«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011154
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 մարտի 2011 թ. |
թիվ 44-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՆՎԱՆԱՏԻՐՈՋ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/07-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 194-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Անվանատիրոջ հաշիվների վարման նկատմամբ լրացուցիչ պահանջները» կանոնակարգ 5/07-ը` համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում պահառուները պարտավոր են պահառության գործունեությունը կարգավորող իրենց ներքին իրավական ակտերը, ինչպես նաև արժեթղթերի անվանատիրոջ հաշվի բացման և վարման արդեն կնքված պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշմանը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. մարտի 4 |
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մարտի 1-ի
թիվ 44-Ն որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/07
ԱՆՎԱՆԱՏԻՐՈՋ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կանոնակարգը սահմանում է լրացուցիչ պահանջներ պահառուների մոտ անվանատիրոջ հաշիվների վարման նկատմամբ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.
1) արժեթուղթ` ոչ ռեզիդենտներին պատկանող արժեթղթեր, որոնց սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անձի կողմից,
2) պահառու` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան արժեթղթերի պահառության ծառայություն մատուցելու թույլտվություն ունեցող անձ կամ Կենտրոնական դեպոզիտարիա,
3) անվանատեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան արժեթղթերի պահառության ծառայություն մատուցելու թույլտվություն ունեցող անձ (բացառությամբ` Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի), որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը, կամ օտարերկրյա անվանատեր,
4) օտարերկրյա անվանատեր` օտարերկրյա անձ, որն իր երկրի օրենքների համաձայն իրավասու է իր անունով այլ անձանց պատկանող արժեթղթերի հաշիվներ ունենալ,
5) օտարերկրյա անձ` անձ, որն ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հանդիսանում է ոչ ռեզիդենտ,
6) ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ` ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակության:
3. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակությունը:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՆՎԱՆԱՏԵՐԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Օտարերկրյա անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներով հաշվառվող արժեթղթերի սեփականատերերի մասին տեղեկություններն արտացոլվում են պահառուի մոտ:
5. Օտարերկրյա անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներով հաշվառվող արժեթղթերի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է այն պահից, երբ պահառուի մոտ արժեթղթերը գրանցվում են գնորդի (կամ նրա անվանատիրոջ) անունով: Օտարերկրյա անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներով հաշվառվող արժեթղթերի գրավի իրավունքը ծագում է պահառուի մոտ համապատասխան գրառում կատարելու պահից:
6. Արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է փոխանցվել, եթե`
1) գնորդ (ստացող) և վաճառող (փոխանցող) կողմերի օտարերկրյա անվանատերերը տարբեր անձինք են, կամ
2) գնորդ (ստացող) և վաճառող (փոխանցող) կողմերի օտարերկրյա անվանատերը նույն անձն է, սակայն գնորդի (ստացողի) և վաճառողի (փոխանցողի) արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքն ամրագրվում է պահառուի մոտ անվանատիրոջ համար բացված առանձին անվանատիրոջ հաշիվներում:
Գ Լ ՈՒ Խ 4
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՎԱՆԱՏԻՐՈՋ ԵՎ ՊԱՀԱՌՈՒԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Պահառուն օտարերկրյա անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներով հաշվառվող արժեթղթերի յուրաքանչյուր սեփականատիրոջ գծով տվյալ օտարերկրյա անվանատիրոջ համար բացում է անվանատիրոջ առանձին հաշիվ:
8. Օտարերկրյա անվանատիրոջ և պահառուի միջև հարաբերությունները կարգավորվում են անվանատիրոջ հաշվի բացման և վարման պայմանագրով (այսուհետ նաև` Պայմանագիր), պահառուի ներքին կանոններով, սույն կանոնակարգով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով:
9. Պայմանագիրը, օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով ներկայացված պահանջներից բացի, պետք է բավարարի նաև բոլոր հետևյալ լրացուցիչ պահանջներին.
1) Պայմանագրում պետք է նշվի, որ օտարերկրյա անվանատերը պարտավորվում է պահառուին ներկայացնել արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ` սույն կանոնակարգի 10-րդ կետով սահմանված տեղեկատվությունը,
2) Պայմանագրում պետք է նկարագրվի օտարերկրյա անվանատիրոջ հաշվով արժեթղթերի սեփականության իրավունքի փոխանցման կարգը և պահը,
3) Պայմանագրում պետք է նշվի, որ օտարերկրյա անվանատերը պարտավորվում է արժեթղթերի սեփականատերերին տեղյակ պահել արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման կարգի վերաբերյալ,
4) Պայմանագրում պետք է նշվի, որ արժեթղթերի սեփականատերերի փոփոխության, ինչպես նաև արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակումների (այդ թվում` գրավադրում, կալանք) վերաբերյալ տեղեկատվությունն իրեն հայտնի դառնալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրյա անվանատերը պահառուին է ներկայացնում այդ տեղեկատվությունը: Նշված ժամանակահատվածում տեղեկատվության ներկայացման անհնարինության դեպքում տեղեկատվությունը ներկայացվում է ողջամիտ կարճ ժամկետում:
10. Օտարերկրյա անվանատերերը պահառուին են ներկայացնում առնվազն հետևյալ տեղեկատվությունը`
1) արժեթղթերի` ֆիզիկական անձ սեփականատիրոջ անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձ սեփականատիրոջ` լրիվ անվանումը և կազմակերպական-իրավական տեսակը,
2) արժեթղթերի` ֆիզիկական անձ սեփականատիրոջ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի սերիան, համարը, իսկ իրավաբանական անձ սեփականատիրոջ` հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ դրա բացակայության դեպքում համապատասխան պետական մարմնի կողմից տրված նույնականացման այլ համարը,
3) արժեթղթերի` ֆիզիկական անձ սեփականատիրոջ բնակության վայրը, իսկ իրավաբանական անձ սեփականատիրոջ` գտնվելու վայրը և փաստացի գործունեության վայրը,
4) արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակումների (այդ թվում` գրավադրում, կալանք) փաստերը (առկայության դեպքում):
11. Օտարերկրյա անվանատիրոջ կողմից սույն կանոնակարգով նշված տեղեկատվության չտրամադրման դեպքում պահառուն պարտավոր է հրաժարվել անվանատիրոջ հետ Պայմանագրի կնքումից, իսկ արդեն կնքված Պայմանագրի առկայության դեպքում` ողջամիտ ժամկետում լուծել Պայմանագիրը:
Գ Լ ՈՒ Խ 5
ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
12. Սույն կանոնակարգի 10-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ստանալուց հետո պահառուն մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստացված տեղեկատվությունը փոխանցում է արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրը վարող անձին, եթե ռեեստրը վարող անձը պահառուից տարբեր անձ է:
13. Եթե արժեթղթերի անվանատերը պահառուն է, ապա պահառուն արժեթղթերը դրա սեփականատիրոջ հաշվին մուտքագրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում արժեթղթի սեփականատիրոջ վերաբերյալ սույն կանոնակարգի 10-րդ կետով սահմանված տեղեկատվությունը փոխանցում է արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրը վարող անձին, եթե ռեեստրը վարող անձը պահառուից տարբեր անձ է:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.10.2012, թիվ 272-Ն | 13.12.2012, թիվ 44-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|