արածեցումն սկսվում է գարնանը բույսերի վերաճն սկսվելուց 15-18 օր հետո, երբ արոտավայրում բույսերը հասել են հասունացման, իսկ արոտականաչի բարձրությունը հողի մակերեսից կազմում է`

1) կիսաանապատային, չոր տափաստանային և ալպյան գոտիներում` 6-8 սմ.

2) տափաստանային գոտում` 10-12 սմ.

3) մարգագետնատափաստանային, հետանտառային և ենթալպյան գոտիներում` 12-15 սմ բարձրություն:

9. Մեծ թեքություններում (150 և բարձր), որտեղ առկա է հողատարման (էրոզիա) վտանգ և բուսածածկը համեմատաբար թույլ է, արածեցումը կատարվում է սահմանված ժամկետից 10-12 օր անց:

10. Կենդանիների արածեցման համար հատկացվող արոտատարածքի մակերեսը սահմանվում է` ելնելով արոտային թույլատրելի բեռնվածությունից:

11. Արոտային թույլատրելի բեռնվածությունն արտահայտվում է մեկ հեկտարի վրա տեղաբաշխվող պայմանական անասնագլխաքանակով և որոշվում հետևյալ բանաձևով`

 

ԱԹԲ =    Բ

——,

Պ x Տ

որում`

ԱԹԲ-ն` արոտավայրի թույլատրելի բեռնվածությունն է,

Բ-ն` 1 հա արոտավայրի բերքատվությունն է (խոնավ արոտականաչի զանգվածը), կգ/հա,

Պ-ն` 1 պայմանական անասնագլխաքանակի օրվա արոտակերի պահանջն է` կգ,

Տ-ն` արոտային շրջանի տևողությունը` օրերով:

12. Արոտային բեռնվածության որոշման նպատակով մեկ պայմանական կենդանու գլխաքանակին տարբեր գյուղատնտեսական կենդանիները հավասարեցվում են հետևյալ գործակիցներով`

1) կով, արտադրող ցուլ` 1.0.

2) խոշոր եղջերավոր կենդանիների սեռահասակային այլ խմբերի կենդանի` 0.66.

3) մանր եղջերավոր կենդանի` 0.1:

13. Մեկ պայմանական գլխաքանակի համար ամբողջ արոտային շրջանում անհրաժեշտ արոտատարածքը կազմում է`

1) կիսաանապատային գոտում` 6-7 հա.

2) տափաստանային գոտում` 2-2.5 հա.

3) մարգագետնատափաստանային և հետանտառային գոտիներում` 1.5-1.7 հա.

4) ենթալպյան գոտում` 1-1.2 հա.

5) ալպյան գոտում` 2-2.5 հա:

14. Արածեցման արդյունավետ եղանակը հերթափոխային (համակարգված) արածեցումն է, որի կիրառման համար արոտատարածքը պետք է բաժանել արոտավանդակների, որոնց մեծությունը 100 պայմանական անասնագլխաքանակ ընդգրկող նախրի համար կազմում է`

1) կիսաանապատային և չոր տափաստանային արոտավայրերում` 40-60 հա.

2) տափաստանային արոտավայրում` 20-40 հա.

3) մարգագետնատափաստանային և հետանտառային արոտավայրերում` 20-30 հա.

4) ենթալպյան և ալպյան արոտավայրերում` 10-20 հա:

15. Հերթափոխային (համակարգված) արածեցման դեպքում ընդհանուր արոտատարածքը բաժանվում է հետևյալ թվով արոտավանդակների`

1) ալպյան գոտում` 8-10.

2) ենթալպյան գոտում` 10-12.

3) մարգագետնատափաստանային և հետանտառային գոտիներում` 12-16.

4) տափաստանային գոտում` 16-20.

5) կիսաանապատային և չոր տափաստանային գոտիներում` 20-40:

16. Արոտավանդակներն առաջինից մինչև վերջինը, ըստ տեղադրվածության, արածեցվում են սահմանված հերթականությամբ` մինչև բոլոր արոտավանդակների արածեցման ավարտը, որից հետո կենդանիները դարձյալ փոխադրվում են առաջին արոտավանդակ և սկսվում է արածեցման հաջորդ բոլորապտույտը` ըստ հերթականության:

17. Արածեցված արոտավայրերում բույսերի կայուն վերաճ ապահովելու նպատակով արածեցման երկրորդ բոլորապտույտը պետք է սկսել առաջին բոլորապտույտի ավարտից 20-25 օր հետո, հաջորդ բոլորապտույտները` 35-40 օր անց, իսկ արոտավանդակներում արածեցման տևողությունը պետք է կազմի առաջին բոլորապտույտում` 2-3 օր, հաջորդ բոլորապտույտներում` 3-5 օրից ոչ ավելի:

18. Արոտավայրերում կենդանիների մակատեղերը (գիշերավայրը) պետք է կառուցել` ջրելատեղերից 300-500 մ հեռավորության վրա:

19. Ջրելատեղերի հեռավորությունն արոտավայրից պետք է լինի հետևյալ հեռավորության վրա`

1) կթու կովերի համար` 1-1.5 կմ-ից ոչ ավելի.

2) բտվող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համար` 1.5-2.5 կմ-ից ոչ ավելի:

20. Արոտավանդակների սահմանազատման նպատակով, որպես բնական սահմաններ, կարող են ծառայել արոտատարածքում առկա ձորակները, գետակները, հեղեղատները, թեքությունները, բացատները, թփուտները, ճանապարհները, իսկ դրանց բացակայության դեպքում անհրաժեշտ է օգտագործել շարժական ցանկապատեր, որոնցից առավել արդյունավետ են էլեկտրացանկապատերը:

21. Բնական խոտհարքներն օգտագործման են տրամադրվում խոտհնձի նպատակով: Խոտհնձի լավագույն ժամկետ է սահմանվում բուսածածկում գերակշռող արժեքավոր հացազգի (դաշտավլուկազգի) խոտաբույսերի հասկակալումից մինչև ծաղկման, իսկ թիթեռնածաղկավոր (բակլազգի) խոտաբույսերի դեպքում` կոկոնակալումից մինչև ծաղկման փուլն ընկած ժամանակաշրջանը:

22. Բնական խոտհարքներում խոտհունձն իրականացվում է 7-10 օրվա ընթացքում, երբ խոտի բարձրությունը հողի մակերեսից կազմում է 4-6 սմ:

23. Բնական խոտհարքներում յուրաքանչյուր երրորդ տարում խոտհունձն իրականացվում է խոտհնձի սեզոնի վերջում` բույսերին սերմնակալման և բնական վերարտադրության հնարավորություն ընձեռելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան