Գլխավոր տեղեկություն
Համար
N 294-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.04.11/3(20) Հոդ.379
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2011 թվականի N 294-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 262 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 29-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը և 32-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 262 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

«7.1. Սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:».

2) կարգի 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11.1. Եթե սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետում լիցենզիա ստանալու մասին հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքն ու վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված` սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետին հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը, և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու աուդիտորական ծառայությունների իրականացմամբ, իսկ լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:».

3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.

«13.1. Լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտը կարող է լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 28
Երևան