Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.05.20/4(21) Հոդ.450.51
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի  

ԵԱՔԴ/0195/01/09 որոշում

ԵԱՔԴ/0195/01/09

Նախագահող դատավոր՝  Գ. Մելիք-Սարգսյան

Դատավորներ`                Մ. Պետրոսյան

                       Ս. Համբարձումյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ

     մեղադրող

 

Գ. ԼՅՈՒԴՎԻԳՅԱՆԻ

 

 2010 թվականի դեկտեմբերի 23-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով Հրանտ Արմենի Խաչատրյանի և Վաղարշակ Ռուբենի Մինասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի սեպտեմբերի 3-ի որոշման դեմ մեղադրող Գ.Լյուդվիգյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Քրեական գործը հարուցվել է 2009 թվականի մայիսի 12-ին:

2009 թվականի նոյեմբերի 14-ին Հրանտ Արմենի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

2009 թվականի դեկտեմբերի 2-ին Վաղարշակ Ռուբենի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

2009 թվականի դեկտեմբերի 17-ին Հ.Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

2009 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 18-ի դատավճռով Հ.Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով Հ.Խաչատրյանը դատապարտվել է տուգանքի` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` պատիժները լրիվ գումարելու միջոցով, Հ.Խաչատրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով և տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Նույն դատավճռով Վաղարշակ Ռուբենի Մինասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Վերոհիշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալ Վ.Մինասյանի պաշտպան Ռ.Պողոսյանը և ամբաստանյալ Հ.Խաչատրյանի պաշտպան Ռ.Գրիգորյանը:

3. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն՝ պատժի մասով դատավճիռը փոփոխվել է:

Վերաքննիչ դատարանի հիշյալ դատական ակտով Հրանտ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ Հ.Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով՝ տուգանքի 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա Հ.Խաչատրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով և տուգանք 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Վերաքննիչ դատարանի նույն դատական ակտով Վաղարշակ Մինասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու դատապարտվել տուգանքի 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Մնացած մասով դատավճիռը թողնվել է անփոփոխ:

4. Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, գործով մեղադրող Գ.Լյուդվիգյանը Վերաքննիչ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Պաշտպանների կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքի պատասխաններ, որտեղ վերջիններս իրենց անհամաձայնությունն են հայտնել մեղադրող Գ.Լյուդվիգյանի վճռաբեկ բողոքի կապակցությամբ:

 

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

5. Հրանտ Խաչատրյանը և Վաղարշակ Մինասյանը մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել հետևյալ արարքների կատարման համար.

Հ.Խաչատրյանը և Վ.Մինասյանը 2009 թվականի փետրվարի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս 52 հասցեում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետում վիճաբանության մեջ են մտել ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով իրենց դիտողություն արած նույն սուպերմարկետի անվտանգության աշխատակից Էդգար Մարկոսյանի հետ, շուրջ 40 րոպե, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով սուպերմարկետի աշխատակիցների, հաճախորդների, շենքի բնակիչների, փողոցի անցորդների նկատմամբ, Է.Մարկոսյանի հասցեին բարձրաձայն հայհոյանքներ են տվել: Դրսևորելով ագրեսիվ վարքագիծ` քաշքշել են Է.Մարկոսյանի հագուստներից, նրան դուրս են բերել սուպերմարկետի մուտքի դիմաց և բռունցքներով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Է.Մարկոսյանը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին, իսկ Վ.Մինասյանն ու Հ.Խաչատրյանը շարունակել են ոտքերով ծեծի ենթարկել նրան: Այդ ընթացքում Հ.Խաչատրյանը, գոտկատեղից դուրս բերելով իր մոտ ապօրինի կերպով կրած և քննությամբ չհայտնաբերված գազային ատրճանակը, կրակել է Է.Մարկոսյանի ուղղությամբ: Կրակոցից և իր նկատմամբ գործադրված բռնությունից վախեցած` Է.Մարկոսյանը փախել-մտել է սուպերմարկետի նկուղ: Դրանից հետո Հ.Խաչատրյանը, ատրճանակը ձեռքին, Վ.Մինասյանի հետ մտել է սուպերմարկետ և փնտրել Է.Մարկոսյանին, սակայն չգտնելով նրան` գնել են մեկ շիշ օղի և դուրս եկել խանութից: Հ.Խաչատրյանի և Վ.Մինասյանի խուլիգանական գործողություններով խափանվել է սուպերմարկետի բնականոն աշխատանքը:

6. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը Հ.Խաչատրյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չի առել, որ նա բարեխղճորեն ծառայել է ՀՀ ՈԶ թիվ 1032 զորամասում, հրամանատարության կողմից բնութագրվել է դրական, հայրը մահացել է, հիվանդ մոր և չաշխատող քրոջ խնամքը մնացել է նրա վրա, երիտասարդ է, զղջացել է կատարած արարքի համար, հաշտվել է տուժողի հետ, որը որևէ պահանջ չի ներկայացրել, դատաբժշկական փորձաքննությամբ վերջինիս մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել, նա օրենքով սահմանված կարգով ձևակերպված չի եղել տվյալ օբյեկտում աշխատելու համար:

Վերոշարադրյալից ելնելով Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի չառնելով այդ բացառիկ հանգամանքները` պատիժ նշանակելիս չի անդրադարձել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ Հ. Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ նշանակելու հարցին (տե´ս Քրեական գործ, հատոր 6, 135-140 էջեր):

7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ Է.Մարկոսյանը պահնորդային ծառայություն է մատուցել Երևան քաղաքի Կոմիտաս 52 հասցեում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետում, նրա` որպես պահնորդի, պարտականությունն է եղել «ՍԱՍ» սուպերմարկետում պահպանել հասարակական կարգը: Իսկ 2009 թվականի փետրվարի 7-ին Է.Մարկոսյանը պահնոդի համար նախատեսված համազգեստով ծառայություն է իրականացրել «ՍԱՍ» սուպերմարկետում (տե´ս Քրեական գործ, հատոր 5, 106-130 էջեր):

8. «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊ ընկերության տնօրեն Վահե Դարբինյանի 2009 թվականի մայիսի 26-ի թիվ 001/Ո-001 գրության համաձայն` Էդգար Մարկոսյանը 2009 թվականի փետրվարի 1-ից մինչև 2009 թվականի փետրվարի 15-ն ընկած փորձաշրջանի ժամանակահատվածում աշխատել է «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊ ընկերությունում որպես պահնորդ:

9. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 18-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Վ.Մինասյանի պաշտպան Ռ.Պողոսյանը վերաքննիչ բողոք է բերել 2010 թվականի հունիսի 1-ին, իսկ ամբաստանյալ Հ. Խաչատրյանի պաշտպան Ռ.Գրիգորյանը` 2010 թվականի հունիսի 14-ին:

Ներկայացված վերաքննիչ բողոքում Վ.Մինասյանի պաշտպան Ռ.Պողոսյանը խնդրել է դատավճիռն իր պաշտպանյալի մասով բեկանել և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել (տե´ս Քրեական գործ, հատոր 6, 2-13 էջեր):

Հ.Խաչատրյանի պաշտպան Ռ.Գրիգորյանը խնդրել է դատավճիռն իր պաշտպանյալի մասով բեկանել, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում նրան ճանաչել արդարացված` հանցակազմի բացակայության հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով` քրեական գործի վարույթը կարճել` «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 5-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա (տե´ս Քրեական գործ, հատոր 6, 15-23 էջեր):

Պաշտպանների վերաքննիչ բողոքների կապակցությամբ մեղադրողը ներկայացրել է առարկություններ, որոնք Վերաքննիչ դատարանում ստացվել են 2010 թվականի հունիսի 22-ին (տե´ս Քրեական գործ, հատոր 6, 63-71, 73-81 էջեր):

Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հունիսի 28-ի որոշմամբ պաշտպանների վերաքննիչ բողոքներն ընդունվել են վարույթ և դատական նիստում քննության նշանակվել 2010 թվականի հուլիսի 14-ին (տե´ս Քրեական գործ, հատոր 6, 84-85 էջեր):

10. 2010 թվականի հուլիսի 13-ին Վերաքննիչ դատարանում ստացվել են սույն գործով վերաքննիչ բողոքների հեղինակների դիմումներն այն մասին, որ առողջական խնդիրներ ունենալու պատճառով չեն կարող մասնակցել 2010 թվականի հուլիսի 14-ին նշանակված դատական նիստին և խնդրում են գործի դատական քննությունը հետաձգել 20 օրով:

Նկատի ունենալով վերոհիշյալ հանգամանքը` Վերաքննիչ դատարանը դատական նիստը վերանշանակել է 2010 թվականի օգոստոսի 17-ին և այդ մասին տեղեկացրել դատավարության մասնակիցներին (տե´ս Քրեական գործ, հատոր 6, էջ 102):

11. 2010 թվականի օգոստոսի 12-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է ամբաստանյալ Վ.Մինասյանի պաշտպան Ռ.Պողոսյանի կողմից ստորագրված փաստաթուղթ, որը վերնագրված է «Լրացուցիչ վերաքննիչ բողոք», և որով նա խնդրել է իր պաշտպանյալի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելը հնարավոր չհամարելու դեպքում` մեղմացնել վերջինիս նկատմամբ նշանակված պատժաչափը (տե´ս Քրեական գործ, հատոր 6, էջ 115):

2010 թվականի օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է ամբաստանյալ Հ.Խաչատրյանի պաշտպան Ռ.Գրիգորյանի կողմից ստորագրված փաստաթուղթ, որը վերնագրված է «Լրացուցիչ վերաքննիչ բողոք», և որով նա խնդրել է իր պաշտպանյալի նկատմամբ արդարացման և «քրեական գործի վարույթը կարճելու դատավճիռ» կայացնելը հնարավոր չհամարելու դեպքում` ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ մեղմացնել վերջինիս նկատմամբ նշանակված պատժաչափը (տե´ս Քրեական գործ, հատոր 6, 117-118 էջեր):

Սույն գործով Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներում առկա չէ որևէ նշում այն մասին, որ «Լրացուցիչ վերաքննիչ բողոքներով» բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնվում է կամ հարգելի է ճանաչվում:

12. Վերաքննիչ դատարանը, վճռաբեկության կարգով քննելով գործը, 2010 թվականի սեպտեմբերի 3-ին կայացրել է որոշում, որում առկա է թե´ վերաքննիչ բողոքների և թե´ ի լրումն դրանց ներկայացված` «լրացուցիչ վերաքննիչ բողոքների» բովանդակության շարադրանքը:

Ավելին, Վերաքննիչ դատարանի դատական ակտի ուսումնասիրությունից երևում է, որ վերջինս, փաստորեն, բավարարել է «լրացուցիչ վերաքննիչ բողոքները» (տե´ս քրեական գործ, հատոր 6, 135-140 էջեր):

 

 Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

13. Վճռաբեկ բողոք բերած անձը գտել է, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, Վերաքննիչ դատարանն օբյեկտիվ ստուգման և գնահատման չի ենթարկել Հ.Խաչատրյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, գործի կոնկրետ հանգամանքները, նրա անձը բնութագրող տվյալները, և այդ ամենի արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, և 61-րդ հոդվածներով սահմանված սկզբունքների խախտմամբ, Հ.Խաչատրյանի նկատմամբ նշանակել է պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով:

14. Բողոքաբերը գտել է նաև, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ և 382-րդ հոդվածների պահանջները: Ի հիմնավորումն իր այդ պնդման՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճռի կայացման օրվանից 2 ամիս անց ընդունել է պաշտպանության կողմի ներկայացրած ժամկետանց, այսպես կոչված «Լրացուցիչ վերաքննիչ բողոքները», որոնք` այլ հիմքով ու պահանջով բերված նախկին վերաքննիչ բողոքների հետ համատեղ քննության է առել և բավարարել:

15. Ելնելով վերոգրյալից՝ բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, օրինական ուժի մեջ թողնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի մայիսի 18-ի դատավճիռը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը.

 

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ առկա են ամբաստանյալ Հ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը հիմնավորող բացառիկ հանգամանքներ:

17. Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու հետ կապված հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Հովհաննիսյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում հայտնել այն մասին, որ «Օրենքում օգտագործված «բացառիկ» բառը ենթադրում է, որ տվյալ փաստական հանգամանքը կամ դրանց համակցությունը դուրս են գալիս սովորականի շրջանակներից: Այլ կերպ` ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացած մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգամանքների համակցությունը պետք է այն աստիճան առանձնահատուկ լինեն, որ վերածվեն բացառության» (տե´ս Հակոբ Գագիկի Հովհաննիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-13/08 որոշումը):

Վ.Մնացականյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի բովանդակությունից երևում է, որ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմաններից առնվազն մեկը՝

1. գործի բացառիկ հանգամանքները.

2. խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելը:

Ինչպես նշված է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածում, բացառիկ հանգամանքները կապված են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի հետ: Այդպիսիք կարող են լինել նաև այլ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել պատժի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա» (տե´ս Վաչիկ Ալբերտի Մնացականյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-25/08 որոշման 21-րդ կետը):

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ սույն գործով առկա են մի շարք բացառիկ հանգամանքներ, մասնավորապես՝ ամբաստանյալ Հ.Խաչատրյանի բարեխիղճ ծառայությունը ՀՀ ՈԶ թիվ 1032 զորամասում, հրամանատարության կողմից դրական բնութագրվելը, հոր մահացած լինելը, նրա խնամքին հիվանդ մոր և չաշխատող քրոջ առկայությունը, բացի այդ այն, որ ամբաստանյալը երիտասարդ է, զղջացել է կատարած արարքի համար, հաշտվել է տուժողի հետ, որը որևէ պահանջ չի ներկայացրել, դատաբժշկական փորձաքննությամբ վերջինիս մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

19. Սույն որոշման 17-րդ կետում մեջբերված և համապատասխանաբար նաև Հ.Հովհաննիսյանի և Վ.Մնացականյանի վերաբերյալ որոշումներում սահմանված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով սույն որոշման 18-րդ կետում շարադրված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Խաչատրյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի առնված հանգամանքները էականորեն չեն նվազեցնում նրա կատարած հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, և այդ հանգամանքներն այն աստիճան առանձնահատուկ չեն, որ տվյալ գործը վերածեն բացառության:

Հետևաբար` Հ.Խաչատրյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը որպես բացառիկ գնահատելով՝ Վերաքննիչ դատարանը չի պահպանել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Վերաքննիչ դատարանը որպես բացառիկ է դիտել այն հանգամանքը, որ տուժող Է.Մարկոսյանն օրենքով սահմանված կարգով ձևակերպված չի եղել տվյալ օբյեկտում աշխատելու համար (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով հաստատված է, որ 2009 թվականի փետրվարի 7-ին Է.Մարկոսյանը պահնորդի համար նախատեսված համազգեստով ծառայություն է իրականացրել «ՍԱՍ» սուպերմարկետում (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնված են գործով ձեռք բերված տվյալների վրա: Մասնավորապես` «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊ ընկերության տնօրեն Վահե Դարբինյանի 2009 թվականի մայիսի 26-ի թիվ 001/Ո-001 գրության համաձայն` Էդգար Մարկոսյանը 2009 թվականի փետրվարի 1-ից մինչև 2009 թվականի փետրվարի 15-ն ընկած փորձաշրջանի ժամանակահատվածում աշխատել է «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊ ընկերությունում որպես պահնորդ (տե´ս սույն որոշման 8-րդ կետը):

21. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված ճանաչված վերոհիշյալ հանգամանքների վերաբերյալ որևէ հերքող պատճառաբանություն Վերաքննիչ դատարանի դատական ակտը չի բովանդակում: Վերաքննիչ դատարանն անգամ չի պատճառաբանել, թե տուժող Է.Մարկոսյանի` տվյալ կազմակերպությունում աշխատելու համար օրենքով սահմանված կարգով ձևակերպված չլինելու հանգամանքը ինչպես է էականորեն նվազեցնում Հ.Խաչատրյանի կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը:

Մինչդեռ Հ.Հովհաննիսյանի և Վ.Մնացականյանի վերաբերյալ որոշումներում սահմանված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անգամ եթե տուժող Է.Մարկոսյանը տվյալ կազմակերպությունում աշխատելու համար օրենքով սահմանված կարգով ձևակերպված չի եղել, ապա սույն գործով դա չի կարող դիտվել որպես բացառիկ հանգամանք ամբաստանյալ Հ.Խաչատրյանի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:

22. Հիմք ընդունելով սույն որոշման 17-21-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ առկա են ամբաստանյալ Հ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը հիմնավորող բացառիկ հանգամանքներ: Այսինքն` Վերաքննիչ դատարանն առանց բավարար հիմքերի է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը, ինչի արդյունքում թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված՝ արդարության ու պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում և Հ.Խաչատրյանի նկատմամբ նշանակել է ակնհայտ մեղմ պատիժ:

23. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել է քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման: Դա հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված որոշման կայացման: Նշված հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս Հ.Խաչատրյանի մասով բեկանելու Վերաքննիչ դատարանի որոշումը և այդ մասով օրինական ուժ տալու Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

 

II. «Լրացուցիչ վերաքննիչ բողոքները» քննության ընդունելու իրավաչափությունը.

 

24. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն իրավասո՞ւ էր արդյոք քննության առնել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո կողմի բերած այն փաստաթուղթը, որը վերնագրված է «Լրացուցիչ վերաքննիչ բողոք»:

25. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ բողոքը ներկայացվում է վերաքննիչ դատարան, իսկ դրա պատճենը` դատական ակտ կայացրած դատարան` սույն օրենսգրքի 382 հոդվածի և 383 հոդվածի երկրորդ մասի պահանջները կատարելու համար»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոք բերվում է առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակվելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, որի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում»:

26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել՝ վերականգնելու բաց թողնված ժամկետը: (...)

2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը և քննել գործը (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(...) վերադաս դատարանն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը` իր վարույթում գտնվող գործով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել գործի դատական քննության ընթացքում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

27. Շարադրված քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում «Լրացուցիչ վերաքննիչ բողոք» դատավարական փաստաթղթի տեսակ, որպես վերաքննիչ բողոքից իր իրավական ռեժիմով տարբերվող փաստաթուղթ, և համապատասխանաբար չի սահմանում նաև «Լրացուցիչ վերաքննիչ բողոք» քննելու՝ Վերաքննիչ դատարանի ինքնուրույն լիազորությունը: Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարությունում «Լրացուցիչ վերաքննիչ բողոքի» համար սովորական վերաքննիչ բողոքից տարբերվող, ինքնուրույն դատավարական ռեժիմ չի սահմանվում: Ուստի «Լրացուցիչ վերաքննիչ բողոք» վերնագրված փաստաթղթին անհրաժեշտ է վերաբերել այնպես, ինչպես «սովորական» վերաքննիչ բողոքին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգն ու ժամկետները, ինչպես նաև այդ բողոքի քննության կապակցությամբ Վերաքննիչ դատարանի լիազորությունները: Մասնավորապես՝ առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը մեկ ամիս է, և այս ժամկետն անցնելուց հետո բերված բողոքները թողնվում են առանց քննության, եթե վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա չի վերականգնում վերաքննիչ բողոքարկման ժամկետը: Ընդ որում, իրավական որոշակիության սկզբունքի ներքո, վերաքննիչ դատարանը իրավասու է վերաքննիչ բողոքարկման ժամկետից դուրս ներկայացրած բողոքը քննության առնել միայն այն դեպքում, եթե դատավարական որոշմամբ վերականգնի բողոքարկման ժամկետը:

Բացի այդ, վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և վերաքննիչ դատարանն իրավունք չունի դուրս գալ վերաքննիչ բողոքի սահմաններից:

28. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծությունը Վճռաբեկ դատարանին թույլ է տալիս եզրակացնել, որ վերաքննության կարգով գործի վերանայման հիմքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածով սահմանված ժամկետների սահմաններում ներկայացված վերաքննիչ բողոքն է կամ վերոնշյալ ժամկետային սահմաններից դուրս ներկայացված բողոքը, եթե պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380 հոդված կամ 174 հոդվածի 4-րդ մաս) վերաքննիչ բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի է ճանաչվել: Քրեադատավարական օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված յուրաքանչյուր բողոք պետք է թողնվի առանց քննության, եթե պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում վերաքննիչ բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի չի ճանաչվել:

29. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 18-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Վ.Մինասյանի պաշտպան Ռ.Պողոսյանը վերաքննիչ բողոք է բերել 2010 թվականի հունիսի 1-ին, իսկ ամբաստանյալ Հ.Խաչատրյանի պաշտպան Ռ.Գրիգորյանը` 2010 թվականի հունիսի 14-ին: Պաշտպանների վերաքննիչ բողոքների կապակցությամբ մեղադրողը ներկայացրել է առարկություններ:

 Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հունիսի 28-ի որոշմամբ պաշտպանների վերաքննիչ բողոքներն ընդունվել են վարույթ և դատական նիստում քննության նշանակվել 2010 թվականի հուլիսի 14-ին, սակայն պաշտպանների դիմումների հիման վրա Վերաքննիչ դատարանի նիստը վերանշանակվել է 2010 թվականի օգոստոսի 17-ին (տե´ս սույն որոշման 9-10-րդ կետերը):

2010 թվականի օգոստոսի 12-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է ամբաստանյալ Վ.Մինասյանի պաշտպան Ռ.Պողոսյանի կողմից ստորագրված փաստաթուղթ, որը վերնագրված է` «Լրացուցիչ վերաքննիչ բողոք»:

2010 թվականի օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է ամբաստանյալ Հ.Խաչատրյանի պաշտպան Ռ.Գրիգորյանի կողմից ստորագրված փաստաթուղթ, որը վերնագրված է` «Լրացուցիչ վերաքննիչ բողոք»:

Ներկայացված «լրացուցիչ վերաքննիչ բողոքներում» փոփոխված են օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում բերված վերաքննիչ բողոքների հիմքերը և պահանջը (տե´ս սույն որոշման 11-րդ կետը):

Ընդ որում, Վերաքննիչ դատարանը որևէ դատավարական որոշմամբ չի անդրադարձել ներկայացված «լրացուցիչ վերաքննիչ բողոքներով» բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցին (տե´ս սույն որոշման 11-րդ կետը):

Վերաքննիչ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 3-ի որոշման ուսումնասիրությունից երևում է, որ դրանում առկա է թե´ վերաքննիչ բողոքների և թե´ ի լրումն դրանց ներկայացված` «լրացուցիչ վերաքննիչ բողոքների» բովանդակության շարադրանքը: Ավելին, Վերաքննիչ դատարանի դատական ակտի ուսումնասիրությունից երևում է, որ վերջինս, փաստորեն, բավարարել է «լրացուցիչ վերաքննիչ բողոքները» (տե´ս սույն որոշման 11-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ սույն գործով բողոքաբերները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացրել են նշված օրենսգրքով չնախատեսված փաստաթուղթ՝ «Լրացուցիչ վերաքննիչ բողոք», որը բավարարվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

30. Սույն որոշման 27-28-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 29-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք բերելուց հետո՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետներից դուրս, հավելյալ վերաքննիչ բողոք ներկայացնելու պարագայում (անկախ այն հանգամանքից, որ փաստաթուղթն ուներ օրենքով չնախատեսված անվանում՝ «Լրացուցիչ վերաքննիչ բողոք») Վերաքննիչ դատարանն իրավասու չէր քննության առնել դրանք, եթե դատավարական որոշմամբ չէր վերականգնել բողոքարկման բաց թողնված ժամկետը:

31. Հիմք ընդունելով սույն որոշման 27-30-րդ կետերում շարադրված հիմնավորումները և իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

32. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ «Լրացուցիչ վերաքննիչ բողոքի» վերաբերյալ՝ սույն որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումը հավասարապես վերաբերում է թե' ամբաստանյալ Հ.Խաչատրյանի և թե' ամբաստանյալ Վ.Մինասյանի պաշտպանների բերած «լրացուցիչ վերաքննիչ բողոքներին»: Սակայն, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի հեղինակը դատական ակտը Վ.Մինասյանի մասով չի բողոքարկել և պահանջել է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել մասնակիորեն, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Եթե գործով դատապարտված են մի քանի անձ, իսկ բողոքը բերված է դատապարտյալներից միայն մեկի կամ մի քանիսի նկատմամբ, դատարանը վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում պարտավոր է գործն ստուգել միայն տվյալ դատապարտյալների վերաբերյալ», հետևաբար Վճռաբեկ դատարանն անդրադառնում է միայն Վերաքննիչ դատարանի դատական ակտի` Հ.Խաչատրյանին վերաբերող մասին:

Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը Հ.Խաչատրյանին վերաբերող մասով և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Հրանտ Արմենի Խաչատրյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. սեպտեմբերի 3-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 18-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ