«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2005 թվականի N 719-Ն
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ., լրաց. 07.04.11 N 359-Ն)
1. Սահմանել, որ ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
2. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցվում են`
ա) օրենքով սահմանված կարգով հատկացված կամ ձեռք բերված, ինչպես նաև սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում,
բ) օրենքով սահմանված կարգով հատկացված կամ ձեռք բերված, ինչպես նաև սեփականության իրավունքով պատկանող հողամասում կամ հողամասին կից` ինքնակամ զբաղեցված հողամասում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների առկայության դեպքում,
գ) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններին, ինչպես նաև այդ շենքերում գտնվող հասարակական, արտադրական նշանակության տարածքներում և տարածքներին կից` ինքնակամ կառուցված կցակառույցների, նշված տարածքներում և բնակարաններում ինքնակամ կառուցված ձեղնահարկերի, նկուղների, ինչպես նաև շենքի, շինության արտաքին պատերում և շենքի, շինության կրող կոնստրուկցիաներում կամ կրող պատերում ինքնակամ ձևափոխված և (կամ) բացված դռների, պատուհանների և ինքնակամ կառույցների առկայության դեպքում:
Պետական գրանցման ենթակա չեն ամբողջությամբ ինքնակամ զբաղեցված հողամասերը և դրանց վրա ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ սահմանված կարգով պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքերի:
(2-րդ կետը լրաց. 07.07.05 N 892-Ն, փոփ., խմբ. 07.04.11 N 359-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սահմանել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյաններում լրացման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականներում գծագրման ու լրացման հրահանգը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.10.2011, N 1451-Ն | 01.01.2012, N 719-Ն | |
07.04.2011, N 359-Ն | 30.04.2011, N 719-Ն | |
07.07.2005, N 892-Ն | 21.07.2005, N 719-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|