«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2002 թվականի N 1301-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 4-րդ կետը, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի N 913-Ն որոշման 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ՝
ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:
բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի պետական առողջապահական գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ առողջապահության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը խմբ. 05.05.11 N 554-Ն)
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է սույն կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանգրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերող և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են՝
ա) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կնքված պայմանագրերի համաձայն բժշկական օգնություն իրականացնողների փաստացի կատարված աշխատանքների դիմաց ֆինանսական միջոցների հատկացման կազմակերպումը.
բ) առողջապահական պետական նպատակային ծրագրերով նախատեսված պետական պատվերի միջոցով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման ապահովումը:
(7-րդ կետը փոփ. 21.11.02 N 1812-Ն)
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող (այսուհետ՝ բժշկական օգնություն իրականացնող) հիմնարկների ու կազմակերպությունների հետ պետական պատվերի շրջանակներում բնակչությանը բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի կնքման կազմակերպումը, դրանց համապատասխան փաստացի կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ամփոփումը և սահմանված կարգով ֆինանսական միջոցների հատկացման ապահովումը.
բ) բժշկական օգնություն իրականացնողների կողմից պետական պատվերի շրջանակներում կատարված աշխատանքների որակի և ծավալի՝ սահմանված չափանիշներին համապատասխանության վերահսկումը.
գ) առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, չափանիշների մշակմանն ու ներդրմանը մասնակցությանը:
(8-րդ կետը փոփ. 21.11.02 N 1812-Ն)
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Գործակալության պետը պատասխանատու է առողջապահության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Գործակալության պետը`
ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության ու գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
զ) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
է) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ը) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.
թ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ժա) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժբ) իրականացնում է վերահսկողություն գործակալության ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժգ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.
ժդ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Գործակալության պետի բացակայության դեպքում, գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի համաձայնությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ, գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալներից մեկը:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Տարածքային մարմիններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության տարածքային մարմնի անվանմամբ կլոր կնիք և ձևաթուղթ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժին
Տնտեսագիտության և ֆինանսական հոսքերի կառավարման բաժին
Վերահսկողության բաժին
Փաստաթղթային հսկողության և պայմանագրային բաժին
II. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
Լոռու մարզային կենտրոն
Վայոց ձորի մարզային կենտրոն
Արագածոտնի մարզային կենտրոն
Գեղարքունիքի մարզային կենտրոն
Արարատի մարզային կենտրոն
Կոտայքի մարզային կենտրոն
Արմավիրի մարզային կենտրոն
Շիրակի մարզային կենտրոն
Սյունիքի մարզային կենտրոն
Տավուշի մարզային կենտրոն
Երևանի քաղաքային կենտրոն
(Կառուցվածքը լրաց. 21.11.02 N 1812-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |