Գլխավոր տեղեկություն
Համար
N 211-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.03.2011-11.02.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

30 մարտի 2010 թվականի N 211-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N 174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոս­տոսի 13-ի N 995-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրա­պետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումների 2009 թվականի ժամանակացույցի 1-ին կետը`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության ան­վտան­գու­թյան ազգային խորհուրդ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության ան­վտան­գու­թյան ազգային խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության ան­վտանգության ազգային խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվա­կանի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգու­թյան ապահովման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 370 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 30

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2010 թ.

մարտի 30-ի N 211-Ա որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում խորհրդատվական մարմին է, որը քննարկում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկու­թյուններ Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության իրականացման ու բնագավառին վերաբերող այլ հարցերի վերաբերյալ:

2. Խորհուրդը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան: Խորհուրդն ունի իր անվանմամբ ձևաթուղթ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանա­պարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության իրականացմանն աջակցելն է:

4. Խորհրդի խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության իրականացման վերաբերյալ առաջար­կու­թյուն­ների մշակումը.

2) Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունների կարգավորման նպատակով առաջարկությունների մշակումը.

 3) ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական կարգավորման բարելավման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

 4) Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման ծավալների և ձևերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

 5) ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրա­վունք­ների ու պարտականությունների վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

 6) ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության և հետևանքների նվազեցման նպատակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ առա­ջարկությունների մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը:

5. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան` խորհուրդը`

1) աջակցում է Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության իրականացման գործողու­թյուն­ների ծրագրով (այսուհետ` գործողությունների ծրագիր) նախատեսված միջոցառումների իրականացմանը, որոշակի պարբերականությամբ վերանայում դրանք և ըստ անհրաժեշ­տու­թյան առաջարկություններ է ներկայացնում` դրանք վերանայելու նպատակով.

 2) քննարկում է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինան­սա­վորման միջոցների հարցը` տարեկան կտրվածքով.

3) հաստատում է խորհրդի աշխատանքների կազմակերպման նպատակով ձևավորվող քարտուղարության աշխատանքային պլանները.

4) հաստատում է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրա­կա­նացման նպատակով ձևավորվող աշխատանքային խմբերի (այսուհետ` աշխա­տանքային խմբեր) գործունեության սկզբունքները, սահմանում խնդիրները, հսկում դրանց աշխատանքը.

5) ներկայացնում է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքների գնահատման չափանիշների վերաբերյալ առաջարկություններ, նախապես քննարկում է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների մասին պատասխանատու մարմինների հաշվետվությունները և դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

6) քննարկում է ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի վիճակի վերաբերյալ վերլուծությունները և համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

7) քննարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վերաբերյալ օրենսդրական ակտերի, ստանդարտների, տեխնիկական նորմերի և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը.

8) կազմակերպում է միջգերատեսչական գիտական համաժողովներ, խոհրդակցու­թյուն­ներ և սեմինարներ ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերի վերաբերյալ.

9) աջակցում է այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը կապված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ.

10) տարեկան մեկ անգամ իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկա­յացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

7. Խորհրդի կազմում ընդգրկվում են ճանապարհային երթևեկության ան­վտան­գության ապահովման բնագավառին առնչվող պետական կառավարման մարմինների և հասա­րա­կական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի քաղաքապետը (համաձայնությամբ): Խորհրդի անդամն իր լիազորություններն իրականաց­նում է հասարա­կա­կան հիմունքներով:

8. Խորհրդի աշխատանքների կազմակերպումը, աշխատանքային խմբերի գործունեու­թյունը համակարգում է խորհրդի քարտուղարությունը, որը գլխավորում է քարտուղարության պետը: Խորհրդի քարտուղարության գործունեության արդյունավետ և օպերատիվ, ինչպես նաև հնարավորինս գործնական իրականացման նպատակով նրա գործառույթները վերապահ­վում են «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմա­կերպությանը: Քարտուղարության պետի գործառույթները վերապահվում են կազմակերպության գործադիր տնօրենին` կազմակերպության հետ կնքված ծառայությունների անհատույց մատուց­ման պայմանագրի հիման վրա: Կազմակերպության հետ ծառա­յու­թյուն­ների անհատույց մատուցման պայմանագիր կնքող խորհրդի լիազոր անձը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարն է, որն իրականացնում է խորհրդի քարտուղարության աշխատանքների նկատմամբ հսկողություն և գործունեության ընդհանուր համակարգում:

9. Խորհրդի քարտուղարությունը`

1) կազմում է խորհրդի աշխատանքային պլանը.

2) արձանագրում է խորհրդի նիստերը.

3) խորհրդի նիստի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ դրա մասին գրավոր ծանուցում է խորհրդի անդամներին` ծանուցման մեջ նշելով նիստի անցկացման վայրը, օրը, ժամը, նիստի օրակարգը.

4) համակարգում է աշխատանքային խմբերի աշխատանքը և ապահովում նրանց կանոնավոր հանդիպումները (ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում` մեկ անգամ).

5) իրականացնում է խորհրդի գործունեության արդյունավետության ապահովմանն ուղղված այլ գործառույթներ:

10. Խորհրդի քարտուղարության պետը`

1) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ներկայացնում է խորհուրդը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և այլ կազմակերպու­թյունների հետ հարաբերություններում.

2) խորհրդի կամ խորհրդի նախագահի լիազորությամբ իրականացնում է խորհրդի գործունեության արդյունավետության ապահովմանն ուղղված այլ գործառույթներ:

11. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Նիստն իրա­վազոր է, եթե դրան մասնակցել է խորհրդի անդամների կեսից ավելին: Նիստերը գումարվում են պարբերաբար` բայց առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստեր կարող են հրավիրվել նաև արտահերթ` խորհրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ` խորհրդի նախագահի կողմից, պահանջը ներկայացնելուց հետո 7 օրվա ընթացքում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հարցման կարգով` էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ:

12. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծա­մասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

13. Պետական և տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակա­ռա­վարման մարմինները խորհրդի քարտուղարությանը տրամադրում են համապատասխան փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաև խորհրդի քարտուղարության գործառույթների պատշաճ իրականացման համար` այլ օժանդակություն:

14. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի որոշման հետ, գրավոր ներկա­յացնում է իր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և նշվում նիստի արձանագրության մեջ:

15. Խորհրդի նիստերը սահմանված կարգով արձանագրվում են: Արձանագրությունը, որն ստորագրում է խորհրդի նախագահը, կազմվում է նիստի ավարտից հետո 5 օրվա ընթացքում` երկու օրինակից:

16. Խորհրդի նիստերին ներկայացվող նյութերի նախապատրաստման, խորհրդի անդամներին ներկայացնելու, նիստերի արձանագրությունների կազմման, խորհրդի որոշում­ների համարակալման գործառույթներն իրականացնում է խորհրդի քարտուղարը:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Խորհրդի նախագահը`

1) հրավիրում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք: Խորհրդի նախագահի բացա­կայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը նախա­գա­հում է նիստը.

2) իրականացնում է վերահսկողություն ընդունված որոշումների կատարման նկատմամբ և պատասխանատու է խորհրդի խնդիրների իրականացման համար.

3) խորհրդի անդամների միջև բաշխում է պարտականությունները և տալիս խորհրդի աշխատանքների հետ կապված հանձնարարականներ.

4) որոշում է խորհրդի նիստերի անցկացման ժամանակը:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

18. Խորհրդի անդամները`

1) մասնակցում են խորհրդի նիստերին և աշխատանքային խմբերի ու խորհրդի աշխա­տանքային ծրագրերի մշակման և դրանց իրականացման աշխատանքներին.

2) հարցեր են ներկայացնում խորհրդի քննարկմանը.

3) ներկայացնում են առաջարկություններ խորհրդի գործունեության, նիստի օրակար­գում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

4) իրենց մասնագիտության շրջանակներում` քննարկվող հարցերի վերաբերյալ տալիս են բանավոր կամ գրավոր եզրակացություն:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

19. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչա­պետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2010 թ.

մարտի 30-ի N 211-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
   
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
   
Կ. Կարապետյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
   
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
   
Հ. Թովմասյան - ՀՀ արդարադատության նախարար
   
Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար
   
Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
   
Ա. Երիցյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
   
Մ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
   
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
   
Ա. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
   
Ա. Թումանյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)
   
Մ. Օհանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ
   
Է. Ոսկանյան - Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներքին անվտանգության վարչության դիտարկումների բաժնի պետ (համաձայնությամբ)
   
Գ. Անանյան - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)
   
Ա. Դավիդյանց - «Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
   
Է. Հովհաննիսյան - «Աքիլես» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

(Հավելվածը փոփ. 21.03.11 N 207-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան