Գլխավոր տեղեկություն
Համար
N 195-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.13/20(823) Հոդ.11
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.03.2011
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

 15 մարտի 2011 թ.

 N 195-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ, ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԻՎ ՄԱՇՎԱԾ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ) ԳՈՒՅՔԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 55-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով ու 13-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի, Երևանի ենթակայության, այդ թվում նաև Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների ենթակայության առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2010 թվականի ծրագրի վերաբերյալ» N 55-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 12-րդ կետը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Երևանի քաղաքապետ

Կ. Կարապետյան  

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

15 մարտի 2011 թ.

 N 195-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ, ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԻՎ ՄԱՇՎԱԾ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ) ԳՈՒՅՔԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (այսուհետ՝ հիմնարկ) և Երևանի ենթակայության, այդ թվում՝ Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների ենթակայության առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի (այսուհետ՝ լրիվ մաշված գույք) դուրսգրման կարգը:

2. Սույն կարգի իմաստով գույքը լրիվ մաշված է համարվում, եթե.

1) այն հետագա շահագործման համար ոչ պիտանի է դարձել լրիվ ֆիզիկական մաշվածության, վթարների, տարերային աղետների, շահագործման նորմալ պայմանների խախտման հետևանքով և այլ նմանատիպ պատճառներով,

2) այն պիտանի չէ հիմնարկի, կազմակերպության ընդլայնման, վերակառուցման և տեխնիկական վերազինման նպատակով օգտագործելու համար,

3) դրա հետագա օգտագործումը, իրացումը կամ այլ օտարումն անհնար է կամ տնտեսապես աննպատակահարմար:

3. Սույն կարգի 2-րդ կետի համաձայն լրիվ մաշված գույքը լուծարման (քանդում, ապամոնտաժում, խոտանում) ենթակա է, եթե այն.

1) իր մեջ պարունակում է այնպիսի նյութեր, դետալներ, առանձին մասեր, որոնք անհրաժեշտ են կազմակերպությանը հետագա գործունեության համար,

2) պարունակում է գունավոր և թանկարժեք մետաղներ, թանկարժեք քարեր:

4. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված լրիվ մաշված գույքի լուծարումից առաջացած թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

5. Լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու նպատակով համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում Երևանի քաղաքապետի կարգադրությամբ, իսկ կազմակերպության դեպքում՝ կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, ընդ որում՝

1) հիմնարկի լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման համար ստեղծված հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ լրիվ մաշված գույքի համար պատասխանատվություն կրող անձինք, համապատասխան կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ներկայացուցիչները, ինչպես նաև անկախ գնահատողը (տնտեսապես շահավետ լինելու դեպքում) կամ, անհրաժեշտության դեպքում, անկախ գնահատողների խումբը,

2) կազմակերպությունների լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման դեպքում հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև կազմակերպության համակարգումն իրականացնող ստորաբաժանման մեկ մասնագետ, իսկ տրանսպորտային միջոցների դեպքում՝ նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության մասնագետ։

6. Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար, անհրաժեշտության դեպքում, կազմակերպության ղեկավարը, պայմանագրային հիմունքներով կարող է ընդգրկել համապատասխան մասնագետների:

7. Լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման համար ստեղծվող հանձնաժողովը.

1) անցկացնում է լուծարման կամ դուրսգրման ենթակա լրիվ մաշված գույքի զննում և օգտագործելով անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման տվյալները, կազմում եզրակացություն՝ հիմնավորելով նրա հետագա գործածության համար ոչ պիտանելիությունը կամ հետագա վերականգնման աննպատակահարմարությունը՝ նշելով լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման հիմքերը (մաշվածություն, վերակառուցում, շահագործման նորմալ պայմանների խախտում, վթար և այլն),

2) հիմնավորում է լուծարման կամ դուրսգրման ենթակա լրիվ մաշված գույքի օգտակար ծառայության սպառված լինելու փաստը,

3) միջոցներ է ձեռնարկում լրիվ մաշված գույքի ժամկետից շուտ շահագործումից դուրս գալու համար մեղավոր անձանց հայտնաբերման ուղղությամբ, ներկայացնում առաջարկություններ հիմնարկի, կազմակերպության ղեկավարությանը՝ մեղավոր անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,

4) որոշում է լուծարված լրիվ մաշված գույքի առանձին հանգույցների, դետալների, նյութերի հետագա օգտագործման հնարավորությունը և կատարում դրանց օրենսդրությամբ սահմանված գնահատումը,

5) իրականացնում է հիմնարկի, կազմակերպության ղեկավարի կողմից ստեղծվող աշխատանքային խմբի վերահսկողությունը լուծարման ենթակա լրիվ մաշված գույքից պիտանի հանգույցները, դետալները, գունավոր և թանկարժեք մետաղներն առանձնացնելու նկատմամբ, որոշում է դրանց քանակը, կշիռը և վերահսկում դրանց հետագա պահեստավորումը,

6) կազմում է լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման ակտ համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 2000 թվականի հունիսի 12-ի «Հիմնական միջոցների և տեղակայման ենթակա սարքավորումների սկզբնական հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները հաստատելու մասին» հ.104ա հրամանով հաստատված «Հիմնական միջոցների դուրսգրման ակտ» ՀՄ-8 ձևի:

8. Լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման ակտում նշվում են նաև լրիվ մաշված գույքը բնութագրող հետևյալ տարրերը.

1) գույքի արտադրման կամ կառուցման ամսաթիվը,

2) հիմնարկի և կազմակերպության կողմից գույքի ձեռքբերման ամսաթիվը, այն շահագործման հանձնելու ամսաթիվը,

3) գույքի սկզբնական արժեքը (վերականգնված արժեքը, վերագնահատման ամսաթիվը, արժեքը),

4) հաշվապահական հաշվառման նպատակով հաշվարկված մաշվածության գումարը (վերականգնված արժեքը, վերագնահատման ամսաթիվը, արժեքը),

5) գույքի լուծարման կամ դուրսգրման հիմքերը (մաշվածություն, վերակառուցում, շահագործման նորմալ պայմանների խախտում, վթար և այլն),

6) գույքի հիմնական մասերի, դետալների, հանգույցների, կառուցվածքային տարրերի վիճակը:

9. Ավտոտրանսպորտային միջոցների լուծարման կամ դուրսգրման ժամանակ, հանձնաժողովն իր եզրակացությունը համապատասխան հիմնավորումներով (խոտանման ակտը, խոտանման ընդհանրացված ակտը և տեխնիկական անձնագրերը) գրավոր ներկայացնում է Երևանի քաղաքապետարան։ Բացի սույն կարգի 8-րդ կետում նշված տարրերից, ակտում նշվում է նաև ավտոմեքենայի վազքը, անհրաժեշտության դեպքում՝ տեխնիկական այլ տվյալներ:

10. Վթարի կամ այլ պատահարի հետևանքով հիմնարկի, կազմակերպության հաշվեկշռից լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման դեպքում ակտին կցվում է վթարի կամ այլ պատահարի մասին կազմված արձանագրության օրինակը, վնասի փոխհատուցման կամ վերականգնման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը։

11. Լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման մասին հանձնաժողովի ակտը ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից և հաստատվում հիմնարկի, կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:

12. Հիմնարկը, կազմակերպությունն իր հաշվապահական հաշվեկշռից լրիվ մաշված գույքը, բացառությամբ տրանսպորտային միջոցների, կարող է դուրս գրել միայն ամորտիզացիայի ժամկետը լրանալու դեպքում։ Մնացած դեպքերում դրանք դուրս են գրվում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ՝ թույլտվության առկայության դեպքում: Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ թույլտվության առկայությանը պարտադիր է նաև, եթե կազմակերպության սեփականություն հանդիսացող գույքի լուծարումից կամ դուրսգրումից ստացված և հետագա օգտագործման համար պիտանի առանձին հանգույցների, նյութերի, դետալների և մասերի արժեքը գերազանցում է 1.0 /մեկ/ մլն դրամը։

13. Տրանսպորտային միջոցների դուրսգրումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության եզրակացության հիման վրա։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը.

1) տրանսպորտային միջոցների խոտանման վերաբերյալ ստացված նյութերը նախապես քննարկում է, տեղում ուսումնասիրում դրանց փաստացի տեխնիկական վիճակը և կազմում զննման ակտ, որում տալիս է եզրակացություն վերականգնման կամ դուրսգրման նպատակահարմարության մասին,

2) տրանսպորտային միջոցների խոտանման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի և կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և ներկայացնում է Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ,

3) Երևանի քաղաքապետի որոշման հետ միասին կազմակերպությանն են վերադարձվում տրանսպորտային միջոցների խոտանման ակտերը, բացառությամբ ընդհանրացված ակտի և զննման ակտի:

14. Կազմակերպությունները Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա տրանսպորտային միջոցները հանում են շահագործումից և ՀՀ ճանապարհային ոստիկանության հաշվառումից, որից հետո միայն իրականացնում դրանց դուրսգրումը, պիտանի մասերի, հանգույցների ագրեգատների մուտքագրումը և այլն:

15. Մինչև լուծարման կամ դուրսգրման ակտի հաստատումը, իսկ տրանսպորտային միջոցների դեպքում՝ նաև տրանսպորտային միջոցի հաշվառումից հանելու մասին ՀՀ ճանապարհային ոստիկանության տեղեկանքի տրամադրումը, դուրս գրվող լրիվ մաշված գույքի քանդում և ապատեղակայում չի թույլատրվում:

16. Քանդված և ապատեղակայված լրիվ մաշված գույքի այն հանգույցները, նյութերը, դետալները և առանձին մասերը, որոնք պիտանի են հետագա օգտագործման համար, գնահատվում և մուտքագրվում են այն հաշիվներին, որոնցում հաշվառվում են համանման նյութական արժեքները, իսկ ոչ պիտանի դետալները և նյութերը հաշվառվում են որպես ջարդոն:

17. Հիմնարկի, կազմակերպության ամրացված լուծարված կամ դուրսգրված գույքի կամ նրա առանձին հանգույցների, նյութերի, դետալների և մասերի վերաբերյալ, որոնք պիտանի են հետագա օգտագործման համար, կազմվում է եզրակացություն և ուղարկվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչություն, որը կազմակերպում է համապատասխան գույքի, նրա առանձին հանգույցների, նյութերի դետալների և մասերի աճուրդ և ստացված միջոցներն ուղղում Երևանի բյուջե:

18. Կազմակերպության սեփականություն հանդիսացող գույքի լուծարումից կամ դուրսգրումից ստացված 1.0 /մեկ միլիոն դրամ/ մլն դրամից ավելի արժեք ունեցող առանձին հանգույցների, նյութերի, դետալների և մասերի վերաբերյալ, որոնք պիտանի են հետագա օգտագործման համար, կազմվում է եզրակացություն և ուղարկվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչություն, որը կազմակերպում է համապատասխան գույքի, նրա առանձին հանգույցների, նյութերի դետալների և մասերի աճուրդ և ստացված միջոցներն ուղղում է կազմակերպությանը: Կազմակերպության սեփականություն հանդիսացող գույքի լուծարումից կամ դուրսգրումից ստացված միջոցները տնօրինվում են կազմակերպության կողմից:

19. Նախկինում առևանգված և դեռևս չհայտնաբերված հիմնական միջոցների դուրսգրման ժամանակ (որի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ) լրացուցիչ պահանջվում է քրեական գործը կարճելու վերաբերյալ համապատասխան որոշում։

20. Լուծարված կամ դուրսգրված գույքի կամ նրա առանձին հանգույցների, նյութերի, դետալների և մասերի ոչնչացումը կատարվում է համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի։

21. Երևան քաղաքի ավագանին լրիվ մաշված գույքի առանձին տեսակների համար կարող է սահմանել լրիվ մաշված գույքի դուրսգրման այլ կարգ, հաշվի առնելով հիմնարկի, կազմակերպության կողմից ներկայացված առաջարկությունները և հիմնավորումները:

 

  Երևանի քաղաքապետ Կ. Կարապետյան