Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.50
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում 

գործ թիվ ԳԴ1/0012/13/09

ԳԴ1/0012/13/09

Նախագահող դատավոր՝  Ա. Դանիելյան

Դատավորներ`                Մ. Արղամանյան

                       Մ. Ռեհանյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

 23 դեկտեմբերի 2010 թվական

ք. Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արմեն Ռոբերտի Սիմոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2009թ. դեկտեմբերի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը և փաստական հանգամանքները.

 

1. 2006թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի հիման վրա (համաներման ակտ) Արմեն Ռոբերտի Սիմոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը կարճելու մասին:

2. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2009թ. մարտի 24-ի դատավճռով Ա.Սիմոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 137-րդ հոդվածի 1-ին մասով. ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ա.Սիմոնյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ա.Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով:

3. Ա.Սիմոնյանը դատապարտվել է հետևյալ արարքի համար.

2008թ. ապրիլի 14-ին՝ ժամը 2030 -ի սահմաններում, Վարդենիս քաղաքի բնակիչ Ա.Սիմոնյանը, կարտոֆիլի պարկը ուսին, անչափահաս երկու երեխաների հետ բարձրացել է նույն քաղաքի Երիտասարդության փողոցի 16-րդ շենքի 5-րդ հարկ և թակել իրենց բնակարանի դուռը, սակայն կինը՝ Սոնա Աղաջանյանը, զբաղված լինելով տնային գործերով, չի լսել դռան թակոցի ձայնը: Ա.Սիմոնյանն իր մոտ եղած բանալիով բացել է դուռը և ներս մտել: Բնակարանի մուտքի դուռը չբացելու պատճառով բնակարանի ներսում վիճաբանել է կնոջ հետ, խուլիգանական դրդումներով կնոջ մազերից բռնած նրան քաշել, դուրս է բերել աստիճանավանդակի վրա, ձեռքում պահած դանակը պահել է կնոջ պարանոցի շրջանին, հայհոյել և սպանության սպառնալիքներ տվել նրան: Այդ ընթացքում դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության միջին վնաս՝ առողջության տևական քայքայումով:

4. 2009թ. հուլիսի 1-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Գեղարքունիքի բաժանմունքի պետի կողմից միջնորդություն է ներկայացվել Առաջին ատյանի դատարան «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման հիման վրա` Արմեն Սիմոնյանի նկատմամբ սահմանված փորձաշրջանը վերացնելու և նրան պատժից ազատելու վերաբերյալ:

Առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 21-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Սիմոնյանի նկատմամբ կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, 12-րդ կետի 1-ին ենթակետի «բ» կետը, և նա ազատվել է պատժից:

5. Առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 21-ի որոշման դեմ 2009թ. նոյեմբերի 26-ին վերաքննիչ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վերաքննիչ դատարանի 2009թ. դեկտեմբերի 25-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 21-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

6. Վերաքննիչ դատարանի 2009թ. դեկտեմբերի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

2010թ. մարտի 3-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունել է վարույթ:

2010թ. հունիսի 8-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին:

2010թ. հոկտեմբերի 19-ին Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դիմումների հիման վրա` «Համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին:

2010թ. նոյեմբերի 8-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

 

7. Առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 21-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Սիմոնյանի նկատմամբ կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, 12-րդ կետի 1-ին ենթակետի «բ» կետը. Առաջին ատյանի դատարանի 2009թ. մարտի 24-ի դատավճռով Ա.Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը և սահմանված փորձաշրջանը վերացվել է, և նա ազատվել է պատժից:

8. 2009թ. նոյեմբերի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը Առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 21-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել, որտեղ, հենվելով նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761 -րդ հոդվածի վրա, նշել է, որ «ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Սիմոնյանի նկատմամբ անհիմն, առանց օբյեկտիվ հիմքերի կիրառել է ՀՀ ԱԺ-ի կողմից 2009 թվականի հունիսի 19-ին ընդունած «Համանարերում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, արդյունքում թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, խաթարել արդարադատության բուն էությունը»:

9. Վերաքննիչ դատարանը 2009թ. դեկտեմբերի 2-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը դատարանի վարույթ ընդունելու և դատական նիստում քննության նշանակելու մասին:

10. Վերաքննիչ դատարանի 2009թ. դեկտեմբերի 25-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 21-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

11. 2010թ. հունվարի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանի 2009թ. դեկտեմբերի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

12. Վճռաբեկ բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի 2009թ. դեկտեմբերի 25-ի որոշումն անհիմն է և անօրինական:

Բողոք բերած անձը վկայակոչել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետը, որի համաձայն` համաներումը չպետք է կիրառել այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժաչափը կրճատվել է, կամ որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատիժը կրելուց ազատվել են ներում շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման մասին որոշումներով, կամ որոնց նկատմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար քրեական հետապնդում չի հարուցվել, կամ քրեական գործերը կարճվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման մասին որոշումներով, և կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հանցագործությունների համար դատվածությունը մարելուց հետո անցել է 10 տարի:

Նա նշել է նաև, որ 2006թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից Արմեն Ռոբերտի Սիմոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար կիրառվել է համաներում, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով հարուցված քրեական գործը կարճվել է:

13. Վերոշարադրյալ մեջբերումների հիման վրա բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, կայացրել է ոչ ճիշտ որոշում, մասնավորապես` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը` սխալ է մեկնաբանել օրենքը: Արդյունքում, բողոքաբերի պնդմամբ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված սկզբունքները, թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածների 1-ին մասերով, ինչի արդյունքում սույն գործով ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

14. Գտնելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար` բողոք բերած անձը խնդրել է «բեկանել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը Արմեն Ռոբերտի Սիմոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 137-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 2009 թվականի հունիսի 19-ի որոշումը կիրառելու մասին ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի հուլիսի 21-ի որոշումը օրինական ուժի մեջ թողնելու մասին»:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

I.Վճռաբեկ դատարանի կողմից սույն գործը վարույթ ընդունելը.

 

15. Սույն գործը Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունելու որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով Վճռաբեկ դատարանին վերապահված օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի կենսագործման գերակա իրավական անհրաժեշտությունից ելնելով` պայմանավորված սույն գործի փաստական հանգամանքներով և իրավական առանձնահատկությամբ:

Մասնավորապես, այդ գերակա իրավական անհրաժեշտությունը կազմող հանգամանքները երկուսն են.

ա. Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործով կիրառման ենթակա նորմատիվ ակտի կապակցությամբ առերևույթ առկա է սահմանադրականության խնդիր, և ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիման վրա դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով ստուգել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Այս հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանը 2010թ. հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշմամբ (կետ 5) արձանագրել է, որ «ՀՀ վճռաբեկ դատարանի մտահոգությունը «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի առկա ձևակերպման, հատկապես բացառության մասին, առնչությամբ` հիմնավոր է, և նման ձևով այն կիրառելու պարագայում կարող է խտրական իրավիճակ ստեղծվել»: Միաժամանակ նշելով, որ քննության առարկա գործով խնդիրը վերաբերում է կոնկրետ քրեական գործերի լուծմանը և դրանց շրջանակներում կիրառվելիք նորմի սահմանադրականության վերաբերյալ հարց առաջադրելուն, այս համատեքստում Սահմանադրական դատարանը գործի վարույթը կարճել է:

բ. Սույն գործով թե´ Առաջին ատյանի և թե´ Վերաքննիչ դատարանի որոշումների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առկա է համաներում կիրառելու վերաբերյալ դատական ակտերի իրավական բնույթի, դրանց բողոքարկման պայմանների կապակցությամբ միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորելու անհրաժեշտություն:

Նշված հանգամանքների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա որոշել է վերականգնել սույն գործով բաց թողնված բողոքարկման 15-օրյա ժամկետը:

 

II. Սույն գործով դատական բողոքարկման ժամկետները.

 

16. Սույն գործի առնչությամբ Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետևյալ իրավական հարցերին` համաներում կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումն ի՞նչ ժամկետում կարող էր բողոքարկվել Վերաքննիչ դատարան, և այն ենթակա՞ էր արդյոք վերաքննիչ բողոքարկման` արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար խախտման հիմքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետ):

17. Դատավարական ժամկետներն ամրագրված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխում: Դատավարական ժամկետը դատավարական գործողություններ կատարելու և դատավարական որոշումներ ընդունելու համար օրենքով սահմանված ժամանակահատվածն է: Դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության և առանձին դատավարական գործողությունների օրինականության ապահովման տեսանկյունից ժամկետներն ունեն կարևոր նշանակություն: Դրանք ապահովում են դատավարական գործողությունների արագ և ժամանակին կատարումը, ինչն էլ իր հերթին նպաստում է քրեական գործի արագ և արդյունավետ քննությանը: Այսպիսով, դատավարական ժամկետների պահպանումը քրեական դատավարությունում օրինականության ապահովման կարևոր երաշխիքներից մեկն է:

Դատավարական ժամկետների պահպանումը կարևոր նշանակություն ունի նաև դատավարության տևողության ողջամտության ապահովման համար, իսկ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը Մարդու իրավունքների միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է: Այն ամրագրված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայում (6-րդ հոդված) և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (9-րդ հոդված):

Դատավարական ժամկետների պահպանումը կարևորվում է նաև իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայուն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավական որոշակիությունը ենթադրում է նաև, որ երբ համապատասխան ժամկետն անցնելուց հետո դատարանի կողմից որևէ հարցի տրված լուծումը դարձել է վերջնական, ապա այն այլևս չի կարող կասկածի տակ դրվել (տե´ս, օրինակ` Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով (Brսmărescս v. Romania) Մեծ պալատի 1999թ. հոկտեմբերի 28-ի վճռի 61-րդ կետը, Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի գործով (Ryabykհ v. Rսssia) Պալատի 2003թ. հուլիսի 24-ի վճռի 51-րդ կետը, Զեհենտներն ընդդեմ Ավստրիայի գործով (Zehentner v. Aսstria) Պալատի 2009թ. հուլիսի 16-ի վճիռը):

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, եթե ժամկետը չի վերականգնվում: Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ (…) վերադաս դատարանն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը իր վարույթում գտնվող գործով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`

«Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝

(…)

2) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը»:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն են առաջին ատյանի դատարանի կողմից կայացվող հետևյալ դատական ակտերը. դատավճիռը, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը:

Ինչպես երևում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի բովանդակությունից, համաներում կիրառելու մասին որոշումը նշված սպառիչ ցանկում ներառված չէ, ուստի այն գործն ըստ էության լուծող դատական ակտ չէ:

19. Վերը նշված դրույթների տառացի մեկնաբանությունից բխում է, որ հիմնարար խախտումների հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բողոքարկման կառուցակարգը վերաբերում է միայն գործն ըստ էության լուծող դատական ակտերին: Ուստի այս հարցի կապակցությամբ օրենսդրի կամքն այն է, որ վերաքննիչ բողոքարկման` օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո գործն ըստ էության չլուծող դատական ակտերը հիմնարար խախտումների հիմքով բողոքարկման ենթակա չլինեն:

20. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի այս մոտեցումն իրավաչափ է և ողջամտորեն հիմնավորված, քանի որ նյութական և դատավարական իրավունքի խախտումների հիմնարար, արդարադատության բուն էությունը խաթարող, սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը խաթարող բնույթ ունենալու չափանիշը խիստ բարձր է, և այն չի կարող բավարարվել գործն ըստ էության չլուծող դատական ակտերի պարագայում:

21. Հետևաբար, Համաներում կիրառելու մասին որոշման նկատմամբ գործում է վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետի կանոնը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ): Միևնույն ժամանակ, այդ որոշումը չի կարող բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետի կարգով:

Այս պայմաններում Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համաձայն` «ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, որի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում», վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ և քննել (տե´ս սույն որոշման 8-10-րդ կետերը): Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի 2009թ. դեկտեմբերի 25-ի որոշումը պետք է բեկանել և վերաքննիչ վարույթը կարճել:

 

III. Սույն որոշման իրավական արժեքը.

 

22. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ սույն գործով վճռաբեկ բողոքի հիմնավորումներին, քանի որ սույն գործով վերաքննիչ վերանայումն ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ: Այս պայմաններում Վճռաբեկ դատարանն իրավասու չէ էությանը վերաբերող հիմքերով բեկանել սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերը: Իսկ խնդրո առարկա իրավանորմի միատեսակ կիրառության հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը համաձայն է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-921 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը և գտնում է, որ այն բավարար է խնդրո առարկայի կապակցությամբ օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու համար:

Սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշման կայացումը պայմանավորված է գործն ըստ էության չլուծող դատական ակտերի` ընդհանրապես, և համաներում կիրառելու մասին որոշման` մասնավորապես, բողոքարկման իրավական ընթացակարգի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու անհրաժեշտությամբ:

23. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:

2. Արմեն Ռոբերտի Սիմոնյանի նկատմամբ համաներում կիրառելու մասին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 21-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը բեկանել և վերաքննիչ վարույթը կարճել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ