Գլխավոր տեղեկություն
Տիպ
Լրացուցիչ արձանագրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16)2
Ընդունող մարմին
Եվրոպայի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.05.2003
Ստորագրման ամսաթիվ
15.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2006

Կ ո ռ ու պ ց ի ա յ ի  մ ա ս ի ն

քրեական իրավունքի Կոնվենցիայի
Լրացուցիչ Արձանագրություն

 

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և ներքոստորագրյալ այլ պետությունները,

հաշվի առնելով, որ կոռուպցիան կանխարգելելու և նրա դեմ պայքարելու համար ցանկալի է լրացում կատարել Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիայում (այսուհետ` Կոնվենցիա),

հաշվի առնելով նաև, որ սույն Արձանագրությունը թույլ կտա ավելի լայնորեն իրականացնել 1996 թվականի` Կոռուպցիայի դեմ գործունեության ծրագիրը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

Գ լ ու խ  I

Տերմինների օգտագործումը


Հոդված 1. Տերմինների օգտագործումը

 

Սույն Արձանագրության նպատակների համար`

1. «միջնորդ դատավոր» տերմինը հասկացվում է սույն Արձանագրության անդամ պետությունների ներպետական օրենսդրությամբ նախատեսված սահմանմամբ, բայց ամեն դեպքում ներառում է այն անձին, որն արբիտրաժային պայմանագրի ուժով կոչված է կայացնելու իրավաբանորեն պարտադիր որոշում պայմանագրի Կողմերի կողմից իրեն ներկայացված վեճի առնչությամբ.

2. «արբիտրաժային պայմանագիր» տերմինը նշանակում է` ներպետական օրենսդրությամբ ճանաչված պայմանագիր, որով Կողմերը համաձայնում են վեճը ներկայացնել միջնորդ դատավորին` որոշում կայացնելու համար.

3. «երդվյալ ատենակալ» տերմինը հասկացվում է սույն Արձանագրության անդամ պետությունների ներպետական օրենսդրությամբ նախատեսված սահմանմամբ, բայց ամեն դեպքում ներառում է այն անձին, որը մասնագետ չէ և գործում է որպես կոլեգիալ մարմնի անդամ, որը դատավարության շրջանակներում պարտավոր է ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ որոշում կայացնել.

4. այն դեպքում, երբ դատավարությանը ներգրավված են օտարերկրյա միջնորդ դատավորներ կամ երդվյալ ատենակալներ, քրեական հետապնդում իրականացնող պետությունը միջնորդ դատավոր կամ երդվյալ ատենակալ հասկացությունները կարող է կիրառել միայն այնքանով, որքանով դա համատեղելի է իր ներպետական իրավունքի հետ:
 

Գ լ ու խ  II

 

Ազգային մակարդակում ձեռնարկվելիք միջոցներ



Հոդված 2. Ազգային միջնորդ դատավորների ակտիվ կաշառակերությունը

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու դիտավորությամբ Կողմի` միջնորդ դատարանի մասին օրենսդրության համապատասխան գործառույթներ իրականացնող որևէ միջնորդ դատավորի ուղղակիորեն կամ անուղղակիորեն անհիմն օգուտ խոստանալը, առաջարկելը կամ տալը` նրա կամ ուրիշ որևէ մեկի համար, որպեսզի այդ միջնորդ դատավորը իր իրավասության շրջանակներում որևէ գործողություն կատարի կամ դրա կատարումից ձեռնպահ մնա:

Հոդված 3. Ազգային միջնորդ դատավորների պասիվ կաշառակերությունը

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու Կողմի` միջնորդ դատարանի մասին օրենսդրության համապատասխան գործառույթներ իրականացնող որևէ միջնորդ դատավորի` դիտավորությամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր կամ ուրիշ որևէ մեկի համար անհիմն որևէ օգուտ պահանջելը կամ ստանալը կամ նման օգուտ պահանջելը կամ ստանալը կամ նման օգուտի առաջարկ կամ խոստում ընդունելը, որպեսզի այդ միջնորդ դատավորը իր իրավասության շրջանակներում որևէ գործողություն կատարի կամ դրա կատարումից ձեռնպահ մնա:

Հոդված 4. Օտարերկրյա միջնորդ դատավորների կաշառակերությունը

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված որևէ արարք, երբ դրանում ներգրավված է որևէ այլ պետության` միջնորդ դատարանի մասին օրենսդրության համապատասխան գործառույթներ իրականացնող միջնորդ դատավոր:
 
Հոդված 5. Ազգային երդվյալ ատենակալների կաշառակերությունը

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված որևէ արարք, երբ դրանում ներգրավված է իր դատական համակարգում որպես երդվյալ ատենակալ հանդես եկող յուրաքանչյուր անձ:

Հոդված 6. Օտարերկրյա երդվյալ ատենակալների կաշառակերությունը

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված որևէ արարք, երբ դրանում ներգրավված է որևէ այլ պետության դատական համակարգում որպես երդվյալ ատենակալ հանդես եկող յուրաքանչյուր անձ:


Գ լ ու խ  III

Իրականացման նկատմամբ հսկողությունը ԵՎ եզրափակիչ դրույթներ


Հոդված 7. Իրականացման նկատմամբ հսկողությունը

 

Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO) պետք է հսկողություն իրականացնի Կողմերի կողմից Արձանագրության իրականացման նկատմամբ:

Հոդված 8. Կոնվենցիայի հետ հարաբերությունը

 

1. Սույն Արձանագրության 2-6-րդ հոդվածների դրույթները Կողմերի միջև պետք է դիտվեն որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ:

2. Կոնվենցիայի դրույթները պետք է կիրառվեն այնքանով, որքանով դրանք համատեղելի են սույն Արձանագրության դրույթների հետ:

Հոդված 9. Հայտարարություններ և վերապահումներ

 

1. Եթե Կողմը հայտարարություն է արել Կոնվենցիայի 36-րդ հոդվածին համապատասխան, ապա կարող է ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ հայտարարություն անել սույն Արձանագրության 4-րդ և 6-րդ հոդվածների առնչությամբ:

2. Եթե Կողմը հայտարարություն է արել Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, որով սահմանափակվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված պասիվ կաշառակերության հանցագործության կիրառումը, ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ կարող է նման հայտարարություն անել սույն Արձանագրության 4-րդ և 6-րդ հոդվածների առնչությամբ: Կողմի կողմից Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան արված որևէ այլ վերապահում պետք է կիրառվի նաև սույն Արձանագրության նկատմամբ, քանի դեռ այդ Կողմը այլ բան չի հայտարարել ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ:

3. Որևէ այլ վերապահում չի կարող արվել:

Հոդված 10. Ստորագրելը և ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Արձանագրությունը բաց կլինի Կոնվենցիան ստորագրած պետությունների ստորագրման համար: Այդ պետությունները կարող են Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունն արտահայտել.

ա) ստորագրությամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանի, կամ

բ) վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով ստորագրությամբ` հետագայում վավերացմամբ, ընդունմամբ կամ հաստատմամբ:

2. Վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը պետք է ի պահ տրվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

3. Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի 1-ին կետի դրույթներին համապատասխան` հինգ պետությունների կողմից Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին համաձայնությունն արտահայտվելու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը:

4. Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին իր համաձայնությունը հետագայում արտահայտած յուրաքանչյուր ստորագրող պետության համար Արձանագրությունն ուժի մեջ կմտնի 1-ին և 2-րդ կետերի դրույթներին համապատասխան Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իր համաձայնության արտահայտման օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը:

5. Ստորագրող պետությունը չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն Արձանագրությունը առանց նախապես կամ միաժամանակ հայտնելու իր համաձայնությունը Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին:

Հոդված 11. Արձանագրությանը միանալը

 

1. Յուրաքանչյուր պետություն կամ Եվրոպական համայնքը, որը միացել է Կոնվենցիային, կարող է միանալ նաև սույն Արձանագրությանը դրա ուժի մեջ մտնելուց հետո:

2. Արձանագրությանը միացող յուրաքանչյուր պետության կամ Եվրոպական համայնքի համար այն ուժի մեջ կմտնի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը:

Հոդված 12. Տարածքային կիրառումը

 

1. Յուրաքանչյուր պետություն կամ Եվրոպական համայնքը կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվելու է:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է ավելի ուշ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ տարածել սույն Արձանագրության կիրառումը հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի կամ տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է, կամ որոնց անունից ինքը լիազորված է պարտավորություններ ստանձնելու: Նման տարածքի համար սույն Արձանագրությունը պետք է ուժի մեջ մտնի այդպիսի հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Նախորդ երկու կետերի համաձայն արված յուրաքանչյուր հայտարարություն այդ հայտարարությունում նշված յուրաքանչյուր տարածքի առնչությամբ կարող է հետ վերցվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ: Հետ վերցնելը կգործի այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրվանից:

Հոդված 13. Գործողությունը դադարեցնելը

 

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը:

2. Այդպիսի գործողության դադարեցումը կգործի, ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից սկսած, եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Կոնվենցիայի գործողության դադարեցումը ինքնաբերաբար դադարեցնում է սույն Արձանագրության գործողությունը:
 

Հոդված 14. Ծանուցում

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, որևէ այլ պետության կամ Եվրոպական համայնքին, որոնք միանում են սույն Արձանագրությանը, կծանուցի.

ա) սույն Արձանագրության յուրաքանչյուր ստորագրման մասին.

բ) յուրաքանչյուր վավերագիր, հաստատման, ընդունման կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ տալու մասին.

գ) 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան` Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին.

դ) 9-րդ և 12-րդ հոդվածների համաձայն արված յուրաքանչյուր հայտարարության կամ վերապահման մասին.

ե) սույն Արձանագրությանն առնչվող յուրաքանչյուր այլ փաստաթղթի, ծանուցման կամ հայտարարության մասին:

 

Ի հաստատումն վերոշարադրյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 

Կատարված է Ստրասբուրգում, 2003 թվականի մայիսի 15-ին, մեկ բնօրինակով, անգլերեն և ֆրանսերեն. երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ կտրվեն Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի ստորագրող և միացող Կողմերից յուրաքանչյուրին:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2006 թ. մայիսի 1-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան