Գլխավոր տեղեկություն
Համար
N 660
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.11.10/27(60)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.1998

040.0660.28.10.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 1998 թվականի N 660
քաղ. Երևան

 

ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 և 14 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ սահմանված կարգի գործողությունը տարածվում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և դրանց բացակայության դեպքում` կառուցապատման նախագծերի, նոր կառուցվող քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի վրա:

(2-րդ կետը խմբ. 08.08.03 N 1001-Ն, փոփ. 03.03.11 N 257-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 28-ի N 660 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունն իրականացվում է սույն կարգով:

2. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակայնությանն իրազեկում են համայնքների ղեկավարները:

(2-րդ կետը խմբ. 16.04.09 N 391-Ն, փոփ. 03.03.11 N 257-Ն)

3. Իրազեկումն իրականացվում է`

ա) զանգվածային լրատվության (այդ թվում` էլեկտրոնային) միջոցներով (տեղական և հանրապետական ռադիո, հեռուստատեսություն, լրագիր).

բ) ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով, հրապարակումներով տեղական ինքնակառավարման մարմինների ինտերնետային կայքերում տեղադրմամբ.

գ) հասարակական քննարկումներով:

(3-րդ կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

3.1. Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման առաջադրանքները ևս ենթակա են հասարակության իրազեկման` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 208-Ն որոշումներով հաստատված կարգերով:

(3.1-ին կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

3.2. Սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծեր ունեցող տարածքներում կառուցվող օբյեկտների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բնապահպանական փորձաքննության ենթակա քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի մասին հասարակայնության իրազեկման դեպքերն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշմամբ սահմանված կարգի 13.3-րդ և 13.4-րդ կետերով:

(3.2-րդ կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

4. Համայնքների ղեկավարները (բացառությամբ սույն կարգի 3.2-րդ կետով սահմանված դեպքերի) իրենց համաձայնեցմանը ներկայացված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում պարտավոր են դրանց մասին իրազեկել հասարակայնությանը` նշելով վերոհիշյալ փաստաթղթերին ծանոթանալու պայմանները` հրապարակման, ցուցադրման և հասարակական քննարկման տեղն ու ժամանակը:

Պարտավորության չկատարումն առաջացնում է վարչական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 08.08.03 N 1001-Ն, 03.03.11 N 257-Ն)

5. Քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի հրապարակման և ցուցադրման ժամկետը սահմանվում է 15 օր:

(5-րդ կետը փոփ. 08.08.03 N 1001-Ն)

6. Հասարակայնության ներկայացուցիչները սահմանված ժամկետում նորմատիվ և այլ իրավական ակտերով հիմնավորված դիտողությունները, առաջարկությունները, ինչպես նաև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի վերաբերյալ սեփական միջոցներով կատարված անկախ փորձաքննության եզրակացությունները գրավոր ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին:

(6-րդ կետը փոփ. 03.03.11 N 257-Ն)

7. Համայնքի ղեկավարը հասարակայնության ներկայացուցիչների (դիտողությունների և առաջարկությունների հեղինակների) մասնակցությամբ դիտողությունների ու առաջարկությունների ուսումնասիրությունից և վերլուծությունից հետո 3-օրյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում քաղաքաշինական ծրագիրը (կամ նախագիծը) համաձայնեցնելու, լրամշակման համար վերադարձնելու կամ մերժելու մասին:

(7-րդ կետը փոփ. 08.08.03 N 1001-Ն, փոփ., լրաց. 03.03.11 N 257-Ն)

7.1. Սույն կարգով սահմանված ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:

(7.1-ին կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

7.2. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված՝ որոշման հետ կապված վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

(7.2-րդ կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. կարամանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.03.2011, N 257-Ն 31.03.2011, N 660
16.04.2009, N 391-Ն 08.06.2009, N 660
08.08.2003, N 1001-Ն 13.09.2003, N 660
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան