ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0613/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0613/02/10 2011 թ. |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Կ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆի | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2011 թվականի մարտի 04-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմենուհի Թադևոսյանի ընդդեմ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն), ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ Շիրակի մարզպետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Գյումրու տարածքային ստորաբաժանման` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արմենուհի Թադևոսյանը պահանջել է Ընկերության ապօրինի տիրապետումից հետ վերադարձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Գյումրի քաղաքի Անի թաղամասի 13 փողոցի թիվ 8/3 հասցեի կառույցի ապօրինի տիրապետվող մասը:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.08.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.11.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.08.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմենուհի Թադևոսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գյումրու քաղաքապետի տեղակալի 10.03.2010 թվականի թիվ 1/2-009/917 գրությունը, որի համաձայն` Ընկերությունը վիճելի տարածքի ապօրինի տիրապետող չէ:
Վերաքննիչ դատարանն հաշվի չի առել այն հանգամանքը, որ 25.10.2002 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 429897 վկայականի համաձայն` Գյումրի քաղաքի Եղիշե Չարենց փողոցի, թիվ 5-1 ենթակայանը սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը, ինչպես նաև այն, որ 5-1 ենթակայանը Գյումրու քաղաքապետի 30.08.2010 թվականի թիվ 2299-Ա որոշմամբ հասցեավորվել է` Անի թաղամաս, 13 փողոց թիվ 8/4:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Դատարան` նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն են. Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար Վերաքննիչ դատարանը կայացրել է արդարացի որոշում: Ընկերության կողմից չի ներկայացվել որևէ իրավական հիմք, համաձայն որի` վիճելի շինությունը զբաղեցրած տարածքով սեփականության իրավունքով իրեն է պատկանում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 12.01.2010 թվականի թիվ 2644949 վկայականի համաձայն` Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի 13 փողոցի թիվ 8/3 կիսակառույցի նկատմամբ գրանցված է Արմենուհի Թադևոսյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին գ.թ. 17-18, 113-114):
2. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 25.10.2002 թվականի թիվ 429897 վկայականի համաձայն` Գյումրի քաղաքի Եղիշե Չարենցի փողոցի թիվ 5-1 ենթակայանի նկատմամբ գրանցված է Ընկերության սեփականության իրավունքը: Գյումրու քաղաքապետի 30.08.2010 թվականի թիվ 2299-Ա որոշմամբ որոշվել է Եղիշե Չարենցի փողոցի հարևանությամբ գտնվող 63,59 քմ մակերեսով թիվ 5-1 տրանսֆորմատորային ենթակայանը հասցեավորել «Անի» թաղամաս, 13 փողոց թիվ 8/4 (հատոր 3-րդ, գ. թ. 24), որից հետո վերոնշյալ սեփականության իրավունքի վկայականում կատարվել է հասցեի փոփոխություն (հատոր 3-րդ գ.թ. 27-30):
3. Արմենուհի Թադևոսյանին հասցեագրված` Գյումրու քաղաքապետարանի 10.03.2010 թվականի թիվ 1/2-009/917 գրության համաձայն` Գյումրու քաղաքապետարանը հայտնել է, որ « «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին պատկանող Եղ. Չարենցի 5-1 համարի ենթակայանը քաղաքապետարանի կողմից չի հասցեավորված: 5-1-ը ենթակայանի համարն է ըստ սեփականության վկայականի, ոչ թե փոստային հասցեն: Մեր կողմից կատարված ստուգումից պարզվեց, որ վերը նշված տրանսֆորմատորային ենթակայանը իրականում հանդիսանում է Անի թաղ. 13 փող. թիվ 8/3 հասցեի շինության մաս, որը տեղավորված է Ձեր կողմից գնված շինության հյուսիս-արևելյան հատվածում» (հատոր 1-ին գ.թ. 21):
4. 22.07.2010 թվականին կազմված` ապացույցը տեղում զննելու մասին արձանագրության համաձայն` 5-1 համարի ենթակայանն Անի թաղամասի 13 փողոցի թիվ 8/3 կիսակառույց շինության բաղկացուցիչ մասն է, գտնվում է նշված շինության հյուսիս-արևելյան անկյունում (հատոր 2-րդ գ.թ. 92-93):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:
Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի գույքը հետ պահանջել միայն ապօրինի տիրապետողից: Տիրապետումը ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տես` Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին թիվ 3-1843(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը): Ուստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:
Վերաքննիչ դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն, որ Ընկերությունը վիճելի գույքը տիրապետում է ապօրինի, քանի որ տիրապետումն իրականացվում է առանց Արմենուհի Թադևոսյանի համաձայնության:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերով չի հիմնավորվել Ընկերության կողմից Գյումրի քաղաքի Անի թաղամասի 13 փողոցի թիվ 8/3 հասցեի կառույցի հյուսիս-արևելյան հատվածի ապօրինի` առանց օրինական հիմքի տիրապետելը:
Ավելին, սույն գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Ընկերությունը Գյումրի քաղաքի Անի թաղամասի 13 փողոցի թիվ 8/3 հասցեի կառույցի հյուսիս-արևելյան հատվածը տիրապետում է օրինական հիմքով: Մասնավորապես` ՀՀ Գյումրու քաղաքապետարանի 10.03.2010 թվականի թիվ 1/2-009/917 գրության և 22.07.2010 թվականին կազմված ապացույցը տեղում զննելու մասին արձանագրության համաձայն` Ընկերությանը պատկանող Եղ. Չարենցի 5-1 համարի ենթակայանն Անի թաղամասի 13 փողոցի թիվ 8/3 հասցեի շինության մասն է:
Բացի այդ, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 25.10.2002 թվականի թիվ 429897 վկայականի համաձայն` Գյումրի քաղաքի Եղիշե Չարենցի փողոցի թիվ 5-1 ենթակայանի նկատմամբ գրանցված է Ընկերության սեփականության իրավունքը: Գյումրու քաղաքապետի 30.08.2010 թվականի թիվ 2299-Ա որոշմամբ որոշվել է Եղիշե Չարենցի փողոցի հարևանությամբ գտնվող 63,59 քմ մակերեսով թիվ 5-1 տրանսֆորմատորային ենթակայանը հասցեավորել «Անի» թաղամաս, 13 փողոց թիվ 8/4, որից հետո վերոնշյալ սեփականության իրավունքի վկայականում կատարվել է հասցեի փոփոխություն:
Հիմք ընդունելով վերոգյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, որի արդյունքում Արմենուհի Թադևոսյանի հայցի հիման վրա ստորադաս դատարանները սեփականատիրոջը պարտավորեցրել են հայցվորին վերադարձնել պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող, վեճի առարկա գույքը, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:
Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 26.11.2010 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` Արմենուհի Թադևոսյանի հայցը մերժել:
2. Արմենուհի Թադևոսյանից հօգուտ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` վերաքննիչ բողոքի և 20.000 ՀՀ դրամ՝ վճռաբեկ բողոքի համար վճարած պետական տուրքի գումարները:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
Դատավորներ` |
|
Վ. Ավանեսյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|