ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0900/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0900/02/09 2011 թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան | |
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
|
Վ. Ավանեսյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հերմինե Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2010 թվականի որոշման դեմ` ըստ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Հերմինե Սարգսյանի` 141.571 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Հերմինե Սարգսյանից 141.571 ՀՀ դրամ:
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 06.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.07.2010 թվականի որոշմամբ Հերմինե Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.05.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հերմինե Սարգսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետը, 51-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն Ընկերության պահանջն ամբողջությամբ համարել է հիմնավոր` հիմնվելով միայն «Շրջանառու տեղեկանք»-ի վրա: Մինչդեռ, հեռախոսային խոսակցությունների իրական պատկերը և ծառայությունների մատուցման իսկությունը պարզելու համար անհրաժեշտ էր Հերմինե Սարգսյանի հեռախոսի համարով տվյալ ժամանակահատվածի հեռախոսային խոսակցությունների պաշտոնական տեքստը (ցուցակը):
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վճռաբեկ դատարանը որոշումներում բազմիցս նշել է տվյալ բնույթի հարաբերություններում «Շրջանառու տեղեկանք»-ի ոչ լիարժեք ապացույց լինելու հանգամանքը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Հերմինե Սարգսյանը հայցադիմումի պատասխանում նշել է, որ 2007 թվականի մարտ ամսվա 33.566 ՀՀ դրամ պարտքի պատճառով հեռախոսն անջատվել է, որից հետո կատարել է 10.000 ՀՀ դրամի վճարում, և Ընկերությանը վերջնական պարտք է մնացել 23.566 ՀՀ դրամ, որը պարտավորվել է հատուցել, իսկ մնացած մասով հայցն անհիմն է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.07.2010 թվականի որոշումը և այն մասնակիորեն փոփոխել. հայցը 23.566 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով բավարարել, իսկ մնացած մասով (որը կազմում է 118.005 ՀՀ դրամ) գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Հերմինե Սարգսյանը 13.03.2007 թվականին լրացրել և ստորագրել է թիվ 91223 «Պատվեր-Դիմում»-ը, որով հաստատել է իր ցանկությունը` Ընկերության «GSM» շարժական կապի պայմանագրային համակարգի բաժանորդ դառնալու համար, ինչպես նաև ծանոթացել և համաձայնվել է «ԱրմենՏել» ՓԲԸ GSM շարժական կապի պայմանագրային համակարգի ծառայությունների մատուցման» պայմաններին, ինչի հիման վրա վերջինիս տրամադրվել է «091.22-20-36» հեռախոսահամարը: Նշված պայմանների 1.2-րդ կետով սահմանվել է, որ նույն պայմանները` Օպերատորի (Ընկերության) կողմից «GSM» շարժական կապի պայմանագրային համակարգի ծառայությունների մատուցման համար Օպերատորի կողմից սահմանված սակագների, այդ թվում` ծառայությունների մատուցման պայմանների (ըստ Բաժանորդի (Հերմինե Սարգսյանի) կողմից ընտրված «Սակագնային Պլան»-ի) և «Պատվեր-Դիմում»-ի հետ միասին Օպերատորի և Բաժանորդի միջև կնքված «GSM» շարժական կապի պայմանագրային համակարգի ծառայությունների մատուցման պայմանագիր է (այսուհետ` բոլորը միասին` Պայմանագիր) (գ.թ. 4):
2) Ընկերության կողմից հայցադիմումին կից ներկայացված «Շրջանառու տեղեկանք»-ի համաձայն` Հերմինե Սարգսյանի պարտավորությունը կազմում է 141.570,72 ՀՀ դրամ (2007 թվականի մարտ ամիս` պարտքի մնացորդը ժամանակահատվածի վերջում` 33.566,15 ՀՀ դրամ, 2007 թվականի ապրիլ ամիս` պարտքի մնացորդը ժամանակահատվածի վերջում` 83.753,53 ՀՀ դրամ, 2007 թվականի մայիս ամիս` պարտքի մնացորդը ժամանակահատվածի վերջում` 138.585,19 ՀՀ դրամ, 2007 թվականի հունիս ամիս` պարտքի մնացորդը ժամանակահատվածի վերջում` 141.570,72 ՀՀ դրամ, 2007 թվականի հուլիս ամիս` պարտքի մնացորդը ժամանակահատվածի վերջում` 141.570,72 ՀՀ դրամ) (գ.թ. 6-7):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Նշված նորմը վկայում է այն մասին, որ քաղաքացիական դատավարությունում յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, մերժելով Հերմինե Սարգսյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանը հետազոտել և պատշաճ գնահատել է գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես` Ընկերության ներկայացրած «Շրջանառու տեղեկանք»-ը, որում առանձին-առանձին ամրագրված է 2007 թվականի մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսներին Հերմինե Սարգսյանին մատուցած ծառայությունների արժեքը` ամսական վարձը, խոսակցությունների գումարը, ավելացված արժեքի հարկը, վճարումները և պարտքի մնացորդը: Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշմանը, ապա նշված որոշման հիմնավորումները տվյալ դեպքում կիրառելի չեն, քանի որ սույն գործով հաստատված փաստական հանգամանքները նույնը չեն:
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը հայցադիմումին կից ներկայացրել է հայցապահանջը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը` Պայմանագիրը, որով հաստատվում է Ընկերության կողմից բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման և Հերմինե Սարգսյանի կողմից դրա դիմաց վճարելու պարտականությունը, «Շրջանառու տեղեկանք» կոչվող փաստաթուղթը, որն արտահայտում է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար նշված ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար դրա հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը.
Արդյո՞ք Վերաքննիչ դատարանի վկայակոչած Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշման (գործի) փաստական հանգամանքները նույնական են սույն գործի փաստական հանգամանքների հետ և դրանում առկա իրավական հիմնավորումները պարտադիր են Վերաքննիչ դատարանի համար:
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները):
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի իրավական վերլուծությանը:
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը:
Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի` Ընկերությունն ընդդեմ Սվետլանա Շահազիզյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով որոշման (գործի) փաստական հանգամանքների համաձայն` Ընկերությունը հայցադիմումին կից ներկայացրել էր հայցապահանջը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը` Պայմանագիրը, որով հավաստվում է Ընկերության կողմից բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման և բաժանորդի կողմից դրա դիմաց վճարելու պարտականությունը, «Շրջանառու տեղեկանք» կոչվող փաստաթուղթը, որն արտահայտում է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար նշված ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը: Վերոգրյալի հիման վրա նույն գործով Վճռաբեկ դատարանը գտել էր, որ «Շրջանառու տեղեկանք»-ը բավարար չէ հայցվող գումարի չափը հիմնավորելու համար: Մասնավորապես` վերոնշյալ տեղեկանքում միայն նշված է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը, իսկ այդ գումարի գոյացման հիմքը հիմնավորող ապացույց դատարան չի ներկայացվել (տե'ս, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն ընդդեմ Սվետլանա Շահազիզյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08-2009 որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թե´ սույն քաղաքացիական գործի և թե´ Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08-2009 գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական են: Մասնավորապես` թե´ սույն քաղաքացիական գործի և թե´ Ընկերությունն ընդդեմ Սվետլանա Շահազիզյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներն են Պայմանագիրը, որով հավաստվում է Ընկերության կողմից բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման և բաժանորդի կողմից դրա դիմաց վճարելու պարտականությունը, «Շրջանառու տեղեկանք» կոչվող փաստաթուղթը, որն արտահայտում է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար նշված ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը: Մասնավորապես` նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Շրջանառու տեղեկանք»-ը բավարար չէ հայցվող գումարի չափը հիմնավորելու համար: Մասնավորապես` վերոնշյալ տեղեկանքում միայն նշված է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը, իսկ այդ գումարի գոյացման հիմքը հիմնավորող ապացույց դատարան չի ներկայացվել»:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով Ընկերությունն ընդդեմ Սվետլանա Շահազիզյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով նույնական փաստական հանգամանքների առկայությունը բավարար է` Ընկերության պահանջը` Հերմինե Սարգսյանից 118.005 ՀՀ դրամ (141.571-23.566=118.005) բռնագանձելու մասով, մերժելու համար:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Վճռաբեկ դատարանի` Ընկերությունն ընդդեմ Սվետլանա Շահազիզյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշման հիմնավորումները տվյալ դեպքում կիրառելի չեն, քանի որ սույն գործով հաստատված փաստական հանգամանքները նույնը չեն, թույլ է տվել ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2010 թվականի որոշման` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2010 թվականի վճռի` Հերմինե Սարգսյանից 118.005 ՀՀ դրամ բռնագանձելու մասը և այդ մասով այն փոփոխել. «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հայցն այդ մասով մերժել: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Հերմինե Սարգսյանից հօգուտ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բռնագանձել 471 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրք:
3. «ԱրմենՏել» ՓԲԸ-ից հօգուտ Հերմինե Սարգսյանի բռնագանձել 3.540 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրք:
4. «ԱրմենՏել» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար հետաձգված պետական տուրք:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ե. Սողոմոնյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան
Է. Հայրիյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|