Գլխավոր տեղեկություն
Համար
N 133-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2011 թվականի N 133-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԼԻԿՎՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի փետրվարի 15-ից մինչև 2011 թվականի հունիսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի փետրվարի 15-ը:

2. Հավանություն տալ «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:

4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. փետրվարի 24
Երևան 

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 17-ի N 133-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

 «ԼԻԿՎՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Մոդելը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

Արժեքը
 (դրամ)

Ներմուծման ժամկետը

տարի

կիսամյակ

1.

8415 82 000

Արդյունաբերական օդորակման և սառեցման համակարգ

 

հատ

1

Իտալիա

Իտալիա

153,942,750

2011

1

2.

7308 90 990

Մաքուր սենյակների համակարգ

 

հատ

1

Շվեյցարիա

Շվեյցարիա

86,313,095

2011

1

3.

7309 00

Գոլորշու կոլեկտոր

3 օսtlets

հատ

1

Չինաստան

Չինաստան

396,924

2011

1

4.

8421 21 000

Ջրի փափկեցման սարքավորում

3 տ/ժ

հատ

1

Չինաստան

Չինաստան

2,915,587

2011

1

5.

8419 40 000

Ջրի էլեկտրադեիոնիզացիայի համակարգ

1500L/H CS2RO

հատ

1

Չինաստան

Չինաստան

21,596,274

2011

1

6.

8419 40 000

Ջրի մուլտի էֆեկտիվ գործունեության սարքավորում

LD500/5

հատ

1

Չինաստան

Չինաստան

12,034,014

2011

1

7.

8402 19

Մաքուր գոլորշու գեներատոր

ZFC300

հատ

1

Չինաստան

Չինաստան

10,085,478

2011

1

8.

8479 82 00

Խառնիչ դեղերի արտադրության համար, այդ թվում` ռեակտոր 100լ, մուլտիպորտ փականներ, 0.25 M2 ջերմափոխանակիչ,
1 M2 ջերմափոխանակիչ և այլն

 

հատ

47

Չինաստան

Չինաստան

19,413,192

2011

1

9.

8481 80 40

Փականներ և միացումներ չժանգոտվող պողպատից

 

հատ

1

Չինաստան

Չինաստան

20,606,587

2011

1

 

                  Ընդամենը

327,303,901

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 17-ի N 133-Ա որոշման

  

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N

 

«ԼԻԿՎՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

քաղ. Երևան

 «_____».......................... 2011թ.

 

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս Տիգրան Դավթյանի, մի կողմից, և «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս Սերգեյ Մաթևոսյանի (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 133-Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.

2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:

2.3. Ընկերությունը պարտավոր է`

2.3.1. մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը ավարտել ծրագրով նախատեսված նոր մասնաշենքի կառուցման և համապատասխան սարքավորումների տեղադրման աշխատանքները.

2.3.2. ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 25 նոր աշխատատեղ` ապահովելով մոտ 100 հազ. դրամ միջին աշխատավարձով.

2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.

2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

 

3. Հաշվետվություն և մոնիթորինգ

 

3.4. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.5. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ծրագրի շրջանակներում մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.6. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

3.7. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.8. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.9. Ընկերությունը նախարարությանը ներկայացնում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Ընկերությունը պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում, նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու ընկերությունից վճարելու հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N133 -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

5. Պայմանագրի գործողության ժամկետը

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է կատարված պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

 Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

 

8. Կողմերի հասցեները և ստորագրությունները

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Լիկվոր» ՓԲԸ

 

Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5

 

Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Մարգարյան 6

________________________ Տիգրան Դավթյան

 

Սերգեյ Մաթևոսյան

 

Կ.Տ.

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան