Գլխավոր տեղեկություն
Համար
N 279-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.13/20(823) Հոդ.392
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2011 թվականի N 279-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՍԵՐՄԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի գարու արտադրության զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը ծրագրի իրականացման նպատակով «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Ուկրաինայի «Սելենա» փակ բաժնետիրական ընկերությունից ու «Նացիոնալ» մասնավոր կազմակերպությունից ձեռք բերել և Հայաստանի Հանրապետություն ներմուծել 2019.135 տոննա գարնանացան գարու «Գելիոս», «Կոմանդոր», «Վոդոգրայ», «Գետման», «Էնեյ», «Ստալկեր», «Ադապտ», «Վսեսվիտ», «Էտիկետ» և «Ասպեկտ» սորտերի էլիտային և առաջին վերարտադրության սերմացու:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ ներկայացնել հանրապետության ամենաաղքատ համայնքների ցանկը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության մարզպետներին հանձնել ծրագրով սահմանված չափաքանակներով սերմացուները` գյուղացիական տնտեսավարող սուբյեկտներին բաշխելու նպատակով.

2) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով կազմակերպել սերմացուների բաշխումը մարզերին և տեղափոխումը համապատասխան մարզկենտրոններ` պայմանագիր կնքելով Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

1) ապահովել ծրագրով սահմանված պայմաններին համապատասխան գարու առաջին վերարտադրության սերմացուի բաշխումը մարզի տնտեսավարող սուբյեկտներին.

2) ապահովել ծրագրով սահմանված պայմաններին համապատասխան գարու առաջին վերարտադրության սերմացուի դիմաց գանձվող գումարների հավաքագրումը և փոխանցումը Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման համար բացված նպատակային հաշվին.

3) յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդող ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել հաշվետվություն ծրագրի իրականացման ընթացքի մասին:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդող ամսվա 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամփոփ հաշվետվություն ծրագրի իրականացման ընթացքի մասին։

7. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 23-րդ կետով նախատեսված` վերադարձվող գումարները հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալների ընդլայնմանը նպատակաուղղելու գործընթացն ու դրա մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 971-Ն որոշման 5-րդ կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 8
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 17-ի N 279-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_285

 

ԵՐԵՎԱՆ– 2011

 

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

I. Հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության և սերմնարտադրության բնագավառում ստեղծված իրավիճակը

II. Ծրագրի նպատակը և խնդիրները

III. Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները և պահանջվող ներդրումները

IV. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

V. Առաջարկություններ

 

I. ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

1. 2010 թվականի բնակլիմայական անբարենպաստ պայմանները բացասական ազդեցություն են թողել հանրապետության գյուղատնտեսության բնագավառի և հատկապես հացահատիկային մշակաբույսերի արտադրության վրա:

2. Գյուղատնտեսության մեջ առաջնահերթ կարևոր ենթաճյուղերում նպատակային քաղաքականության իրականացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման շնորհիվ հնարավոր է լուծել բնագավառում ծագած մի շարք խնդիրներ:

3. Քաղաքականությունը պետք է նպատակաուղղվի գյուղատնտեսական ծագում ունեցող արտադրանքի ծավալի աճին, տեղական արտադրանքով ներմուծման փոխարինմանը և նոր տեխնոլոգիաների կիրառմանը: Անշուշտ, նշվածը պահանջում է պետական աջակցության տարբեր մեխանիզմների կիրառում:

4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսությունը երկրի պարենային ապահովության և անվտանգության ապահովման գլխավոր ոլորտն է, երկրի ընդհանուր ռազմավարությունում այն պետք է ունենա առանցքային դեր:

5. Հանրապետության պարենային հաշվեկշռի տվյալները վկայում են, որ մի շարք մշակաբույսեր ունեն գրեթե ինքնաբավության մակարդակ (կարտոֆիլ, բանջարեղեն, բոստանային մշակաբույսեր, խաղող և պտուղ), ներկրվում են հիմնականում մերձարևադարձային պտղատեսակները: Որոշ գյուղատնտեսական մշակաբույսերի տեղական արտադրության ծավալներն ունեն ինքնաբավության ցածր մակարդակ, և առաջնահերթ խնդիր է դրանց արտադրության ծավալների ավելացումն ու ինքնաբավության մակարդակի հետագա բարձրացումը, մասնավորապես, դա վերաբերում է պարենային գարուն:

6. Առաջնահերթ խնդիր է սեփական արտադրության հաշվին անասնակերով ապահովվածության մակարդակի բարձրացումը, որը բխում է նաև հանրապետության գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունից:

7. Ստորև ներկայացվում են 2005-2009 թվականներին գարնանացան գարու ցանքատարածությունների, միջին բերքատվության և համախառն բերքի տվյալները.

 

Տարեթիվը

Ցանքատարածությունը (հա)

Միջին բերքը
(ց/հա)

Համախառն բերքը
(տոննա)

2005 թ.

62404

16.7

103851

2006 թ.

59354

10.1

45792

2007 թ.

62253

25.1

154207

2008 թ.

63745

22.4

142712

2009 թ.

65907

22.0

140553

Միջինը

62733

18.7

117423

8. Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում ձևավորվել էր գիտաարտադրական հզոր, հանրապետության պահանջները հիմնականում բավարարող սերմնաբուծության համակարգ, որը ներառում էր հանրապետական նշանակության գիտաարտադրական միավորումները, էլիտային և մասնագիտացված սերմնաբուծական տնտեսությունները: Սերմնաբուծության նպատակով մշակվում էին հանրապետության ամենաբերրի հողերը` շուրջ 30000 հեկտար ջրովի վարելահող, սերմնաբուծության բոլոր օղակներն ունեին երաշխավորված ֆինանսավորում, սերմերի իրացման կենտրոնացված, վճարունակ համակարգ և նյութատեխնիկական հզոր բազա:

9. Շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված սերմնաբուծական պետական տնտեսությունների փոխարեն հացահատիկի սերմերի արտադրության գծով ներկայումս հանրապետությունում գործում է երկու սերմնաբուծական պետական տնտեսություն` «Գյումրու սելեկցիոն կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը և «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որոնք ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկայով ու սարքավորումներով, կարիք ունեն հողերի և ոռոգման համակարգի բարելավման ու հողատարածքների ընդլայնման:

10. Հանրապետությունում սերմնաբուծությամբ զբաղվում են նաև մասնավոր տնտեսավարողներ և սերմնաբուծական մի շարք միություններ` «Սյունիքի սերմարտադրողների իրավաբանական անձանց միությունը», «Սյունիքի ֆերմերների միությունը», «Արմենիան Թեքնոլըջի Գրուփ» հիմնադրամը և «Սերմարտադրողների աջակցության միությունը»: Սակայն, նշված տնտեսություններն ինչպես արտադրանքի որակական, այնպես էլ ծավալային առումով չեն բավարարում հանրապետության՝ սերմերի նկատմամբ պահանջարկը:

11. Սերմնաբուծությունը, որպես գյուղատնտեսական մշակաբույսերի ագրոէկոլոգիական և գենետիկական բազմազանության վերարտադրության համակարգ, անփոխարինելի նշանակություն ունի բուսաբուծության զարգացման գործում: Ներկայումս հանրապետության բուսաբուծության ոլորտի՝ լուծում պահանջող հիմնահարց է սերմնաբուծության կազմակերպումը:

12. Գարու սերմնաբուծության ոլորտում ծագած խնդիրներին լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 451-Ա որոշմամբ հաստատվել է Ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման 2007-2011 թվականների ծրագիրը, որի հիմնական նպատակն է հացահատիկային ճյուղի արդյունավետության բարձրացման միջոցով ավելացնել հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները և արդյունքում բարձրացնել ինքնաապահովության մակարդակը:

13. Ծրագրի իրականացման համար նախատեսված գումարները 2008 թվականից սկսած կրճատվել են: Նույնիսկ նման պայմաններում հացահատիկի բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) սերմացուի մեկ կիլոգրամի գինը 2007 թվականին 200-220 դրամի փոխարեն ներկայումս կազմում է 140-160 դրամ: Ծրագրի իրականացումը նպաստել է նաև հացահատիկային մշակաբույսերի` հատկապես գարու բերքատվության բարձրացմանը: Ծրագրի շրջանակներում 2010 թվականին արտադրվել է գարնանացան գարու 237 տոննա սուպերէլիտային և էլիտային սերմացու:

14. Բացի ծրագրի շրջանակներում արտադրված սերմացուներից՝ սերմնաբուծական պետական կազմակերպությունների և սերմնաբուծությամբ զբաղվող մասնավոր ֆերմերների կողմից տարեկան արտադրվում է շուրջ 250 տոննա բարձր վերարտադրության սերմացու: Այսինքն, հանրապետության գարու ցանքերի շուրջ 3.5 տոկոսն է կատարվում բարձր վերարտադրության սերմացուներով:

15. Վերջին տարիներին հանրապետությունում կազմակերպվում են ICARDA-ի, SIMIT-ի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության և այլ երկրների հավաքածուներում ընդգրկված և շրջանացված հացահատիկային մշակաբույսերի սորտերի լայնամասշտաբ փորձարկումներ:

16. Ստորև ներկայացվում են հանրապետության տարբեր գոտիներում գարու մեկ հեկտարի մշակության համար կատարվող ծախսերը, ստացվող միջին բերքը և զուտ եկամուտները.

 

Մշակաբույսի
անվանումը

Մեկ հեկտարի
հաշվով կատարվող ծախսերը
(հազ. դրամ)

Միջին բերքը
(ց/հա)

Մեկ կիլոգրամի իրացման միջին գինը
(դրամ)

Հասույթը
(հազ. դրամ)

Զուտ եկամուտը
(հազ. դրամ)

Գարի (Արարատյան հարթավայր)

290-310

30-35

100

300-350

10-40

Գարի (անջրդի տարածքներ)

180-200

16-20

100

160-200

-20-0

17. Բարձր բերքի ստացման հիմնական գրավականը բարձրորակ սերմերով ցանքի կատարումն է: Հանրապետությունում բարձր վերարտադրության սերմացուների գները կարգավորելու և տնտեսավարող սուբյեկտների համար մատչելի դարձնելու նպատակով, հանրապետությունում 2007-2011 թվականներին ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում, որոշակիորեն կարգավորվել է սերմնաբուծական տնտեսությունների կողմից արտադրվող սերմացուների իրացման գինը` ի հաշիվ ծրագրով նախատեսված լրավճարների: Բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) մեկ կիլոգրամ սերմացուն հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին վաճառվում է 140 դրամով՝ գործող շուկայական գնից 60 դրամով պակաս:

18. Բուսաբուծության բնագավառի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ`

1) գրեթե բոլոր, հատկապես հացահատիկային, մշակաբույսերի առումով առկա է որակյալ` բարձր վերարտադրության, բերքատվություն ունեցող սերմացուների մեծ պահանջարկ.

2) հողօգտագործողների համար մատչելի չեն դիզելային վառելանյութի, պարարտանյութերի և բուժանյութերի գները.

3) անջրդի պայմաններում, միավոր տարածքից ամենաքիչ եկամուտ են ապահովում հատկապես հացահատիկային մշակաբույսերը.

4) գյուղատնտեսական մշակաբույսերի եկամտաբերությունը տարեցտարի նվազում է` մշակության նպատակով կատարվող ծախսերի ավելացման պատճառով.

5) հողօգտագործողներին պետական աջակցության (սուբսիդիա) տրամադրումը նպաստում էր տևականորեն չմշակված վարելահողերի՝ շրջանառության մեջ ներգրավմանը, մշակության ագրոտեխնիկայի բարելավմանը և ցանքատարածությունների ու համախառն բերքի ավելացմանը:

19. Հիմք ընդունելով սերմերի նկատմամբ մեծ պահանջարկը` սորտափորձարկման նպատակով յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է հանրապետություն ներմուծել արտերկրում իրենց լավագույնս դրսևորած գարնանացան գարու 15-20 սորտեր և դրանցից հեռանկարայինները փորձարկումների ենթարկելուց հետո շրջանացնել հանրապետությունում:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

20. Ծրագրի նպատակն է հանրապետությունում սոցիալապես անապահով տնտեսավարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելը, ինչպես նաև գարու ցանքատարածությունների ընդլայնումը և համախառն բերքի ավելացումը:

21. Ծրագրի խնդիրն է արտերկրից 946.055 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության սերմացուների գնումը և ներկրումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

22. Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները նախատեսված են 2011 թվականի համար:

 

Իրականացվող միջոցառումները

 

23. Նախատեսվում է արտերկրում գրանցված, երաշխավորված կայուն և բարձր բերքատվություն ապահովող գարու սորտերից Հայաստանի Հանրապետություն ներմուծել 946.055 տոննա բարձր վերարտադրության սերմացու և հատկացնել հանրապետության մարզերի հացահատիկային մշակաբույսերի արտադրությամբ զբաղվել ցանկացող տնտեսավարող սուբյեկտներին՝ բերքահավաքից հետո տրված սերմացուի քանակության համար 1 կիլոգրամին 70 դրամ հաշվարկով գումարը վերադարձնելու պայմանով:

24. Սերմացուն տնտեսավարող սուբյեկտին կհատկացվի մարզպետի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

25. Սերմացուն կբաշխվի ըստ մարզերի` հետևյալ չափաքանակներով.

 

NN
ը/կ

Մարզի անվանումը

Քանակությունը (տոննա)

1.

Արագածոտն

200

2.

Արարատ

10

3.

Արմավիր

10

4.

Գեղարքունիք

300

5.

Լոռի

30

6.

Կոտայք

35

7.

Շիրակ

200

8.

Սյունիք

116

9.

Վայոց ձոր

20

10.

Տավուշ

25.055

 

 Ընդամենը

946.055

26. Հայաստանի Հանրապետության մարզպետը մարզում բաշխումն իրականացնում է ըստ համայնքների` բացառելով միևնույն համայնքում գարու առաջին վերարտադրության և գարու էլիտային սերմացուների միաժամանակյա տրամադրումը:

27. Բաշխումից հետո Հայաստանի Հանրապետության մարզպետարանները 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնում են վերջնական ցուցակները` համաձայն ձևի:

28. Սերմացուն կհատկացվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից ներկայացված առավել աղքատ համայնքների 0.3-3 հեկտար հողատարածք ունեցող շահառուներին՝ առավելությունը տալով`

1) սոցիալապես անապահով և մեկ տարի ու ավելի չմշակված հողատարածքներ ունեցող տնտեսավարողներին.

2) սոցիալապես անապահով և նախորդ տարում հացահատիկային մշակաբույսեր չմշակած հողատարածքներ ունեցող տնտեսավարողներին.

3) սոցիալապես անապահով տնտեսավարողներին:

29. Սույն հավելվածի 28-րդ կետով նախատեսված պայմանները բավարարելուց հետո ավելացած սերմացուն հանձնվում է այլ տնտեսավարող սուբյեկտների՝ մարզպետի հայեցողությամբ:

30. Գարու սերմացուի բաշխումն իրականացվում է մեկ հեկտարին 220 կիլոգրամ ցանքի նորմայով:

31. Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից կիրականացվի մոնիթորինգ, որը կսկսվի սերմացուի բաշխման պահից և կշարունակվի մինչև բերքահավաքի ավարտը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

32. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են՝

1) պետական նպատակային աջակցության մեխանիզմների կիրառմամբ հանրապետությունում բնատնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման նախադրյալների ստեղծումը.

2) ներդրումների մատչելիության միջոցով արտադրության արդյունավետության բարձրացման հնարավորությունների ստեղծումը.

3) ագրոպարենային ոլորտում աշխատատեղերի պահպանումը և նորերի ստեղծումը.

4) երկրի ագրոպարենային համակարգում համեմատաբար կայուն իրավիճակի ձևավորումը.

5) գարու մշակության եկամտաբերության բարձրացումը, ցանքատարածությունների ընդլայնումը և համախառն բերքի ծավալների ավելացումը.

6) գյուղական համայնքներում սոցիալական դրության բարելավումը:

 

V. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

33. Ծրագրի իրականացման ընթացքում տրամադրված սերմացուի փոխարեն վերադարձվող գումարները նպատակաուղղել հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալների ընդլայնմանը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության ……………… մարզի ………… տարածաշրջանի ………………. համայնքի գարնանացան գարու առաջին վերարտադրության սերմացու ստացողների

 

NN
ը/կ

Անունը, ազգանունը

Անձնագիրը

Անշարժ գույքի
սեփականության կամ վարձակալության իրավունքի գրանցման վկայականի համարը

Հողատարածքի չափը (հա)

Տրամադրված սերմացուի քանակը
(կգ)

Ստորագրու-թյունը

համարը

տրված է
(օրը, ամիսը,
տարեթիվը,
ում կողմից)

սեփական

վարձակալական

1.

               

2.

               

3.

               

4.

               

5.

               

6.

               

7.

               

Ընդամենը

x

x

x

x

   

x

Համայնքի ղեկավար

________________________
(ստորագրությունը)

____________________________

(անունը, ազգանունը)

 

Մարզպետարան