Գլխավոր տեղեկություն
Համար
N 332-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2011-30.07.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.13/20(823) Հոդ.411
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2011 թվականի N 332-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 21-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը (Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումները և դրանց համապատասխան ընդհանրական բնութագրերը)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի ներդրման և գործարկման ուղեցույցը.

2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի ներդրումն ու գործարկումն ապահովող միջոցառումների կատարման ժամանակացույցը.

3) մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ընդհանրական բնութագրերին համապատասխան՝ ըստ մասնագիտությունների (կամ մասնագիտությունների խմբերի) և կրթական աստիճանների հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների բնութագրերը` մասնագիտությունների կրթական չափորոշիչները համապատասխանեցնելով դրանց:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. ապրիլի 8
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 31-ի N 332-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ)

 

Մա-
կար-
դակը

Որակավորումները

Բնութագրիչները

գիտելիքներ

հմտություններ

կարողություններ

1

2

3

4

5

1-ին

Տարրական կրթություն

տարրական գիտելիքներ` կապված գրելու, կարդալու, թվաբանական պարզ գործողություններ կատարելու, ճանաչողական ունակությունների հետ, որոնք պահանջվում են պարզ ուսումնական առաջադրանքներ կատարելու և որոշակի շաբլոնային խնդիրներ լուծելու համար

նախնական տարրական հմտություններ, որոնք պահանջվում են ծանոթ միջավայրում` ձեռքով կամ ձեռքի պարզ գործիքներով պարզ, միակաղապար առաջադրանքներ և գործողություններ կատարելու (քանդել, հավաքել, մաքրել, կտրել, տեղափոխել և այլն), անհրաժեշտ տեղեկատվությունն ընտրելու և օգտագործելու, կատարված աշխատանքը ներկայացնելու համար

անմիջական վերահսկողության ներքո, ծանոթ և հստակ սահմանված պայմաններում մասնակցել  իրականացվող պարզագույն աշխատանքին կամ ուսուցմանը, համակարգչով կատարել պարզագույն գործողություններ, օտար լեզվով ներկայացնել իրեն և մյուսներին, հարցնել և պատասխանել անձնական բնույթի հարցերին, օրինակ, որտեղ է ապրում, ում է ճանաչում և այլն

2-րդ

Հիմնական կրթություն

հիմնարար բազային գիտելիքներ մասնագիտական ուղղվածություն չպահանջող աշխատանքի կամ ուսումնառության կոնկրետ բնագավառում, որոնք անհրաժեշտ են պարզ խնդիրներ լուծելու համար

ճանաչողական և գործնական բնույթի բազային հմտություններ, որոնք նպատակաուղղված են`
1) առաջադրանքի կատարմանը և առօրյա խնդիրների լուծմանը՝ այնպիսի պարզ կանոնների և գործիքների օգտագործման միջոցով, որոնց համար մասնագիտական ուղղվածություն չի պահանջվում.
2) անհրաժեշտ տեղեկատվության կիրառմանը.
3) կատարված աշխատանքի արդյունավետության գնահատմանը

անմիջական վերահսկողության ներքո, ծանոթ և հստակ սահմանված պայմաններում իրականացվող աշխատանք կամ ուսում` որոշ աստիճանի ինքնուրույնության, կատարված պարզ, շաբլոնային առաջադրանքների ու գործողությունների համար պատասխանատվության դրսևորմամբ.

կատարել պարզ գործողություններ՝ համակարգչային հայտնի ծրագրերով.

օտար լեզվով հասկանալ և օգտագործել ամենօրյա կիրառություն ունեցող արտահայտություններ, հաղորդակցվել, եթե զրուցակիցը խոսում է դանդաղ և հստակ, հարցնել և պատասխանել անձնական բնույթի հարցերին

3-րդ

Արհեստավոր

աշխատանքի կամ ուսումնառության կոնկրետ ուղղվածություն ունեցող բնագավառին առնչվող այնպիսի փաստերի, սկզբունքների, գործընթացների և ընդհանուր հասկացությունների իմացություն, որոնք պահանջվում են մասնագիտական գործունեություն իրականացնելու և միջին բարդության, ոչ շաբլոնային առաջադրանքները կատարելու համար

մի շարք ճանաչողական և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են հիմ-նական մեթոդների, միջոցների և գործիքների, նյութերի ու տեղեկությունների կիրառման միջոցով առաջադրանքներ կատարելու և խնդիրներ լուծելու համար

աշխատանքում կամ ուսման գործընթացում առաջադրանքների կատարման համար անձնական պատասխանատվության ստանձնում. որոշ դեպքերում ավելի ցածր որակավորում ունեցող աշխատողների կողմից կատարված աշխատանքի համար պատասխանատվության ստանձնում. խնդիրներ լուծելիս սեփական վարքագիծը հանգամանքներին հարմարեցնելու կարողություն.

կատարել պարզ գործողություններ համակարգչային հայտնի ծրագրերով.

օտար լեզվով հասկանալ պարզ նախադասություններ և իր մասնագիտության մասին հաճախ օգտագործվող արտահայտություններ

4-րդ

Միջնակարգ կրթություն

աշխատանքի կամ ուսման որևէ բնագավառի համատեքստում ունեցած փաստական և տեսական գիտելիքներ, որոնք պահանջվում են առաջադրված բարդ, ոչ շաբլոնային խնդիրները լուծելու և մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում համընդգրկուն լու-ծումներ ու մոտեցումներ ընտրելու համար.

Ունի փաստական և տեսական գիտելիքներ համակարգչային և տեղեկատվական միջոցների վերաբերյալ:

մի շարք ճանաչողական և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են աշխատանքի կամ ուսման որևէ բնագավառում մասնագիտական կոնկրետ խնդիրներին լուծում տալու, առաջադրանքների լրացուցիչ ուսումնասիրություն անցկացնելու և գործածված մեթոդների ու ձեռք բերված արդյունքների արդյունավետությունը գնահատելու համար

կանխատեսելի, բայց փոփոխունակ միջավայրում սեփական աշխատանքի կամ ուսման գործընթացները կազմակերպելու ունակություն, այդ գործընթացների գնահատման և բարելավման համար պատասխանատվություն ստանձնելու ունակություն, այլ աշխատողների գործունեության կազմակերպում և վերահսկողություն` հարկ եղած դեպքում, այլոց վերապատրաստում որոշ հանգամանքներում.

համակարգչային հայտնի ծրագրերով աշխատելու ունակություն.

օտար լեզվով պարզ կապակցված տեքստերի կազմում, որոնք կվերաբերեն իր հետաքրքրություններին և ձգտումներին, հասկանալ ուսուցմանը կամ աշխատանքին  վերաբերող հարցերի շուրջ խոսակցությունները

5-րդ

Մասնագետ

աշխատանքի կամ ուսման կոնկրետ բնագավառին առնչվող համակողմանի, մասնագիտացված, փաստական և տեսական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում առաջադրված բարդ, ոչ շաբլոնային խնդիրները լուծելու, իսկ որոշ դեպքերում՝ ընտրված լուծումները հիմնավորելու համար

ճանաչողական և մասնագիտական գործնական հմտությունների ընդգրկուն մի շարք, այդ թվում` համակարգչային և տեղեկատվական տեխնիկայի օգտագործման, որոնք անհրաժեշտ են մասնագիտական գործունեության ընթացքում ծագած խնդիրների համար լուծումներ մշակելու և այդ խնդիրների լուծման ընթացքում կիրառված մեթոդների և գործողությունների վերջնարդյունքն ու արդյունավետությունը գնահատելու համար

փոփոխունակ միջավայրում սեփական աշխատանքի կամ ուսման գործընթացները կազմակերպելու և ղեկավարելու ունակություն, հարկ եղած դեպքում` այլ աշխատողների գործունեության նկատմամբ վերահսկողություն, նրանց զբաղվածության հետ կապված աշխատանքների  կազմակերպում, որոշ դեպքերում` մասնակցություն նյութական պաշարների բաշխմանը.

Օտար լեզվով կարող է հասկանալ մասնագիտական թեմաներին վերաբերող տեքստերի հիմնական միտքը, կարող է քննարկել իր մասնագիտության տեխնիկական մանրամասները:

6-րդ

Բակալավր

մասնագիտական աշխատանքի կամ ուսման կոնկրետ բնագավառին առնչվող մասնագիտական, տեսական և գործնական խոր գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են տեսությունների ու սկզբունքների համընդգրկուն ըմբռնման, դրանց քննադատական գնահատման ու կատարելագործման, տվյալ մասնագիտական ոլորտում առկա դպրոցների, ուսմունքների, գիտաճյուղերի և ուղղությունների մասին իրազեկվածության, դրանց համեմատության և գործնական կիրառության համար

վարպետության և նորարարության մասին վկայող առաջանցիկ հմտություններ, որոնք անհրաժեշտ են աշխատանքի կամ մասնագիտական ուսման  որևէ բնագավառում բարդ և անկանխատեսելի խնդիրներ լուծելու, բարդ ու համալիր տեղեկատվությունը քննադատաբար վերլուծելու և գնահատելու, պահանջվող ունակություններն ընտրելու, զարգացնելու և հարմարեցնելու, մասնագիտական գործունեության ընթացքում անհրաժեշտ մեթոդներ գործի դնելու, այդ մեթոդները կատարելագործելու և դրանց արդյունավետությունը գնահատելու համար.

համակարգչային և տեղեկատվական տեխնիկայից ազա-տորեն  օգտվելու գործնական հմտություններ, հայտնի ծրագրային փաթեթների գործնական տիրապետում

պատասխանատվության ստանձնում աշխատանքի և ուսման այն գործընթացների կազմակերպման ու կառավարման համար, որոնք կարող են հանգեցնել միջավայրի զգալի փոփոխությունների կամ զարգացման. նախաձեռնության ցուցաբերում. որոշումներ ընդունելու ունակության դրսևորում նմանօրինակ գործողությունների իրականացման ընթացքում. աշխատանքի և ուսման գործընթացներում մյուս աշխատողների դերի որոշում. այդ գործընթացների և անհատների ու խմբերի շրջանում արհեստավարժության զարգացման համար պատասխանատվության ստանձնում. ինքնուրույնության դրսևորում աշխատանքի և ուսման ընթացքում. մասնակցություն նյութական պաշարների պլանավորման ու բաշխման գործընթացին.

Օտար լեզվով կարող է կազմել հստակ տեքստ մասնագիտական թեմայի վերաբերյալ: Կարող է քննարկել իր մասնագիտության տեխնիկական մանրամասները, ներկայացնել կարծիք և իր նպատակները:

7-րդ

Մագիստրոս

մասնագիտական աշխատանքի կամ ուսման կոնկրետ բնագավառին առնչվող նեղ մասնագիտացված, արդիական, գործնական և տեսական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են այդ մասնագիտական ոլորտում նոր հայեցա-կարգերի և սկզբունքների մշակման, ինչպես նաև տվյալ ոլորտի շրջանակներում կամ միջառարկայական տիրույթում առանցքային նշանակություն ունեցող գիտելիքների մասին տվյալների ու տեղեկությունների հավաքման համար

մասնագիտացված հմտություններ, որոնք անհրաժեշտ են քննադատական վերլուծությունների, բարդ և համալիր տեղեկատվության գնահատման ու մեկնաբանման, մասնագիտացման ոլորտի մյուս ճյուղերից վերցված գիտելիքների ինտեգրման, հետագա հետազոտական աշխատանքների կատարման և այդ գործընթացի ժամանակ բարդ խնդիրների լուծման, տվյալ ոլորտում նո-րարարութան, նոր գիտելիքների ու ընթացակարգերի մշակման, պահանջվող մեթոդների ու մոտեցումների ընտրության և մասնագիտացման ոլորտում անցկացված գործողությունների երկարաժամկետ ու կարճաժամկետ արդյունքների գնահատման համար.

համակարգչային և տեղեկատվական տեխնիկայից ազատորեն օգտվելու գործնական հմտություններ, հայտնի ծրագրային փաթեթների գործնական տիրապետում

էական փոփոխությունների և զարգացումների հանգեցնող գործընթացների մշակման ու պլանավորման համար պատասխանատվության ստանձնում, բարձր ինքնուրույնություն, բարդ և համալիր գործընթացների ու առաջադրանքների նախաձեռնում և դրանց իրականացման նկատմամբ վերահսկողություն, պատասխանատվություն նոր մեթոդների ներդրման ու մասնագիտական ասպարեզում զարգացման համար, մյուս աշխատողների կատարած աշխատանքի նկատմամբ վերահսկողություն ու նրանց առաջադիմության գնահատում, նրանց մասնագիտական ուսուցման և վերապատրաստման պլանավորում ու կազմակերպում, ուղղակի մասնակցություն նյութական պաշարների պլանավորմանն ու բաշխմանը.

Օտար լեզվով կարող է կազմել հստակ, լավ կառուցված տեքստ մասնագիտական թեմայի վերաբերյալ, նկարագրել իր փորձն ու իրադարձություններ, ներկայացնել իր կարծիքների և նպատակների հիմնավորումները:

8-րդ

Հետազոտող
(գիտական աստիճանը` գիտություն-
ների թեկնածու)

կոնկրետ բնագավառին առնչվող առավել խոր և առաջանցիկ գիտելիքներ մասնագիտական ոլորտի և մյուս բնագավառների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են գիտահետազոտական աշխատանքի վրա հիմնված նոր հայեցակարգերի, սկզբունքների և տեսությունների մշակման համար, այդ թվում՝ գիտելիքներ, որոնք կապահովեն համակարգչային և տեղեկատվական տեխնիկայից ազատորեն  օգտվելու գործնական հմտություններ ու կարողություններ, հայտնի ծրագրային փաթեթների՝ գործնական և ազատ տիրապետում

մասնագիտական հմտություններ, որոնք անհրաժեշտ են գիտահետազոտական աշխատանք կատարելու նպատակով զանազան բարդ գործոնների փոխազդեցության հետ կապված վճռորոշ խնդիրներ լուծելու, այդ աշխատանքի վրա հիմնված նոր սկզբունքներ և տեսություններ մշակելու, գիտելիքները և մասնագիտական փորձն ընդլայնելու և վերաիմաստավորելու տվյալ և այլ մասնագիտական բնագավառների սահմանագծում.

հետագա լուծումներ մշակելու և իրականացնելու, նոր մեթոդներ ու մոտեցումներ մշակելու, մասնագիտական և հարակից ոլորտների շրջանակներում հեռանկարային ու կարճաժամկետ գործողությունների արդյունքները գնահատելու ունակություն

մասնագիտական ոլորտին վերաբերող գիտելիքների և փորձի ասպարեզում էական փոփոխությունների հանգեցնող գործողությունների ծրագրում և կազմակերպում, աշխատանքային գործունեության ընթացքում բարձր ինքնուրույնություն ապահովելու, մասնագիտական ոլորտում բարձր հեղինակություն վայելելու, մյուս աշխատողներին ղեկավարելու և ուղղորդելու, նոր գիտելիքների ու մեթոդների տարածումը կազմակերպելու, նյութական պաշարներն ինքնուրույնաբար ծրագրելու և բաշխելու կարողություն.

Օտար լեզվով կարող է կազմել հստակ լավ կառուցված տեքստ մասնագիտական, սոցիալական և ակադեմիական  թեմաների վերաբերյալ, նկարագրել իր փորձն ու իրադարձություններ, ներկայացնել իր կարծիքների և նպատակների հիմնավորումները:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան